ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Ագահություն
Այսօր ձեզ կծանոթացնեմ ագահության մեղքի հետ, որը հինգերորդն է յոթ մահացու մեղքերի մեջ:
Ագահությունը անհրաժեշտ ունեցվածքով չբավարարվելու կիրքն է: Որքան մարդը զուրկ է լինում հոգեւորից, այնքան նա իր հայացքը հառում է աշխարհին եւ ակնածում երկրային բարիքներից՝ ձգտելով դրանցով լցնել սեփական հոգու դատարկությունը: Սակայն մարդու կյանքը իր ունեցվածքի կուտակման մեջ չէ, և ոչինչ չի կարող մխիթարել մարդուն, եթե նա չփնտրի երկնքի արքայությունը, քանզի մեր հոգին ստեղծված է ոչ թե անցավոր երկրայինով, այլ երկնային անսպառ շնորհով լցվելու, մինչեւ իսկ՝ անբավելի Արարչին իր մեջ բնակեցնելու համար: Մինչդեռ, դավաճանելով սեփական կոչվածությանը, նախընտրելով նյութական բարիքները եւ տարվելով դրանց խաբուսիկ փայլով, մարդը սկսում է նմանվել անբան կենդանիների:Պողոս առաքյալը ագահությունն անվանում է կռապաշտությունը, քանի որ տարվելով ունեցվածքով և դրա առատությունը դարձնելով կյանքի նպատակ՝ մարդն իր մեջ տեղ չի թողնում երկնային շնորհի համար: Ագահությունը կործանում է ողորմածության ոգին եւ մարդուն անտարբեր դարձնում ուրիշի վշտերի ու կարիքների հանդեպ, ինչով հեռացնում է իրենից նաեւ Աստծո ողորմածությունը: Մարդը դառնում է անպտուղ ծառ:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եսայու մարգարեությունը 63.7-18
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 3.1-12
Ավետարան ըստ Հովհաննեսի 6.22-38
Ավետարան ըստ Մատթևոսի 13:1-9
1 Այն օրը Յիսուս տունէն ելլելով ծովուն եզերքը նստաւ։ 2 Շատ ժողովուրդ քովը ժողովուեցան, այնպէս որ ինք նաւը մտաւ ու նստաւ եւ բոլոր ժողովուրդը ծովեզերքը կայներ էր։ 3 Շատ բաներ խօսեցաւ անոնց առակներով եւ ըսաւ.
4 «Ահա սերմ ցանողը ելաւ որ սերմ ցանէ։ Երբ կը ցանէր, մէկ քանիները ճամբուն քով ինկան եւ թռչունները եկան ու կերան զանոնք։ 5 Ուրիշներ ապառաժուտ տեղերու վրայ ինկան, ուր շատ հող չկար եւ շուտ մը բուսան՝ հողին խորունկութիւն չունենալուն համար. 6 Սակայն արեւուն ծագած ատենը այրեցան ու արմատ չունենալուն համար չորցան։ 7 Ուրիշներ ինկան փուշերու մէջ։ Փուշերը ելան ու խեղդեցին զանոնք։ 8 Ուրիշներ ինկան աղէկ հողի մէջ ու պտուղ տուին ո՛րը մէկուն տեղ հարիւր, ո՛րը՝ վաթսուն եւ ո՛րը՝ երեսուն։ 9 Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ, Աստծու նախախնամությամբ ապրեցինք նաև Հունվար ամիսը, որը մեր հիշողության մեջ Սուրբ Ծնունդով սկսվող տարվա առաջին ամիս է:
Մենք Մատթևոսի Ավետարանը սկսել ենք Հունվարի սկզբից, և ավարտին՝ այսօր հասել ենք 13 րդ գլուխը:
Այսօր միասին կանդրադառնանք բոլորիս կողմից շատ սիրված մի առակի, որի մեջ կգտնենք մեզ անպայման, քանի որ առակը մատնանշում է հավատացյալ մարդկանց չորս տեսակներին:
Այդ չորս տեսակի մարդիկ իրենց կյանքի ընթացքում կամա թե ակամա կարող են իրենց տեղերը փոխել ժամանակի ընթացքում: Օրինակ ապառաժ հող ունեցողը կարող է դառնալ պարարտ հող, իսկ պարարտ հող ունեցողը երբեմն հանգամանքների բերումով, կարող է դառնալ փշոտ հող ունեցող: Անշուշտ միշտ հաճելի է, որ բոլոր հողերը դառնան պարարտ, քանի որ Տէր Հիսուս առատ պտուղ տալու համար չափանիշը սահմանեց հարյուր տոկոսը: Այսինքն ակնկալում է նաև հարյուր տոկոսանոց հավատք, նույնքան ջանք, գործ և արդյունք:
Թե ինչպիսի պտուղ կտա մեր արտը, կախված է բացառապես մեզնից: Երբեմն նույնիսկ կարևոր չէ, թե ո՞վ է խոսում, այլ շատ կարևոր է, թե մենք ինչպե՞ս ենք լսում, ինչպես ենք հասկանում և հատկապես մեր լսածը ինչպես ենք կյանքի կոչում: Անշուշտ հաճելի է, երբ Աստծու խոսքը մատուցվում է սիրով, ապրած, և պարզ: Մնացածը կախված է լսողի ջանքերից ու հոգու փրկության հանդեպ՝ նախանձախնդրությունից:
Սերմնացանի գեղեցիկ առակին անդրադարձել են երեք ավետարանիչներն էլ, բացի Հովհաննեսից:
Նաև նկատել ենք, որ Հիսուս Քրիստոս հաճախ էր խոսում առակներով, երբեմն՝ ասելիքը ավելի պարզ դարձնելու համար, երբեմն՝ ոմանց մտածելու և անդրադառնալու հնարավորություն տալու համար, իսկ այս առակը պատմելուց հետո ասում է, - նրանց համար առակներով եմ խոսում այն բանի համար, որ նայում են ու չե՛ն տեսնում, լսում են ու չե՛ն հասկանում: Իսկ առհասարակ առակները առավել ընդլայնում են մարդկանց մտահորիզոնը: Ինչո՞ւ էր փարիսեցիներից վերցված լսելու և չհասկանալու այդ օգտակար հատկությունը: Կամ ինչո՞ւ ենք հարցը ուղղում միայն փարիսեցիներին; Այսօր մեր ժողովուրդն էլ լսում է հոգևոր խոսքը և չի հասկանում: Լսում է Աստվածաշնչի պատգամները և չի մտահոգվում իր հոգու փրկության համար: Նախընտրում է լսել ականջին հաճելի ամեն ինչ, բայց ո՛չ հոգու փրկության վերաբերյալ Աստծու պատգամներ: Այն ժամանակ էլ Տէր Հիսուս նայում էր մարդկանց ու զարմանում էր, որ լսում են Իրեն և չե՛ն հասկանում հատկապես նրանք, որոնց ուսերին էր այլոց բացատրելու պարտականությունը:
Հիմա որպեսզի ասածս խոսքերը առարկայական լինի և համապատասխանի իրականությանը, այս պահին նայեք մեր ուղիղ եթերին հետևողների թվին: Կամ թեկուզ հետո նայողների թվին: Տեսեք, որ մարդիկ շահագրգռված չեն իրենց հոգևոր դաստիարակության հարցով, մտահոգ չեն իրենց փրկության հարցով: Եթե ես համոզված լինեի, որ Աստվածաշնչի գիտակ է մեծամասնությունը և կարիք չունի հոգևոր խոսք լսելու, ամենևին չէի մտահոգվի, սակայն պատկերը բոլորովին այլ է: Մեղք գործած չեմ լինի, եթե ասեմ, որ առաջին երեք տեսակ հողերին է նման այսօր մեր ժողովուրդը:
Զարմանալի իրականություն է բացահայտում մեզ համար Աստվածաշունչը:
Առաջին մարդու ստեղծումից ի վեր Սերմնացանը ցանում է: Եվայի համար էլ ցանվեց սերմը, բայց երկնքի թռչունը եկավ կերավ այդ ցանածը: Նոյը ցանում էր Աստծո խոսքի սերմը և միաժամանակ Տապան էր կառուցում: Բայց նրա խոսքի սերմը ընկավ ապառաժի վրա, քանի որ հողը խորություն չուներ, խանձվեց ու չորացավ: Այսպես շարունակ Աստված Իր պտղատու սերմերը առատորեն բաշխել է հետագա սերունդների կրթելու համար իր մարգարեների միջոցով, բայց այդ սերմերը ընկել են փշերի մեջ և փշերը բարձրանալով խեղդել են սերմերին: Կարդում ենք, որ քառասուն տարի Մովսեսը անապատում քարոզում էր, ցանում էր Աստծո խոսքի սերմը, Աստված էր առաջնորդում նրանց՝ անապատում, բայց քառասուն օր Մովսեսը լեռը բարձրացավ պատվիրանները բերելու, մարդիկ ստիպեցին Ահարոնին՝ իրենց համար կուռք շինել, որպեսզի երկրպագեին, այդ պատճառով չարժանացան խոստացված երկիրը մտնել:
Այնուհետև Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհը այս իրավիճակը փրկելու համար: Որդին էլ սերմանեց Իր նախասահմանված ժամանակահատվածում, դարձյալ մարդիկ լսում էին և պտուղ չէին տալիս: Այնուհետև Քրիստոսի աշակերտները դարձան մեկական սերմնացան և ողջ աշխարհի համար պատրաստեցին Աստծո սերմի Գրքերը: Մինչև մեր օրերը 2000 տարի է ցանվում է նույն պտղատու սերմերը, սակայն մարդկության հողը բերրի չէ, փշոտ է, և ապառաժ է մինչև մեր օրերը:
Գիտե՞ք ովքեր էին այն բերրի հող ունեցողները, որոնք տվեցին երեսուն, վաթսուն և հարյուր տոկոս պտուղ: Այն մարդիկ էին բոլոր ժամանակներից վերցրած, որոնք լսեցին, հասկացան, փոխանցեցին և իրենք էլ Աստծուն միացան իրենց ապրած կյանքի համար: Գիտե՞ք հիմա ո՞վ է այդ բերրի հողը, որից Աստված պտուղ է ակնկալում, յուրաքանչյուրից իր կարողության չափով: Դո՛ւք եք, որ Աստծու խոսքը վեր եք դասում ձեր անձնական գործերից և շահում եք դարձյալ դո՛ւք, ո՛չ թե Աստված: Ես չեմ պահանջում, որ մարդիկ թողնեն իրենց ամբողջ գործը և միայն քարոզ լսեն, բայց կարող են դա անել իրենց ազատ ժամանակի մեջ:
Իմ մտահոգությունն այն է, որ մարդկանց մոտ ցանկություն չկա, լուրջ մոտեցում չկա սեփական հոգու փրկության հարցում: Ամեն ինչի համար կա, բայց Աստծու խոսքի համար ժամանակ չկա:
Սիրելիներ, մենք շատ ենք ուշացել, շատ ենք բաց թողել: Դրա վառ ապացույցը մեր ժողովրդի հոգևոր վիճակն է: Պատարագին՝ մեր ժողովրդի մասնակցության անտարբերությունն է: Ցանկացած հոգևոր տեսանյութի դիտողների թվի սակավությունն է: Վաղը այսօրվա թշնամին է, մենք այսօր պետք է շտկենք մեր բացթողումը, այսօր պետք է մշակենք և փշերից ու ապառաժից ազատենք աշխարհի հոգսերով լսված հոգին, որը կանգնելու է Տիրոջ Դատաստանի առջև պատասխան տալու: Մենք այս երևույթին ենք անտարբեր աչքով նայում, մտածելով, որ վաղը կապաշխարեմ, վաղը կկարդամ, վաղը կլսեմ և այլն: Իսկ Վաղվա Տէրը նույնպես Աստված է: Սերմնացանի առակի մասին հավանաբար շատ բացատրություններ եք լսել, և ինքներդ կարողացել եք ձեզ տեսնել այդ չորս տեսակի մեջ: Սակայն առակի վերջում Տէր Հիսուս լսողներին նորից հիշեցրեց հայտնի միտքը, թե՝ Ով ականջ ունի, թող լսի: Փառք Աստծուն, բոլոր մարդիկ էլ ականջ ունեն: Բայց Տէր Հիսուս Իր այս հարցով կարծես մարդկանց ականջները նույնպես բաժանեց չորս տարբեր տեսակների:
Ականջ կա, որ խոսքը մեկով մտնում, մյուսով դուրս է գալիս: Ականջ կա, որ խոսքը մտնում է, բայց որոշ ժամանակ անց մոռանում է լսածը: Ականջ կա լսածը պատմում է բոլորին և ինքը ժամանակ անց մոտանում է: Իսկ ակա՛նջ էլ կա, որ ուշադրությամբ լսում է, տեղափոխում է մտքի մեջ, այնտեղից տեղափոխում է սրտի մեջ, դարձնում է սեփական: Հարկ եղած ժամանակ իր սրտի գանձերից տալիս է մարդկանց, և ինքն է օգտագործում, անընդհատ ավելացնելով վրան Աստծու խոսքը: Սա էլ մեր ականջների մասին, որոնք Մկրտության Դրոշմի ժամանակ լսել են, որ այս ականջները թո՛ղ Աստծու խոսքը լսեն...Շատերը իհարկե չեն հիշում այս մասին, որ իրենց էլ է ասվել այս խոսքերը:
Սիրելիներս, առակները առհասարակ օգնում են մեզ ավելի լայն մտածելու և վերլուծելու՝ լսածը ամբողջությամբ հասկանալու համար:
Սողոմոն իմաստունը առակների միջոցով ժողովրդի լայն մասսաներին կարողացել է հասանելի դարձնել Մովսեսի Հնգամատյանը: (Հնգամատյան կամ Թորա է կոչվում Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը): Ավանդությունն ասում է, որ մինչև Սողոմոնի մեկնությունը Թորան ժողովրդի համար նման է եղել մի ծղոտե արկղի, որը բռնակներ չի ունեցել և մարդիկ չեն կարողացել օգտվել: Իսկ Սողոմոն իմաստունի մեկնության շնորհիվ այն հասանելի է եղել մարդկանց:
Տէր Հիսուս դուրս էր եկել ծովեզերք, գուցե շրջելու, գուցե հանգստանալու, բայց բավական է հայտնվեր մի վայրում, մարդկանց բազմությունը շրջապատում էր Նրան՝ Ըստ Ավետարանի: Վայելում էր պարզ ժողովրդի սերն ու համակրանքը, Նրա ուսուցումը հաճելի էր մարդկանց ականջին ու սրտին: Այս անգամ էլ տեսավ մարդկանց բազմությունը և նավակ մտնելով սկսեց նրանց առակներով խոսել: Նրանց համար պատմեց Սերմնացանի առակը: Ո՞վ է սերմնացանը: Մենք կարող ենք մեր երևակայությամբ պատասխաններ գտնել մեր կյանքի օրինակից վերցրած: Եթե իր իսկական իմաստով հասկանանք, սերմնացանը մի բարի մարդ է, որը սպասում է հարմար պահի, որ ցանի իր ունեցած սերմը հողի մեջ՝ ակնկալելով առատ պտուղ: Մեր ա՛յս առակի պարագային սերմնացանը կարող է լինել մի ուսմունքի կամ գիտելիքի տեր մարդ, որ կամենում է իր գիտելիքը փոխանցել մարդկանց: Իսկ բարի սերմը, բարի ուսուցումը միայն մարդու Որդին կարող է պարգևել մարդկությանը: Դուք էլ կարող եք վերցնել Աստծո խոսքի բարի սերմը և ցանել ամենահարմար պահի, երբ զգաք, որ կարիքը կա:
Մնացեք սիրով, թող ձեր հողը միշտ պարարտ լինի առավել պտուղ տալու համար, իսկ ձեր ականջները թող միշտ Աստծու խոսքը կլանողներ լինեն: