ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Բղջախոհություն
Այսօր ձեզ կծանոթացնեմ բղջախոության մեղքի հետ, որը յոթներորդ և վերջին մեղքն է յոթ մահացու մեղքերից.
Բղջախոհությունը որկրամոլության ծնունդն է եւ մեղքի զարգացման ամենաբարդ ու դժվար հաղթահարելի աստիճանը: Այն մարդու ամոթալի կապվածությունն է մարմնի հետ, որ գործում է ոչ միայն զգայարանների, այլեւ հոգու զորությունների՝ մտքի եւ տրամաբանության, հիշողության ու երեւակայության, հույզերի եւ զգացմունքների ստորակարգ չարաշահումով: Ոչ մի մեղք այնքան չի զարգացել ու սերտաճել ներկայիս քաղաքակրթության հետ՝ նրա մշակույթի բաղկացուցիչ մասը դառնալով, որքան բղջախոհությունը: Ավելին, այն, իբրեւ ժառանգական հատկանիշ, աճում եւ աղետալի չափերի է հասնում: Սեռական ակտիվությունն ու հետաքրքրությունը աստիճանաբար սկսում են դրսեւորվել առավել ցածր տարիքում: Մինչդեռ սեռական հեղափոխության ջատագովները շարունակում են հեղեղել ողջ աշխարհը հնարավոր բոլոր միջոցներով:
Բղջախոհությունը, կոչվելով տարբեր անուններով, իբրեւ արտոնված եւ խրախուսվող երեւույթ, սպառնում է մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք եւ հաղթահարելով նախապաշարումներն ու ավելորդ ամոթը՝ համարվել օրինաչափ եւ օգտակար: Սատանան թերեւս երբեք մարդկության հանդեպ ավելի մեծ հաղթանակ չի տոնել եւ երբեք այնքան չի ստորացրել մարդուն, որքան այսօր: Կարելի է ասել, որ մենք այժմ ապրում ենք բղջախոհության դարաշրջանում, որը, լինելով մահացու մեղքերից վերջինը, ասես խորհրդանշում է նաեւ այս դարաշրջանի վախճանական լինելը:
Բղջախոհությունը պոռնկական խորհուրդների միջոցով մշտապես ծառայել է չարին իբրեւ հզորագույն միջոց՝ քրիստոնյաներին փորձության ենթարկելու համար: Քանզի սատանան լավ գիտե, թե այն որքան է տկարացնում աստվածպաշտության ընթացքը, պղտորում ու պղծում սիրտը՝ խավարեցնելով մտքի պայծառությունը եւ մարդուն հեռացնելով Աստծուց: Ուստի ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է մշտապես պայքարել բղջախոհության, ինչպես նաեւ բոլոր մյուս մահացու մեղքերի դեմ՝ ձգտելով ամբասիր լինել այս բազմաշերտ փորձությունների հորձանուտում եւ անմասն մնալ սատանայի գործերին:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 22.1-12
Եսայու մարգարեությունը 56.6-7
Թուղթ եբրայեցիներին 11.32-40
Ավետարան ըստ Ղուկասի 12.4-9
Ավետարան ըստ Մատթևոսի 13:24-30
ՈՐՈՄԻՆ ԱՌԱԿԸ
24 Ուրիշ առակ մըն ալ յառաջ բերաւ անոնց ու ըսաւ. «Երկնքի թագաւորութիւնը նմանեցաւ մարդու մը, որ իր արտին մէջ բարի սերմ ցանեց։ 25 Երբ մարդիկ կը քնանային իր թշնամին եկաւ ու ցորենին մէջ որոմ ցանեց եւ գնաց։ 26 Երբ խոտը բուսաւ ու պտուղ բերաւ, անկէ յետոյ որոմն ալ երեւցաւ։ 27 Ուստի տանտիրոջ ծառաները մօտեցան ու իրեն ըսին. ‘Տէ՛ր, չէ՞ որ դուն քու արտիդ մէջ բարի սերմ ցանեցիր. ուրեմն որոմը ուրկէ՞ է’։ 28 Անիկա ըսաւ անոնց. ‘Թշնամի մարդ մը ըրած է ատիկա’։ Ծառաները իրեն ըսին. ‘Հիմա կ՚ուզե՞ս որ երթանք զանոնք քաղենք’։ 29 Ան ալ ըսաւ. ‘Ո՛չ, չըլլայ թէ որոմը քաղած ատեննիդ ցորենն ալ անոր հետ փրցնէք։ 30 Թող տուէ՛ք որ երկուքն ալ մէկտեղ աճին մինչեւ հունձքի ատենը։ Եւ հունձքի ատենը հնձողներուն պիտի ըսեմ. ‘Առաջ որոմը քաղեցէք, խուրձ խուրձ կապեցէք այրելու համար, իսկ ցորենը իմ ամբարս ժողվեցէք’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելիներ: Եկեղեցական օրացույցը մեզ հիշեցնում է, որ երեկ ավարտվեց առաջին ձմռան քառասուն օրերը և սկսվեց երկրորդ ձմռան հիսուն օրերը: Իսկ ձմեռը շատ նպաստավոր է ընթերցանության համար, հատկապես Սուրբ Գրքի, որի ամեն խոսքը ուղղիչ, դաստիարակիչ և նորոգիչ է: Պողոս առաքյալն էլ էր այդ խոսքերով կրթում իր աշակերտներին ու ժողովրդին, ասելով՝ Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։ Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի։ Տիտ.2:11
Տեր Հիսուս իր խոսքերով ժողովրդին հորդորում էր սիրով, հակառակվողներին հանդիմանում էր ամենայն խստությամբ, նպատակ ունենալով խոսքը տեղ հասցնել մարդու օգուտի համար: Սերմնացանի առակի մասին բավական հանգամանալից խոսեցինք երկու սերտողությամբ, առակի միջոցով ճանաչեցինք մեզ և մեր սիրտը՝ Աստծու խոսքի սերմը ընդունելու կարողության վերաբերյալ: Տէր Հիսուս Քրիստո նախ Սերմնացանի առակը բացատրեց իրեն լսողներին, հետ խոսեց որոմների առակի մասին, որին անդրադարձել է միայն Մատթևոս ավետարանիչը: Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, որ Տէր Հիսուս ամեն կերպ կամենում է բացատրել Երկնքի Արքայության գաղտնիքը՝ և աշխարհի վախճանը՝ տպավորիչ առակներով:
Երկնքի արքայությունը համեմատում է մի մարդու հետ, որը իր արտի մեջ բարի սերմ է ցանել: Այսինքն սա սերմնացանի վերջին՝ պարարտ հողն է, որի մեջ սերմը անպայման պտուղ է տալիս: Բայց նաև ասում է, որ նույնիսկ բարի սերմ ցանողի արտում նրա թշնամին եկավ, ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց; Նախ տեսնենք, թե ո՞վ է մարդու թշնամին, ե՞րբ է գալիս թշնամին , և ո՞րն է նրա գալու նպատակը: Մեր թշնամիները երեքն են՝ աշխարհը (լայն իմաստով), սատանան և մեր մարմինը իր ցանկություններով; Իսկ ե՞րբ է գալիս թշնամին: Գալիս է այն ժամանակ, երբ վերանում է նախանձախնդրությունը: Երբ մարդիկ թուլանում են իրենց հոգևոր արթնության մեջ, տրվում են հանգստի և ամենուր նվազում է նախանձախնդրությունը: Իսկ թշնամու նպատակը միշտ նույնն է՝ վնասել, հեռացնել, ապակողմնորոշել, հուսահատեցնել, հիասթափեցնել կործանել և այլն:
Որոմների առակը Տէր Հիսուս պատմում էր հրեա ազգին, հասկացնելու համար նրանց, որ մի անգամ դուք ունեցաք բարի սերմ: Եվ երբ կորցրիք ձեր արթնությունը և ձեր նախանձախնդրությունը, թշնամին եկավ և որոմ ցանեց ձեր բարի սերմերի մեջ:
Այստեղ մենք ավելի շատ մտահոգվելու կարիք ունենք, քան հրեաները, քանի որ մենք՝ հայերս կարծում ենք, թե մեր հողում բարի սերմ է ցանվել ժամանակին և այդ սերմը բարի պտուղ է տալու առանց ջանք թափելու: Այսօր որոմը այնքան է բարձրացել հայոց արտերում, որ ցորենը գրեթե չի երևում: Նույն պատճառով էլ մեզ մոտ է այս աղետը պատահել: Տարիներ շարունակ մենք տրվել ենք հանգստի, կորցրել ենք մեր նախանձախնդրությունը Աստծու խոսքի բարի սերմի նկատմամբ, հողի նկատմամբ և առհասարակ հավատացյալ հոտի նկատմամբ: Իսկ թշնամին երբեք չի հանգստանում և պարարտ հող է փնտրում, որպեսզի որոմ ցանի: Ապառաժ ու փշոտ հողերի համար շատ չի մտահոգվում սատանան, քանի որ այդ հողերը արդեն բարեբեր չեն: Նրա ուշադրությունը պարարտ հողն է, որ գա ու որոմ ցանի: Հետևաբար մենք հասկացանք, որ թշնամին գալիս է այն ժամանակ, երբ մենք քնած են:
Նույնիսկ երբ մենք մեր անձնական օրինակին հետևենք, այս առակը առավել հասկանալի կդառնա, թե երբ է գալիս թշնամին, և մի օր էլ տեսնում ենք, որ որոմը բարձր է ցորենից: Ամենատարածված պատճառաբանությունը վերցնենք մեր կենցաղից: Կիրակի օրերը բոլոր պատճառաբանում են, որ հանգստյան օր է պետք է քնել: Եկեղեցում Պատարագ է մատուցվում, աղոթք է արվում, Աստծու անունն է փառաբանվում, իսկ մարդը քնած է հարմարավետ անկողնում: Ես նախորդ անգամ էլ ձեզ ասացի, և չեմ դադարելու անվերջ ասելուց, որ, երբ Աստծու խոսքը անտեսվում է, այդ ժամանակ արտում ցորենը դառնում է որոմ: Մեր բոլոր գործերի հիմքում պետք է նախանձախնդրություն լինի տվյալ գործի նկատմամբ: Սրա բացակայության պատճառով ավերներ են լինում:
Ընտանիքի օրինակը վերցրեք, որը դարձյալ մեր հասարակության ցավոտ վերքի օջախներից մեկն է: Երբ ամուսինը, որը տան գլուխն է, նախանձախնդիր է ընտանիքի ամրության հանդեպ, մայրը՝ որի գլուխը ամուսինն է, նախանձախնդիր է ընտանիքի կենցաղային հոգսերի նկատմամբ, և երկուսը միասին ուշադիր և հոգատար են երեխաների նկատմամբ, այդ ընտանին չարը չի մոտենա, որովհետև տեսնում է որ ամուսնու գլուխը Քրիստոսն է, իսկ կնոջ գլուխը՝ ամուսինն է: Երեխաները այլ բան չեն կարող սովորել այդ տանը:
Ավետարանն ասում է, - երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց նաև որոմը: Ուշադրություն դարձրեք, որ ասում է երբ ցորենը պտուղ տվեց, ապա երևաց որոմը: Մասնագետներն ասում են, որ արտաքին տեսքով որոմը շատ նման է ցորենին: Նրանք չեն տարբերվում այնքան ժամանակ մինչև գալիս է պտղի ժամանակը: Ցորենը տռուզ է և ծանր է, իսկ որոմը թեթև է իր քաշով ցորենից: Դրա համար է Տէր Հիսուս ասում, որ ձեռք մի՛ տվեք, քանի որ կարող եք չճանաչելով վնասել նաև ցորենը: Որոմի կեղծ նկարագիրը հասկանալու համար նայենք աշխարհի արտին, որտեղ մեր Տէր Հիսուս Քրիստոս բարի սերմ է ցանել: Աշխարհի անտարբերության և նախանձախնդրության պակասի պատճառով սատանան առատորեն որոմ է ցանել աշխարհի Տիրոջ արտում: Միայն նայեք քրիստոնեության մեջ կատարված բաժանումներին, պատկերը պարզ կլինի: Հազարավոր աղանդներ, բողոքականներ, և տարատեսակ հարանվանություններ, բոլորն էլ Քրիստոս են քարոզում, և նման են Քրիստոս քարոզող այլ խմբավորումների: Այսպես, որ երբեմն անկարելի է հասկանալ, որն է օրիգինալը: Տէր Հիսուս ասաց, - Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը: Վերը նշեցի, որ միայն հնձի ժամանակ է հայտնի դառնում որոմի և ցորենի տարբերությունը: Ցորենը միշտ ծանր է, քանի որ լիքն է մեջը, իսկ որոմը՝ ինչպես որ կեղծ խոսքը դատարկ է և թեթև: Ցորենը օգտակար է գործածության համար իսկ որոմը անպետք է և վնասակար:
Սիրելիներ, արտը աշխարհն է, որի Տէրը Հիսուս Քրիստոսն է: Թշնամին սատանան է, որը մեր թույտվությամբ է մտել Տիրոջ արտի մեջ և որոմ ցանել: Բայց այս բոլորը գրվել է, որ մարդու որոմ տեսակը կարողանա Աստծու ողորմությամբ և ջանքերի շնորհիվ դառնա ցորեն: Չէ՞ որ Տէրն ասաց, թե՝ ի՛նչ պատահելու որոմի հետ երկրորդ գալուստին, ուղղակի խուրձեր են կապելու և տանելու են այրելու:
Որոմների առակը մեզ սովորեցնում է սատանայի կեղծիքի նմանակումը, որը կարող է իրականից չտարբերվել և մենք այդտեղ է, որ միշտ սայթաքում ենք:
Առակը մեզ սովորեցնում է հաճախ հիշել Երկրորդ Գալուստի մասին, քանի որ այդ ժամանակ է զանազանելու որոմը ցորենից, այսինքն՝ վերջնական պտղից:
Առակը մեզ սովորեցնում է, որ թշնամին առանց քո թույլտվության չի կարող մտնել քո արտը:
Առակը մեզ սովորեցնում է նաև, որ այսօ՛ր է քո ժամանակը որոմը ցորենի փոխելու և վերստին նորոգվելու:
Սուրբ Գրքի հրաշքներից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տալիս որոմը ցորեն դարձնել:
Ժամանակ է տալիս, որ մեր հավատքի լապտերի ձեթերը լցնենք և հավելյալ ձեթ ունենանք Տիրոջն սպասելիս:
Սիրելիներ Աստծո խոսքի բարի սերմը թանկ գնով տրվեց մարդկությանը, որպեսզի մարդիկ խաղաղությամբ ապրեն միասին: Սակայն մարդիկ կրոնը դարձրին միակ բաժանման պատճառը, իրենց անհասկացողության պատճառով: Որովհետև հպարտությունից կարծեցին, թե Աստված միայն իրենց է հանձնարարել փրկության Ավետարանի քարոզությունը, և մնացածը սխալ են: Միայն իրենք կարող են ճշմարի Քրիստոս քարոզել, մնացածը սխալ են: Իսկ Ավետարանն ասում է նայեք գործերին և նպատակի արդյունքին: Չէ՞ որ ցորենը տռուզ է և ծանր, իսկ որոմը՝ սնամեջ: Երկու հազար տարի է արդեն որ կա սիրո կրոնը՝ քրիստոնեությունը, բայց չկա խաղաղություն: Կրոնները զանազան են, որոշները նման են միմյանց արտաքինով, Բայց Քրիստոս Մեկն է: Շատ հաճախ է մեկը մյուսին աղանդավոր պիտակում, չտարբերելով նրա ուսմունքը մյուսից: Մեկը մեկին դատավոր է դառնում, իրեն համարելով միակ միջնորդը՝ Աստծու և մարդու միջև:
Իսկ Ավետարանը դարձյալ հիշեցնում է մեզ աշխարհի ավարտի մասին, որ գործերով է հայտնի դառնալու մարդու հավատարմությունը Քրիստոսի նկատմամբ: Աստված մարդուն որպես բարի սերմ տնկեց աշխարհի արտի մեջ, իսկ թշնամին եկավ և ստի սերմը ցանեց այդ բարի սերմի վրա, որպեսզի հեռացնի մարդուն Աստծուց: Ուրեմն, սիրելիներ հետայսու միայն Աստծուն խնդրենք, որ բացատրի, մեր կյանքի առակները, թե՝ ինչո՞ւ է այսպես պատահում մեզ հետ, այնպե՛ս ինչպես հարցրին աշակերտները, որ իրենց բացատրի: Երկու բան երբե՛ք չանենք մեր կյանքում: Մեկը՝ փորձության ժամանակ չպայքարենք չարի հետ՝ առանց Աստծու խոսքի, ապավինելով մեր ճարպկությանը: Երկրորդ՝ մեզ հետ պատահած փորձությանը չշտապենք տալ գնահատական, առանց Աստծու խոսքով վերլուծելու: Գուցե այն ինչը մենք պատիժ ենք համարում, օրհնություն է մեզ համար: Կամ հակառակը: Մնացեք սիրով: Այսօ՛ր կայացրեք որոշում՝ որոմը ցորեն դարձնելու:
Հարց. Դու զանազանո՞ւմ ես քո արտի մեջ ցանած ցորենն ու որոմը: