ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Զաքարիայի մարգարեությունը 8.1-3
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 8.28-39
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-21
Ավետարան ըստ Մատթևոսի 15:1- 20
ՆԱԽՆԻՔՆԵՐՈՒՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
1 Այն ատեն Յիսուսի եկան դպիրները, փարիսեցիները, որոնք Երուսաղէմէն էին ու ըսին. 2 «Ինչո՞ւ քու աշակերտներդ ծերերուն աւանդութիւնը զանց կ՚ընեն, վասն զի ձեռքերնին չեն լուար, երբ հաց կ՚ուտեն»։ 3 Ան ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Հապա դուք ինչո՞ւ Աստուծոյ պատուիրանքը զանց կ՚ընէք ձեր աւանդութեան պատճառաւ։ 4 Քանզի Աստուած պատուիրեց ըսելով. ‘Քու հայրդ ու մայրդ պատուէ. 5 Եւ ով որ իր հայրը կամ մայրը անիծէ, մահով թող մեռնի’։ 6 Բայց դուք կ՚ըսէք. ‘Ով որ իր հօրը կամ մօրը ըսէ թէ Այն բանը զոր ինծմէ պիտի շահիս, Աստուծոյ տալու ընծայ է ու իր հայրը կամ մայրը չպատուէ, ազատ է’։ Այսպէս ձեր աւանդութեան պատճառաւ Աստուծոյ պատուիրանքը խափանած էք։ 7 Կե՛ղծաւորներ, աղէկ մարգարէութիւն ըրաւ ձեր վրայ Եսայի ու ըսաւ. 8‘Այս ժողովուրդը միայն շրթունքներովը զիս կը պատուէ, բայց իրենց սիրտը հեռացած, զատուած է ինծմէ. 9 Ու պարապ տեղը զիս կը պաշտեն՝ մարդոց պատուիրած բաները իբրեւ վարդապետութիւն սորվեցնելով’»։
10 Ժողովուրդը իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Լսեցէք ու միտք առէք. 11 Ոչ թէ ինչ որ բերանը կը մտնէ՝ կը պղծէ մարդը, հապա ինչ որ բերնէն կ՚ելլէ՝ անիկա կը պղծէ մարդը»։
12 Այն ատեն իր աշակերտները եկան՝ ըսին իրեն. «Գիտե՞ս թէ փարիսեցիները գայթակղեցան, երբ լսեցին այն խօսքը»։ 13 Ան ալ պատասխան տալով՝ ըսաւ. «Ամէն տունկ որ իմ երկնաւոր Հայրս չէ տնկեր, պիտի խլուի։ 14 Թող տուէք զանոնք. իրենք կոյր են ու կոյրերու առաջնորդ։ Եթէ կոյրը կոյրին առաջնորդէ, երկուքն ալ փոսը պիտի իյնան»։ 15 Պետրոս պատասխան տալով՝ անոր ըսաւ. «Մեկնէ մեզի այս առակը»։ 16 Յիսուս ըսաւ. «Դո՞ւք ալ տակաւին անմիտ էք. 17Ու չէ՞ք հասկնար թէ ամէն ինչ որ բերանը կը մտնէ՝ փորը կ՚երթայ ու արտաքնոցը կը ձգուի։ 18 Իսկ բերնէն ելած բաները սրտէն յառաջ կու գան եւ անոնք կը պղծեն մարդը։ 19 Վասն զի սրտէն կ՚ելլեն չար խորհուրդներ, սպաննութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայհոյութիւններ։ 20 Ասոնք են որ կը պղծեն մարդը, բայց անլուայ ձեռքով հաց ուտելը չի պղծեր մարդը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Այսօրվա մեր ուղեցույցը թող լինի Պողոս առաքյալի խոսքերը, որն ասում է,- Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: Հռոմ.28:31
Նախորդ սերտողության ժամանակ մենք Տէր Հիսուսին և աշակերտներին թողեցինք Գեննեսարեթում՝ բժշկություններ անելիս: Այսօր տեսնենք, թե ի՞նչ պատահեց դրանից հետո:
Ավետարանիչը հատուկ շեշտով նշում է որ ա՛յս անգամ Վարդապետի մոտ եկան փարիսեցինր և օրենսգետներ Երուսաղե՛մ քաղաքից: Մենք գիտեք, որ այդ խմբավորումները տարածված էին Իսրայելի ողջ տարածաշրջանում; Քանի որ հիշատակվում է, որ փարիսեցիները և օրենսգետները եկել էին հենց Երուսաղեմ քաղաքից, հետևաբար մի բան նշանակում է: Ոսկեբերան Հայրապետը գրում է, որ նրանք լինելով հայտնի քաղաքից, ավելի մեծամիտ էին, ավելի խստաբարո էին, և ավելի ցուցամոլ էին; Մենք տեսնում ենք, որ անմիջապես նկատողություն են անում Քրիստոսի աշակերտներին՝ հայրերի ավանդությունը չպահելու վերաբերյալ, ո՛չ թե հենց Քրիստոսին, հավանաբար վստահ էին, որ դարձյալ ամոթով են մնալու: Բայց ձեռքերը լվանալու սովորության համար նույնիսկ Սողոմոն թագավորը և իր դատավորվերը օրենք էին հռչակել, որ հատկապես քահանաները պետք է լվացվեին հացից առաջ, քանի որ նրանք ամեն րոպե զոհեր էին մատուցում և նրանց ձեռքերը կարող էր համարվել անմաքուր: Բացի նրանից որ օրենք կար գրված այդ մասին, քաղաքի ծերերը հատուկ խմբերով ժողովարաններում շրջում և ստուգում էին, արդյոք ռաբբիները լվացվում են հացից առաջ:
Սիրելիներ ուշադրություն դարձրեք այս մանրուքներին և տեսեք, թե երկրորդական հարցերը ծածկել են առաջնային և գլխավոր խնդիրները, ավանդության հետևից ընկնելով, քանի որ ասում են ինչո՞ւ չեն պահում նախնիների ավանդությունը: Հիսուս Քրիստոս անմիջապես միջամտում է, ասելով, իսկ դո՛ւք հետևելով մարդկային ավանդություններին, զանց եք առնում Աստծու հինգերորդ պատվիրանը, թե՝ Պատվիր քո հորն ու մորը: Իսկ դուք ձեր տասանորդը տաճարին տալով բավարարվում եք, և ասում եք, որ Աստծուն եք ծառայում: Որովհետև դուք կեղծավորներ եք, քանի որ ձեր մարդկայինը վեր եք դասում Աստծու պատվիրանից: Այնուհետև նրանց հիշեցնում է Եսայի մարգարեի բերանով ասված Աստծու խոսքը իրենց մասին, թե՝ Այս ժողովուրդը շրթունքներով է Ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած է Ինձնից: Եսայ.29:14: Կարող եք ամբողջությամբ կարդալ Եսայի Մարգարեի այս համարը: Փարիսեցիները գիտեին, որ հուդայականության մեջ հինգերորդ պատվիրանը շատ մեծարված պատվիրան էր և երբեմն հավասար՝ Աստծուն պաշտամունք մատուցելուն: Իսկ իրենք իրենց անձերը փառավորում էին տաճարին ընծաներ տալով և անտեսում էին մեծ պատվիրանը: Երբ չես հարգում քո հորն ու մորը, որ քո աչքի առջև են, ինչպե՞ս կհարգես Աստծուն, որին չես տեսնում: Այս բանավեճը տեղի էր ունենում ողջ ժողովրդի աչքի առջև, որոնց համար Երուսաղեմից եկած մեծամեծերը կորցնում են իրենց հեղինակությունը՝ Հիսուսի բացատրությունից հետո: Տէր Հիսուս հրավիրում է ժողովրդի ուշադրությունը և շատ ուշագրավ հայտարարություն անում այն մասին, որ անմաքրությունը ոչ թե բերանից է ներս մտնում, այլ հակառակը՝ բերանից է ելնում: Այս խոսքը աշակերտների համար անհասկանալի թվաց, քանի որ հրեաների մոտ ընդունված էր մաքուր և անմաքուր ուտելիքի գաղափարը, դրա համար Պետրոսը խնդրեց, որ Հիսուս բացատրի իրենց այս արտահայտությունը, թե բերան մտածը չի պղծում մարդուն: Ղևտացիների գրքի 11գլխում մանրամասն գրված է մաքուր և անմաքուր ուտելիքների մասին, եթե հետաքրքիր է, կարող եք կարդալ:
Աստված որոշ սահմանափակումներ էր մտցրել ուտելիքի օգտագործման մեջ, դարձյալ հրեաների անժուժկալության պատճառով, քանի որ անապատում դեգերելիս անվերջ ընվզում էին Աստծու դեմ ուտելիքի համար: Իսկ որկրամոլությունը մղում է մարդուն հաճույքի և Աստծուց հեռանալուն:
Սիրելիներ, ահա, թե ինչու է պետք կարդալ Հին կտակարանը, որովհետև Ավետարաններում շատ արտահայտություններ ենք հանդիպում, որոնք Հին Կտակարանից են, և մենք լուր չունենք այդ մասին, դրա համար շատ մտքեր ձեզ հասկանալի չի լինում: Շատ հետաքրքիր է հրեաների անցած ճանապարհը անապատով, և հատկապես ուանելի՝ մեզ համար:
Հիսուս Քրիստոս գիտակ լինելով օրենքին ու մարգարեություններին, ամեն հարցի պատասխանը տալիս էր գրքով և հիմնավորված, այնպես , որ ոչ ոք չէր կարողանում հակադարձել: Ամեն կերպ կամենում էր ծայրահեղականությունից հեռու պահել փարիսեցիներին, որոնք բացի նրանից որ օրենք կար գրված, նաև իրենք էին ինքնահնար օրեքներ ստեղծում և դառնում դրա գերին: Օրինակ մի իսրայելացի եթե ձեռքով բարևեր մի սամարացու, պետք է անպայման ձեռքերը այդ պահին լվանար առատ ջրով: Ի՞նչ է սա, եթե ոչ ծայրահեղություն և բուն պատվիրաններից հեռացում: Սրանք Աստծու պատվերներ չեն, իսկ դո՛ւք փարիսեցիներդ թողած Աստծու պատգամները փնտրում եք, թե ո՞ւմ մեղադրեք և դատեք, որպեսզի ձեր իշխանությունը ցուցադրած լինեք, ասում է մեր Տէրը:
Այս խոսքերի պատճառով է նրանց հանդիմանում և ասում, ա՛յն ինչը Իմ Երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պետք է արվի: Տէր Հիսուս ամեն անգամ շեշտը դնում է սրտի մաքրության վրա, փարիսեցիները ուղղությունը տանում են արտաքին և երկրորդական մաքրության վրա: Աշակերտները նկատել էին, որ փարիսեցիները իրենց Վարդապետի այդ խոսքերից գայթակղվել էին, և տեղեկացրին Հիսուսին: Այսպիսի պատկեր է առաջանում ամենուր, երբ մարդը հաստատվում է իր հորինած ավանդությունների և ինքնահնար օրենքների մեջ և աստիճանաբար հեռանում է Աստծու օրենքից ու պատվիրանից այն աստիճան, որ նույնիսկ շիտակ խոսքը կարող է գայթակղություն լինել այսպիսի մեկի համար: Իսկ սիրտը մաքրվում է Սուրբ Գրքով, Սուրբ Հաղորդությամբ, սեփական անձի ներաշխարհը մաքրելով, ոչ թե մեկի ձեռքերի մաքրությամբ զբաղվելով, ինչը անում էին փասրիսեցիները՝ կարդացած լինելով բոլոր գրքերը: Տէր Հիսուս նրանց անվանում է կույրեր և կույր առաջնորդներ, որոնց հետևորդները միասին փոսն էին ընկնում; Այս բառակապակցությունը ներկա բազմությանը ծանոթ արտահայտություն էր, քանի որ իրենց մեջ ընդունված էր այս առակը, որ երբ հովիվը բարկանում է իր հոտի ոչխարների վրա, իսկ այդպես շատ էր պատահում, երբ չէին հնազանդվում հովվին, այդ ժամանակ հովիվը հանում էր առաջնորդ ոչխարի աչքերը և սա կույր լինելով առաջնորդում էր մնացած ոչխարներին և բոլորը միասին փոսն էին ընկնում: Այս առակը վերաբերում էր հրեա ժողովրդին, որոնք հարուցել էին Աստծու բարկությունը և Աստված բարկացած լինելով Իսրայելի վրա, կուրացնում է նրա առաջնորդներին և ողջ ժողովուրդը կրում է կույր առաջնորդներից հասցրած պատիժները հավասարապես; Այսպիսի կույր առաջնորդների Աստված թույլ է տալիս ժողովրդին առաջնորդելու, քանի որ իրենց անհնազանդությամբ բարկացրել են Աստծուն: Այնպես որ, նույնիսկ կույր առաջնորդը Աստծուց է նշանակվում՝ ժողովրդի մեղքերի պատճառով:
Իսկ հիմա թողնենք փարիսեցիներին ու ժողովրդին Տէր Հիսւոս Քրիստոսի մոտ և վերադառնանք մեր իրական կյանք և գտնենք մեզ այս պատմության մեջ: Այստեղ մենք ստացանք մեր ամենամեծ հարցերի պատասխանները, որոնք շատ հաճախ տալիս են շատերը, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ այսպիսի բաներ պատահի մեզ հետ: Կամ՝ Այս իշխանությունը արդյո՞ք Աստծուց է: կամ՝ Մի՞թե մեր ազգի մեջ չկա արժանավոր մեկը, որ լինի առաջնորդ և էլի նման շատ հարցեր: Հայաստանը փոքր երկիր է, հանրային մարդիկ բոլորը իրար ճանաչում են, ժողովուրդը ճանաչում է հանրային մարդկանց, հանրային մարդիկ ճանաչում են ժողովրդի մտավոր և հոգևոր կարողությունները: Մեր ազգն էլ փարիսեցիների պես մխրճված է ինքնահնար օրենքների և ավանդությունների մեջ: Իմ խոսքը առաքելական և ժողովրդական ավանդությունների մասին չէ ամենևին; Նայեք մեր հարսանիքների ժամանակ տեղի ունեցող անհիմք սովորությունները, հուղարկավորություների ժամանակ կատարվող սնոտի սովորությունները, և առհասարակ եկեղեցական և ժողովրդական ծեսերի աղավաղմանը, որոնք տարիների ընթացքում հեռացրել են մեզ Աստծու բուն պատվիրաններից:
Ինչո՞ւ ենք մենք գրեթե ամբողջ ազգով այսքան նյարդային, անհանդուրժող, անմիաբան, միմյանց ատող, միմյանց մահը ցանկացող, մասնատված և այլն; Հիսուս Քրիստոս ասում է, ինչ որ ելնում է բերանից, սրտից է գալիս, այն է պղծում մարդուն: Սրտից են ելնում չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ: Այս բոլորն են որ պղծում են մարդուն: Հիմա անկեղծորեն գնահատական տանք մեր երկրի այսօրվա վիճակին; Այս նշված մեղքերից ո՞րը չկա այս պահին մեր երկրում: Բոլորը կան առատորեն: Ուրեմն մենք ենք հարուցել Աստծու բարկությունը, որ թույլ է տվել ունենանք նման կույր առաջնորդներ՝ տարիներ շարունակ:: Ավելի հստակ պատասխան մենք չէինք գտնի մեր հարցերի համար, քան այսօրվա Ավետարանը տվեց: Մենք ընդվզում ենք Աստծու նախախնամության դեմ, առանց անդրադառնալու մեր կյանքին: Աստված միայն զղջում է ակնկալում: Իսկ իրական զղջումն այն է, երբ դու համբերությամբ դիմանում ես այդ ստեղծված իրականությունը, որը առաջացել է քո մեղքերի արդյունքում: Սա՛ է խաչը, որ մենք պետք է տանենք առանց տրտնջալու: Այսօր ամեն ոք թող իրեն հարց տա: Այսօր պատրա՞ստ ես դրախտ գնալու, եթե հանկարծ այսօր այդ հնարավորությունը լինի: Մենք սիրում ենք ուրիշ ազգերի պատմությունները վերլուծել, իսկ մենք այս պահին ավելի ծանր վիճակում ենք, քան եղել են փարիսեցիները կան առհասարակ հրեա ժողովուրդը: Իմաստունի խոսքերով ավարտում եմ միտքս, սակայն ասելիքս չի ավարտվում… ,,Ու թէեւ միառժամանակ ճիւղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատուած՝ արմատին, պիտի տարուբերուեն հողմից եւ հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն,,։ Իմաստ.4:4
Մնացեք սիրով, սիրելիներ: Կառչած մնացեք Ավետարանից ու առաքելական ավանդություններից, որոնք անմիջապես Աստծուց են: Մարդու ստեղծած օրենքը իր կյանքի նման ժամանակավոր է:
Հարց. Ինչի՞ շուրջ էր վեճը՝ Հիսուսի և փարիսեցիների միջև:
Տեղեկութիւններ
Չափավորություն եւ ողորմածություն
Այսօր ծանոթանանք ագահության հակադիր առաքինության հետ, որ չափավորությունն է:
Ագահության փոխարեն պետք է ձգտենք չափավորության՝ բոլոր մարմնական և նյութական կարիքները սահմանափակելով անհրաժեշտով եւ մերժելով ամենայն ավելորդություն ու զեխություն: Մանավանդ` ձեռք բերենք ճշմարիտ ողորմածություն. ավելի շատ սիրենք տալ, քան վերցնել՝ ուրախանալով աղքատին ուրախացնելու համար: Այսպես գանձեր կդիզենք երկնքում. Մատթ. 6.20 առավելացնելով ոչ թե ունեցվածքը, այլ փրկության հույսը, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց Հակ. 2.13. Որևէ մեկը չի կարող համարվել բարեպաշտ, եթե չի կարողանում չափավորել իր կյանքը և իր կենցաղը՝ սկսած խոսքից մինչև հարստություն: Չափավորությունը հազվագյուտ առաքինություն է, որը փրկում է մարդուն և մեղքից և հիվանդությունից: Մեկը չափավոր է ուտելիքի մեջ, բայց չի հագենում կուտակելուց: Մեկը չափավոր է խոսքի մեջ, բայց չի հաղթահարում հագուստի հանդեպ ունեցած մոլությունը և այլն: Դժվար ձեռք բերվող առաքինություն է, բայց շատ կարևոր: