ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Եսայու մարգարեությունը 63.18-64.12
Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին 1.1-11
Ավետարան ըստ Հովհաննեսի 7.37-52
Ավետարան ըստ Մատթևոսի 14:22-36
ՅԻՍՈՒՍ ՋՈՒՐԻՆ ՎՐԱՅԷՆ ԿԸ ՔԱԼԷ
22 Աշակերտները արտորցուց, որ նաւը մտնեն եւ իրմէ առաջ անդիի կողմը անցնին, մինչեւ որ ինք ժողովուրդը արձակէ։ 23 Ժողովուրդը արձակելէն ետքը, ինք լեռը ելաւ առանձին աղօթք ընելու։ Երբ իրիկուն եղաւ, հոն մինակ էր, 24 իսկ նաւը արդէն ծովուն մէջտեղը ալեկոծութեան մէջ էր, վասն զի հովը հակառակ կողմէն կը փչէր։ 25 Գիշերուան չորրորդ պահուն Յիսուս դէպի նաւը գնաց, ծովուն վրայէն քալելով։ 26 Երբ աշակերտները մէկը տեսան, որ ծովուն վրայ կը քալէր, խռովեցան եւ ըսին թէ՝ աչքի երեւոյթ մըն է։ Վախնալով կանչուըռտեցին։ 27 Յիսուս խօսեցաւ անոնց ու ըսաւ. «Քաջ եղէք, ե՛ս եմ, մի՛ վախնաք»։ 28Պետրոս պատասխան տուաւ անոր ու ըսաւ. «Տէ՛ր, եթէ դուն ես, հրաման ըրէ ինծի որ քեզի գամ ջուրերուն վրայէն»։ 29 Ան ալ ըսաւ. «Եկո՛ւր»։ Պետրոս ալ նաւէն իջաւ, ջուրերուն վրայէն քալեց որպէս զի Յիսուսի քով երթայ։ 30 Բայց հովը սաստիկ ըլլալուն՝ վախցաւ։ Երբ սկսաւ ընկղմիլ, աղաղակեց ու ըսաւ. «Տէ՛ր, ազատէ զիս»։ 31 Յիսուս շուտ մը իր ձեռքը երկնցուց, բռնեց զանիկա ու ըսաւ. «Թերա՛հաւատ, ինչո՞ւ երկմտեցար»։ 32 Երբ նաւը ելան, հովը դադարեցաւ։ 33Անոնք որ նաւուն մէջ էին, եկան երկրպագութիւն ըրին անոր ու ըսին. «Իրաւցնէ Աստուծոյ Որդին ես դուն»։
34 Անդիի կողմը անցնելով, Գեննեսարէթ հասան։ 35 Երբ այն տեղի մարդիկ ճանչցան զանիկա, մարդ ղրկեցին բոլոր շրջակայ տեղերը ու բոլոր հիւանդները անոր բերին. 36 Եւ կ՚աղաչէին անոր, որ միայն իր հանդերձին քղանցքին դպչին։ Անոնք որ դպան, բժշկուեցան։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի կիրակի ձեզ սիրելի հավատացյալներ. Նրանք, որոնք Պատարագի են մասնակցում թող աղոթեն մեզ համար, մենք էլ աղոթենք մեր բացակա ընկերների համար, և շարունակենք մեր սերտողությունը Մատթևոսի Ավետարանի տասչորսերորդ գլխից:
Մենք երեկ հացի բազմացման հրաշքից հիացած ավարտեցինք մեր եթերն ու հանգստացանք, սակայն Տէր Հիսուս չհանգստացավ, այլ հանձնարարություն տվեց աշակերտներին՝ նավակ մտնել և մյուս ափն անցնել, իսկ ինքը զբաղվեց ժողովրդի բազմության արձակման հարցով: Հանրությունը հացի բազմացման հրաշքը տեսել էր և չէր ուզում բաժանվել Հիսուսից, քանի որ մտածում էին Ինքն է ճշմարիտ Մարգարեն, որ աշխարհ էր գալու; Տէր Հիսուս զգաց ժողովրդի միտումը որ կամենում են Իրեն թագավոր կարգել, խուսափեց մեծարումից, և արձակեց ժողովրդին քանի որ երեկոն մոտենում էր, իսկ ինքը լեռ բարձրացավ աղոթելու:
Կարո՞ղ ենք պատկերացնել, եթե մեր օրերում ժողովրդի բազմությունը հավաքվեր և խնդրեր մեկին, որ դառնա թագավոր իրենց համար; Ի՞նչ կաներ մեր օրերի աթոռի սիրահար փառասեր մարդը:
