ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին 1.12-2.10
Ավետարան ըստ Հովհաննեսի 8.12-20
Ավետարան ըստ Մատթևոսի 15: 32-39
ՉՈՐՍ ՀԱԶԱՐԻՆ ԿԵՐԱԿՐՈՒԻԼԸ
32 Յիսուս իր աշակերտները քովը կանչելով՝ ըսաւ. «Կը խղճամ այդ ժողովուրդին վրայ, վասն զի երեք օր է, որ քովս են եւ բան մը չունին ուտելու։ Զանոնք անօթի արձակել չեմ ուզեր, չըլլայ որ ճամբան մարին»։ 33 Աշակերտները անոր ըսին. «Մենք անապատին մէջ ուրկէ՞ պիտի ունենանք այնչափ հաց, որ այսչափ բազմութիւնը կշտացնեն»։ 34 Յիսուս ըսաւ անոնց. «Քանի՞ նկանակ ունիք»։ Անոնք ալ ըսին. «Եօթը ու քանի մը մանր ձուկեր»։ 35 Հրաման ըրաւ ժողովուրդին որ գետնին վրայ նստին։ 36 Եօթը նկանակը եւ ձուկերը առաւ, գոհացաւ եւ կտրեց ու տուաւ աշակերտներուն, աշակերտներն ալ ժողովուրդին տուին։ 37 Կերան ամէնքը եւ կշտացան։ Եօթը զամբիւղ լեցուն՝ աւելցած կտորուանքներ վերցուցին։ 38 Անոնք որ կերան՝ չորս հազար այր մարդիկ էին, կիներէն եւ տղաքներէն զատ։
39 Երբ ժողովուրդը արձակեց, նաւը մտաւ ու Մագդաղայի սահմանները գնաց։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, նախքան սերտողությունը սկսելը խորհուրդ կտամ այսօր անպայման կարդալ օրվա ընթերցվածքից Պողոս առաքյալի Տիտոսին գրված նամակի երկրորդ գլուխը: Ավետարանի բոլոր գրվածքները մեզ կրթելու և դաստիարակելու համար են, սա անհեքելի փաստ է: Բայց Տիտոսին ուղղված նամակի երկրորդ գլխի մեջ առաքյալը համախմբել է բոլոր տարիքների, բոլոր սեռերի մարդկանց և յուրաքանչյուրին տալիս է իրեն վերաբերով խրատ: Սա հավաքական մի գեղեցիկ վարդապետություն է, որ ամեն մեկը կարող է վերցնել իրեն համապատասխան հորդորը և կիրառել: Սկսել է խրատը՝ ծերերին, պառավներին, երրիտասարդներին, ծառաներին, իշխանավորներին և այլն: Առաքյալը պատվիրում է Տիտոսին, որպեսզի նա իր եկեղեցում այս հորդորը կարդա և ուսուցանի տարբեր տարիքի ու սեռի մարդկանց: Այսինքն սա եկեղեցու պարտականությունն է, որ ամեն տարիքի համար ողջամիտ վարդապետություն ունենա, քանի որ Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց համար: Այդ շնորհը իր մեջ ներառում է բարություն, ողորմություն, համբերություն:
Սիրելիներ, դուք, որ լսում եք ամենօրյա սերտողություն, մաս եք կազմում առաքյալի նշած խմբերին, հետևաբար առաքյալի հորդորը վերաբերում է նարև ձեզ, այդ պատճառով է որ ուզում եմ կարդաք անպայման: Հիեցնեմ, Տիտոս.2: 1-10
Մեր այսօրվա սերտողությունը հացի երկրորդ բազմացման մասին է: հացի առաջին բազմացման մասին մենք կարդացինք Մատթևոսի Ավետարանի 14 րդ գլխում, ահա 15 րդ գլխում նորից հանդիպում ենք հացի բազմացման հրաշքի արձանագրությանը: Այս երկու հրաշքների մասին շատ տարակարծություններ են եղել: Ոմանք ասում են, թե ընդամենը մեկ հրաշք է եղել հացի բազմացման, ուղղակի աշակերտները ամեն մեկը իր տեսածն է գրել: Ոմանք էլ պնդում են, որ իրոք տեղի է ունեցել հացի բազմացման երկու դեպք, քանի որ հրաշքների նկարագրության մեջ շատ տարբերություններ կան: Մենք էլ կհամոզվենք, որ իրոք երկու անգամ է տեղի ունեցել հացի բազմացման հրաշքներ, որովհետև Մատթևոս ավետարանիչը երկուսն էլ արձանագրել է: Եթե մեկ անգամ եղած լիներ, ո՞րն էր նպատակը երկու անգամ հիշատակելու: Հատկապես, որ Մատևթոսը բավական մանրուքների վրա է անդրադարձել, և հատուկ նշել է հացի առաջի՛ն բազմացում, այնուհետև հացի երկրո՛րդ բազմացում: Հետևաբար չէր կարող այսքան իրար մոտ ժամանակները շփոթել: Այսպիսի հրաշքների ներկա գտնվելիս, մարդիկ այնքան ուշադիր են, որ ոչինչ չի վրիպում իրենց աչքից: Օրինակ՝ առաջին հրաշքի ժամանակ աշակերտներն են մոտենում և ասում, որ արձակիր այս ժողովրդի բազմությունը, որպեսզի գնան շրջակա գյուղերը ուտելիք գտնեն իրենց համար: Իսկ երկրորդ հրաշքի դեպքում տէր Հիսուս Ինքն է ասում,- Խղճում եմ այս ժողովրդին, ահա երեք օր է ինձ մոտ են, բան չունեն որ ուտեն: Կամ երկրորդ տարբերությունը, որի վրա Մատթևոսը ուշադրություն է դարձրել, այն է, որ Տէր Հիսուս առաջին հրաշքի ժամանակ վերցնելով հինգ նկանակները, նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին, որպեսզի բաժանեն: Իսկ երկրորդ հրաշքի ժամանակ վերցրեց յոթ նկանակներն ու ձկները, գոհություն հայտնեց Աստծուն և տվեց աշակերտներին: Բայց մեզ համար կարևոր չէ, թե Հիսուս քանի անգամ բազմացրեց հացը, մենք հավատում ենք և՛ մեկ անգամվա և՛ երկու անգամվա բազմացրածին: Մեզ համար կարևորը մեկ այլ փաստ է, որ Հիսուս Քրիստոս կրկնելով նույն հրաշքը, փաստում է, որ կարող էր ամեն անգամ բազմացնել հացը այնպես, ինչպես ամեն անգամ հրաշքով անդամալույծ կամ կույր ու կաղ էր բժշկում:
Աստվածաշնչի տպագրությունից հետո միշտ էլ եղել մարդիկ, որոնք կասկածի տակ են դրել նույնիսկ Քրիստոսի մահը խաչի վրա: Սակայն ճշմարտությունը սիրում է լռել, մինչև փարատվի նենգ սրտի կասկածները: Պիղատոսի այն հարցին, թե՝ ի՞նչ է ճշմարտությունը, Հիսուս հարկ չհամարեց պատասխանել:
Քիչ չեն նաև այն մարդիկ, որոնք ասում են Աստվածաշունչը գրվել է մարդկանց վախի մեջ պահելու համար՝ որպես զսպաշապիկ: Առանց խորը մտածելու, որ իրենք լավագույնս պատասխանում են իրենց հարցին; Աստծուն չճանաչող մարդը ընդունակ է հոշոտել իր նմանին և վերացնել երկրի երեսից: Մի՞թե մարդու համար զսպաշապիկը օգտակար չէ իր փրկության գործընթացի ճանապարհին;
Մենք բավական հեռացանք մեր բուն թեմայից, բայց Աստծու խոսքն այնպես է, որ որքան հեռանան բուն թեմայից, մոտենում ենք մեկ այլ կարևոր թեմայի, որը նույնպես աստվածաշնչյան է:
Նախորդ սերտողության մեջ Քանանացի կինը երկու հրաշք միանգամից ստացավ՝ ուրախացած իր տունը գնաց: Ե՛վ հավատք ձեռք բերեց ճշմարիտ Աստծու նկատմամբ, քանի որ հեթանոս էր, և՛ դիվահար աղջկան առողջացած գտավ տանը: Հավանաբար հացի երկրորդ բազմացումն էլ հենց այդ պատճառով արեց տէր Հիսուս Քրիստոս, որպեսզի ներկա գտնվող մյուս հեթանոսները նույն զգացողությունը ունենան և վկայեն այդ մասին; Հիմա անդրադառնանք ևս մեկ կարևոր հանգամանքի վրա, որ Տէր Հիսուս ասում է,- երեք օր չորս հազարից ավելի մարդիկ միախմբված Քրիստոսի շուրջ, չեն լքում նրան, չնայած, որ ուտելու բան էլ չունեն:
Թող այսօր, մեր իրականության մեջ ամենահեղինակավոր մարդը, ամենահայտնի անձնավորությունը (ով իրեն այդպես է կարծում) չորս հազար մարդու ուշադրությունը հավաքած պահի, այն էլ սոված վիճակում:
Այսօր ցանկացած միտինգ, որ հավաքվում է որևէ գաղափարի շուրջ, ավելի շուտ՝ անձի շուրջ, անպայման ավարտվում է ծեծկրտուքով կամ բերման ենթարկելով:
Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի գլխավոր նպատակը մարդկանց կերակրելը չէր, ոչ էլ նրանց մարմնավոր ցավերից ազատելն էր: Նրա միակ նպատակը մարդկանց հոգեվիճակը փոխել և զղջման հասցնելն էր, նրանց մեջ հավատքի հասունացումն է: Մարմինը հիվանդ է, թե առողջ, վաղ թե ուշ մահվան է արժանանալու: Իսկ հոգին, որ անմահ է խնամք է պահանջում դատաստանի օրվան պատրաստվելու համար:
Մենք տեսնում ենք ամեն անգամ ժողովրդի բազմության հետ հանդիպելիս, ուսուցանում է նրանց, պատրաստում է նրանց սիրտը՝ ընդունելու իր խոսքն ու գործը, որպեսզի մարդիկ իրենց տեսնեն մեղքերի մեջ և անդրադառնան դրան և ազատվեն մեղքերից: Երբ Աստված Իսրայելացիներին դուրս բերեց Եգիպտոսից և առաջնորդում էր անապատով, Մովսեսի միջոցով խոսում էր նրանց հետ, պատրաստում էր նրանց այն բանին, որ մոտակայում պատվիրաններ էր տալու: Նախապատրաստեց մարդկանց և տվեց տաս պատվիրոնները: Առաջին մասը՝ մարդ- Աստված հարաբերության վերաբերյալ, իսկ երկրորդ մասը՝ մարդ- մարդ հարաբերության համար: Ի սկզբանե Աստված մարդու համար նպաստավոր պայմաններ է ստեղծել, հետո տվել է Իր ասելիքը: Ինչպես որ Տէր Հիսուս երեք օր խոսում էր նրանց համար, գրավել էր նրանց ականջը, սիրտը, և աչքը, որպեսզի հրաշքը տեսնելիս հաստատվեն հավատքի մեջ և հիշեն առաջին պատվիրանը՝ թե՝ ես Եմ քո Տէր Աստվածը, ուրիշ աստված չկա:
Բայց Տէր Հիսուս միայն հոգևորի մասին չէր, որ հոգաց, այլ բավարարեց նաև նրանց մարմնավոր քաղցը՝ դարձյալ բազմացնելով այս անգամ արդեն յոթ հաց և մի քանի ձուկ՝ չորս հազարի համար: Երկու դեպքում էլ հավաքված բազմությունը հացի պահանջ չներկայացրեց Քրիստոսին, քանի որ նրանք հացի համար չէին եկել, այլ ամենքը լսելու և բուժման նպատակով էր եկել: Նրանք կարծես հագեցած էին Աստծու ամեն մի խոսքից և մոռացել էին քաղցը, եթե իրենց Վարդապետը չմտածեր այդ մասին:: Մենք Սուրբ Գրքից ենք կարդում և զմայվում ենք, պատկերացրեք, որ մարդիկ անմիջապես Հիսուս Քրիստոսի բերանից էին լսում այդ լույս խոսքերը:
Սիրելիներ բացառիկ հրաշներ էին հացի երկու բազմացումները, բայց մենք այստեղից շատ կարևոր դասեր ունենք քաղելու: Մեզնից երբեք խուճապը չի հեռանում, երբ մեր դրամը վերջանում է, կամ ուտելիքը ավարտվում է, կամ աշխատավարձն ու թոշակը ուշանում է: Մենք ցանկացած հրաշքից ոգևորվում ենք, սակայն մեզ հետ պատահածի ժամանակ տագնապի մեջ ենք լինում՝ մտքւոմ մտածելով, ի՞նչ ենք անելու վաղը, եթե ուտելիք չունենանք: Երեք օր չկերան Հիսուսի մոտ հավաքվածները, ոչի՛նչ չպատահեց նրանց: Չի պատահի նաև մեզ, եթե մենք էլ խուճապ չունենանք: Հիշո՞ւմ եք ինչ կատարվեց խանութներում, երբ դեռ նոր էր կորոնան հայտնվել, և հայտարարեցին, որ խանությերը կփակվի: Կարծում եմ որ բոլորդ էլ հիշում եք:
Մենք վստահություն չունենք, դրա համար մեր հավատքը չի զորանում:
Աշակերտները երկրորդ անգամ նորից նույն հարցը տվեցին, թե որտեղի՞ց այսքան մարդու համար հաց գնենք: Մոռացան, որ օրեր առաջ հինգ հազարին կերակրեց: Աշակերտներն էլ դեռ այդքան զորավոր չէին հավատքի մեջ, կամ էլ այնքան հրաշքներ էին տեսնում, որ նրանց մտքերը խառնված էին: Ժողովրդին կերակրելուց հետո արձակեց և Ինքն էլ նավակ նստեց ու գնաց Մագդաղիայի սահմանները, այնպես, ինչպես որ նախորդ հացի բազմացումից հետո հեռացավ նրանցից, որովհետև հատկապես հացի հրաշքներից հետո է, որ մարդիկ Նրան ավելի են մեծարում, ինչից որ խուսափելով հեռացավ նրանցից:
Սիրելիներ, ավատեցինք նաև 15րդ գլխի սերտողությունը Տիրոջ մեծ ողորմության շնորհիվ:
Մնացեք սիրով՝ առանց խուճապի, առանց տագնապի, միշտ հիշեք, որ Տէրը մարդկանց կերակրեց անապատում՝ մանանայով, կերակրեց ժողովրդին երկու անգամ բազմացնելով հացը, կերակրում է նաև մեզ՝ այսօր: Բայց մենք կարևոր բան ունենք հիշելու մեր կյանքում՝ Եգիպտոսից դուրս գալը բավարար չէ, եգիպտոսը պետք է մեր միջից դուր գա, որ մեզ չխանգարի տեսնելու ճշմարտությունը:
Հարց. Քանի՞ զամբյուղ կտորտանք մնաց ուտելուց հետո.
Տեղեկութիւններ
Ողջախոհություն – բղջախոհություն
Այսօր ծանոթանանք վերջին առաքինության հետ, որը հակադիրն է բղջախոհության մեղքի:
Չափավորությունն ու քչակերությունը ինքնըստինքյան կմարեն նաեւ բղջախոհության հուրը՝ վերջինիս զրկելով սննդից: Սակայն պետք է նաեւ հատուկ ճիգերով մշտապես ձգտել ողջախոհության՝ թույլ չտալով, որ սեփական սրտին տիրեն աստվածամարտ ու մարդատյաց դևերը, որոնք ոչնչից այնքան չեն հրճվում, որքան մարդուն անպարկեշտ ու անառակ խորհուրդների և արարքների մեջ գցելուց: Ուստի պետք է հեռու պահենք մեր աչքն ու ականջը աշխարհի մեղսածին տպավորություններից՝ հիշելով, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ. Հակ.4:4, խուսափենք քնկոտութիւնից և մարմնահաճությունից՝ միշտ հիշելով, որ մեր մարմինը Աստծո բնակության տաճարն է Ա Կոր.3:16, եւ այն պետք է սուրբ պահել ամեն ախտաժետությունից: