ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Որկրամոլություն
Այսօր ձեզ կծանոթացնեմ որկրամոլության մեղքի հետ, որը վեցերորդն է յոթ մահացու մեղքերի մեջ:
Որկրամոլությունը ագահության դրսեւորումն է՝ մարմնի գոյության համար անհրաժեշտ սննդառության ոլորտում: Այն արտահայտվում է համեղ ուտեստների հանդեպ հիվանդագին կապվածությամբ: Այս արատն այնքան է սերտաճել մեր բնության հետ, որ հաճախ դժվարությամբ է զանազանվում բնական եւ անհրաժեշտ սննդառությունից: Այն չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում, սկզբունքորեն հիմնված են համի հաճույքի անկաշկանդ ավելացման վրա: Իսկ վերջինս ստիպում է չարաշահել նաեւ սննդի քանակը, որը հանգեցնում է ավելորդ, հաճախ վնասակար կուտակումների: Արդյունքում առաջանում են բազմաթիվ ստորակարգ կրքեր, որոնք աշխարհը համարում է նույնքան բնական եւ շտապում բավարարել բոլոր միջոցներով: Որոշ առումով՝ ողջ քաղաքակրթությունը ծառայում է մարդկային ստամոքսին՝ ըստ նրա քմահաճության կերտելով սերունդների գիտակցությունը: Մինչդեռ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա գիտե, թե կուշտ լցված ստամոքսն ինչպես է բթացնում սիրտը եւ հեռացնում աղոթքից, մարդուն դարձնում քնկոտ ու ծույլ, անընդունակ հոգեւոր խոկման եւ վսեմ խորհուրդների, իսկ այդ պատճառով առաջացած կրքերը՝ գրեթե անհաղթահարելի:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Իմաստություն Սողոմոնի 6.12-21
Եսայու մարգարեությունը 18.7-19.7
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 4.10-5.5
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
Ավետարան ըստ Մատթևոսի 13:11-23
10 Աշակերտները մօտենալով՝ ըսին իրեն. «Ինչո՞ւ համար առակներով կը խօսիս անոնց»։ 11 Ան ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Անոր համար՝ որ ձեզի տրուած է գիտնալ երկնքի թագաւորութեան խորհուրդները, բայց անոնց տրուած չէ։ 12 Վասն զի ով որ ունի, անոր պիտի տրուի ու պիտի աւելնայ եւ ով որ չունի, ունեցածն ալ անկէ պիտի առնուի։ 13 Անոր համար առակներով կը խօսիմ անոնց, որ կը տեսնեն՝ ու չեն տեսներ եւ կը լսեն՝ ու չեն լսեր ու միտք չեն առներ։ 14 Անոնց վրայ պիտի կատարուի Եսայի մարգարէութիւնը որ կ՚ըսէ. ‘Լսելով պիտի լսէք ու պիտի չիմանաք։ Տեսնելով պիտի տեսնէք ու պիտի չտեսնէք’։ 15 Վասն զի այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ եւ իրենց ականջներովը ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին, որպէս զի չըլլայ թէ աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան եւ ես զանոնք բժշկեմ։ 16 Բայց երանի՜ է ձեր աչքերուն, որոնք կը տեսնեն ու ձեր ականջներուն, որոնք կը լսեն, 17
Քանզի ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ շատ մարգարէներ եւ արդարներ փափաքեցան ձեր տեսածները տեսնել ու չտեսան եւ ձեր լսածները լսել՝ ու չլսեցին»։
18 «Հիմա դուք սերմ ցանողին առակը լսեցիք։ 19 Ամէն ով որ թագաւորութեան խօսքը կը լսէ ու միտք չառներ, չարը կու գայ ու անոր սրտին մէջ ցանուածը կը յափշտակէ։ Ասիկա այն է որ ճամբուն քով ցանուեցաւ։ 20 Ապառաժուտ տեղերու վրայ ցանուածը այն է որ երբ լսէ խօսքը, շուտ մը ուրախութեամբ կ՚ընդունի զանիկա։ 21 Բայց իր մէջ արմատ չունենալով, քիչ ժամանակ կը տեւէ ու երբ նեղութիւն կամ հալածանք ըլլայ խօսքին համար, շուտ մը կը գայթակղի։ 22Փուշերուն մէջ ցանուածը այն է որ երբ կը լսէ խօսքը, աշխարհիս զբաղմունքը եւ հարստութեան խաբէութիւնը խօսքը կը խեղդեն ու կ՚ըլլայ անպտուղ, 23 Իսկ աղէկ հողի մէջ ցանուածը այն է որ երբ լսէ խօսքը, միտք կ՚առնէ եւ պտուղ կու տայ, ո՛րը հարիւր, ո՛րը՝ վաթսուն ու ո՛րը՝ երեսուն»,
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Մենք երեկվա սերտողության մեջ անդրադարձանք Սերմնացանի առակի որոշ մանրամասների, որոշ պատճառների և հիմնական հետևանքներին; Սակայն առակը չավարտվեց և մենք դարձյալ հարցեր ունեցանք առակի վերաբերյալ այնպես, ինչպես որ ունեցան հարցեր Քրիստոսի աշակերտները, առակը լսելուց հետո: Ցանկացած քրիստոնյայի մտքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այսօր Աստծու խոսքը թույլ ազդում մեզ վրա: Ինչո՞ւ հնում քրիստոնյաներն ավելի զգայուն էին Աստծու խոսքի նկատմամբ: Ինչո՞ւ Աստծու նույն խոսքը նույն կերպ չի ազդում մարդկանց սրտերի վրա: Ինչո՞ւ նույն քարոզը լսող երկու մարդ ամբողջովին տարբեր ընկալում են ունենում: Այսպիսի հարցեր առաջանում են բոլորիս մոտ և բնական է, որ առաջանում են:
Առաջին խոչնդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծու խոսքն աճի և հասունանա մարդու սրտում, ծուլությունն ու անփութությունն են: Հիսուս Քրիստոս Իր սերմնացանի առակում այս մասին ասում է,- Մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին: Ճանապարհը խորհրդանշում է ծույլ ու անբան մարդու սիրտը: Ինչպես ճանապարհին թափած սերմն է անցորդների ոտքի կոխան դառնում, այնպես էլ ծույլ ունկնդիրը ուշադրություն չի դարձնում Աստծու խոսքին: Մի գեղեցիկ առակ կա այս թեմայի վերաբերյալ, որն ասում է.
Մի հույն վարդապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր Աստվածաշնչի կարևորագույն գլուխների մասին։ Այդժամ նա սկսում է պատմել մի հորինած պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա։ Երբ կեսօրին արևն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի ներքո, սակայն վիճելով՝ սկսում են հրմշտել իրար ստվերի համար։ Պատանին ասում է, որ ինքն է վարձել ավանակին, ուստի նրա ստվերը ևս իրեն է պատկանում, իսկ տերը, թե՝ վարձով է տվել առանց
ստվերի։ Պատմելով այսքանը՝ վարդապետը թողնում է իր տեղը, որ հեռանա, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան՝ պահանջելով, որ ավարտի պատմությունը և ասի, թե ինչպես լուծվեց վեճը։
Այդժամ վարդապետը ծիծաղում է և ասում. «Ի՜նչ մարդիկ եք դուք։ Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ ձեր հոգու փրկության մասին՝ ոչ»։
Այդպիսին են որոշ քրիստոնյաներ. երբ նայում են, լսում կամ կարդում ունայն բաներ, բնավ չեն ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր։ Իսկ Աստծո խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունեն։
Մյուս խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծո խոսքն արմատավորվի մարդկանց սրտերում և պտղաբերի, խստասրտությունն է։
Հիսուս Քրիստոս խստասիրտ մարդկանց նմանեցնում է քարերի, ասելով,- Եվ մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, չորացավ, խոնավություն չլինելու պատճառով; Ինչպե՞ս է մարդը դառնում քարի նման:
Անշո՛ւշտ, մեղքի մեջ հարատևելով: Այսինքն երբ մարդը վարժվում է անօրեն գործերի, չի լսում ո՛չ խղճի խայթոցները, ո՛չ էլ քարոզիչների հանդիմանությունները:
Երրորդ խոչընդոտը կենցաղային հոգսերն ու հաճույքներն են։ Փրկիչը այս ամենը արտահայտեց «փշեր» բառով. «Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին»։
Քիչ չի պատահում, երբ մարդիկ խանդավառությամբ, երբեմն էլ արցունքով են իրենց մեջ ընդունում Աստծո խոսքը, թվում է՝ ուզում են մաքրագործվել մեղքերից ու ճշմարիտ ուղի գտնել։ Հետագայում, սակայն, չցանկանալով զրկվել որևէ ժամանակավոր բարիքից կամ էլ ցանկանալով առավել բազմապատկել հարստությունը՝ իրենց հոգևոր տկարության պատճառով մնում են այնպիսին, ինչպիսին եղել են։ Ուստի Տերն ասում է.
«Չե՛ք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. 6: 24)։ Մանավանդ մարմնական կրքերն ու արծաթասիրությունը թույլ չեն տալիս, որ Աստծո խոսքը պտղաբերի մարդու սրտում։
Սրանք են փրկարար սերմերի՝ Աստծո խոսքի ընդունման և հոգում պահելու հիմնական խոչընդոտները։
Սերմնացանի առակի մեջ չորս ուշագրավ ուղղություններ կան, Սերմնացանը, սերմը, հողը և պտուղը: Գյուղացի սերմնացանը ցորեն է ցանում և հացը այդքան կարևոր է մեր ժամանակավոր կյանքի համար: Առակի Սերմնացանը, որ Տէր Հիսուսն է, մեզ ասում է, որ միայն հացով չի ապրի մարդ, այլ Աստծու ամեն խոսքով: Ուրեմն որքան կարևոր է հոգևոր հացը մեր հավիտենական կյանքի համար: Այսինքն նյութական հացը մեր կյանքն է ապահովում, իսկ հոգևոր հացը՝ մեր հավիտենականությունը: Տէր Հիսուս մեզ պատվիրում է դառնալ սերմնացաններ և Իր խոսքի սերմը ցանել ամեն տեսակ հողի մեջ, որովհետև աճեցնողը Ինքն է: Չէ՞ որ առակի մեջ բոլոր սերմերը չընկան պարարտ հողի մեջ, մի մասն էլ այլ տեղերում ընկան: Միայն Աստված գիտե մարդու սրտի վիճակը՝ սերմն այնտեղ ընկնելուց հետո:
Հողագործության մեջ ամեն մարդ գիտե, որ սերմը ցանելու համար ակոս են փորում սերմը դնում են այնտեղ և ծածկում են հողով: Եթե չծածկեն, երկնքի թռչունները կգան և սերմը կտանեն: Իսկ սերմ տնկողը ակնկալիք ունի և հույսեր ունի այդ բերքի հետ կապված: Մենք էլ մեր սիրտն ընկած Աստծու խոսքի սերմը որ չպահենք ամուր, չարը կգա և կհանի մեր սրտից այդ փրկարար խոսքը:
Սիրելիներ նույնիսկ քրիստոնյաների մեջ կան ապառաժ սրտով հավատացյալներ, որոնք չեն մշակում իրենց սիրտը, և Աստծու խոսքը արագ տեղ է գտնում այնտեղ և արագ էլ մոռացվում է, քանի որ պնդության պատճառով արմատներ չի գցում սրտի մեջ: Պատահած փորձությունից առաջին մոռացվողը Աստծու խոսքն է լինում: Քրիստոնյաների մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնք նման են փշերով պատած հողին: Սրանք այն մարդիկ են, որոնք չեն հարատևում բարի գործերի մեջ, աղոթքի մեջ, ողորմության մեջ: Երբեմն աղոթում են, երբեմն բարիք են գործում, տարին մեկ երկու անգամ Պատարագ են գնում, այսինքն հոգևոր կյանքը հաճույք ստանալու պես մի բան է: Եկեղեցում իրենք լավ են զգում, սրբապատկերները հաճելի են իրենց համար, մոմ վառելը հատուկ արարողակարգ է, նյութական օրհնությունները կարևոր տեղում են, և դրանով բավարարում են իրենց հոգևոր կյանքը:
Սիրելիներս, յուրաքանչյուրս ունենք մեր հողը, որ մեր սիրտն է: Բոլորս գիտենք, որ սերմը ցանելու հետո, սերմի հետ միասին աճում է նաև մոլախոտ, թեպետ մենք չենք ցանել այն: Մոլախոտը ժամանակին պետք է քաղհանել, այլապես կխեղդի մեր նորելուկ բույսին: Պատկերացրեք, եթե մենք աղոթքի ժամանակ ցրված ենք և մտքով անուշադիր, մեր հողի մեջ այդ պահին որոմ է աճում: Նույնը տեղի է ունենում ողորմություն անելիս, երբ շեփոր ենք հնչեցնում մեկին օգնելու ժամանակ: Այլ խոսքով՝ ցորենը արտում որոմ է դառնում, երբ Աստծու խոսքը մարդուն չի փոխում; Մեր Տէրը պարարտ հողի մասին խոսելիս, տարբեր արդյունքների մասին խոսեց, 30,60, և 100:
Սա նշանակում է, որ Աստծո խոսքի սերմը միշտ նույնն է, բայց հողերն են տարբեր: Նույն սերմը տարբեր հողերից տարբեր արդյունք է ստանում:
Օրինակ խաչի վրա երկու ավազակներն էլ լսեցին Քրիստոսի նույն խոսքերը, որ խոսում էր Երկնավոր Հոր հետ՝ մարդկանց ներելու մասին; Ավազակներից մեկի հողը պարարտ գտնվեց, մյուսինը՝ ոչ:
Քրիստոս չմեղադրեց իրեն մեղադրող ավազակին, բայց պատասխանեց աջակողմյան ավազակին և դրախտ խոստացավ:
Ամփոփելով մեր միտքը, եկանք այն եզրակացության, որ Աստծո միևնույն խոսքը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է ունենում նաև այն պատճառով, մարդկանց հավատքն է տարբեր:
Մարդը ազատ է: Միայն աստված է, որ չի ոտնահարում մարդու ազատ իրավունքները:
Թող Աստված կամենա, որ այսօրվա Աստծու խոսքի սերմը գտնի իր պարարտ հողը և պտուղ տա Տիրոջ կամքի համաձայն: Իսկ մեր պարտականությունը սերմը ցանելն է:
Սիրելիներ, Երբ Փրկիչ է աշխարհ եկել, ուրեմն խեղդվողներ կան: Երբ խոսվում է բժշկության մասին, ուրեմն հիվանդություններ կան: Երբ խոսվում է քավության մասին, ուրեմն մեղքեր կան: Հանձն առնենք, որ խեղդվող ենք, հիվանդ ենք, մեղավոր ենք և մեզ Փրկիչ է պետք, որի Անունն է Հիսուս Քրիստոս:
Մենք հիմա ապրում ենք երանելի ժամանակներում: Աստվածաշունչ կարդալը ազատ է, եկեղեցի գնալը ազատ է, քարոզ լսելը հնարավոր է, մենք կարող ենք մեր կյանքը դասավորել բարոյական արժեքների վրա, և մեր ձեռքի տակ ունենք այդ պատվիրանները: Տէր Հիսուս աշակերտներին ասում է,- Երանի է ձեր աչքերի, որ տեսնում են, ու երանի ձեր ականջներին, որ լսում են: Որովհետև շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն ի՛նչ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել ա՛յն ինչ դուք եք լսում, բայց չլսեցին: Գիտե՞ք ինչի մասին է խոսում Հիսուս Քրիստոս: Բոլոր մարգարեները գրել են Մեսիայի գալստյան մասին, բոլոր արդար մարդիկ կարդացել և սպասել են Մեսիային: Այդպես սպասելով մահացել են հերթով, չարժանանալով Աստծու տեսությանը, մեկը մյուսին լուր տանելով, որ դեռ չկա՞ր Մեսիան երկրի վրա: Իսկ աշակերտները քայլում, խոսում, լսում են այդ նույն Մեսիային; Դրա համար է երանի տալիս: Մեզ էլ է վերաբերում այս երանին, քանի որ մենք էլ ունենք հնարավորություն առայժմ, բայց կգան ավելի վատ ժամանակներ, որ կզղջանք, որ անտարբեր ենք եղել մեր փրկության Ավետիսը բերողի խոսքին՝ աշխարհի խառնաշփոթի պատճառով:Սերմնացանի առակի միջոցով Հիսուս Քրիստոս մեկ անգամ ևս լուսաբանում է մարդ արարածի իրական կերպարը և բարեպաշտների սակավությունը:
Տէր Հիսուս Քրիստոս, Տիեզերքի Բարի Սերմնացան, Դու առատաձե՛ռն ես պտղատու սերմեր բաշխելու մեջ, օրհնի՛ր մեր ապառաժ սրտերը, մաքրի՛ր մեր փուշ ու տատասկով լցված մտքերը, ուղղի՛ր մեր ճանապարհների ակոսները, որպեսզի թշնամին չգա՛ ու չտանի մեզնից Քո Բարի Սերմը: Արթնացրո՛ւ մեզ՝ ննջածներիս, որպեսզի զարթնենք ու մշակենք մեր քարքարոտ հողը, քանի որ անպտո՛ւղ ենք թզենու պես, չորացա՛ծ ենք որթատունկի ճյուղի պես, որոնց հրամայեցիր կտրել և հնոցը գցել: Մի անտեսիր Քո ձեռքի գործերը, Տէր Հիսուս Քրիստոս, Աստծո համբերատար Որդի, աղաչում ենք Քեզ, և Քո Դավիթ ծառայի պես ասում ենք,- մեր անօրենությունները մենք ինքներս գիտենք և մեր մեղքերը միշտ մեր առջևում են:
Սիրելիներս, նոր ամիսը սկսենք ավելի հոգևոր, քան նախորդն էր: Քրիստոնյան ամեն օր պետք է նորոգվի հոգևոր կյանքում, այլապես տանուլ կտա ապրած կյանքը: Վախենանք ոչ թե մահից, այլ դատարկ կյանքից:
Մնացեք սիրո՛վ, դուք արեք ա՛յն, ի՛նչ որ պարտավոր եք անել, Աստված կանի ա՛յն, ինչ որ խոստացել է: