ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Իմաստություն Սողոմոնի 7.12-18
Եսայու մարգարեությունը 61.3-7
Թուղթ եբրայեցիներին 13.17-21
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ավետարան ըստ մատթևոսի. 14:13-21
ՅԻՍՈՒՍ ՀԻՆԳ ՀԱԶԱՐԸ ԿԸ ԿԵՐԱԿՐԷ
13 Երբ Յիսուս լսեց, անկէ նաւով անապատ մը գնաց առանձին։ Երբ ժողովուրդը լսեց, ոտքով անոր ետեւէն գացին իրենց քաղաքներէն։
14 Երբ դուրս ելաւ, շատ ժողովուրդ տեսնելով խղճաց անոնց վրայ ու անոնց հիւանդները բժշկեց։
15 Իրիկունը իր աշակերտները եկան ու ըսին. «Հոս անապատ տեղ մըն է եւ ժամանակը ուշացած է. արձակէ ժողովուրդը, որպէս զի գիւղերը երթան ու իրենց կերակուր գնեն»։ 16 Յիսուս անոնց ըսաւ. «Հարկ չէ որ ատոնք երթան, դուք տուէք անոնց որ ուտեն»։ 17 Անոնք ալ ըսին. «Հոս ուրիշ բան մը չունինք, բայց միայն հինգ նկանակ ու երկու ձուկ»։ 18 Ըսաւ անոնց. «Հոս, ինծի բերէք զանոնք»։ 19 Եւ հրաման ըրաւ որ ժողովուրդը խոտին վրայ նստեցնեն։ Հինգ նկանակը եւ երկու ձուկը առաւ, դէպի երկինք նայելով օրհնեց ու կտրելով նկանակները աշակերտներուն տուաւ եւ աշակերտները՝ ժողովուրդին։ 20 Ամէնքը կերան ու կշտացան եւ տասներկու կողով լեցուն աւելցած կտորուանքներ վերցուցին։ 21 Անոնք որ կերան, հինգ հազարի չափ այր մարդիկ էին, կիներէն եւ տղաքներէն զատ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք մի նշանաբան պետք է ունենանք մեր օրը սկսելիս, որպեսզի այն մեր միտքը զբաղեցնի և մենք այդ ուղղությամբ մտածենք: Ամենապարզ նշանաբանը վերցնենք այսօր; Օրինակ՝
Այն մարդը, որը գիտակցում է իր առաքելության նպատակը, նա շուտ կգտնի իր տեղը կյանքում: Վստահ եմ որ բոլորս էլ գիտակցում ենք մեր առաքելությունը և դա օգնում է մեզ գտնել մեր տեղը կյանքում: Հիշո՞ւմ եք Հովսեփ գեղեցիկի օրինակը, նա գիտակցում էր իր առաքելությունը, և այդքան փորձությունների համբերեց, մինչև գտավ իր տեղը կյանքում: Գիտե՞ք ինչու Հովսեփը դարձավ Աստծու սիրելին: Փորձության ժամին նա իր հագուստը թողեց իրեն գայթակղող կնոջ մոտ, բայց Աստծու անունը բարձր պահեց: Ողջախոհությունը բարձր դասեց բղջախոհությունից; Եզակի օրինակ է Հովսեփը՝ թե փորձությունների ծանրությամբ, թե Աստծու հանդեպ ունեցած մեծագույն վստահությամբ;
Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ է սովորեցնում մեզ այսօրվա բացառիկ հրաշքը: Նախ վերհիշենք երեկվա վատ լուրը, որ հայտնեցին Հովհաննես Մկրտչի գլխատման վերաբերյալ, ինչի պատճառով էլ Տէր Հիսուս կամեցավ առանձնանալ մի ամայի վայր՝ Իր բարեկամի մահվան սոսկալի ցավը սրտում: Մարկոս ավետարանիչը այս նույն դեպքին անդրադառնալիս, ասում է, իր աշակերտներին էլ ուղարկեց ամայի տեղ հանգստանալու, որպեսզի ժողովուրդը նրանց չտեսնի ու աշակերտները մի փոքր հանգիստ առնեն:
Տէր Հիսուսի այս առանձնացման վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչել մեկնաբանների կողմից, որոնք տրամաբանական են այդ վտանգավոր ժամանակների համար: Տեսակետներից մեկն այն է, որ Հիսուս լսելով Հովհաննեսի գլխատման լուրը, առանձնացավ մի ամայի տեղ, որպեսզի հեռանա Հերովդեսի աչքից, չլինի հանկարծ անօրեն արքայի պատճառով ինքը ևս սպանվի ինչպես Հովհաննեսը, քանի որ իր ժամանակը դեռ չէր հասել և Ինքը կամավոր էր գնալու խաչելության, և խուսափեց վաղաժամ մահի վտանգից: Նաև հնարավոր է, որ մեկուսացավ աղոթքի պատճառով, ինչը հաճախ էր անում, և այդ պահին մտահոգ էր Հովհաննեսի համար:
Մենք երբեք չենք կարող անտեսել Հիսուս Քրիստոսի մարդկային բնությունը՝ առանց մեղքի, այնպես որ Ինքը ևս ցավ էր ապրում պատահած ամեն վայրագության համար, և աղոթքի անհրաժեշտությունը Նրան մղեց մեկուսանալ և աղոթել մեղավոր մարդկանց համար:
Սակայն ժողովուրդը երկար չթողեց Նրան մենակ և նորից համախմբվեցին Նրա շուրջ՝ սովորելու, բժշկվելու և Նրան լսելու համար: Տէր Հիսուս երբ տեսնում էր ժողովրդի բազմությունը, խղճում էր նրանց և օգնում: Ժողովուրդը այնքան տարված էր Հիսուսի հրաշքներով, և իրենց հարազատների բժշկություններով, որ անտեսել էր, կամ երկրորդական էր համարել քաղցը և տարաժամը այդ ամայի վայրում:
Այս պահին մի հետաքրքիր բան է տեղի ունենում: Ժողովուրդը ինքնամոռաց լսում էր, Քրիստոս նրանց չէր արձակում, թեպետ օրը տարաժամել էր: Այլ աշակերտներն են մոտենում Վարդապետին և առաջարկում, որ արձակի ժողովրդին որ գնան իրենց համար ուտելիք գտնեն; Այսինքն հասկանալի է, որ աշակերտները արդեն պատասխանատվություն էին զգում իրեն վրա՝ հոտի սպասարկման հարցում:
Սիրելիներ, մենք ավետարաններում հացի բազմացման երկու դեպք են հանդիպում: Մեկում հինգ հացով հինգ հազարին է կերակրում, մյուսում յոթ հացով չորս հազարի: Հաջորդ հացի բազմացումը մենք կհանդիպենք Մատթևոսի 15 րդ գլխում: Հացի բազմացման հրաշքին անդրադարձել են բոլոր չորս ավետարանիչներն էլ, գրեթե նույն բովանդակությամբ: Ի՞նչ ենք տեսնում մենք՝ պարզ մարդիկս հացի բազմացման հրաշքի մեջ: Հատկապես, որ իմացանք, թե հինգ հաց կա ընդամենը աշակերտների մոտ, այդքան բազմության համար:
Առաջին նմանությունը որ գալիս է մեր մտքին, դա Սուրբ Հաղորդության խորհուրդն է, այն իմաստով, որ քահանան փոքրիկ հացով բաժնեկից է դարձնում հարյուրավոր մարդկանց, ինչին մենք ականատես ենք լինում ամեն կիրակի, իսկ տաղավար մեծ տոներին ավելի նման է այս հացի բազմացմանը: Անշուշտ այս հրաշքի պահին դեռ Հաղորդության խորհուրդը հաստատված չէր, բայց քանի որ մենք ողջ պատմությունը գիտենք, մեր մտքում կարող են զուգահեռներ անցնել Ավետարանի տարբեր համարներից;
Երկրորդ ուշագրավ փաստն այն է, որ Տէր Հիսուս Քրիստոս իշխանություն ունի ոչ միայն դևերի, մարդկանց հիվանդությունների, այլ նաև պարզ թվացող նյութերի վրա: Այս պարագայում հացի, իսկ մի ուրիշ պարագայում՝ ջրի, որը գինի դարձրեց, ինչը և՛ս Սուրբ Հաղորդության մաս է կազմում; Հետաքրքիրն այն է, որ ջրի պարագային Նյութի բնությունը փոխվեց՝ ջուրը դարձավ գինի, իսկ հացի բազմացման ժամանակ նյութի բնությունը նույնը մնաց, քանակն ավելացավ: Մենք երբեք պետք չէ մոռանանք, որ արարված բաների վրա միայն Արարիչը իշխանություն ունի դրանք փոխելու:
Եթե մեկ ցորենի հատիկը ցանելիս տալիս է բազում արդյունք, ուրեմն սա էլ մի տեսակ հրաշք է, որը կատարվում է հողի տակ և մենք չենք տեսնում և գրեթե չենք անդրադառնում: Ցորենի հատիկի մասին Ինքը Տէրն է մեզ սովորեցրել, որ բազում արդյունք է տալիս մեկ հատիկ ցորենը: Մեր շուրջը ամենուրեք հրաշք է, և մենք ապրում ենք հրաշքների մեջ և չենք նկատում: Այն երևույթները, որոնց մենք բնական երևույթներ ենք համարում, դրանք հրաշքներ են; Օրինակ՝ արևածագը և մայրամուտը: Խոսքը, երգը, հիշողությունը ուրախությունն ու ցավը և այլն:
Հինգ հաց ունեին աշակերտները և երկու ձուկ: Հիսուս Քրիստոս վերցրեց հացը, նայեց երկինք, կտրեց և տվեց նրանց: Հրեաների մոտ գեղեցիկ սովորություն կա հացի օրհնության: Նրանք հացը օրհնում են պարզ բառերով: Երբ օրինակ սեղանի վրա առատ ուտելիք կա, նրանք վերցնում են միայն հացը, օրհնում են, ասելով՝ Օրհնեալ ես Դու Տէր Աստված մեր, Թագավոր երկրի և երկնքի, որ հողից հաց ես ստեղծում: Այնուհետև բաժանում են ներկաներին և համարում են որ օրհնվեց սեղանի բոլոր ուտելիքները: Այսինքն սեղանի վրա գլխավոր ուտելիքը հացն է: Մենք էլ պետք է սովորենք այս գեղեցիկ սովորությունը և ուտելուց առաջ օրհնենք հացը, ասելով մեր գեղեցիկ աղոթքը՝ ուտելուց առաջ. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, Որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէ՛ր ի պարգեւս Իւր. Ամէն: Իսկ ուտելուց հետո ասենք՝ Փա՛ռք տիեզերքը կերակրողին, որ մեզ կերակրեց և լիացրեց: Նրան փառք հավիտյանս: Ամեն: Սիրելիներ այսօր մենք հացի նկատմամբ ուշադիր չենք և առհասարակ ուտելիքի նկատմամբ ունենք սխալ մոտեցում: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մի գնիր նորը, քանի դեռ չի վերջացել հինը: Բայց մենք ինչքան ուտելիք ենք թափում, որը մեղք է համարվում: Մեր նախնիները հատուկ վերաբերմունք են ցուցաբերել հացի նկատմամբ, քանի որ սով են տեսել: Հատուկ ակնածանքով են մոտեցել սեղանին որի վրա հաց է դրված եղել: Նույնիսկ ավանդապահ ընտանիքներում խոնարհվել և համբուրել են սեղանը, որի վրա հաց է եղել: Այնպես ինչպես խորհրդակատար քահանան է խոնարհվում և համբուրում Սուրբ սեղանը, որի վրա է Սկիհը: Վերադառնանք նորից մեր հացի բազմացմանը և տեսնենք թե ի՞նչ է նշանակում հացն ու ձուկը: Տէր Հիսուս ասում է,- Ե՛ս եմ Հացը երկնքից իջած, Հովհաննեսի Ավետարանում: Իսկ հինգ թիվը խորհրդանշում է մեր հինգ զգայարանները, որոնցով առնչվում ենք Տիրոջ սուրբ մասունքներին: Ավետարանին, Խաչին, և սուրբ հաղորդությանը: Իսկ ձուկը առաջին դարերի քրիստոնյաների համար նույնպես Քրիստոսին է խորհրդանշել և համարել են կյանքի նշան, դարձյալ ըստ Տիրոջ այն խոսքի, որն ասում է,- Ես եմ Կյանքը:
Ամայի վայրում կատարեց հացի բազմացման հրաշքը, որպեսզի կասկածողների համար գայթակղություն չլինի, մտածելով, որ գնացին քաղաքից գնեցին հացը: Երբ աշակերտներին պատվիրեց ժողովրդին խոտերի վրա նստեցնել, աշակերտները գիտեին, որ իրենց ունեցածը միայն հինգ հաց է և քիչ է: Ա՛յո, հացը քի՛չ էր, բայց իրենց վստահությունն էր շա՛տ Քրիստոսի զորության վրա: Հետևաբար արագ դասավորեցին ժողովրդին, որից հետո ականատես եղան հրաշքին: Կերան հինգ հազարը և ավելացավ տասներկու սակառ: Իսկ տասներկու թիվը խորհրդանշում է տասներկու աշակերտներին, որոնք Քրիստոսի խոսքը որպես անվերջանալի հաց բաժանեցին ողջ աշխարհին, հագեցան բոլորը և չպակասեց առհասարակ: Քաղցած մնացին միայն նրանք, որոնք չմասնակցեցին Տիրոջ Խորհրդավոր Ընթրիքին:
Հիմա, հրաշքի մասին բավական լսելուց հետո անդրադառնանք մեզ: Ի՞նչ կզգանք մենք, եթե հյուր ունենանք և հացը պակասի: Հացի պակասության ժամանակ մենք ունենում ենք միայն խուճապ,
իսկ Հիսուս՝ առանց խուճապի՝ երկնային օրհնություն իջեցրեց հացի պակասության վրա:
Մենք չենք ունենում որևէ հրաշք՝ մեր ձեռքով, որովհետև մեր խուճապի պատճառը չենք տալիս Հիսուսին, այլ ելքեր ենք փնտրում ամոթով չմնալու համար: Մենք մեր ունեցած շնորհը, որ այս պարագայում վստահությունն է, չենք հանձնում Հիսուսին որ հրաշք գործի մեր ձեռքով և մեր միջոցով: Բոլորս կարող ենք մտաբերել մեզ հետ պատահած դեպքերը, երբ պատահական հյուր ենք ունեցել, և մենք պատրաստ չենք եղել: Այդ պահին ո՞վ է հիշել աղոթքի մասին, ո՞վ է մտածել ունեցածով բավարարվել, բայց միասին զրույց ունենալ հոգևոր թեմայի շուրջ: Վստահ եմ, որ հազվագյուտ մարդիկ:
Ժողովրդի բազմությունը նախ հագեցրեց իր հոգևոր քաղցը, ապա մարմնավորը, այն էլ մի կտոր հաց և մի կտոր ձուկ, գետնին նստած, ամայի վայրում, բայց ուրախ, բայց համերաշխ, ո՛չ թե մեր նման՝ առատ սեղանների շուրջ նույնիսկ չկա՛ միաբանություն, չկա՛ սեր, չկա՛ անկեղծություն, այլ՝ հակառակը՝ սեղանից հեռանալուց կարող են բամբասել սեղանի պարունակությունից: Այսօրվա հրաշքից մեր դասը թող լինի անսահման վստահությունը: Մեր կասկածներն ու խուճապները հանձնենք Տէր Հիսուս Քրիստոսին, որպեսզի և՛ մեզ ուղղի և՛ մեր միջոցով հրաշք գործի, որպեսզի մենք ամենուրեք միայն հրաշք չփնտրենք, այլ հասկանանք, որ մեր ուժերն ու կարողությունները տկար են որևէ զարմանալի բան անելու համար, քանի որ մենք երկմիտ ենք մեր հավատքի մեջ: Իսկ Հակոբոս առաքյալն ասում է,- Միայն թէ հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։ Հակ. 1:6
Մնացեք սիրով՝ աներկբա հավատով, Աստծու հանդեպ մեծ վստահությամբ;
Հարց. Հրաշքի պահին հինգ հաց էր, երկու ձուկ և հինգ հազար հոգի, իսկ ինչքա՞ն հաց ավելացավ:
Տեղեկութիւններ
Բարկություն – Հեզություն
Այսօր տեսնենք, թե որն է բարկության հակադիր առաքինությունը,
Նմանապես, նախքան մերձավորի կողմից բարկացնող առիթի հանդիպելը պետք է զինվել համբերությամբ՝ պատրաստ հանուն Քրիստոսի հեզաբար տանելու ամեն վիրավորանք, որպեսզի ոչ թե ցասման հետեւանքով կորցնենք ինքնատիրապետումը, այլ սիրով ու խոնարհությամբ հանդիմանենք՝ անկեղծորեն ցանկանալով մերձավորի բժշկությունը եւ ազատագրումը մեղքից: Այսպես վարվելով մենք կարող ենք կառավարել նաև մեր հոգու զուրությունները, թույլ չտալով, որ ցասմնական զորությունը իշխի բանական զորությաը: Ամեն ինչ կառավարելի է, ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով կամենում է սովորել, ճանաչել իր սեփական տկար բնությունը և ազատվել հնարավոր մեղքերից՝ ի սեր Աստծու և ի սեր մերձավորի: