ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Ծուլություն
Այսօր ձեզ պիտի ծանոթացնեմ ծուլության մեղքի հետ, որը չորրորդն է յոթ մահացու մեղքերի մեջ: Զարմանալի համընկնում էտեղի ունենում օրվա սերտողության թեմայի և օրվա ներկայացվելիք մահացու մեղքի հետ: Պատահակա ոչինչ չ՛ի լինում կյանքում:
Ծուլությունն իբրեւ մեղք, հոգևորի հանդեպ մարդու անտարբեր եւ անփույթ լինելու հետեւանքն է: Մարդը կարող է գիշեր ու զօր աշխատել, սակայն Աստծո առջեւ դատապարտվել ծուլության մահացու մեղքով, եթե չհոգա իր հոգեւոր առաջընթացի, աստվածպաշտության գործերի եւ գիտելիքներ ձեռք բերելու համար: Ծուլությունը հաճախ արտահայտվում է անհասկանալի տրտմութամբ ու ձանձրույթով, որը բաց դուռ է չար խորհուրդների եւ աշխարհի գայթակղությունների առջեւ:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 3.13-17
Եսայու մարգարեությունը 41.1-3
Պողոս առաքյալի թուղթը եփեսացիներին 6.10-17
Ավետարան ըստ Ղուկասի 21.10-19
Ավետարան ըստ Մատթևոսի 12: 43-50
43 «Երբ պիղծ ոգին մարդէ մը ելլէ, անջուր տեղերը պտըտի՝ հանգստութիւն փնտռէ ու չգտնէ. 44 Այն ատեն կ՚ըսէ. ‘Դառնամ նորէն իմ տունս, ուրկէ ելայ’։ Կու գայ զանիկա կը գտնէ պարապ, մաքրուած ու յարդարուած։ 45 Այն ատեն կ՚երթայ եւ իրեն հետ կ՚առնէ եօթը ուրիշ ոգիներ իրմէ աւելի չար ու մտնելով հոն կը բնակին։ Այն մարդուն վերջը առաջինէն գէշ կ՚ըլլայ։ Այսպէս պիտի ըլլայ այս չար ազգին ալ»։
46 Մինչ ինք ժողովուրդին կը խօսէր, իր մայրը ու եղբայրները դուրսը կայներ էին եւ կ՚ուզէին իրեն հետ խօսիլ։ 47 Մէկը իրեն ըսաւ. «Ահա քու մայրդ ու եղբայրներդ դուրսը կայներ են եւ կ՚ուզեն քեզի հետ խօսիլ»։ 48 Ան ալ իրեն ըսողին պատասխան տուաւ ու ըսաւ. «Ո՞վ է իմ մայրս եւ որո՞նք են իմ եղբայրներս»։ 49 Եւ իր ձեռքը դէպի իր աշակերտները երկնցնելով՝ ըսաւ. «Ահա իմ մայրս եւ իմ եղբայրներս. 50 Վասն զի ով որ իմ երկնաւոր Հօրս կամքը կը կատարէ, անիկա է իմ եղբայրս եւ քոյրս ու մայրս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հավատացյալներ. մինչև սերտողությունը սկսելը հիշեցնեմ ձեզ, որ այսօր Սուրբ Սարգսի տոնն և համառոտ ներկայացնեմ ձեզ տոնի խորհուրդը. Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի` Մարտիրոսի և տասնչորս քաջարի զինվորների հիշատակը, որոնք նահատակվեցին քրիստոնեության համար, առա՛նց երկմտելու:
Շնորհավորում եմ Սարգիս և Մարտիրոս անուն, ազգանունը կրող բոլոր հայորդիներին: Մաղթում եմ, որ Սրբերի բարեխոսությամբ խաղաղ կյանք ունենաք, իսկ նրանց հավատքն ու վարքը որպես օրինակ ունենանք ձեր կյանքում: Կարող եք այսօր շնորհավորել նաև ինձ՝ որովհետև ձեր քահանայի ավազանի անունը Սարգիս է:
Սուրբ Սարգիսը քաջ և հմուտ զորավար էր Բյուզանդական կայսրությունում և հաղթությամբ էր վերադառնում բոլոր պատերազմներից: Նա իր ամբողջ սրտով սիրում էր Աստծուն, և Աստված պատերազմի դաշտում միշտ օգնում էր նրան: Երբ Հուլիանոս կայսրը ուրանում է քրիստոնեությունը և պատվիրում վերստին կուռքերին պաշտել, Քրիստոսը տեսիլքում հայտնվում է Սարգիս զորավարին և պատվիրում.
«Թո’ղ այդ երկիրը և գնա՝ ուր որ ես քեզ կառաջնորդեմ»: Սարգիս զորավարն իր ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և միակ որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան, ապա, որոշ ժամանակ անց, զինվորական ծառայության անցնում պարսից Շապուհ արքայի բանակում: Շապուհը մեծ զորագնդեր է վստահում Սարգիս զորավարին, որովհետև նա միշտ հաղթությամբ էր վերադառնում պատերազմի դաշտից: Մի օր Շապուհին հայտնում են, որ Սարգիսը հրաժարվում է զոհեր մատուցել կրակին: Շապուհը բարկանում է և հրամայում իր մոտ բերել քաջ զորավարին: Շղթայակապ զորավարին բերում են արքայի մոտ և հրամայում զոհեր մատուցել կրակին: Բայց անվախ զորականը ձեռքերի շղթաներով հարվածում և փշուր-փշուր է անում կրակի բագինը:
Մոլեգնած կրակապաշտները հարձակվում և սպանում են Մարտիրոսին և Սարգսին հավատարիմ 14զինվորներին: Անհավատ արքայի հրամանով Սարգիս զորավարին քաղաքից դուրս են տանում և այնտեղ սպանում: Նահատակության ժամանակ հրաշք է կատարվում: Երկնքից մի հրեշտակ իջնում և լույսով է ողողում Սարգիս զորավարի մարմինը: Կյանքի վերջին վայրկյաններին զորավարը խնդրում է Աստծուն, որ իր անունը հիշատակող երիտասարդների իղձերը կատարի: Եվ Աստված լսում է նրա խնդրանքը: Համաձայն եկեղեցական ավանդության՝ սբ Սարգսի նահատակությունից հետո նրա նշխարները ցրվում են տարբեր վայրեր: Դրանց մի մասը Հայաստան է բերում և Աշտարակի Կարբի գյուղի մոտ գտնվող Ուշի վանքում ամփոփում Մեսրոպ Մաշտոցը, ինչ պատճառով էլ այս վանքը կոչվում է Սբ Սարգիս: Մեր Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Տոնին բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ մասնակցում են սուրբ Պատարագին, հաղորդվում են և ստանում են օրվա օրհնությունը:
Սիրելիներ, չնկատեցինք, թե ինչպես հունվար ամիսը մոտեցավ իր ավարտին, և մենք ավելի մոտեցանք խոստացված այն օրվան որում կանգնելու ենք պատասխանատվության առջև:
Իսկ այսօրվա մեր սերտողությունը անմիջական առնչություն ունի մեր հոգևոր վիճակի հետ, որի հանդեպ այդքան էլ հոգատար չենք մենք:
Տէր Հիսուս այստեղ նկարագրում է մի մարդու, որը ինչ որ կերպ ազատվել է չարի կապանքներից և նրա ներսում դատարկություն էր տիրում, և այդ մարդը չլցրեց իր հոգու դատարկությունը աստվածային թանկարժեք հարստությամբ; Մենք չգիտենք պատճառը, թե ինչո՞ւ չլցրեց, սակայն տեսնում ենք, որ պիղծ ոգին դուրս գալուց հետո շրջում է և չի գտնում իր համար մի լավ բնակավայր, նորից հիշում է իր նախկին հարմարավետ բնակավայրը և վերադառնում է: Վերադառնալիս տեսնում է, որ այդ բնակավայրը մաքուր է, և դեռ բնակեցված չէ, այդ ժամանակ գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ, և մտնում է իր նախկին բնակավայրը: Այստեղ Տէր Հիսուս ասում է, որ այդ մարդու վերջը ավելի վատ է լինում, քան առաջ էր:
Ի՞նչ է նշանակում այս երևույթը, ի՞նչ դատարկության մասին է խոսքը, և ինչպե՞ս լցնել այդ դատարկությունը:
Սրանք մեր կյանքի հետ առնչվող ամենօրյա խնդիրներ են, որոնք մեր անփութության պատճառով դուրս են մնում ուշադրությունից, և մի գեղեցիկ օր էլ, մեր վերջը ավելի վատ է լինելու քան առաջ էր: Փորձենք օրինակներով հասկանալ եղածը: Այս երևույթը գոյություն ունի պետության մակարդակով, հասարակության մակարդակով, ընտանիքի մակարդակով և յուրաքանչյուր անհատի մակարդակով: Սկսենք մեր անձից:
Ամեն կիրակի՝ Պատարագի ավարտին մեղքերի խոստովանությամբ դատարկվում ենք մեր շաբաթվա կատարած մեղքերից, և մաքուր վիճակով սկսում ենք նոր շաբաթը: Երբ մենք այդ դատարկությունը չենք լցնում Աստծու խոսքով, աղոթքով, պահքով ու բարի գործերով, մեզնից հեռացած մեղքերը սիրով վերադառնում են և ավելի զորացած բնակվում են այդ դատարկ և մաքուր տեղում, Դրա վառ ապացույցն այն է, որ մարդը տարիներ շարունակ եկեղեցի է գնում, հաղորդվում է, բայց իր կյանքում ոչ մի դրական փոփոխություն չի լինում, հակառակը՝ երբեմն ավելի վատ է լինում:
Մեկ այլ օրինակ բերենք ավելի հստակ պատկերացնելու համար: Մկրտության ժամանակ ենթական հրաժարվում է սատանայից և ազատվում է իր ադամական և ներգործական մեղքերից, լցվում է Սուրբ Հոգով և դառնում է այդ մաքուր անոթը, որտեղ պետք է անմիջապես լցվի աստվածայինը: Իսկ երբ չի լցվում, և հիմնականում այդպե՛ս է, ապա գալիս է նախկին չար ոգին իր ընկերների հետ և զբաղեցնում է իր նախկին հարմարավետ տեղը, որովհետև սատանան չի մոռանում, որ մկրտվողը հրաժարվել է իրենից, հակառակը՝ մկրտվողն է մոռանում իր հրաժարված թշնամու մասին:
Այս երևույթը կանխելու համար ջանք է պետք, ձգտում է պետք, ինքնուրույն չի լցվում դատարկությունը, իսկ եթե ինքնուրույն է լցվում, ապա՝ աղբով է լցվում;
Ավելի գլոբալ օրինակը այս երևույթի՝ մեր երկրի այսօրվա իրականությունն է: Յոթանասուն տարիների անաստվածության մեղքը վերցվեց մեզնից և մենք մնացինք դատարկ: Այդ դատարկության մեջ չզարգացավ հոգևոր կյանքը և դրսից ամեն մեկը իր աղբը ներս բերեց և մենք ունեցանք այն, ինչ ունենք հիմա՝ խայտաբղետ հոգևոր կյանք, տարատեսակ ուսմունքներ և այդ ուսմունքները հովանավորող անվայել օրենքներ:
Իսկ հասարակության մակարդակով նույն իրավիճակն է, մենք շատ վատ հոգևոր դաստիարակություն ունենք, քանի որ վախենում ենք չարից ավելի շատ, քան ապավինում ենք Աստծու զորությանը:
Շատ հաճախ ենք լսում, որ ասում են, թե ա՛յս կամ ա՛յն բանը չարից է մեր երկրում: Այո՛, համաձայն եմ, և դա այդպե՛ս է: Բայց չարը երբեք չի ստիպում, այլ առաջարկում է: Չի պարտադրում, այլ խաբում է:
Իսկ մենք՝ ողջ հասարակությամբ ունենք դատարկ տեղ, և ընդունում ենք ամեն անօգուտ առաջարկ, որը հետագայում դառնում է մեծ մեղք: Սատանան Եվային ընդամենը ասաց,- չե՛ք մահանա, որ ուտեք:
Ինչպես տեսանք, չստիպեց: Իսկ առաջարկը հաճելի թվաց Եվային և ձեռնտու: Նույն կերպ վարվում ենք մենք՝ պետական, հասարակական, ընկերային, ընտանեկան և անձնական հարաբերություններում:
Մենք մեղքից հրաժարվելու և դատարկը լցնելու կատարյալ օրինակ ունենք Ավետարանում՝ մեր Տիրոջ անապատի փորձությունից: Բայց մեր մեղքն էլ այն է, որ մենք չենք կարդում, կամ կարդում ենք և չենք կիրառում: Սատանան գիշեր ու զօր հնարում է արհեստական հնարքներ: Քրիստոնյայի պարտականությունն էլ այն է, որ Ավետարանով պատասխանի չարին և չհամագործակցի:
Դարձյալ Եվայի օրինակը բերեմ: Եթե հակիրճ պատասխան տար, զրույցը կավարտվեր, ինչպես որ Տէր Հիսուսն ասում էր,- Գրված է:
Սատանան կասկածի տակ է դնում Աստծու խոսքը, որպեսզի բանավիճի և պարտության մատնի մարդուն: Այստեղ է, որ խորագիտություն է պետք հավատացյալին՝ զերծ մնալու, ոչ թե վեճը շարունակելու:
Ղուկաս ավետարանիչն ասում է, որ սատանան Հիսուս Քրիստոսից հեռացավ առժամանակ: Սակայն սատանան մեզնից չի հեռանում, քանի որ տեղյակ է մեր ներսի դատարկությանը: Իսկ մենք անվերջ փորձվում ենք թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ սատանայից, և թե՛ հենց ինքներս մեզնից:
Մենք մեր դատարկ տեղը պետք է լցնենք առաքյալի խոսքով, որն ասում է,- Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ.Ա Պետրոս 5.8-11
Այս խոսքերը Տէր Հիսուս դարձյալ ասաց փարիսեցիներին՝, շեշտը դնելով նրանց ներքին դատարկության վրա, որ այդպես էլ չլցրին Քրիստոսի ճշմարիտ վարդապետությամբ և արդյունքում նրանց սրտերը մնացին դատարկ՝ չարի ներգործության համար: Այս խոսքերն էր խոսում Քրիստոս, երբ Նրան լուր բերեցին, թե Քո մայրն ու եղբայրներն են եկել և ուզում են Քեզ հետ խոսել: Տէր Հիսուս նորից շեշտը դրեց Իր խոսքը լսելու և կատարելու վրա, ասելով,- Իմ մայրն ու եղբայրը նա է, որը կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է:
Դատարկ սրտով մարդիկ այս հատվածի համար էլ չարախոսում են, ասելով, որ՝ Հիսուս անտեսեց Իր մորը, սակայն եթե հաշվի առնենք միայն այն հանգամանքը, որ Աստված Մարիամին ընտրեց, որպեսզի Իր Միածինը աշխարհ գա, իսկ Միածինը խաչի չարչարանքների պահին Իր մոր՝ Մարիամի հետագա կյանքի մասին էր հոգում, նրան հանձնելով Հովհաննեսին: Այստեղ արդեն փակվում են բոլոր չարախոս բերանները: Թեման այսօր ծավալուն էր, բայց հետաքրքիր էր: Մնացեք սիրով՝ բայց ո՛չ երբեք դատարկ հոգով, այլ՝ միշտ լցնելով այն Աստծու լուսավոր խոսքերով: