ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Բարկություն
Այսօր ձեզ կծանոթացնեմ բարկության մեղքի հետ, որը երրորդն է յոթ մահացու մեղքերի մեջ և շատ տարածված մեղք է:
Բարկությունը մարդու սրտի բնական հատկությունն է, որ տրված է որպես զենք ընդդեմ չարի: Սակայն ընկած բնությունը ավելի շատ կրում է այն իբրեւ արատավոր հատկանիշ, որը դրսևորվում է ինքնահավան և տրտնջացող սրտում: Եթե խոնարհ և բարեսիրտ հոգին բարկանում է ընդհանուր չարիքի և սեփական մեղքերի համար, ապա հպարտ ու նախանձ մարդը ամեն առիթով իր բարկությունն ուղղում է դեպի մերձավորը: Դա հաճախ հանգեցնում է վիրավորանքների, հայհոյության, անիմաստ վեճ ու կռվի, որոնք կարող են ողբերգական վախճան ունենալ: Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի,- ասում է Տերը՝ բարկությունը նույնացնելով սպանության մեղքի հետ: Մատթ. 5.22 Բարկությունը կարող է նաեւ չդրսեւորվել անմիջականորեն, այլ թաքնվել սրտի խորքում եւ աստիճանաբար վերածվել ատելության: Իսկ ով ատում է եղբորը, մարդասպան է,- ասում է ս. Հովհաննես ավետարանիչը,- եւ գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի: Ա Հովհ. 3.15:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Հովնանի մարգարեությունը 1.1-4.11
Ավետարան ըստ Մատթևոսի 12:38- 42
38 Այն ատեն դպիրներէն ու փարիսեցիներէն ոմանք իրեն ըսին. «Վա՛րդապետ, կ՚ուզենք քեզմէ նշան մը տեսնել»։ 39 Անիկա պատասխան տուաւ ու անոնց ըսաւ. «Չար եւ շնացող ազգը նշան կ՚ուզէ։ Ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը։ 40 Քանզի ինչպէս Յովնան երեք օր ու գիշեր կէտ ձուկին փորին մէջ մնաց, այնպէս Որդին մարդոյ պիտի մնայ երկրի սրտին մէջ՝ երեք օր ու երեք գիշեր։ 41 Նինուէի մարդիկը դատաստանին օրը այս ազգին դէմ պիտի ելլեն ու պիտի դատապարտեն ասիկա, վասն զի Յովնանի քարոզութիւնովը զղջացին։ Ահա Յովնանէն մեծ մէկը կայ հոս։ 42 Հարաւի թագուհին դատաստանին օրը այս ազգին դէմ պիտի ելլէ ու պիտի դատապարտէ ասիկա, վասն զի ինք երկրի ծայրերէն եկաւ Սողոմոնին իմաստութիւնը լսելու. եւ ահա Սողոմոնէն մեծ մէկը կայ հոս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ: Այսօր ուրբաթ է, Առաջավորաց պահքի վերջին՝ հինգերորդ օրն է: Ինչպես նկատեցիք պահքի առաջին չորս օրերը Ավետարանի ընթերցվածք չկար, իսկ այսօր եկեղեցում կարդացվում է Հովնանի մարգարեության գիրքը, հուսամ բոլորդ կարդացել եք, իսկ ով չի կարդացել, թող անպայման կարդա: Ընդամենը չորս գլուխ է, բայց մեծագույն օրինակ է ապաշխարության համար: Բացի ապաշխարությունը, Աստծո երկխոսությունը Հովհանի հետ բացառիկ մի խրատ է ամենքիս: Նաև շատ հետաքրքիր մի զրույց կա նավի մեջ՝ Հովնանի հետ: Մի խոսքով շատ խրատական գիրք է, եթե հարցեր կառաջանա, կգրեք ինձ: Հիշեցնեմ կրկին, որ վաղը Սուրբ Սարգսի տոնն է, ովքեր պահք էին պահել այս օրերին, վաղվա Պատարագի Հաղորդությամբ կարող են դուրս գալ:
Այսօր մեր սերտողությունը սկսում ենք 12 րդ գլխի 38 համարից:
Երեկ մեր միտքը ավարտեցինք այնտեղ, երբ Տէր Հիսուս ասաց, որ մենք դատվելու, կամ արդարանալու ենք մեր արտաբերած ամեն խոսքի համար: Հետևաբար քրիստոնյան, որը իր մտքում երկյուղ ունի այս պատվիրանի նկատմամբ, աղոթում է նաև չարախոսողների համար, որպեսզի Աստված վերցնի նրանց խստասրտությունը և առանց հայհոյանքի և ատելության արտահայտեն իրենց մտքերը:
Քրիստոսի աստվածային իշխանությամբ խոսելը և պատվիրաններ տալը կարծես նախանձ էր առաջացնում օրենքի որոշ ուսուցիչների և որոշ փարիսեցիների մեջ:
Սիրելիներ, մենք շատ ենք անդրադառնում փարիսեցիներին և օրենսգետներին, որոնք գրեթե միշտ հակառակվում են և չարախոսում են Հիսուսի ամեն գործին ու խոսքին: Բայց ես ձեզ տեղեկացնեմ, որ բոլոր փարիսեցիները չէին, որ հակառակ էին Քրիստոսին և ամբաստանում էին: Մենք գիտենք փարիսեցի Նիկոդեմոսին, որը վարդապետ էր, բայց սիրով լսում էր և հարցեր էր տալիս Քրիստոսին:
Ուղղակի այդ կրոնաքաղաքական կուսակցությունների մեջ կար մի խումբ, որը հակառակ էր Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը՝ իր անօրեն կյանքի պատճառով:
Նույն պատկերն է, ինչ մեր կուսակցությունները, որոնք տարաձայնությունների պատճառով անվերջ պայքարի մեջ են միմյանց դեմ: Մեկը մյուսին նսեմացնելու համար գործածում է իր մարդկային բոլոր հնարամտությունները՝ որպեսզի քողարկի իր արատավոր կյանքը: Կուսակցությունների միջև երբեք էլ գաղափարական համերաշխություն չի կարող լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրի նպատակը պաշտոն ստանձնելն է, ո՛չ թե այդ պաշտոնին ծառայելը: Քանի դեռ մարդը չի ընկալել Քրիստոսի այն խոսքը, որ ասաց, մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու, ամեն ինչ նույնը կլինի:
Ծառայեց ամենուրեք՝ բոլոր խավերի համար, հատկապես մեղավոր մարդկանց հոգու փրկության համար: Բայց օրենքի ու գրքերի գիտակների համար այդպես էլ հասկանալի չդարձավ, թե Քրիստոս ի՞նչ առաքելությամբ էր աշխարհ եկել, և շարունակ նրանից նշան են պահանջում, որպես ապացույց: Նշան են կամենում տեսնել Վարդապետից այն դեպքում, երբ դրանից քիչ առաջ իրենց աչքի առջև բժշկեց կույր, համր դիվահարին, որը իրենց մեջ ապրող մեկն էր, և որին ճանաչում էին; Ինչո՞ւ են մարդիկ հրաշք փնտրում, անպայման մի նշան են ուզում տեսնել: Տէր Հիսուս նշան հայցողներին անվանեց չար և շնացող ազգ, որը չի արժանանալու որևէ նշան տեսնելու, բացի Հովնան Մարգարեի նշանը:
Իսկ Հովնան մարգարեի նշանն այն է, որ երեք օր կետի փորում մնաց և երրորդ օրը կետ ձուկը նրա ափ շպրտեց, որովհետև Աստծու նախախնամությունից չէր կարող փախչել: Հովհանի մարգարեության մասին նշան հայցողները շատ լավ գիտեին: Իսկ թե ինչո՞ւ Տէր Հիսուս Իրեն համեմատեց Հովնանի դեպքի հետ, նրանց համար հասկանալի չեղավ, քանի որ միայն Հիսուս գիտեր, թե ի՞նչ է պատահելու իրեն: Բայց ներկաները գիտեին, որ Հովնանի քարոզությամբ ապաշխարեց Նինվե մեծ քաղաքը; Իսկ իրենց առջև կանգնած է մեկը՝ որը կետ ձկանը հրամայեց Հովնանին ափ նետել: Իրենք դա չեն տեսնում, որովհետև իրենք բավարարվում են միայն նշաններով և հրաշքներով, որը գոհացնում է իրենց աչքերի ցանկությունը և ոչ ավելի: Իսկ հավատը սրտում պետք է լինի, ոչ թե աչքերի ցանկության մեջ;
Իսկ Նինվեյի բնակիչները սրտով ընդունեցին Հովնանի քարոզությունը և ապաշխարեցին՝ մեծից փոքր, մարդուց մինչև կենդանի: Հովնանը նշան եղավ Նինվեացիների համար: Իսկ մարդու Որդին նշան է լինելու այս անհավատ սերնդի համար; Դրա համար դատաստանի ժամանակ Նինվեյի ապաշխարող մարդիկ կլինեն դատավորներ՝ այս նշան հայցողների համար, որոնք չճանաչեցին Հովնանի Մեծ՝ Հիսուս Քրիստոսին;
Հարավի թագուհին երկրի ծայրերից եկավ հասավ Սողոմոն թագավորի մոտ, որպեսզի լսի Սողոմոնի իմաստությունը, իսկ փարիսեցիներ առջև կանգնած է Սողոմոնին իմաստությունը Տվողը, և նրան չեն հավատում: Սողոմոնից մեծ մեկն է իրենց առջև կանգնած և չեն տեսնում Նրան;
Նշան հայցողները միայն փարիսեցիները չեն ցավոք սրտի: Նշան հայցողներ կան նաև մեր օրերում: Ամենավերջին և ամենացայտուն օրինակը, որը ձեր աչքի առջև կատարվեց: Պատերազմի օրերին նշան փնտրողները և աղոթողները միանգամից դադարեցին պատերազմից հետո, կարծես կամեցան ասել, թե այդքան աղոթեցինք և ոչ մի հրաշք չկատարվեց և մենք չտեսանք:
Սիրելիներ, նշան հայցել, կամ հրաշք փնտրել, որպեսզի աչքը տեսնի ու հավատա, միանգամայն խաբեություն է, հավատի տկարությունից է, և գիտության պակասից է: Երբ հավատը աներեր է և հիմնված է Աստվածաշնչի ուղղափառ վարդապետության վրա, ապա հավատացյալը նշան չի փնտրում, այլ՝ իր սրտի խորքում դավանում է Հիսուս Քրիստոսին, բանականությամբ հասկանում է Նրա աշխարհ գալու նպատակը: Իսկ Քրիստոսին ճանաչելուց հետո, ճանաչում է իր մեղավոր անցյալն ու ներկան, փորձում է ամեն օր ազատվել մի մեղքից, որի մեջ ապրում է: Իսկ երբ մարդը կարողանա ազատվել իր մեղքերից թեկուզ մեկից, դրանից ավելի մեծ հրաշք չի կարող լինել: Գիտակից հավատացյալը բավական է նայի իր կազմվածքին, և առանձին առանձին քննի իր մարմնի մասերի աշխատանքը, ավելի մեծ հրաշք չի կարող գտնել աշխարհում;
Յուրաքանչյուր ծնող եթե նայի իր նորածին բալիկին, և մտածի, թե ինչպես իր որովայնում երեխայի ոսկորները կազմավորվեցին և նա ինը ամիս ապրում է ջրի մեջ, ապա միթե ավելի մեծ հրաշք կարելի է գտնել;
Մեզ շրջապատող ողջ միջավայրը նշան է ու հրաշք է, ուղղակի մարդ արարածը իր տեսակով այդպիսին է, որ չի տեսնում իր աչքի առջև տեղի ունեցողը, ուր մնաց երկնային բաների մասին կարողանա ամբողջությամբ հասկանա: Միթե հրաշք չէ, երբ ձմեռը ծառը մեռնում է, իսկ գարնանը հարություն առնում իր չորացած վիճակից և ստանում նույն գեղեցկությունը, ինչ որ նախկինում ուներ: Յուրաքանչյուր անհատ մեկական հրաշք է՝ ստեղծված Աստծու ձեռքով, որը կարողանում է մտածել, արտահայտվել, տեսնել, լսել և քայլել: Բայց մարդը այս բոլորը անտեսում է և իրեն է վերագրում իր մտածելու, խոսելու և գործելու հատկությունը, և դրանից ընկնում է հպարտության մեղքի մեջ; Կամ այս բոլորը քիչ է համարում և նյութականի պակասությունից ընկնում է հուսահատության մեջ և դժգոհելով կյանքից անվերջ ապրում է հուսահատ:
Սիրելիներ, Ես ձեզ հրեական մի իմաստություն սովորեցնեմ, որպեսզի գործածեք դուք և սովորեցնենք նաև ուրիշներին՝ հարկ եղած ժամանակ:
Ամեն մարդ, իր աջ ու ձախ գրպաններում պետք է ունենա գրված մեկական թուղթ:
Աջ գրպանի թղթի վրա գրված է,- Ո՛վ մարդ, ինչո՞ւ ես տրտում և հուսահատ, աշխարհը քե՛զ համար ստեղծվեց:
Ձախ գրպանի թղթի վրա գրված է,- Ո՞վ մարդ, ինչի՞դ վրա ես հպարտանում, մրջյունը քեզնից առաջ է ստեղծվել:
Երբ որ մարդը հուսահատության մեջ լինի, թող կարդա աջ գրպանի թուղը, իսկ երբ հպարտանա, թո ձախ գրպանինը կարդա;
Սա իրականություն է, սիրելիներ, որ դուրս է մնացել անշնորհակալ մարդու տեսադաշտից, և անտեսվում է մեզ համար ստեղծված աշխարհը, և մենք շարունակում ենք զբաղվել ինքնաերկրպագությամբ և համարում ենք, որ Աստված ամեն օր պետք է երկնքից հրաշքների ուղարկի մեզ, որ մենք հավատանք իրեն; Տէր Հիսուս հրաշքներ էր գործում ամենուրեք, բայց չէր ուզում, որ հրաշքը լինի մարդու հավատի հիմքը:
Կարծում եք ինչո՞ւ այսօր, մեր ազգի միջից մարգարեներ չի հանում Աստված, որպեսզի խոսեն մեզ հետ, ինչպես նախկինում Աստված մարգարեների միջոցով խոսել է Իր ժողովրդի հետ: Որովհետև մենք քիչ համարեցինք Ավետարանները, որով Աստված խոսեց մեզ հետ Իր Որդու միջոցով: Մենք կամ կարդացինք, կամ էլ չհավատացինք գրվածներին, որոնք ամեն օր իրականանում են մեր աչքի առջև, ուղղակի մենք տեղյակ չենք չկարդալու պատճառով; Եթե այսօր էլ մարգարե հայտնվեր մեր մեջ, մենք նշան ու հրաշք էինք հայցելու անկասկած: Հազարավոր հրաշքներ են նկարագրվում համացանցում և թիթեռի կյանքի պես վերանում, առանց մեկի հավատը զորացնելու: Մեր աչքի, սրտի, հոգու, մտքի, և լեզվի միակ Ճշմարտությունը պետք է լինի Հիսուս Քրիստոս՝ Աստծու միածին Որդին, որը գալու է Իր խոստացած ժամանակ և պահանջի մեզնից, ինչ որ տվել է մեզ՝ մնասի տեսքով: Ստուգելու է մեր հավատարմությունը Իր տվածի հանդեպ, Ստուգելու է մեր հավատը և ըստ այդմ արժանացնելու է Իր խոստմանը: Մեր միակ սպասելիքը Տէր Հիսուս Քրիստոսն է, ուրիշ ոչի՛նչ: Սովորենք շիտակ ապրել, հեշտ ապրել, մենք ունենք երջանիկ ապրելու բոլոր նախադրյալները՝ մեր Տիրոջից պարգևած:
Մնացեք սիրով՝ և եթե հրա՛շք եք ուզում տեսնել, ապա ապրեք առանց մեղքերի, և այդ հրաշքը կտեսնեն նաև ձեզ շրջապատող մարդիկ, և կհավատան, որ մարդը առանց մեղքի՝ ամենամեծ հրաշքն է: