ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 4.9-22
Ավետարան ըստ Հովհաննեսի 7.14-23
Ավետարան ըստ Մատթեոսի 14:1-12
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏՉԻՆ ՄԱՀԸ
1 Երբ Հերովդէս չորրորդապետը Յիսուսի համբաւը լսեց իր ծառաներուն ըսաւ. 2 «Անիկա Յովհաննէս Մկրտիչն է, մեռելներէն յարութիւն առած եւ անոր համար հրաշքներ կ՚ըլլան անով»։
3 Քանզի Հերովդէս Յովհաննէսը բռներ, զանիկա կապեր ու բանտը դրեր էր, իր եղբօր Փիլիպպոսին կնոջ՝ Հերովդիային համար։ 4 Վասն զի Յովհաննէս անոր կ՚ըսէր. «Քեզի օրինաւոր չէ զանիկա կին առնելը»։ 5 Ուստի կ՚ուզէր զանիկա սպաննել, բայց ժողովուրդէն կը վախնար, վասն զի իբրեւ մարգարէ կ՚ընդունէին զանիկա։ 6 Երբ Հերովդէսին ծննդեան օրը եկաւ, Հերովդիային աղջիկը խաղաց հանդէսի սրահին մէջ ու Հերովդէսին հաճելի եղաւ։ 7 Ուստի երդումով խոստացաւ որ տայ անոր ի՛նչ որ ուզելու ըլլայ։ 8 Անիկա առաջ իր մօրմէն խրատուելով՝ ըսաւ. «Տուր ինծի Յովհաննէս Մկրտչին գլուխը՝ սկուտեղի մը վրայ»։ 9Թագաւորը տրտմեցաւ, բայց երդումներուն ու իրեն հետ նստողներուն համար հրաման ըրաւ որ տրուի։ 10 Եւ մարդ ղրկելով՝ բանտին մէջ Յովհաննէսը գլխատեց։ 11 Անոր գլուխը սկուտեղով բերուեցաւ ու տրուեցաւ աղջկան։ Ան ալ իր մօրը տուաւ։ 12 Անոր աշակերտները եկան ու մարմինը վերցնելով թաղեցին, գացին Յիսուսին պատմեցին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծո կամքով մենք հասանք Մատթևոսի Ավետարանի կեսը՝ 14 րդ գլուխը, քանի որ 28 գլխից է կազմված Մատթևոսի Ավետարանը: Հովհաննես Մկրտչի գլխատման տխուր պատմությունն է այսօրվա մեր սերտողության թեման, որը ուղեկցվում է բազմաթիվ այլ հրեական ավանդություններով, որոնցից շատերի մասին մենք լուր մենք չունենք: Այդ պատճառով է, որ սերտողությունների մեջ ժամանակ առ ժամանակ ձեզ տեղեկացնում եմ հրեական սովորությունների մասին, որպեսզի պատկերը ավելի հասկանալի լինի: Հայերիս համար հասկանալի և ընդունելի են մեր ավանդություններն ու սովորությունները, բայց Ավետարանի դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունեցել հրեա ժողովրդի միջավայրում, հետևաբար նաև՝ ըստ իրենց օրենքների:
Հովհաննես Մկրտչի գլխատման մասին գրել են երեք ավետարանիչներն էլ, բացի Հովհաննեսից:
Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունը ես կարդացի ձեզ համար, բայց գոյություն ունեն նաև Ավետարանից դուրս գրքեր, որոնք նույնպես պատմական ճշմարիտ տեղեկություններ են պարունակում իրենց մեջ, սակայն երկրորդական լինելու պատճառով դուրս են մնացել Ավետարաններից: Այժմ հերթով անդրադառնանք դեմքերին և դեպքերին, որքանով որ տեղեկացված ենք:
Մենք արդեն գիտենք, որ Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր աշխարհ եկած, որպեսզի հայտներ Հիսուս Քրիստոսի մասին և հարթեր Նրա ճանապարհը: Քահանայական ցեղից էր, ծնված Զաքարիա և Եղիսաբեթ բարեպաշտ ծնողներից; Մեծանալով հրեական ընտանիքում գերազանց տիրապետում էր օրենքներն ու մարգարեությունները և ժամանակի ավանդություններն ու սովորությունները:
Իր առաքելությունը կատարելուց բացի Հովհաննես Մկրտիչը նախանձախնդիր մարգարե էր, հավատարիմ՝ սուրբ Գրքերին ու մարգարեություններին: Հովհաննես Մկրտչի ժամանակակիցն էր Հերովդես չորրորդապետը, որը թեպետ սիրում, բայց վախենում էր Հովհաննես Մկրտչից: Իսկ երբ լսեց Հիսուս Քրիստոսի համբավի մասին, առավել սարսափեց, կարծելով թե Հովհաննեսն է հարություն առել մեռելներից:
Հերովդես արքան անօրինական կերպով ամուսնացել էր իր եղբայր՝ փիլիփոսի կնոջ՝ Հերովդիայի հետ, անտեսելով հրեական օրենքը՝ ամուսնական կանոնների վերաբերյալ: Կրկնակի անարգանք էր, քանի որ Հերովդիան նաև իր զարմուհին էր, որը ամուսնացել էր իր եղբոր հետ: Հերովդեսի և Փիլիպոսի մայրը նույնն էր, բայց հայրերը տարբեր էին:
Քանի որ Հովհաննես Մկրտիչը լավատեղյակ էր օրենքից, հրապարակավ հանդիմանում էր Հերովդեսին իր քայլի համար և որպես նախանձախնդիր մարգարե զգուշացնում էր նրան՝ սպասվելիք պատուհասի մասին՝ իր կատարած քայլի պատճառով: Իսկ ի՞նչ էր սպասվելիք պատուհասը: Երբ անօրինական կերպով ամուսնանում էին երեխաներ ունեցող և չամուսնալուծված մարդիկ, նրանց զավակները մահանում էին;
Այս երևույթը դուր չէր գալիս ոչ Հերովդեսին, ոչ էլ Հերովդիային, և Հերովդիան հարմար առիթ էր փնտրում Հովհաննեսից վրեժխնդիր լինելու համար: Իսկ ի՞նչ օրենք էր խախտել ու անտեսել Հերովդեսը՝ ամուսնանալով եղբոր կնոջ հետ: Այս երևոըյթը մեզանում ընդունված չէ, և բացի նրանից որ ընդունված չէ, նաև տրամաբանություն չկա նման ամուսնության մեջ, դրա համար մենք տարօրինակ ենք նայում նման քայլերին, բայց հրեաների համար գոյություն ուներ որոշ կանոններ, թե ե՞րբ կարելի է ամուսնանալ եղբոր կնոջ հետ:
Օրինակ՝ երբ եղբայրը մահացած է, և զավակ չունի, այս պարագայում կարող է եղբայրը ամուսնանալ եղբոր կնոջ հետ: Իսկ երբ եղբայրը զավակ ունի և մահացած է, չի կարելի ամուսնանալ նրա կնոջ հետ: Տրամաբանությունն այն է, որ եղբայրը անժառանգ չմնա: Իսկ Հերովդիան իր ամուսին Փիլիպոսից դուստր ուներ և Փիլիպոսն էլ մահացած կամ բաժանված չէր Հերովդիայից: Ավանդությունն ասում է, որ Հերովդես արքան հյուր է գնում եղբորը և ակամայից սիրահարվում է եղբոր կնոջը; Հերովդիայի հետ գալիս են հանցավոր համաձայնության և Հերովդեսը իր եղբորից խլում է նրա կնոջն ու դստերը;
Հովհաննես Մկրտիչը արքային մեղադրում էր այն պատճառների համար, որ նշեցինք, այսինքն՝ նախ իր զարմուհին էր և ամուսնությունն իր ազգականի հետ արյունապղծություն էր: Երկրորդ՝ եղբայրը մահացած, կամ ամուսնալուծված չէր: Երրորդ՝ եղբայրը զավակ ուներ այդ կնոջից; Չորրորդ՝ Հերովդեսը կրկնամուսնություն էր կատարել, առանց ամուսնալուծվելու իր կնոջից:
Հիմա արդեն որոշ չափով հասկանալի է, թե ինչու Հերովդես արքան բանտարկեց Հովհաննեսին, չնայած, որ սիրում էր նրան լսել: Կնոջ նենգ դերակատարությունը մեծ եղավ արդարի գլխատման հարցում;
Հիմա վերադառնանք ավետարանական պատմությանը, որտեղ արքան իր տարեդարձն էր նշում, և այդ առիթը օգտագործեց կինը՝ իր դստեր միջոցով;
Կար նաև մեկ այլ ընդունված սովորություն, որ արքաների նմանատիպ խնջույքների ժամանակ անբարո պարուհիներ էին հրավիրում, որպեսզի հանդիսատեսներից մեկը այդ պարուհիներից իր համար հարսնացու ընտրի: Այս պարագայում Հերովդիան իր ձախավեր ծրագիրը իրականացնելու նպատակով իր դստերն է հանձնարարում տարեդարձի պարային համարը՝ անբարո պարուհիների փոխարեն: Պարը հաճելի թվաց արքային և նա երդումով խոստացավ նրան տալ, ինչ որ կամենա; Այստեղ մի նրբություն կա: Ավանդությունն ասում է, որ կինը Հերովդեսին այնպես է ներկայացրել, իբրև իրենց դուստրը պարում է, որպեսզի իր համար փեսացու ընտրի ներկաներից: Այս խայծը ընդունել էր արքան, և խոստացել էր անել, ինչ որ աղջիկը կամենա: Իսկ նախապես մայրն ու դուստրը ծրագրել էին, թե ի՞նչ պետք է ուզի արքայից՝ պարը ավարտելու հետո; Իսկ երբ հասավ խոստումը կատարելու ժամանակը արքան ասաց դստերը՝ «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց.
«Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Ահա , թե ի՞նչ է նշանակում հարբած վիճակում հյուրերի ներկայությամբ երդում տալ:
Սիրելիներ, այստեղ մի պահ հանգիստ թողնենք տարեդարձի արարողության մասնակիցներին և դավադիր ծնողներին ու իրենց դստերը և վերադառնանք ավետարանական ճշմարտություն: Ի՞նչի կարող էր հասցնել պատվիրանազանցությունը արքայի կողմից: Նախ անօրինական ամուսնությունը՝ անարգանք եղբոր հանդեպ, արհամարհանք մարգարեի հորդորին, ականջալուր լինել կնոջ խարդավանքին, հարբած վիճակում երդում ուտել և այլն: Ըստ օրենքի եթե մեկը երդվեր և երդումը չկատարեր, հրապարակավ քառասուն հարված պետք է ստանար երդումը դրժելու համար; Ի՛նչ անելանելի վիճակի մեջ մնաց անմիտ արքան՝ իր արաքների պատճառով, որոնց մասին զգուշացրել էր Հովհաննես Մկրտիչը: Այստեղ սատանան լավագույնս օգտագործեց Հերովդիայի մեջ չմարող հիշաչարությունը և գործել տվեց իր դստեր միջոցով:
Սիրելիներ անարդար սպանություններ շատ են պատահել աշխարհում: Բայց ուշադրություն դարձրեք, թե ինչպես է պահանջում Հովհաննեսի գլուխը՝ սկուտե՛ղի վրա: Ինչո՞ւ սկուտեղի վրա, որպեսզի դրանով բավարարի իր նենգ հիշաչարությունը՝ Հովհաննեսի արդարացի նկատողության համար: Եթե Հովհաննեսին բանտում սպանեին, շատերը պիտի չիմանային, և այդպես Հերովդիայի վրեժը լուծված չէր լինի: Այլ հակառակը նա կազմակերպեց տոնախմբություն և հանրության աչքի առջև գլխատել տվեց Հովհաննես Մարգարեին, որին ժողովուրդը այդքան սիրում էր և ընդունում էր որպես մարգարե; Եվ սկուտեղի վրա բերեցին Հովհաննեսի գլուխը՝ բոլոր ներկաների աչքի առջև: Սա նաև սարսափի նամակ էր ժողովրդին, որպեսզի չհամարձակվեն ընդվզել եղածի պատճառով:
Ավետարանիչն ասում է, Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին նրա մարմինը և թաղեցին:
Գնացին և Հիսուսին պատմեցին այդ բաների մասին: Այստեղ ավարտվեց Հովհաննես Մկրտչի կյանքն ու գործունեությունը, սակայն չավարտվեց նրա մարգարեությունների կատարումը մինչև մեր օրերը: Նրա խոսքերը այժմեական են, և նաև գալիքի համար ասված մարգարեություններ են:
Այնուհետև պատմությունն ասում է, որ շրջագայության ժամանակ գետի սառույցը ճաքում է Հերովդիայի դուստրը ընկնում է գետի մեջ, և սառույցի երկու մեծ կտոր կտրում են աղջկա գլուխը այնպես, ինչպես Հովհաննեսին գլխատեցին; Որպեսզի կատարվեր Հովհաննես մարգարեի խոսքը, թե անօրեն ամուսնությունից կմահանան զավակները: Հերովդեսը նույնպես դաժան մահ է ունենում և այդ հիվանդությունը հետագայում կոչվում է հերովդյան հիվանդություն, այսինքն մաշկի տակ որթեր են առաջանում:Սարսափելի է նույնիսկ լսելը: Բայց սա ոչ թե պատիժ է, այլ՝ արդյունք իր գործերի:
Սիրելիներ ամփոփելով մեր այսօրվա սերտողությունը դաս քաղենք Ավետարանի ամեն մի խոսքից ու մտքից; Այսօրվա մարդը պետք է ընտրություն կատարի, թե ուղղությամբ գնա, որովհետև մարդու սիրտը միշտ խնջույքի մեջ է, և այնտեղ հերովդեսն է զվարճանում: Իսկ մեր հոգու մութ բանտում ձեռբակալված է Հովհաննես Մկրտիչը:
Իսկ թե ի՞նչ կլինի մեզ հետ, Ավետարանը տալիս է բոլոր հարցերի պատասխանը՝ կարդացողներին և հարց տվողներին; Մնացեք սիրով՝ ձեր հոգիներից ազատեք բանտարկված հովհաննեսներին և խաղաղ ապրեք:
Հարց. Ինչո՞ւ էր Հերովդեսը վախենում Հովհաննես Մկրտչին սպանելուց:
Տեղեկութիւններ
Կամեցողություն
Սիրելիներ, այսօր ծանոթանանք նախանձի հակադիր առաքինության՝ կամեցողության հետ:
Նախքան նախանձի դրսեւորվելը պետք է կամեցողություն եւ սեր հաստատենք մեր սրտում, քանզի, ինչպես գրված է, սերը չի նախանձում Ա Կոր.13:4, եւ ընդհանրապես՝ ձգտենք բոլորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի. ոչ ոքի չչարախոսենք, չլինենք կռվարար, այլ հեզ՝ բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցույց տալով Տիտ. 3:.2:
Շատ հեշտ է ստուգել նախանձի բացակայությունը սրտում: Բավական է լսել մեկի հաջողության և երջանկության մասին, անմիջապես ուրախություն է պատում սրտին և շրթները փառավորում են Աստծուն մարդկանց հաջողության համար:Ուրիշին բարիք կամենալը ժամանակի ընթացքում վերացնում է նախանձը մարդկային հիվանդոտ սրտից: