ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Իմաստություն Սողոմոնի 3.1-8
Եսայու մարգարեությունը 49.8-9
Թուղթ եբրայեցիներին 12.1-7
Ավետարան ըստ Ղուկասի 6.20-26
Ավետարան ըստ Մատթևոսի 16:1-12
1 Փարիսեցիները ու սադուկեցիները քովը եկան, փորձելով՝ իրմէ կ՚ուզէին որ երկնքէն նշան մը ցուցնէ իրենց։ 2 Անիկա պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Երբ իրիկուն ըլլայ, կ՚ըսէք թէ ‘Պարզ պիտի ըլլայ, վասն զի երկինքը կարմրած է’։ 3 Եւ առտուն՝ ‘Այսօր մրրիկ պիտի ըլլայ, վասն զի երկինքը միգապատ ու կարմրած է’։ Կե՛ղծաւորներ, երկնքի երեսը քննել գիտէք, բայց ժամանկներուն նշանները չէ՞ք կրնար գիտնալ։ 4 Չար ու շնացող ազգը նշան կ՚ուզէ։ Բայց ուրիշ նշան պիտի չտրուի անոր, միայն Յովնան մարգարէին նշանը» եւ թողուց զանոնք ու գնաց։
5 Երբ իր աշակերտները անդիի կողմը անցան, հաց առնել մոռցեր էին։ 6 Յիսուս անոնց ըսաւ. «Նայեցէք ու զգուշացէք փարիսեցիներու ու սադուկեցիներու խմորէն»։ 7 Անոնք իրենց մէջ կը խորհէին ու կ՚ըսէին. «Հաց չբերինք մեզի հետ»։ 8 Իսկ Յիսուս անոնց խորհուրդը գիտնալով՝ ըսաւ անոնց. «Ձեր մէջ ինչո՞ւ կը խորհիք, թե՛րահաւատներ, թէ հաց չառիք։ 9 Տակաւին չէ՞ք հասկնար եւ չէ՞ք յիշեր հինգ նկանակը՝ հինգ հազարին, ու քանի՛ կողով վերցուցիք. 10 Ոչ ալ եօթը նկանա՞կը՝ չորս հազարին, ու քանի՛ զամբիւղ վերցուցիք։ 11 Ի՞նչպէս չէք հասկնար թէ ես հացի համար չըսի ձեզի՝ փարիսեցիներու եւ սադուկեցիներու խմորէն զգոյշ կենալ»։ 12 Այն ատեն հասկցան թէ հացի խմորէն զգուշանալ չըսաւ, հապա փարիսեցիներու ու սադուկեցիներու վարդապետութենէն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հավատացյալներ. Երեկվա մեր սերտողությունն ավարտվեց այնտեղ, որ Հիսուս Քրիստոս հացի երկրորդ բազմացումից հետո ժողովրդից հեռացավ և գնաց Մագդաղիայի կողմերը: Այստեղ նույնպես հանդիպեց երկնային նշան հայցող փարիսեցիներին: Հիշո՞ւմ եք, որ Երուսաղեմում երբ դարձյալ նշան էին հայցում, Հիսուս ասաց,- Երկինքը դիտելով կարող եք գուշակել գալիք եղանակը, չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով հասկանալ նրանց իմաստը: Քանի որ արևմուտին երբ տեսնում էին հորիզոնը կարմիր է, գուշակում էին որ վաղը եղանակը լավ է լինելու: Իսկ առավոտյան, երբ երկինքը մթագնում էր, գուշակում էին, որ փոթորիկ է լինելու: Վերցրեց աշակերտներին ու հեռացավ փարիսեցիների մոտից, մերժելով նրանց նշան ցույց տալ որևէ նշան, բացի Հովնանի նշանից:
Հովնանի մասին մենք արդեն անդրադարձել ենք, դուք տեղյակ եք, որ Աստված Հովնանի միջոցով էր ապաշխարության կանչելու Նինվե մեծ քաղաքը, բայց Հովհանը փորձեց խուսափել այդ պատասխանատվությունից և նավակի միջից նրան ծովը նետեցին, և կետը կուլ տվեց նրան:
Ինչո՞ւ է Տէրը իրեն համեմատում Հովնանի հետ, մեկնաբանները տարբեր համեմատություններ են արել:
Օգոստինոս Երանելին այս մասին գրել է.- Ինչպես կետ ձուկը չկարողացավ մարսել Հովնանին, և երեք օրից ավել պահել իր փորի մեջ, այնպես էլ ամեն ինչ լափող մահը ընդունեց Աստծուն, բայց չկարողացավ երեք օրից ավել պահել Նրա մարմինը և բաց թողեց: Մահը ընդունում և պահում է մեռածներին: Մահը չկարողացավ երկար պահել Քրիստոսին, քանի որ Նա անկյունաքար է, ինչպես նկարագրում է առաքյալը, որին մերժել են շինարարները: Կետը կուլ տվեց Հովնանին և երեք օր հետո նրան բաց թողեց, իսկ մահը ընդունեց Քրիստոսի և երեք օր հետո Նրա հետ միասին բաց թողեց շատ շատերին, որոնց հարության մասին կարդում ենք Ավետարանում: Ահա այսպիսի գեղեցիկ համեմատություն է արել Սուրբ Օգոստինոսը:
Զայրացավ Իր հոգում սադուկեցիների արարքների համար, որ արժանավորը թողած, ընկել են երկրորդական երևույթների հետևից: Մի՛ օր աշակերտների ձեռքեր չլվանալու հարցն են բարձրացնում, մի՛ օր հարցնում են, թե՝ ի՞նչ իշխանությամբ ես անում այս բոլորը, հիմա էլ երկնքի նշաններ են կամենում տեսնել: Բայց երբեք չեն անդրադառնում մարգարեություններին և գրքերին, որոնք գրել են այդ ժամանակների մասին, որը հիշեցնում է նրանց Հիսուս Քրիստոս այդ պահին:
Փարիսեցիների խստասրտությունը մտքում Տէր Հիսուս աշակերտների հետ անցավ ծովի մյուս կողմը, բայց հարկ նաև համարեց մի անգամ էլ զգուշացնել աշակերտներին, որպեսզի զգուշանան փարիսեցիների կեղծավոր վարմունքից, այն համարելով խմոր: Քանի որ խմորը կարող է խմորել նաև այլ ալյուրներ: Մենք գիտենք, որ թթխմորը ավելացնում է ամբողջ խմորը: Այնպես էլ սխալ ուսուցումը կարող է ներթափանցել մարդկանց մեջ և արագ աճ ապահովել: Իսկ միամիտ աշակերտները մտածեցին, թե իրենց Վարդապետը մտահոգ է, որ իրենք մոռացել են հաց վերցնել իրենց հետ:
Սիրելիներ, տեսեք, թե որքան ծանր և անմխիթար կացության մեջ է հայտնվել Հիսուս Քրիստոս՝ այդ պահին; Իրեն լսող ժողովրդի բազմությունը անգետ է: Գրագետ մասսան, որ փարիսեցիներն ու քահանաներն են, խստասիրտ են և չեն հավատում: Աշակերտները, որոնց հետ ողջ օրն է անցկացնում, հոգեպես անպատրաստ չե՛ն ընկալելու խոսքի բարդ դարձվածքները: Տէր Հիսուս կարդում է մարդկանց մտածումները, իսկ մարդիկ չեն հասկանում Իր խոսած պարզ մտքերը:
Բայց երբ հասկացավ աշակերտների մտածումները՝ հաց չունենալու անհանգստության վերաբերյալ, հանդիմանեց նրանց, և հիշեցրեց հացի երկու բազմացումները: Սա ևս մեկ առիթ է, որ հացի երկու անգամ բազմացման հրաշքի վրա կասկածողները փարատեն իրենց կասկածը, քանի որ այստեղ Հիսուս Ինքն է հիշեցնում աշակերտներին հացի երկու բազմացումների և կտորտանքների ավելցուկների մասին:
Դարձյալ բացատրում է աշակերտներին, որ խմոր ասելով հացը չէ, որ նկատի ունի, այլ փարիսեցիների և սադուկեցիների սխալ ուսմունքից:
Եթե երբևէ որևէ քրիստոնյա մտքում կմեղադրի աշակերտներին, որ հացի հրաշքները տեսնելուց հետո, հաց չունենալու համար մտահոգվեցին, ապա թող հիշի, որ նրանք անփորձ էին և առաջին անգամ էին տեսնում ու լսում այդպիսի բաներ, իսկ մենք արդեն 2021 տարի է կարդում ենք, լսում ենք և դարձյալ մոռանում ենք, և կամ լսում և չենք հասկանում: Մենք ամեն կիրակի Պատարագին դավանում ենք բարձրաձայն մեր հայրերի կողմից հաստատված Հավատամքը, բայց մեր կենցաղի մեջ ապրում ենք հակառակ այդ դավանությանը: Ինչո՞ւ է այսքան շատ մոլորությունները, որովհետև մարդիկ վստահ չեն իրենց հավատամքի մեջ: Օրինակ ինչպես որ բողոքականները Աստվածաշնչից բացի ոչինչ չեն ընդունում, բայց կա նաև առաքելական ավանդությունը: Քրիստոսի ժամանակ էլ կար սխալ ուսմունք և սխալ վարդապետություն:
Ինչպես որ սխալ էր վարդապետությունը փարիսեցիների և սադուկեցիների, որոնք չէին հավատում մեռելների հարությանը: Նրանք անվերջ մեղադրելով Հիսուսին մանրունքների մեջ, անտեսում էին գլխավորը՝ մեռելների հարությունը, ինչի մասին անվերջ հիշեցնում էր Տէր Հիսուս Իրեն համեմատելով Հովնանի հետ, որը լավագույն օրինակն էր հարության գաղափարի: Իրենք չէին հավատում նաև մարգարեություններում գրված այրի կնոջ որդու հարությունը Եղիա մարգարեի միջոցով: Այդ պատճառով էր նրանց կույր առաջնորդներ անվանում, և մտահոգ էր, որ նրանց հետևորդներն էլ կարող են հետևել նույն սխալին:
Հովվությունը այլ պայմաններ ունի, և չի կարող ամեն մարդ, որ Աստվածաշունչ է քարոզում այսօր հանդիսանալ ճշմարիտ հովիվ, որը ամբողջությամբ կատարում է Բարի Հովվի խոսքերը և պատրաստ է իր կյանքը տալ իր հոտի համար: Քրիստոսն է Բարի Հովիվը, որը կերակրում է Իր հոտը և հոգևոր և մարմնավոր հացով, և սովորեցնում է, թե ինչպես ուտել:
Փարիսեցիներին տրվող հիմնական վարդապետությունն այն էր, որ եթե դուք հավատաք որ Քրիստոսն է Հիսուսը և Նա է Աստծու Որդին, ապա դուք անապատի մեջ էլ հաց կունենաք, ինչպես որ ունեցան ձեր հայրերը: Ոչ հացի կարիք ունեցան, ոչ էլ հագուստի:
Բայց օրենքի ուսուցիչները հաստատված էին իրենց անձնական կարծիքի և արտաքին ձևապաշտության վրա, ինչից որ զգուշացնում էր Հիսուս իր աշակերտներին: Առաքյալների մեջ ամուր հաստատվեց իրենց Վարդապետի խոսքերը այն աստիճան, որ պատրաստ էին նահատակության հանուն Քրիստոսի: Նույն դարաշրջանն էր, մի մասը հավատում էր, մյուս մասը՝ ոչ: Հռոմեական զինվորները խաչը հանեցին Քրիստոսին, խաչի վրա մահանալուց հետո հարյուրապետը հավատաց, որ Աստծու Որդին էր: Երկու ավազակներից մեկը հավատաց, մյուսը՝ ոչ: Առաքյալներից 11 ը հաստատվեցին հավատքի մեջ, իսկ Հուդան՝ ոչ:
Ավանդությունը պատմում է, որ Քրիստոսի կենդանության օրոք այն մանուկը, որին մատնացույց արեց Հիսուս Քրիստոս, Իգնատիոս Անտիոքացին էր՝ ծնված 35թ: Այսինքն հինգ տարեկան էր, երբ տեսել էր Հիսուսին: Մեծանալով այդ լույսը սրտում դառնում է Անտիոքի եպիսկոպոս և նահատակվում է Քրիստոսի համար, որի վարքի մեջ գրված է,- Ինչպէս արեւն է կատարում իր ամէնօրեայ ընթացքը, Իգնատիոսն էլ
ընթանում է Արեւելքից դէպի Արեւմուտք, յետոյ յարութիւն առնելու հեռանկարով, ճիշտ ինչպէս արեւը, է՛լ աւելի պայծառ. Աստծոյ անսահման լոյսի մէջ: Մի վիթխարի բերկրանք է ճառագայթում Իգնատիոսի
սրտից, մի անզսպելի բաղձանք՝ հասնելու Հռոմ, կըրելու մարտիրոսութիւնը եւ վերջապէս միանալու իր Աստծուն: Ուղեւորութիւն, ուստի, դէպի Լոյսը: Ըստ Տիրոջ այն խոսքի, թե՝ Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը:
Սիրելիներ, Աստված մեզնից այլ բան չի ուզում, բացի բարի ընտրությունից: Ավետարանի խոսքերը սովորական զրույցներ չեն, որ լսենք և մոռանանք: Ուրեմն լարենք մեր մտքերը, ամրացնենք մեր հոգիները, պատրաստենք մեր սրտերը: Աստված հզոր է, Նա ճանաչում է մեր սրտերը և գիտի, թե ո՞վ է մեզնից անկեղծ, և ո՞վ կեղծավոր: Նա կարող է անկեղծին պահպանել, իսկ կեղծավորին դարձնել անկեղծ ու հավատարիմ: Աստված կարող է անհավատին ևս դարձնել հավատավոր, եթե միայն նա Աստծուն տա իր բարի ընտրությունը և սիրտը: Մարդու ինքնակամ թեքումը դեպի չարը բխում է մարդու ընտրությունից: Այն, որ մենք ինքնակամ ենք մեղանչում, հաստատում է մարգարեն՝ ասելով,- Ես քեզ տնկեցի իբրև համակ ազնիվ և պտղաբեր որթատունկ, ինչո՞ւ ինձ համար դառնության փոխվեցիր: (Երեմ.2:21)
Սիրելիներ, Աստծու այս արթնացնող հարցով ամփոփենք մեր այսօրվա սերտողությունը:
Մնացեք սիրով, ունեցեք միշտ բարի ընտրություն՝ հրաժարվելով չարից:
Հարց. Ի՞նչ հիշեցրեց Հիսուս աշակերտներին, որ հացը մոռացել էին:
Տեղեկութիւններ
Սիրելիներ, ավարտեցինք մահացու մեղքերի և դրանց հակադիր առաքինությունների ուսումնասիրությունները: Հիմա ձեզ համար պատրաստել եմ զղջման աղոթքի բացատրությունը՝ մաս առ մաս, ինչը որ մենք անում ենք ամեն չորեքշաբթի: Հաշվի առնելով, որ գուցե լինեն մարդիկ, որոնց համար անհասկանալի է մեղքերի խոստովանության աղոթքը, ես համառոտ կբացատրեմ ամեն մի պարբերությունը: Հիմա համառոտ ձեզ ներկայացնեմ մեղքի տեսակները:
Մեղքերը երկու տեսակ են՝ սկզբնական և ներգործական: Սկզբնական են կոչվում մինչև մկրտություն կատարած մեղքերը, իսկ ներգործական՝ մկրտությունից հետո կատարվածները:
Սկզբնական մեղքից ձերբազատվելը նշանակում է սատանայի իշխանության տակից ելնել ու դարձյալ Աստծուն որդեգրվել՝ մահվանից դեպի կյանք քայլափոխել: Սակայն սա դեռ չի նշանակում, թե փոխվում է մարդու մեղանչական դարձած բնությունը, և այն այլևս մեղքին ենթակա չէ։ Մարդը շարունակում է մնալ ազատ կամքի տեր բանական էակ, ով իրավունք ունի չարի և բարու միջև ընտրություն կատարելու:
Բոլոր այն մեղքերը, որ քրիստոնյան գործում է մկրտությունից հետո, կոչվում են ներգործական մեղքեր, որոնք լինում են ներելի կամ մահացու։ Սկզբնական կամ ադամական մեղքից մեկընդմիշտ մաքրվում ենք մկրտությամբ, իսկ ներգործական մեղքերից՝ շարունակաբար՝ ապաշխարությամբ։
Ապաշխարությունը զղջումն է մեղքերի համար, դրանք խոստովանելը և ապա որպես գործված հանցանքների փոխհատուցում՝ բարի գործեր, մանավանդ՝ ողորմության գործեր կատարելը։
Երկու բացատրական խոսք՝ մեղքերի խոստովանության մասին;
Պետք չէ խոստովանել ո՛չ գիտուն կամ այնպիսի քահանային, ով չգիտի խոստովանողի մեղքերը գաղտնի պահել։
Խոստովանությանը պետք է նախապես պատրաստվել՝ խոկալով գործված մեղքերի շուրջ և ըստ անհրաժեշտության նաև գրավոր նշումներ անելով՝ խոստովանության ընթացքում մեղքերը չմոռանալու համար։
Մեղքերը խոստովանելիս պետք է խուսափել շատախոսությունից ու դատարկաբանությունից, ինքնարդարացումից, ուրիշների մեղքերը բացահայտելուց և խոսել ըստ էության՝ միայն սեփական մեղքերի կամ տկարությունների մասին։
Եթե մեկն ինչ-որ մեղք խոստովանում է՝ դարձյալ նույնը գործելու մտադրությամբ, նշանակում է նրա զղջումն անկեղծ չէ, ուստի այսպիսի խոստովանությունն ընդունելի չէ։
Եթե խոստովանված մեղքը նորից է գործվում, դարձյալ պետք է խոստովանել։
Ամոթը պատճառ պիտի չդառնա մեղքերի խոստովանությունից խուսափելու. Ինչպես Սիրաքն է ասում.«Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին» (Սիրաք 4: 32)։