ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Իմաստություն Սողոմոնի 5.16-23
Եսայու մարգարեությունը 35.1-2
Պետրոս առաքյալի Ա թուղթը 1.3-9
Ավետարան ըստ Ղուկասի 12.4-10
Ավետարան ըստ Մատթևոսի 15:21-31
ԿՆՈՋ ՄԸ ՀԱՒԱՏՔԸ
21 Յիսուս անկէ ելլելով՝ Տիւրոսի ու Սիդոնի կողմերը գնաց։ 22 Քանանացի կին մը այն սահմաններէն ելած՝ կ՚աղաղակէր անոր ու կ՚ըսէր. «Ողորմէ ինծի, Տէ՛ր, Դաւիթի որդի, աղջիկս դեւէն սաստիկ կը չարչարուի»։ 23 Ինք բնաւ պատասխան չտուաւ անոր։ Իր աշակերտները մօտենալով՝ կ՚աղաչէին իրեն ու կ՚ըսէին. «Արձակէ ատիկա, վասն զի մեր ետեւէն կ՚աղաղակէ»։ 24 Ինքն ալ պատասխան տուաւ ու ըսաւ. «Ես ուրիշի մը չղրկուեցայ, բայց միայն Իսրայէլի տանը կորսուած ոչխարներուն»։ 25 Բայց կինը եկաւ երկրպագութիւն ըրաւ անոր ու ըսաւ. «Տէ՛ր, օգնէ ինծի»։ 26 Ան ալ պատասխան տուաւ ու ըսաւ. «Աղէկ չէ տղոց հացը առնել ու շուներուն ձգել»։ 27 Կինն ալ ըսաւ. «Այո՛, Տէ՛ր, վասն զի շուները իրենց տիրոջ սեղանէն ինկած փշրանքներով կը կերակրուին»։ 28 Այն ատեն Յիսուս անոր ըսաւ. «Ո՛վ կին, քու հաւատքդ մեծ է, քու ուզածիդ պէս ըլլայ քեզի»։ Նոյն ժամուն անոր աղջիկը բժշկուեցաւ։
29 Յիսուս անկէ գնաց, երբ Գալիլիայի ծովեզերքը հասաւ՝ լեռը ելլելով նստաւ։ 30 Շատ ժողովուրդ իրեն եկան, որոնք իրենց հետ ունէին կաղեր, կոյրեր, համրեր, հաշմանդամներ եւ ուրիշ հիւանդներ եւ ձգեցին զանոնք Յիսուսի ոտքը։ Ան ալ բժշկեց զանոնք։ 31 Այնպէս որ ժողովուրդը զարմացաւ, տեսնելով որ համրերը կը խօսէին, հաշմանդամները կը բժշկուէին, կաղերը կը քալէին եւ կոյրերը կը տեսնէին ու Իսրայէլի Աստուածը կը փառաւորէին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Քանի որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ղևոնդյան քահանաների հիշատակը, իսկ Ղևոնդյանները ճանաչված ու սիրելի են ամեքիս համար, հետևաբար ձեզ համառոտ տեղեկություն տամ տոնի մասին ու անցնենք մեր օրվա սերտողությանը:
Վարդանանց պատերազմից հետո հայոց ապստամբության հզոր ալիքը կանխելու նպատակով պարսից Հազկերտ II թագավորը 452 թ. բազմաթիվ հայ նախարարների և իրենց նվիրվածությամբ աչքի ընկած 9 հոգևորականների աքսորում է Պարսկաստան և նահատակում 454 թ. Հոգևորականների խմբում ամենատարեցն էր Ղևոնդ երեցը, որը Սահակ Պարթևի աշակերտներից էր: Նրա խիզախ և աննկուն կամքը մեծ ազդեցություն է ունենում բոլորի վրա, ինչի համար էլ սուրբ մարտիրոսների խումբը կոչվում է նրա անունով: Քանի դեռ հոգևորականները բանտարկության մեջ էին, նրանց հսկող պարսիկ մոգպետը դարձի է գալիս՝ տեսնելով նրանց անտանելի պայմաններում ամենևին չտկարացած և անտրտունջ ու զվարթագին աղոթելիս, ինչպես նաև՝ նրանց վրա իջած երկնային լույսը: Մոգպետը մկրտվում է և ինքն էլ միանում բանտարկյալներին՝ նրանց հետ ընդունելով մարտիրոսության պսակը:
Ս. Ղևոնդյանց հիշատակը տոնվում է Բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: Սա այն տոնն է, որն առնչվում է մեր եկեղեցու հոգևոր դասին և տոն է նաև մեր եկեղեցու հոգևոր դասի համար:
Կարող եք այսօր՝ այս առիթով շնորհավորել ձեր հոգևոր հայրերին՝ Աստվածաշնչից քահանային վերաբերող մի պատգամով կամ մի տողով:
Սիրելիներ, մենք երեկ իմացանք, թե ի՞նչն է պղծում մարդուն և մեր դասն էր զգույշ լինել մեր լեզվի և մեր սրտի հանդեպ: Երուսաղեմի եկած կեղծավոր փարիսեցիների խոսքերից տրտմած Տէր Հիսուս շրջվեց հրեաներից, որոնք միայն ամբաստանելու համար էին հետևում իրեն և աշակերտների հետ շարժվեց դեպի հեթանոսների շրջանները՝ Տիուրոսի և Սիդոնի կողմերը: Դեռ չմատած հեթանոսների շրջան, Նրան ընդառաջ է գալիս քանանացի մի կին, որը ներկայացնում է հեթանոս ժողովրդին, որին նույնպես ձեռք մեկնեց Հիսուս և նրանք մերժեցին: Իսկ այս հեթանոսուհին ասում է,- ողորմիր ինձ, Տէ՛ր, Դավթի՛ Որդի. Ուշադրություն դարձրեք, հեթանոսը Քրիստոսին դիմում է այնպես , ինչպես հրեաներն էին դիմում: Այստեղ կարելի է եզրակացնել, որ այս կինը որոշ չափով ծանոթ էր հրեաների մոտեցման ձևին և գիտեր նաև Հիսուսի համբավի մասին: Ինչո՞ւ կնոջը չպատասխանեց այնքան ժամանակ, մինջև աշակերտները միջամտեցին:
Աշակերտներ միջամտում էին, ո՛չ թե նրա համար, որ Հիսուս նրա աղջկան բժշկեր, այլ այդ կինը նրանց հանգիստ չէր տալիս և անվերջ աղաղակում էր: Մենք գիտենք, որ Քրիստոս նաև հեթանոսների համար էր եկել, ուրեմն ինչո՞ւ չի պատասխանում նրան; Օգոստինոս Երանելին այս հատվածի համար ասում է,- ո՛չ թե Քրիստոսի ողորմությունն էր պակասել, որ չէր պատասխանում այդ հեթանոս կնոջը, այլ լռում էր, որպեսզի հավատքը զորանա այդ կնոջ մեջ, և ոչ միայն հավատքը զորանա, այլ նրա խոնարհությունը հասնի գովելու աստիճանի:
Սիրելիներ, փաստորեն մեր Տէրը ոչ միայն խոսելով է կրթում ու դաստիարակում, այլ նաև լռելով: Լռության մեջ ուզում է, որ բոլորը հիշեն այն պատվիրանը, որ ասաց, - խնդրեցեք և կտրվի ձեզ:
Երբեմն մենք էլ ասում ենք, ինչո՞ւ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին: Ինչո՞ւ է լռում Աստված; Ահա այստեղ մի գեղեցիկ օրինակ կա լռելու, որից մենք շատ բան կարող ենք սովորել: Աստված մեզ համբերել է սովորեցնում, սովորեցնում է հաստատվել հավատքի մեջ, նույնիսկ պատասխան չլսելիս:
Բավական է հիշել Աբրահամի փորձությունը Իսահակի հարցում: Մի՞թե Աստված չգիտեր, որ Աբրահամը հավատարիմ է Իրեն: Գիտեր: Այսպես են հաստատվում հավատքի մեջ և արժանանում երկնքի արքայությունը ժառանգելու: Ասում է սովորեք Ինձնից, որ հեզ եմ և խոնարհ սրտով: Ինքն է անում նախ, և մեզ է սովորեցնում:
Երկար լռությունից հետո պատասխանեց կնոջը՝ մի շատ ծանր պատասխանով, թե ես եկել եմ նախ՝ Իսրայելի կորուսյալ ոչխարների մոտ: Սա կնոջ խնդրանքի պատասխանը չէր ամենևին, իսկ ում էր ուղղված այս խոսքերը: Քրիստոսին հետևում էին բազում հրեաներ, փարիսեցինր, օրենգետներ այդ պահին, այս խոսքը ուղղված էր նրանց, որպեսզի դատաստանի ժամանակ արդարանալու տեղ չունենան, թե չգիտեինք: ,,Իսրայելի տան ոչխարներՙՙ արտահայտությունը շատ ենք հանդիպում Աստվածաշնչում: Տէր Հիսուս մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ ձեզ համար եմ եկել, իսկ դուք մերժում եք:
Երկրորդ կարևոր հանգամանքը, որի վրա ուզում եմ անդրադառնալ, այն է, որ հեթանոս կինը չնեղացավ, և շարունակեց խնդրել: Չասաց, դե լավ, որ հրեաների համար ես եկել, ինձ այլևս ոչինչ պետք չէ:
Այլ խնդրում էր երկրպագելով, թե Տէ՛ր, օգնի՛ր ինձ:
Տէր Հիսուս ավելի կոշտ պատասխան տվեց, ասելով,- լավ չէ՛ մանուկների հացն առնել և շներին տալ:
Եվ կինն ասում է,- Այ՛ո Տէր: Այսինքն համաձայն եմ, ինչ որ ասում ես, միայն օգնիր իմ դստերը, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց Տիրոջ սեղանից: Քանանացի կինը ընդունել էր Հիսուս Քրիստոսին որպես Տէր և օգնություն էր աղերսում: Այս է ակնկալում Վարդապետի իմաստուն խոսքերը յուրաքանչյուր Իրեն լսողից, այս պահին նաև մեզնից, սիրելի ունկնդիրներ:
Գովեց կնոջ հավատքը և ասաց,- թո՛ղ քեզ լինի ինչպես կամենում ես; Նույնիսկ դստեր մասին խոսք չեղավ, և չասաց, թող Իմ խոսքով բժշկվի քո դուստրը, այլ՝ ասաց, թող լինի ինչպես կամենում ես: Ավետարանն ասում է, որ աղջիկը բժշկվեց նույն ժամին: Մոր հզոր հավատքի և դարձի արդյուքում հեռվում առողջացավ դիվահար աղջիկը: Ինչքան կարևոր է այս երևույթը այսօր մեզ՝ ծնողներիս համար, հատկապես Հայաստանում, որ բոլորը հեռու են իրենց զավակներից: Սա ևս մեկ փաստ է, որ հեռավորությունը կապ չունի անկեղծ աղոթքի հետ, ամուր հավատքի հետ: Մենք միշտ հույս ունենք, որ կարող ենք աղոթել մեր զավակների համար՝ հեռու թե մոտիկ: Մենք էլ կարող ենք ասել, որ պատրաստ ենք ուտելու Տիրոջ սեղանի այդ փշրանքներից, միայն թե զորավոր լինի մեր հավատքը և լսելի լինենք մեր աղոթքի մեջ:
Դուրս եկավ Տէր Հիսուս այդ այդ շրջաններից և եկավ Գալիլիայի ծովեզերքը, որտեղ հանդիպեց դարձյալ կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների, և բոլորին բժշկեց: ժողովուրդը տեսնում էր, որ կաղերը քայլում են, կույրերը տեսնում են, համրերը խոսում են; Բոլոր մարգարեները գրել են այս մասին նախապես, որ լինելու է:: Հիշո՞ւմ եք Հովհաննես Մկրտչի բանտում եղած ժամանակ, Հիսուս լուր ուղարկեց Հովհաննեսին, ասելով,- Գնացեք և ասեք Հովհաննեսին, կաղերը քայլում նե, կույրերը տեսնում են, բորոտները մաքրված են և այլն; Այսինքն մարգարեությունները կատարված են: Այսօրվա սերտողության վերջին համարի մեջ գրված է,- տեսնելով այս բոլոր հրաշքները, փառք էին տալիս Իսրայելի Աստծուն: Ոչ թե Հիսուս Քրիստոսին, այլ Իսրայելի Աստծուն: Այս մարդիկ դուրս էին եկել հեթանոսական շրջաններից, և գիտեին որ Հիսուս Իսրայելից է եկել: Չէին ընդունում Նրան որպես Փրկիչ, բայց ընդունում էին որպես Իսրայելի Աստված:
Սիրելիներ, այսօրվա սերտողությունից մենք սովորեցինք զորավոր աղոթքի մի ձև, որը բովանդակությամբ շատ կարճ էր, և աղոթողը հրեա չէր, կամ քրիստոնյա, այլէ հեթանոս: Հետևաբար հիշենք, որ աղոթքը երկարության մեջ չէ, որ ընդունելի է լինում: Միայն հրեայի համար չէ, որ եկել է Հիսուս Քրիստոս, բոլոր հեթանոսները չէին, որ այդ կնոջ պես հավատացին; Բոլոր քրիստոնյաները չեն, որ ընդունվում են Քրիստոսից: Այլ նրանք են լսելի, որոնք չեն դադարում խնդրել, չնայած Քրիստոս Հիսուսի լռելուն, Նրանք են լսելի, որոնք պատրաստ են լսել ամեն խիստ խոսք՝ իրենց մեղքերի պատճառով: Նրանք են լսելի, որոնք ընդունում են Աստծու ամեն պատասխան, անկախ նրանից հաճելի է թե ոչ: Կնոջը չասեց քո աղջիկը բժշկված է, այլ կինը գիտեր, թե ինքն ինչքան է հավատում, և աղոթքի պահին իր սիրտը ուղղակի Հիսուսի ոտքերի տակ էր:
Անդրադառնանք հիմա մեր աղոթքներին: Չի կարելի ասել, թե մեր ժողովուրդը աղոթող չէ: Բայց ամեն աղոթք ու փառաբանություն չէ, որ հավանում է Աստված: Եսայի մարգարեի բերանով Աստված ասում է. Այս ժողովուրդը շրթունքներով է Ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած է Ինձնից: Եսայ.29:14:
Եթե մենք վստահ ենք, որ առանց Աստծու կամքի ոչինչ չի լինում, և մեր ժողովուրդն անվերջ աղոթում է, գոնե եկեղեցիներում մշտական աղոթք կա, ուրեմն Աստված պատասխանում է մեր աղոթքներին իրադարձությունների միջոցով, բացահայտումների տեսքով, այսօրվա մեր իրականության տեսքով; Ինչո՞ւ ենք ասում, թե Աստված չի պատասխանում: Չէ որ Առանց Աստծու կամքի մի բան չի կարող լինել:
Իսկ երբ լեզուն այլ բան է խնդրում, սիրտը այլ բան է ուզում, բավարարվենք նրանով ինչ ունենք, դա ամենալավն է տվյալ պահի համար: Փառք Աստծուն նաև այսօրվա սերտողության համար: Փառք Աստծուն ձեր ներկայության համար, որ լսեցիք սիրով: Փառք Աստծուն Իր համբերության համար: Փառք Աստծում իմ քահանայության համար, որ արժանացրեց իր դաշում ծառայելու համար;
Մնացեք սիրով, աղոթքի մեջ հաստատակամ, Տիրոջ լռության ժամանակ համբերող, և պատասխանից գոհացող:
Հարց. Ինչո՞ւ Տէր Հիսուս շուն անվանեց քանանացի կնոջը.
Տեղեկութիւններ
Պահեցողություն
Այսօր ծանոթանանք նախավերջին առաքինության հետ, որը հակադին է որկրամոլության:
Որկրամոլությունը հաղթահարելու համար մեզ տրված է պահքը: Եվ վերջինս իրոք փրկարար կլինի, եթե պահոց օրերին ոչ միայն փոխենք կերակրի տեսակը, այլեւ սահմանափակվենք քչով: Եվ եթե ստիպենք մեզ այսպես վարվել բոլոր պահոց օրերին, աստիճանաբար քչակերությունը կդառնա բնական եւ ցանկալի: Պահեցողությունը ինքնանպատակ պատվիրան չէ, այն ևս խորհուրդ է, քանի որ պահեցող մարդը ժուժկալ է դառնում ամեն ինչի մեջ, ոչ միայն ուտելիքի: Իսկ չափավորությունը զարդարում է մարդուն ամեն բնագավառում: Կարելի է ասել, որ պահեցողությունը մարդու հավատարիմ ուղեկիցն է իր կյանքի ընթացքում;