Աշակերտները նույնպես հրաշքից շատ տպավորված նավակ նստեցին և շարժվեցին դեպի մյուս ափը: Ինչքան էլ որ նրանց տրամադրությունը բարձր էր, այնուամենայնիվ նրանց մտում հարցեր էր առաջացել, թե ինչո՞ւ գիշերով Վարդապետը իրենց ուղարկեց և ինքը չեկավ: Իսկ երբ նավակը ափից հեռացել էր արդեն, սաստիկ քամի բարձրացավ: Առաքյալները մտահոգվեցին, քանի որ քամին դիմացից էր, ուշ գիշեր էր, Վարդապետն էլ իրենց հետ չէր: Եթե իրենք ինքնուրույն լինեին, այդ ժամին երբեք ծով դուրս չէին գա, բայց քանի որ Տէրն էր իրենց կարգադրել, իրենք սիրով էին կատարել Նրա հրամանը, հատկապես այդքան լավ բաներ տեսնելուց հետո: Մատթևոս ավետարանիչն ասում է,- Նա աշակերտներին ստիպե՛ց նավակ նստել: Մենք երբեք չենք հանդիպել մի դեպք Ավետարանում, որ Հիսուս որևէ բան ստիպի մարդկանց:
Ինչո՞ւ էր ստիպում և ի՞նչ էր նախապատրաստել աշակերտների համար, կիմանանք հետո, ինչպես որ հետո իմացան աշակերտները;
Մենք էլ, աշակերտներն էլ համոզված ենք, որ Տէր Հիսուս նպատակ չուներ աշակերտներին գիշերով նավակ նստեցնել և մատնել ծովի ալիքներին ու փոթորիկին, որպեսզի սարսափեն: Բայց քանի որ Ինքը չշտապեց աշակերտների հետ գալ, այստեղ էր, որ աշակերտների մեջ երկյուղ մտավ;
Նախորդ հրաշքներից, որոնց ականատես էին եղել աշակերտները, ամբողջությամբ հաստատվել էին իրենց հավատքի մեջ և հավատացել էին, որ Հիսուսն է Քրիստոսը, և Աստծու Որդին, բայց այս պահին ծովի փոթորիկը սաստկանում է, գիշերը վրա է տալիս, Վարդապետն էլ չկա: Թող ոչ ոք չասի, որ ինքը չէր վախենա, քանի որ իրավիճակի նկարագիրը իրոք սարսափելի է: Նավակը արդեն ծովի մեջտեղում էր: Աշակերտները դեռ այդ վախերի մեջ էին, երբ նրանց վախի վրա մեկ այլ սարսափ ավելացավ: Տեսան, որ գիշերով ջրերի վրայով մարդ է քայլում: Ավետարանն ասում է, նրանք սարսափահար աղաղակեցին և կարծեցին, թե ուրվական է: Տէր Հիսուս տեսավ նրանց սարսափը և հանգստացրեց, ասելով,- Մի՛ վախեցեք, ես եմ: Վստահ ենք բոլորս, որ այդ պահին աշակերտներից և ո՛չ մեկը վախի պատճառով չէր հիշում նախորդ հրաշքների մասին: Բայց գոտեպնդվեցին, երբ համոզվեցին, որ Վարդապետն է իրենց մոտ գալիս ջրերի վրայով: Սիրելիներ, ուշադրություն դարձրեք այս պահի վրա, որ Հիսուս Քրիստոս, նախ աշակերտների ներաշխարհն է խաղաղեցնում, ապա արտաքին փոթորիկներն ու քամիները: Երբ մարդու ներաշխարհը խաղաղ է, արտաքին փոթորիկները շատ չեն անհանգստացնում մարդուն;
Պետրոս առաքյալը իր սովորության համաձայն դարձյալ շտապ որոշում կայացրեց, խնդրելով Տիրոջը հրամայել իրեն, որ ինքն էլ քայլի ջրերի վրայով; Քիչ առաջ նավակի մեջ սարսափած Պետրոսը ուզում է գիշերով քայլել ջրերի վրայով: Տեսեք, սիրելիներ, թե ի՛նչ հիանալի բան է Տիրոջ հանդեպ վստահություն ունենալը: Հիսուս Պետրոսին ասաց, - Արի: Եթե դուք ֆիլմը տեսել եք, այս հատվածը շատ գեղեցիկ է նկարված:
Քանի դեռ Պետրոսի հայացքը հառած է Քրիստոսի դեմքին, հանգիստ քայլում է ջրի վրայով: Բայց մի պահ շուրջն է նայում և տեսնում է փոթորիկը: Այդ պահից վախն է պատում Պետրոսին և սուզվում է, օգնության կանչելով Քրիստոսին, թե Տէր, փրկիր ինձ:
Հետաքրքրական է մեր Տիրոջ պատասխանը, թե՝ Թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր: Երբեք չասաց, թե դու թերահավատ ես, և ես քեզ չե՛մ օգնի, այլ անմիջապես ձեռք մեկնեց և դուրս բերեց ջրից: Մինչդեռ կարող էր ասել Պետրոսին՝ մի քանի ժամ առաջ տեսար հրաշքը, ինչո՞ւ երկմտեցիր: Վայրկյաններ են տևում մարդու հավատքի տատանումը, ինչը պատահում է բոլորիս հետ՝ հատկապես փորձության ժամին; Երկմտելու հարցի հետ կապված մի պահ անդրադառնանք Հակոբոս առաքյալի այն խոսքին թե, երկմիտ մարդը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: Հակոբոս առաքյալը Տէր Հիսուսի հետ էր մեծացել, դրա համար վստահաբար գրել է այս տողերը:
Իմիջիայլոց Պետրոսի ջրերի վրա քայլելու մասին Ավետարաններում հիշատակել է միայն Մատթևոս ավետարանիչը: Ջրերի վրա քայլելու փորձառություն այստեղ ունեցավ Պետրոսը, բայց դարձյալ քամու ուժգնությունը երկմտեց նրան, չնայած, որ Փրկիչը իր դիմաց կանգնած էր: Ամեն ինչ մարդկային է: Այս էր պատճառը, որ Տէր Հիսուս աշակերտներին հրաշքներով, խոսքով, փորձությունների միջոցով կրկին հաստատել էր տալիս իրենց հավատքի ու դավանության մեջ: Քանի որ այս բոլոր բաները տեսնելուց հետո նավակի մեջ, երբ արդեն ամեն ինչ խաղաղ էր, բոլորը մոտեցան և երկրպագեցին Նրան, ասելով՝ Արդարև Աստծո Որդին ես Դուն: Աշակերտները համոզվեցին, որ Իրենց Վարդապետը իշխանություն ունի ոչ միայն դևերի, հացի ու գինու, այլ նաև բնության տարերքների վրա ունի իշխանություն: Այսպիսի հրաշքներ և հետագայում խաչելություն և հարություն տեսան աշակերտները, որ մեկ առ մեկ իրենց հավատալիքի պատճառով չվախեցան այլևս տանջամահ լինելուց:
Աներեր հավատք է ուզում մեր Տէրը, որպեսզի երկրպագենք Աստծուն, եթե նույնիսկ ծովի վրա ենք և մեր ոտքերի տակ ամուր չէ: Այդ դեպքում է, որ անվերապահ դավանում ենք տիրոջը:
Պետրոսը ուրախությամբ ընդունեց Տիրոջ խոսքը, թե արի՛ ինձ մոտ ջրի վրայով, բայց քամին իր գործն արեց, սերմնացանի այն սերմի նման, որը ուրախությամբ ընդունեց, բայց քանի որ հիմքը ամուր չէր, չորացավ:
Սիրելիներ այնքան հեշտ է Ավետարանից վերցնել ցանկացած համար և աշակերտների օրինակով բացահայտել մեր տկարությունները, վախերը, երկմտություն, համարձակությունը և այլն:
Ոչ բնության քամիները, ոչ մարդկանց արհեստական քամիները, ոչ մեր անապատ կյանքի քամիները չեն կարող սասանել մեր հավատքը Քրիստոսի աստվածության հանդեպ, եթե մենք մեր հայացքը չկտրենք Տիրոջ Լույս երեսից: Մեր եռամաս բնության ծանրակշիռ մասը պետք է լցված լինի աստվածային գիտությամբ, որպեսզի փորձության պահին հիշել տա Աստծուն: Աշակերտները սկիզբը տկարացան, ուրացան, հեռացան վախից, սակայն Տիրոջ համբարձումից հետո արդեն տասներկուսն էլ պատրաստ էին հանուն Քրիստոսի նահատակվել: Նրանք ամբողջությամբ լցված էին արդեն: Իսկ մենք թերահավատներ ենք դեռ:
Մենք նույնիսկ պարզ մարդկային հարաբերություններում մոռանում ենք Քրիստոսի խոսքերը և չենք հանդուրժում նրանց, որոնք այլ կարծիք ունեն մեր ունեցածի համեմատ:
Պետրոսը չասա՛ց ուզում եմ քայլել ջրի վրայով, այլ ասաց, հրամայիր գալ քեզ մոտ: Իսկ երբ սուզվեց, չասաց, խաղաղեցրու քամին, ես լողալ գիտեմ, դուս կգամ, այլ ասաց, - Տէր փրկի՛ր ինձ:
Սիրելիներս, Տէր Հիսուս ինչ որ անում էր, Ինքը դրա կարիքը չուներ: Ո՛չ լեռ բարձրանալու և աղոթելու, ո՛չ հաց բազմացնելու, և ոչ՛ էլ ջրի վրա քայլելու: Այս բոլոր անում էր, որպեսզի ցույց տա այն ճանապարհը, որով անցավ Ինքը: Վարդապետը աշակերտներին չասաց, քայլեք ջրի վրայով, այլ քայլեց և ասաց, դուք էլ կարող եք, եթե չերկմտեք: Չասաց աղոթե՛ք, այլ աղոթքի կանգնեց լեռան վրա ողջ գիշեր, և ասաց դուք էլ կարող եք աղոթքի միջոցով բարձրանալ դեպի առաքինություններ, որտեղ Տէրն է: Երբ աղոթքի եք կանգնում, բոլոր կրքերը մնում են ստվերում: Ինքը օրինակ եղավ ամեն ինչու և սովորեցրեց մեզ:
Խաղաղվեցին բոլորը նավակի մեջ, երկրպագեցին Հիսուս Քրիստոսին, դավանեցին Նրան որպես Աստծու Որդի և միասին ցամաք դուրս եկան: Այդտեղի մարդիկ Նրա ճանաչեցին և լուրը տարածվեց ողջ գավառով մեկ: Բոլոր մարդիկ իրենց հիվանդներին բերեցին Հիսուսի մոտ բժշկելու: Իսկ շատերը խնդրում էին միայն դիպչել Նրա հագուստի քղանցքներին, և ովքեր մեկ անգամ դիպան, բժշկվեցին;
Սիրելիներ, ավարտեցինք նաև 14 րդ գլուխը, որը մեզ դաս տվեց հաստատ կանգնել նույնիսկ անհաստատ տեղերում՝ միայն Տիրոջն ապավինելով:
Մնացեք սիրով և խաղաղությամբ: Թող ձեր նավակը փոթորիկների հանդիպելիս Տիրոջ ամենազոր աջի օգնությանը արժանանա: Իսկ ձեր հայացքը թող միշտ Տիրոջը ուղղված լինի, որ չվախենաք փորձության մեջ:
Հարց. Ի՞նչ արեցին աշակերտները, երբ Հիսուս իրենց նավի մեջ մտավ;
Տեղեկութիւններ
Ծուլություն – Ժրություն
Այսօր ծանոթանանք ծուլության հակադիր առաքինության՝ ժրությանը, կամ աշխատասիրությանը.
Որպեսզի ծուլությունը մեզ չհաղթահարի, պետք է ստիպել մեր ընկած բնությանը՝ հաճախ աղոթել և պարապել Սուրբ Գրքի և սուրբ հայրերի ընթերցանությամբ, հնազանդվել Եկեղեցու սահմանած կարգին՝ պահելով պահոց օրերը եւ մասնակցելով ժամերգություններին եւ սուրբ պատարագին: Երբեք պետք չէ տրվել մարմնի ցանկությանը, երբ աղոթքի ժամին հանգիստ է ուզում, Սուրբ Գիրք ընթերցելու ժամին ուտել է ուզում, Պատարագ գնալու ժամին քնել է ուզում: Առաջին հայացքից թվում է թե այս պահանջները բնական ցանկություններ են, սակայն այս ցանկություններն են, որ մղում են ծուլության՝ չարի դրդմամբ; Հիմնականում չարի առաջարկները դժվար է տարբերել բնական ցանկություններից, այստեղ քրիստոնյայի խորագիտությունն ու գիտելիքն է կարևոր: Օրինակ՝ քնելը բնական ցանկություն է, բայց քնել և հրաժարվել Պատարագի մասնակցությունից, մեծագույն մեղք է; Կարելի է այդ քունը լրացնել Պատարագից հետո: Այսինքն առաջնայինի և երկրորդականի միջև է հարցը: