ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.16-4.8
Ավետարան ըստ Հովհաննեսի 7.1-13
Ավետարան ըստ Մատթևոսի 13:31-43
31 Ուրիշ առակ մըն ալ յառաջ բերաւ անոնց ու ըսաւ. «Երկնքի թագաւորութիւնը մանանեխի հատի նման է, որ մարդ մը առաւ, իր արտին մէջ ցանեց։ 32 Ան՝ բոլոր սերմերէն պզտիկ է, բայց երբ աճի, բոլոր խոտեղէններէն մեծ ծառ կ՚ըլլայ, այնպէս որ երկնքի թռչունները կու գան եւ անոր ճիւղերուն վրայ կը հանգչին»։
33 Ուրիշ առակ մըն ալ ըսաւ անոնց. «Երկնքի թագաւորութիւնը խմորի նման է, որ կին մը առաւ, երեք գրիւ ալիւրի մէջ պահեց մինչեւ բոլորն ալ խմորուեցաւ»։
34 Յիսուս այս ամէն բաները առակներով խօսեցաւ ժողովուրդին։ Առանց առակի բան մը չէր խօսեր անոնց, 35 Որպէս զի կատարուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ իմ բերանս ու աշխարհի սկիզբէն ի վեր ծածկուած բաները յառաջ պիտի բերեմ»։
ՈՐՈՄԻՆ ԱՌԱԿԻՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
36 Երբ Յիսուս ժողովուրդը թողուց, տունը գնաց։ Իր աշակերտները մօտեցան իրեն ու ըսին. «Արտին որոմներուն առակը մեկնէ մեզի»։ 37 Ան ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Բարի սերմը ցանողը Որդին մարդոյ է. 38 Արտը աշխարհս է։ Բարի սերմը թագաւորութեանը որդիներն են, բայց որոմը չարին որդիներն են։ 39 Թշնամին որ զանիկա ցանեց, Սատանան է եւ հունձքը աշխարհիս վերջն է ու հնձողները հրեշտակներն են։ 40 Արդ ինչպէս որ որոմը կը ժողվուի ու կրակի մէջ կ՚այրուի, աշխարհիս վերջն ալ այնպէս պիտի ըլլայ։ 41 Որդին մարդոյ իր հրեշտակները պիտի ղրկէ ու պիտի ժողվեն անոր թագաւորութենէն բոլոր գայթակղութիւնները եւ զանոնք, որ անօրէնութիւն կը գործեն 42 Ու կրակի հնոցին մէջ պիտի ձգեն զանոնք։ Հոն պիտի ըլլայ լալ ու ակռաներ կրճտել։ 43 Այն ատեն արեւի պէս պիտի փայլին արդարները իրենց Հօրը թագաւորութեանը մէջ։ Ան որ լսելու ականջ ունի, թող լսէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, հայրեր և մայրեր: Մենք չգիտենք, թե Տէր Հիսուս ինչքա՞ն ժամանակ մնաց ծովեզերքին՝ այսքան առակներ և առակների մեկնություններ անելու համար, սակայն հստակ է, որ ժողովուրդը ինքնամոռաց լսում էր ու չէր հագենում Նրա աստվածային խոսքերից: Ընդհանուրի համար պատմում էր առակներով, իսկ ովքեր կամենում էին նրանց բացատրում էր, ոչ մեկին անհաղորդ չէր թողնում Իր խոսքին: Մարդ արարածի մեղանչելու բոլոր հնարավոր ձևերի մասին բացատրում է, ապաշխարելու անհրաժեշտության մասին անվերջ կրկնում է, Երկնքի արքայությանը հասնելու ճանապարհները և կերպերը ցույց է տալիս բոլորին: Երբեմն հարց է առաջանում, ի՞նչ է ուզում մարդ արարածը այսքանից հետո, երբ նույնիսկ ինքը իր անձի համար այսքան բարիք չի կարողանում ապահովել:
Որոմների առակի մեջ երկնքի արքայությունը համեմատեց մի մարդու հետ, որն իր արտում բարի սերմ էր ցանել: Այսօրվա առակի մեջ երկնքի արքայությունը համեմատում է մանանեխի հատիկի հետ, որը մի մարդ ցանում է իր արտի մեջ: Մանանեխի հատիկը իր փոքրության պատճառով շատ տեղերում հանդիսանում է որպես չափման միավոր՝ որևէ բանի փոքրությունը բացատրելու համար: Այս բոլոր օրինակները նրա համար են, որ որևէ մեկի համար անհասկանալի չմնա Իր խոսքերը: Եթե մի օրինակով չհասկանա մարդը, մյուսով անպայման կհասկանա, քանի որ Իր նպատակը խոսքը տեղ հասցնելն էր, ո՛չ թե Իր հարուստ խոսքը ցուցադրելը, ինչը շատ հաճախ հանդիպում ենք եկեղեցու քարոզների ժամանակ, որը հասանելի չի դառնում ներկա գտնվող հավատացյալների համար: Իսկ երբ խոսքը հասանելի չէ մարդու սրտին, հաջորդ քայլը այդ խոսքը լսելուց հրաժարվելն է:
Հաջորդ առակի մեջ երկնքի արքայությունը համեմատում է թթխմորի հետ, այստեղ էլ մի կին այդ թթխմորը դրեց է ալյուրի երեք չափի մեջ և ամբողջ զանգվածը խմորվեց: Ավետարանն ասում է, Հիսուս առակներով էր խոսում մարդկանց հետ, որպեսզի կատարվի ևս մեկ մարգարեություն Իր մասին գրված՝ մոտ չորս հարյուր տարիներ առաջ, թե՝ Իմ բերանը առակներով եմ բացելու, որպեսզի հայտնեմ աշխարհի սկզբից ծածկված բաները: Սակայն լսողների մեջ կային օրենքի ուսուցիչներ, որոնց սրտերը փակ էին այս խոսքերի համար:
Միշտ էլ մաքուր սրտի մեջ ավելի շուտ է հանգրվանում Աստծու խոսքը, քան կասկածամիտ հոգում:
Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, աշակերտների այն հարցին, թե ինչո՞ւ ես առակներով խոսում, Հիսուս պատասխանեց,- ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, նրանց տրված չէ: Որովհետև ո՛վ ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի իր ունեցածն էլ:
Այս տողերը անմիջապես մեզ վերաբերող տողեր են: Ջանք է պետք լավ խոսք լսելու համար, քրիստոնյան պետք չէ տեղում մնա, պետք է խորանա Աստվածաշնչի գիտելիքի մեջ, որպեսի երկնքի արքայության խորհուրդները բացվեն նրա առջ: Օրինակ՝ Ժամանակակից շենքերի մուտքերի դռների վրա մի սարք է տեղադրված, որը բացվում է նրա առջև, ով գաղտնաբարը գիտե, իսկ կոդը չիմացողի համար այդ դուռը ուղղակի անանցանելի պատ է: Հիսուս Քրիստոսի պատմած առակները մեկական դռներ են, որոնք բացվում են իմացողի համար և փակ են չիմացողի համար: Եթե մեզ համար թանկ է երկնքի արքայությունը, ուրեմն մեր մտքի ողջ պաշարը պետք է ներդնենք խորհուրդները հասկանալու համար: Իսկ եթե մեր մեր միտք հետաքրքրված է միայն այսօր և այս աշխարհի խորհուրդները հասկանալու համար, մեզնից կվերցվի Աստծու որակյալ խոսքը հասկանալու շնորհը: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք որքան ժամանակ ենք տրամադրում Աստծուն: Աստված նրա համար չէ, որ միայն բարիքներ խնդրենք, Աստված ուզում է որ Իրենով հետաքրքրվենք, Իր գործելաոճին ծանոթանանք, Իր գալու նպատակը հասկանանք, մեզ խոստացածին տեր կանգնենք: Իր խաչվելու ցավը համեմատենք մեղքի հանդեպ ունեցած մեր սիրուն և զղջանք:
Տէր Հիսուս ուզում է, որ մանանեխի հատիկը չմնա որպես փոքր հատիկ մեր մեջ, այլ մեծանա և օգուտ բերի նաև այլոց: Ինչպե՞ս կմեծանա մանանեխի այդ հատիկը մեր մեջ: Պարզ օրինակ բերեմ ձեր կենցաղից;
Դուք ձեր երեխային ձեր հետ տանում եք եկեղեցի, աստիճանաբար սովորեցնում եք համբերել, կանգնել, ուշադիր լինել և այլն, այսինքն մանանեխի հատիկը ցանեցիք; Այնուհետև սովորեցնում եք խաչակնքվել, մոմ վառել, երեխան մեծանում է, տեսնում է, որ դուք կարդում եք Սուրբ Գիրք, Իր համար էլ գնում մանկականը, հետո մասնակցում է պատարագի, բացատրում եք Պատարագի խորհուրդը, երեխան դարձավ չափահաս, սկսեց ինքը հետաքրքրվել Աստծուն փնտրելու ճանապարհով: Մի օր էլ ինքը սկսեց այլոց ցույց տալ այդ փրկարար ճանապարհը: Մանանեխի հատիկը իր հետ մեծանում է այնքանով, որքանով որ ենթական խնամք է տանում նրա աճի համար:
Այսօր աշխարհը շահագրգռված չէ, որ մանանեխի հատիկը մեծանա: Ժամանակը մեզ դրա համար է տրված, որ բոլոր մարդիկ կարողանան փրկվել՝ իրենց մանանեխի հատիկը աճեցնելով: Նախ անհատի մեջ, ապա հասարակության մեջ պետք է աճի այդ հատիկը, որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի թե ի՞նչ է երկնքի արքայությունը, որ այդքան բազմապիսի օրինակներով մատուցում է մեզ մեր Տէրը: Երկնքի Արքայությունը Ինքը Հիսուս Քրիստոսն էր որ ծնվեց որպես մանուկ, մեծացավ ինչպես մանանեխի հատիկը և աշխարհի խելացիները օգտվում են Նրա բարիքներից և լուսավորում են իրենց մտքերը:
Հիմա անդրադառնանք թթխմորի պարագային, որը նույնպես համեմատեց երկնքի արքայություն հետ:
Առակի մեջ, ինչպես որ մեր եկեղեցու վարդապետությունն է քարոզում, կինը խորհրդանշում է եկեղեցին:
Խմորը մարդկային բնությունն է՝ երեք չափ, ինչո՞ւ երեք չափ: Այսինքն մարդու բնությունը երեք տարրերից է բաղկացած՝ մարմին, հոգի և միտք: Թթխմորը ալյուրի մեջ նույն գործն է անում և խմորում է ամբողջ ալյուրը: Դրա համար մարդկային բնությունը կարիք ունի Աստծու արքայության թթխմորը իր մարմնի, հոգու և մտքի մեջ ունենալու: Այդ թթխմորը մեզ փոխանցվում է առաջին դարի քրիստոնյաներից, որոնք իրենց մեջ ունեցել են Աստծու արքայության այդ թթխմորից: Առաջին դարերից սկսյալ երկնքի արքայությունը գնահատող մարդիկ իրենց մեջ ունեցել են այդ խմորը, և փոխանցել են այլոց և իրենք գնացել են խոստացված երկնքի արքայությանը հասնելու:
Ինչպես որ Աստված ասաց, որ մարդը աղ ու լույս պետք է ունենա, իր ներսում Աստծու արքայության թթխմորը պետք է ունենա, իր մեջ մանանեխի հատիկը պետք է աճեցնի, որպեսզի իր հավատքը ապրելով, կարողանա թթխմորել շրջապատի մարդկանց: Մեր ապրած քրիստոնեությունը և խոսքը կարող է դառնալ թթխմոր մեր տանը, աշխատանքի վայրում, և հասարակության մեջ: Եթե ճշմարիտ քրիստոնյա է;
Սիրելիներ, բոլոր չորս առակները, որ պատմեց մեր Տէր Հիսուս Քրիստոս, մեզ մտածելու լայն հնարավորություն է տալիս մեր կյանքը կարգավորելու հարցում: Սերմը արդեն ցանված է, քանի որ բոլորս ենք ճանաչում Աստծուն: Եթե մեր արտի ցորենի մեջ որոմ կա, Տէրը չի միջամտում, մինչև հնձի ժամանակը հասնի: Քանի որ բոլոր զգուշացումները տրված են և մենք ազատ ենք մեր կյանքը տնօրինելու հարցում:
Իսկ երբ գա հնձի ժամանակը՝ Երկրորդ Գալուստը, յուրաքանչյուրս պատասխան կտանք մեր արտի, մեր մանանեխի հատիկի և մեր թթխմորի համար և ըստ այդմ էլ կարժանանանք կա՛մ երկնքի արքայությանը, կամ հավիտենական տանջանքին: Անշուշտ հաշվի կառնվի մարդու կյանքի փորձությունները և Աստծուն ապավինելու մարդու բոլոր ձգտումները:
Ծովեզերքի այս գեղեցիկ հանդիպումը Հիսուս Քրիստոսի հետ ավարտվեց: Արձակեց ժողովրդի բազմությանը՝ ամենքի սրտում Աստծու խոսքի սերմը ցանելով: Տուն վերադարձավ Հիսուս Քրիստոս, բայց ո՛չ թե հանգստանալու համար, այլ՝ պատասխանելու աշակերտների հարցերին, որոնք չէին հասկացել որոմների առակի իմաստը: Մեկնի՛ր մեզ համար որոմների առակը, ասացին աշակերտները: Եվ Հիսուս նրանց բացատրեց առակի խորհուրդները, ասելով՝ Բարի սերմ սերմանողը Մարդու Որդին է, իսկ արտը՝ այս աշխարհն է: Բարի սերմը արքայության որդիներն են, իսկ որոմը՝ չարի որդիներն են: Իսկ թշնամին, որ որոմ ցանեց՝ սատանան է; Հունձը այս աշխարհի վախճանն է, և հնձողները հրեշտակներ են: Մարդու Որդին կուղարկի հրեշտակներին և նրանք կհավաքեն նրանց, որոնք անօրենություն են գործում և կգցեն բոցավառ հնոցի մեջ: Իսկ վերջում մենք լսում ենք մեզ շատ ծանոթ մի զգուշացում, թե՝ Այնտեղ կլինի լա՛ց և ատամների կրճտում…
Սիրելիներ, ամեն ինչ զգուշացնելուց հետո, Տէր Հիսուս տալիս է մի եզրակացություն, որը նման է մի արդար դատավճռի, ասելով՝ - Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը: Ով ականջ ունի լսելու, թող լսի…
Միակ Արդար Դատավորը, որն անաչառ է դատավճիռ կայացնելիս, Տէր Հիսուս Քրիստոսն է, որը դարերով զգուշացնում է, չի միջամտում, հարգում է մարդու ազատ իրավունքը: Սակայն այդ ժամանակը անսահման չէ, որովհետև երբ հասունանում է ցորենը, այն պետք է քաղվի: Շատ բազմաշերտ էր մեր այսօրվա սերտողությունը, բայց նաև սովորելու դասն էլ բավական էր: Մնացեք սիրով՝ թող ձեր թթխմորը խմորի ձեր շրջապատի մարդկանց ալյուրի երեք չափերը:
Հարց. Ի՞նչ էր նշանակում այլուրի երե՛ք չափերը: Գրեք ձեր մեկնաբանություններում:
Տեղեկութիւններ
Սիրելիներ, մենք երեկ ավարտեցինք յոթ մահացու մեղքերի շարքը: Սակայն եկեղեցու Վարդապետներն ուսուցանում են, որ յուրաքանչյուր մեղքի հաղթահարման լավագույն ճանապարհը նրան հակադիր առաքինությունը գործելն է: Հպարտության դեմ պետք է պայքարել խոնարհություն դրսևորելով, նախանձի դեմ՝ կամեցողություն, բարկության դեմ՝ հեզություն եւ համբերություն, իսկ ծուլության դեմ՝ հոգեւոր ջանասիրություն եւ հնազանդություն: Ագահությունը պետք է մարել ողորմածությամբ, որկրամոլությունը՝ պահքով, իսկ բղջախոհությունը՝ ողջախոհությամբ: Հետևաբար մենք վաղվանից կծանոթանանք մահացու մեղքերի՝ հակադիր առաքինությունների հետ, նորից սկսելով առաջին մեղքի հակադիր առաքինությունից: Հպարտություն- խոնարհություն: