ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 24.1-12
Երեմիայի մարգարեությունը 30.18-22
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.10-12
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12
Ավետարան ըստ Մատթևոսի. 13: 44-58
ՊԱՀՈՒԱԾ ԳԱՆՁԻՆ ԱՌԱԿԸ
44 «Դարձեալ երկնքի թագաւորութիւնը արտի մէջ պահուած գանձի մը նման է, որ մարդ մը գտնելով՝ կը ծածկէ եւ ուրախութենէն կ՚երթայ բոլոր ունեցածը կը ծախէ ու այն արտը կը գնէ»։
45 «Դարձեալ երկնքի թագաւորութիւնը վաճառական մարդու մը նման է, որ գեղեցիկ մարգարիտներ կը փնտռէ. 46 Եւ պատուական մարգարիտ մը գտնելով, կ՚երթայ իր բոլոր ունեցածը կը ծախէ ու զանիկա կը գնէ»։
ՈՒՌԿԱՆԻՆ ԱՌԱԿԸ
47 «Դարձեալ երկնքի թագաւորութիւնը ծովը ձգուած ուռկանի մը նման է, որ ամէն տեսակ ձուկ կը ժողվէ։ 48 Երբ ուռկանը լեցուեցաւ, ցամաքը հանեցին ու նստան աղէկները ամաններու մէջ ժողվեցին եւ անշահը դուրս ձգեցին։ 49 Այսպէս պիտի ըլլայ աշխարհիս վերջը։ Հրեշտակները պիտի ելլեն ու արդարներուն մէջէն չարերը պիտի զատեն. 50 Եւ պիտի ձգեն զանոնք կրակի հնոցին մէջ, հոն պիտի ըլլայ լալ ու ակռաներ կրճտել»։
ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ
51 Ըսաւ անոնց Յիսուս. «Հասկցա՞ք այս ամէն բաները»։ Ըսին անոր. «Այո՛, Տէ՛ր»։ 52 Անիկա ըսաւ անոնց. «Անոր համար ամէն դպիր որ երկնքի թագաւորութեան աշակերտ եղած է, նման է տանտէր մարդու մը որ իր գանձէն նոր ու հին բաներ կը հանէ»։
ՅԻՍՈՒՍ ՆԱԶԱՐԷԹԻ ՄԷՋ ԿԸ ՄԵՐԺՈՒԻ
53 Երբ Յիսուս այս առակները լրացուց, անկէ մեկնեցաւ. 54 Եւ գնաց իր գաւառը ու անոնց կը սորվեցնէր իրենց ժողովարանին մէջ, անոնք ալ կը զարմանային ու կ՚ըսէին. «Ասիկա ուրկէ՞ ունի այս իմաստութիւնը եւ հրաշքները։ 55 Ասիկա հիւսնին որդին չէ՞. ասոր մայրը Մարիամ չի՞ կոչուիր։ Ասոր եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս ու Սիմոն եւ Յուդա. 56 Ու ասոր քոյրերը ամէնքը մեր քով չե՞ն։ Ալ ինք ուրկէ՞ ունի այս ամէն բաները»։ 57 Անոր վրայով կը գայթակղէին. բայց Յիսուս ըսաւ անոնց. «Մարգարէ մը անպատիւ չէ, բայց միայն իր գաւառին ու իր տանը մէջ»։ 58 Հոն շատ հրաշքներ չըրաւ անոնց անհաւատութեանը համար։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, Աստծու օրհնությունը թող ամենքիդ հետ լինի մեր եթերաժամին, որպեսզի Իր խոսքը լսեք ուշադրությամբ, կիրառեք սիրով, փոխանցեք անհրաժեշտաբար: Այսօրվա Ավետարանի նյութը ձեզ համար պատրաստելու ժամանակ մտածում էի, եթե մենք ուրիշ ոչինչ չունենայինք մեր կյանքում գոհանալու, ապս միայն Աստվածաշունչը բավական էր երջանիկ կյանք ստեղծելու համար: Քանի որ նրանով հնարավոր է ստեղծել ամեն բան՝ կյանքը վայելելու համար: Օրինակ մի արհեստ ինչպե՞ս է հայտնի դառնում մարդկանց: Անշուշտ իր գործերի շնորհիվ: Մի նկարիչ հայտնի է դառնում իր նկարներով, այլապես՝ եթե չնկարեր, ինչպես հայտնի կդառնար իր նկարչության արվեստը: Այդպես է քրիստոնեությունը, որը աշխարհի ամենամեծ արհեստն է, որը պետք է քրիստոնյաները ցույց տան իրենց գործերով: Իսկ քրիստոնեության գործիքը Աստվածաշունչ Մատյանի խոսքերն են, որոնք մենք պետք է սեփականացնենք որպես մեկական գանձ, հրաժարվելով մեզ համար երևակայական գանձերից, որոնց մասին պետք է խոսենք այսօրվա սերտողության մեջ:
Եթե ուշադրություն դարձրիք Մատթևոսի Ավետարանի 13 րդ գլուխը իր յոթ առակներով բացատրությունն է երկնքի արքայության: Նախորդ առակների մեկնաբանության մեջ Տէր Հիսուս երկնքի արքայությունը շատ տարբեր օրինակներով մատուցեց մեզ՝ համեմատելով Բարի սերմ ցանող մարդու, մանանեխի հատիկի, և թթխմորի: Բայց պարզվում է, որ դեռ շատ ուրիշ օրինակներ էլ կան, որոնք առակների միջոցով մատուցում է մեզ: Տէր Հիսուս Իր աստվածային գաղափարները այնքան է պարզեցում մարդկանց տկար մտքի համար, որ բավական է առակը տեղափոխենք մեր կյանքի մեջ և հասկանալի կդառնա: Երկնքի արքայությունը նկարագրող բոլոր առակները գալիս են փաստելու, որ թանկ բաների համար պետք է թանկ վճարել: Իսկ երբեմն՝ ողջ ունեցվածքը: Այնպես, ինչպես առակի մարդը ուրախությունից վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և գնեց այն արտը, որի մեջ էր գանձը:
Երկնքի արքայությունը Ինքը Տէր Հիսուս Քրիստոսն է: Մեզ պետք չէ այլ արքայություն, որտեղ չկա Հիսուս Քրիստոս: Իսկ որպեսզի հասնենք այդ արքայությանը պետք է հրաժարվենք այն արքայությունից, որի մեջ ապրում ենք և կարծում ենք թե դա՛ է արքայությունը: Իրական արքայությունը թաքնված գանձ է, գեղեցիկ մարգարիտ է, ծով նետած ուռկան է: Նախ ինքը՝ Տէր Հիսուս վճարեց ամենաթանկը՝ Իր կյանքը՝ մեր թանկ փրկության համար, և ապա մեզ սովորեցրեց, որ թանկ բաների համար պետք է թանկ վճարել: Իսկ թանկ վճարել նշանակում է հրաժարվել մեր ունեցած կարծեցյալ թանկից, որպեսզի ունենանք իրական թանկը՝ երկնքի Արքայությունը:
Սիրելիներ փորձենք նախ՝ առաքյալների օրինակով հասկանալ առակը, որպեսզի մեր անելիքը հստակ լինի այս առակի կատարման համար: Հիսուս Քրիստոս Պետրոսին ասաց,- Արի՛ իմ հետևից: Պետրոսը թողեց իր ուռկանը, որը իր ապրուստի միակ միջոցն էր, և ձկնորսությունը իր միակ մասնագիտությունն էր: Պետրոսը ուրիշ բիզնես չուներ Գալիլիայում: Բայց հավատաց ու թողեց, առանց կասկածելու: Սակայն Վարդապետին հետևելու ընթացքում մի անգամ հարցրեց, թե ինքն ի՞նչ կունենա, որ ամեն ինչ թողելով հետևել է Տիրոջը: Իսկ Հիսուս նրան պատասխանեց.- «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տունը կամ ծնողներին Աստծո արքայության համար, և հավիտենական կյանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»: Ղուկ.18:29
Այդ պահին Պետրոսը այդ պատասխանը չհասկացավ ամբողջությամբ, սակայն Տիրոջ Հարությունից և Համբարձումից հետո, Պետրոսը, որը անուս ձկնորս էր, հանկարծ սկսեց գրել իր զգացողությունների մասին, և կենդանի վկայություն էր անում մարդկանց համար, հորդորելով՝ դեն նետել չարություն, կեղծավորություն, նախանձ, ու ամեն չարախոսություն և որպես նորածին երեխա փափագեք անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար: Քանի որ արդեն ճաշակել եք, որ քա՛ղցր է Տէրը: Տէր Հիսուսին անվանում է Կենդանի Վեմ, որը թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ Թանկագին է: Ի՛նչ գեղեցիկ նկարագրություն և համեմատություն է անում Պետրոս առաքյալը՝ մեղքից հեռացած մարդուն՝ նորածնի հետ համեմատելով, և Քրիստոսի խոսքը անխարդախ կաթ համարելով:
Թե Ի՞նչ ունեցավ Պետրոսը իր ուռկանները թողնելուց և Տիրոջը հետևելուց հետո, դժվար չէ տեսնել: Այս տողերը գրելու ժամանակ Պետրոսը լիովին հասկացել էր իր տված հարցի պատասխանը:
Փաստորեն առաջին առակի իմաստը հասկանալու համար Պետրոս առաքյալի օրինակը բավական է, որ պատկերացնենք ի՞նչ է նշանակում ամեն ինչ թողնել և գնալ Գանձը ձեռք բերելու համար:
Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք: Մենք էլ պետք է հրաժարվենք մեր մոլություններից, աշխարհիկ ցանկություններից, և կարծեցյալ հարստությունից որ կարծում ենք թե ունենք: Մենք մինչև չթողնենք մեր ամբողջ ունեցվածքը, չենք կարող ձեռք բերել թաքնված գանձը: Քանի որ թաքնված գանձը փնտրել է պետք, ինչպես որ պատվիրեց մեզ մեր Տէրը: Մեկը պետք է թողնի իր խաղամոլությունը, մյուսը իր գուշակությունը, մյուսը իր փառասիրությունը, մյուսը իր արծաթասիրությունը և այլն; Այլ խոսքով պետք է թողնենք մեկ բան և շահենք երեքը: Թողնենք աշխարհը իր վայելքներով, շահենք ողջախոհությունը, արդարամտությունը, և բարեպաշտությունը: Եթե մեկը իր կյանքը չի պատկերացնում առանց պաշտոնի ու աթոռի, այսուհետ պետք է իր կյանքը չպատկերացնի առանց Հիսուս Քրիստոսի: Որպեսզի հասնի երկնքի արքայությանը:
Պողոս առաքյալը թողեց իր փարիսեցիությունը, փառքը, իշխանությունը այն բանից հետո, երբ իր աչքերը տեսան Թաքնված Գանձը: Անմիջապես հրաժարվեց իր ունեցածից և ընդունեց Գանձը ամբողջությամբ և դարձավ երկնքի արքայությանը աշակերտած օրենսգետ կամ տանուտեր, որը հետագայում իր գանձերից բաժին հանեց բոլորիս, որ այսօր կարդում ենք:
Գեղեցիկ մարգարիտների է նմանեցնում երկնքի արքայությունը, որը դարձյալ փնտրում է մի վաճառական: Պատահական մարդը չի հասկանում մարգարիտի գինը, որ Աստծու խոսքն է, և միայն գնահատողը կարող է ամեն գնով ձեռք բերել այն, վաճառելով իր ունեցածը: Սա այն նույն թանկ մարգարիտն է, որը մեր Տէրը թույլ չտվեց խոզերի առջև թափել: Մարգարիտը պետք է հայտնվի լավ մասնագետի ձեռքում, որպեսզի նրանից գեղեցիկ զարդ պատրաստի, ինչպես որ մեր խոսքի սկզբում խոսեցինք մասնագիտությունների և արհեստների մասին;
Մեր ուռկանները վստահաբար նետենք Աստծու անսահման ծովի մեջ, ինչպես որ աշակերտները նետեցին և իրենց ուռկանները ձկների ծանրությունից ուռկանները պատռվում էին:
Սիրելիներ, այս օրերը այն լավագույն հնարավորություններն են, որ երբևէ եղել են մեր կյանքում: Քչերս ենք ունեցել քրիստոնեական մանկություն, իսկ հիմա բոլորս ունենք լայն հնարավորություն վայելելու քրիստոնեության Գանձը, Մարգարիտը, Թթխմորը, Մանանեխի հատիկը, և այլն:
Հարուստին ասաց,- Վաճառի՛ր ունեցվածքդ և արի իմ հետևից: Մյուսին ասաց, թո՛ղ մեռելները թաղեն մեռելին, դու արի՛ իմ հետևից: Տէր Հիսուս Քրիստոս ամենքին առաջարկում է թողնել այն , ինչը իրեն խանգարում է հասնել երկնքի արքայությանը: Մեկին հարստությունն է խանգարում, ինչպես երիտասարդին, որ պատվիրանապահ էր: Մեկին աշխարհն է խանգարում, սակայն հարստություն չունի: Մեկը փառամոլ է, մյուսը շնացող է, մեկը կախարդ է, մյուսը աթոռապաշտ է:Բոլորի համար ունի դեղամիջոց մեր Տէրը և ուզում է բոլորին տեսնել որպես երկնքի արքայությանը աշակերտած տանուտերի, որպեսզի աշխարհի վախճանին չարերին արդարներից բաժանելու ժամանակ չլինի որ մենք էլ ունենանք լաց և ատամների կրճտում: Այս առակները միացնելով Տէր Հիսուս կամեցավ ասել, որ միայն երկնքի արքայությանը աշակերտածը կարող է լինել օրենսգետ կամ տանուտեր և ո՛չ թե օրենքի գրքեր կարդացող փարիսեցիները, որոնք այդպես էլ չգտան թաքնված Գանձը, և թանկ Մարգարիտը: Տեսեք սիրելիներ, փարիսեցիները պահում էին կարգն ու կանոնը, աղոթքն ու ծեսերը, բայց հպարտ էին և սատանան նրանց մեջ միայն հպարտությունը օգտագործեց իրենց դեմ, որպեսզի Հիսուսին չընդունեն որպես Աստծո Որդին: Ամենքին այս աշխարհում մի բան է պակասում երկնքի արքայությունը ժառանգելու համար:
Ուսուցման ավարտին Տէր Հիսուսի շատ կարևոր հարց տվեց աշակերտներին, ասելով,- Այս բոլորը իմացա՞ք: Նրանք ասացին,- Այ՛ո, Տէր:
Աշակերտները հասկացան և դարձան օրենսգետ տանուտերեր, և մենք օգտվում ենք նրանց գանձերից: Իսկ թե ի՞նչ հասկացանք մենք, հայտին կդառնա երբ հնձի ժամանակը գա, և Մարդու Որդին ուղարկի Իր Հրեշտակներին՝ հավաքելու համար նրանց, որոնք անօրենություն են գործում: Այդ ժամանակ է, որ արդարները ծագելու են ինչպես արեգակը:
Այս բոլոր ուսուցումները ավարտելուց հետո Հիսուս Քրիստոս այդտեղից մեկնեց Իր գավառը և այդտեղի ժողովարանում մարդկանց ուսուցանում էր Իր անսպառ վարդապետության գոհարները:
Մարդիկ զարմացած միմյանց հարցնում էին,- սա հյուսնի որդին չէ՞ սրան որտեղի՞ց այս իմաստությունը, սրա մայրը չէ՞ Մարիամը:
Եվ միայն այն պատճառով, որ ճանաչում էին նրա ծնողներին, և բարեկամներին, չէին կարողանում հավատալ և ընդունել Նրա աստվածային իշխանությամբ խոսած խոսքերը: Այստեղ էր, որ Տէր Հիսուս արտաբերեց այն հայտնի միտքը, որ շատերս ենք գործածում, թե՝ Չկա անարգված մարգարե, բայց միայն իր գավառում և իր տանը: Այս խոսքերը հաստատում է նաև Հովհաննես առաքյալը, ասելով,- Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիներ կոչվելու: Ի՛նչ երանելի պարգև է գնահատողի համար:
Իր գավառի մարդկանց անհավատության պատճառով, Նա այնտեղ շատ զորավոր գործեր չկատարեց որից հետո:
Սիրելիներ, մենք դառնանք այն յուրայինները, որոնք ընդունեցին Հիսուսին, դառնանք այն աշակերտները, որոնք գտան թաքնված գանձը, և դառնանք այն օրենսգետը, որը կարողանում իր գանձերից բոլորի բաժին հանել, բայց՝ պայմանով, որ թո՛ւյլ տանք մեր Տէրը մեզ ասի, թե ինչի՞ց հրաժարվենք մեր կյանքում:
Մնացե՛ք սիրով, և քրիստոնեությունը որպես անգի՛ն զարդ կրողներ, որպեսզի նրա ցոլքերից շատերը զմայլվեն ու դարձի գան:
Հարց. Ի՞նչ հարց տվեց աշակերտներին Հիսուս, բոլոր առակները պատմելուց հետո:
Տեղեկութիւններ
Խոնարհություն՝ հպարտության դիմաց.
Սիրելիներ այսօրվանից ձեզ կծանոթացնեմ մահացու մեղքերի հակադիր առաքինություններին.
Խոնարհություն ձեռք բերելու համար սուրբ հայրերը խորհուրդ են տալիս խոկալ մեր մահկանացու բնության թշվառության մասին, որի մեջ է գտնվում յուրաքանչյուր մարդ արարած եւ որից կարող է ազատագրվել միայն երկնքի արքայության մեջ: Այսպիսի իմաստուն խոկումները սեփական աչքում արժեզրկում են մարդուն, իմաստազրկում որեւէ առավելությամբ հանդես գալու նրա մղումները, դրդում ապաշխարության եւ ոչ թե ինքնահաստատման: Ներկայիս քաղաքակրթությունն անում է ամեն ինչ, որ մարդը մոռանա մահը եւ իր թշվառությունը, այս կարճատեւ կյանքում զգա իրեն հզոր ու երջանիկ, իսկ ուրիշների նկատմամբ առավելության հասնելու ձգտումը դիտի իբրեւ առողջ մրցակցություն: Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,- գրում է ս. Պողոս առաքյալը,- երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր Բ Տիմ. 3:1
Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է հակառակվել դարի ոգուն: Դրա համար նա ունի իր երկնային Առաջնորդին, Որի կերպարը պիտի կրի իր հոգու հայացքի առջեւ՝ հիշելով Նրա խոսքը. Սովորեցե՛ք Ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. Մատթ.11:29:
Որքան մարդը պայքարի հպարտության դեմ՝ ձգտելով խոնարհության, այնքան կսկսեն նվազել նաեւ մյուս մահացու մեղքերը՝ զրկվելով իրենց սնող չար աղբյուրից, մանավանդ՝ եթե մնացած բոլոր մեղքերին էլ հակադրենք համապատասխան առաքինությունները: Ընդ որում, չպետք է սպասենք մեղանչական խորհրդի կամ կրքի հայտնվելուն, որպեսզի նրան հակադրենք համապատասխան առաքինությունը: