ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Այսօր ձեզ կտեղեկացնեմ նախանձի մասին, որը երկրորդն է յոթ մահացու մեղքերից.
Նախանձը հպարտության առաջին ծնունդն է, նրա անմիջական հետևանքը, քանզի ամեն ինչում փնտրելով սեփական փառքն ու առավելությունը՝ մարդը չի ուրախանում մերձավորի հաջողությամբ, այլ սկսում է ատել նրան, ով գերազանցում է իրեն կամ էլ հավասար է ունեցվածքով, գիտելիքով, հասարակական դիրքով ու ճանաչումով: Նախանձից ներքուստ թունավորվում է մարդու սիրտը՝ դառնալով անհանգիստ ու նենգ, դրդելով բամբասանքի եւ զրպարտության, իսկ երբեմն էլ՝ զազրելի ոճիրների:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի. 12:31- 37
31 Անոր համար ձեզի կ՚ըսեմ. ‘Ամէն մեղք ու հայհոյութիւն պիտի ներուի մարդոց, բայց Սուրբ Հոգիին դէմ եղած հայհոյութիւնը պիտի չներուի մարդոց’։ 32 Ով որ Որդի մարդոյ դէմ բան ըսէ, պիտի ներուի անոր, բայց ով որ Սուրբ Հոգիին դէմ ըսէ, պիտի չներուի անոր, ո՛չ այս աշխարհին մէջ եւ ոչ գալու աշխարհին մէջ։
33 Կամ ծառը բարի ըրէք ու անոր պտուղը բարի, կա՛մ ծառը չար ըրէք ու անոր պտուղը չար. վասն զի ծառը պտուղէն կը ճանչցուի։ 34 Իժերո՛ւ ծնունդներ, ի՞նչպէս կրնաք բարի խօսիլ, որ չար էք. վասն զի բերանը սրտին աւելցուքէն կը խօսի։ 35 Բարի մարդը իր սրտին բարի գանձէն բարի բաներ կը հանէ եւ չար մարդը իր սրտին չար գանձէն չար բաներ կը հանէ։ 36 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ ‘Ամէն դատարկ խօսքի համար՝ զոր մարդիկ կը խօսին, դատաստանին օրը հաշիւ պիտի տան’։ 37 Վասն զի քու խօսքերէդ պիտի արդարանաս եւ քու խօսքերէդ պիտի դատապարտուիս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, մեր ամենօրյա առավոտյան եթերաժամին սպասողներ, ես ձեզ պարբերաբար հիշեցնում եմ, որ մեր նյութերի հետ կապված անհասկանալի հարցերի մասին կարող եք գրել մեր այս էջին: Չլինի այնպես որ առանց թեման մարսելու անցնենք առաջ: Եթե մեր սերտողություններից միայն ձեր միտքը հարստանա, իսկ ձեր կամքը չուղղվի, ապա այս սերտողություններից ավելի չար կդառնաք, քանի որ ուսյալ և խելացի մարդկանց մեջ հպարտությունը շուտ է զարգանում: Պողոս առաքյալն է ասում, որ գիտությունը հպարտացնում է, բայց սերը հաստատում: Ի՛նչ որ ինքդ Աստծու օգնությամբ սովորես, այն էլ հարմար առիթով սովորեցրու ուրիշներին, որպեսզի ցանված սերմը աճի և պտղաբերի:
Այսօրվա թեման, որի մասին պետք է խոսենք, գտնում ենք միայն Մատթևոսի Ավետարանում: Կարևոր է նաև իմանալ, թե ինչի՞ց հետո ասաց այս խոսքերը Տէր Հիսուս Քրիստոս, որը կարդացի ձեզ քիչ առաջ:
Մի փոքր ավելի հետ գնանք Հիսուս Քրիստոսի կյանքի մեջ, որպեսզի ասած խոսքի իմաստը հասկանալի լինի, երբ ասում է,- ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի: Նախ վերհիշենք երեկվա սերտողության այն տհաճ միջադեպը, որը տեղի ունեցավ Քրիստոսի և փարիսեցիների միջև՝ համր դիվահարի բժշկությունից հետո, երբ Հիսուսին անվանեցին դևերի իշխանի գործընկեր: Սա մեծ վիրավորանք և հայհոյություն էր Քրիստոսի անձի և Նրա աստվածության նկատմամբ: Այս խոսակցության ավարտից հետո Քրիստոս ասաց,- ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի:
Տէր Հիսուս փարիսեցիներին ասաց, որ Ինքը Աստծու Հոգով է հանում դևերին, և իշխանություն ունի դևին հանելու, առանց դևի հետ խոսելու, ինչը չհասկացան իրեն մեղադրողները, որոնք հարյուրավոր հրաշքներ էին տեսել դրանից առաջ, Հիսուսի կողմից կատարված, և իրենց մտքում գիտեին որ ճշմարտություն է:
Սիրելիներ, մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս երեսուն տարի լռեց և չհայտնվեց մարդկանց մեջ՝ որպես Փրկիչ, կամ բուժող, կամ հրաշքներ կատարող, այլ միայն Հովհաննես Մկրտչի ներկայացնելուց և մկրտելուց հետո սկսեց Իր ծառայությունը: Աստվածային հատկությունները Նրա հետ էին՝ ծնված պահից, և ինչպես Ավետարանն է ասում,- Հիսուս զարգանում էր իմաստությամբ և շնորհով ու մարդկանց առջև: Սա կատարյալ մարդու նկարագիր է; Զարգանալ մտավոր, ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր և ընկերային միջավայրում: Թեպետ Նա օժտված էր աստվածային շնորհներով, այնուամենայնիվ մարդկանց աչքի առջև ճանաչվում էր որպես Հովսեփի և Մարիամի որդի, այսինքն՝ մարդու Որդին: Անցել էր երեսուն տարի, շատ բաներ անտեսվել ու մոռացվել էին, Միայն Մարիամն էր ամեն բան պահում իր սրտում և միայն Մարիամն էր մտահոգ Նրա հասակով և իմաստությամբ զարգանալու համար, քանի որ, գիտեր թե ի՛նչ է պատահելու ապագայում: Գրված է, Մարիամը այս բոլոր բաները գաղտնի էր պահում իր սրտում:
Տէր Հիսուս ամեն ինչ արեց հրեական օրենքի համաձայն, նույնիսկ մկրտվեց և սկսեց Իր ծրագրի իրագործումը: Մարդկանց աչքի առջև բազմաթիվ հրաշքներ գործեց, հիվանդներ բժշկեց, սակայն շատ էր լսում Իր հասցեին ասված խոսքը, թե,- Սա Հովսեփի ու Մարիամի որդին չէ՞, ինչպե՞ս կարող է անել այս բանը: Այդ պահին տեսնում էին հրաշքը, հավատում էին, այնուհետև մոռանում էին, քանի որ հրաշքը աչքերին է հաճելի, բայց հավատքը այլ տեղում է լինում, ոչ թե աչքերի մեջ: Այս մանրամասները ես ձեզ պատմեցի, որպեսզի դուք իմանաք, թե ինչո՞ւ կարող էին մարդիկ Նրան չհավատալ, և հատկապես ինչո՞ւ Հիսուս ասաց, որ մարդու Որդու դեմ ասված խոսքը կներվի: Այսինքն, եթե դուք համարում եք, որ ես մարդու Որդի եմ, դա կներեմ, իսկ երբ հրաշքը տեսնեք և հակառակվեք, դա է որ չպիտի ներվի:
Ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգու հայհոյություն.
Այս հարցը բավական մտածելու տեղիք է տալիս հավատացյալների շրջանում և շատ տրվող հարցերից մեկն է:
Սուրբ Հոգու հայհոյությունն այն է, երբ մարդը հստակ գիտի բացարձակ ճշմարտությունը և հակառակվում է դրան, հենց այն պատճառով, որ ճշմարտություն է: Զարմանալի է չէ՞: Բայց պատասխանն է հետաքրքիր:
Հիսուս հարություն տվեց չորս օրվա մեռած Ղազարոսին և հանրությանը հայտնի դարձավ, թե ո՞վ է Քրիստոս: Որոշում կայացրին սպանել և Հիսուսին և Ղազարոսին: Ավելի մեծ հայհոյություն չի կարող լինել, քան այս փաստը: Տեսնել ճշմարտությունը սեփական աչքերով և առիթ փնտրել Նրան սպանելու համար:
Բայց կա Սուրբ Հոգու հայհոյության ևս մեկ տարբերակ, որ վերաբերում է այն մարդուն, որը համոզված է, որ եղածը ճշմարտություն է, բայց պնդում է հակառակը, ինչ որ արեցին փարիսեցիները դիվահարի բժշկությունից հետո: Հատկապես երբ դա վերաբերվում է ուրիշ մարդու կյանքին, կամ ուրիշ մարդու գործերին, և հակառակն է պնդում, այսպիսի մարդը իր վրա է վերցնում անմեղի մարդու արյունը: Պատկերացրեք, եթե Տէր Հիսուս փարիսեցիների ճնշման պատճառով չբուժեր այն համր կույր դիվահարին, որի կյանքը ամբողջությամբ փոխվեց այդ պահից, և ո՛չ միայն իր, այլ նաև իր ընտանիքի անդամների, որոնք խնամում էին նրան;
Սա կոչվում է հայհոյություն ճշմարտության դեմ, քանի որ Սուրբ Հոգին՝ Հոգին է ճշմարտության: Այսպես է ասում Սուրբ Գիրքը: Այդպես ասաց նաև Հիսուս Քրիստոս՝ հանդիմանողներին:
Մատթևոսի Ավետարանի 12:32 համարում ասում է, նույնիսկ կներվի Որդու դեմ հայհոյությունը, բայց Սուրբ Հոգու դեմ հայհոյությունը չի ներվի: Իսկ ի՞նչ է նշանակում հայհոյություն Որդու դեմ:
Երբ մարդը չի հավատում Քրիստոսին, նրա աստվածությանը, Փրկիչ լինելու հանգամանքին: Նույնիսկ սա որոշ հանգամանքներում կարող է ներվել: Որոշ հանգամանքն էլ այն է, որ մարդը չի հավատում Քրիստոսին, բայց միևնույն ժամանակ չի հակառակվում ճշմարտության հոգուն:
Սուրբ Հոգու Հայհոյությունը նաև այն է, երբ մարդը անում է մի սխալ բան այն ժամանակ, երբ, երբ իր միտքն ու խիղճը դեմ են դրա անելուն: Եսայի Մարգարեն ասում է.- վայ նրանց, որ չարին բարի են ասում, և բարուն՝չար, խավարին լույս են ասում, իսկ լույսին՝ խավար և այլն: Այսինքն Սուրբ Հոգու Հայհոյությունը այն է երբ մարդ տեսնում է բարի և անվանում է չար: Նաև միտումնավոր հակառակվում է ճշմարտությունը, իմանալով որ դա ճշմարտություն է: Եկեղեցու հայրերը ասում են չկա մեղք, որ չներվի, կա չզղջացած մեղք: Երբ չի զղջում և նաև հակառակվում է : Օրինակները բազմաթիվ են՝ Պետրոսի ծանր հանցանքը և օրինակելի զղջումը, Մարիամ եգիպտացու անբարո կյանքը և նրա անկրկնելի զղջում՝ անապատում երկար տարիներ: Սիրելիներ մենք՝ քրիստոնյաներ, եթե մի փոքր էլ խստացնենք այս պատվիրանը, մեղք գործած չենք լինի, եթե ասենք, որ նույնիսկ լսել Աստծու խոսքը և չկատարելը արդեն վիրավորանք է Աստծու նկատմամբ:
Սուրբ Հոգին միջոց է, որով Աստված մարդուն տալիս է պատկերացում՝ զղջման վերաբերյալ և միտք՝ մեղքից ազատվելու: Իսկ երբ մարդը ինքնական մերժում է Սուրբ Հոգու գործունեությունը, և նույնիսկ նրանում տեսնում է դիվային ուժերի ազդեցություն, այսպիսին չի կարող զղջում ապրել և հետևաբար նաև ներում ստանալ ո՛չ այս աշխարհում, և ո՛չ էլ հանդերձյալում:
Տէր Հիսուս մարդու գործողությունները ծառի պտղի հետ համեմատելով ներկաներին բացատրեց Հուդաիզմում ընդունված մի գործածելի կանոն, ըստ որի, երբ չար միտքը կամ գործը ունենում է վատ հետևանք, արժանանում է պատժի: Իսկ երր միտքը կամ գործը չար են, բայց չունեն վատ հետևանք, չեն պատժվում:
Կան մեղքեր, որոնց համար մարդիկ պատժվում ենք այս աշխարհում, իսկ դրանց թողած հետևանքների համար՝ հանդերձյալում: Դրանք են՝ կռապաշտությունը, չարախոսությունը, պղծությունը, արյունահեղությունը: Իսկ բարեգործությունը որթատունկ է այս աշխարհում, բայց պտուղ է տալիս հանդերձյալում:
Իժերի ծնունդ է անվանում այն մարդկանց, որոնց գործերը չար են, մտքերը չար են, պտուղները չար են, հետևաբար նրանք որևէ բարի բան չեն կարող խոսել, քանի որ նրանց չարությունը իրենց սրտի մեջ է, իսկ մարդու խոսքերը սրտից էն բխում: Բարի մարդն էլ իր սրտի բարիքներից է բխեցնում իր խոսքերը:
Մարդկանց նախազգուշացնում է, որ իրենց բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսք իր հետ ծնում է անհրաժեշտություն՝ պատասխան տալու ահեղ դատաստանի օրը:
Սիրելիներ, հատկապես այս վերջին միտքը, թե՝ Քո խոսքերով պիտի արդարանաս, և քո խոսքերով պիտի դատապարտվես, մեզ ամենի շատը պետք է մտահոգի: Գուցե մենք մեր կենցաղավարության մեջ երբեք չունենանք Սուրբ Հոգու հայհոյություն, բայց մենք բացարձակ ուշադիր չենք մեր խոսած արտահայտությունների վրա, որովհետև երբեք չենք հիշում այս պատվիրանը; Շատ դժվար վարժություն է, բայց ես ձեզ հորդորում եմ, որ մի օր փորձեք իմ ասածը: Ինչ որ խոսելու եք օրվա ընթացքում, մտաբերեք այս պատվիրանը, և տեսեք, արժե՞ ասել, թե ո՛չ: Օրվա ավարտին դուք կտեսնեք, որ կիսով չափ կրճատվում է ձեր խոսակցությունը՝ անհիմն արտահայտություններ օգտագործելու պատճառով: Այս արատավոր երևույթը համատարած բնույթ է կրում ամենուր և ոչ ոք լուրջ չի մոտենում այս կործանարար իրականությանը:
Եթե մեր լրատվամիջոցները հիշեի՛ն այս պատվիրանի մասին, եթե մեր պետական այրերը իմանայի՛ն այս պատվիրանի մասին, եթե ֆեյսբուքի օգտատերերը կարդային այս պատվիրանի մասին, եթե մեր հոգևորականները ամեն օր քարոզեին այս պատվիրանի մասին… մենք այսօր ուրիշ պատկեր կունենայինք: Մենք այստեղ անգիտակցաբար առատորեն գործածում ենք այս անորակ բառամթերքը, իսկ հանդերձյալում գիտակցաբար պատասխան ենք տալու ամեն բառի համար, որ դուրս է եկել մեր բերանից:
Պատվիրանը գրվա՛ծ է Աստծու կողմից, այն փոփոխության ենթակա չէ՛, չի՛ կորցնում իր պիտանելիության ժամկետը: Այնպես որ, եթե մի բան պետք է փոխվի, դա՛ մեր սիրտն է:
Սիրելիներ, ավարտեցինք նաև 12 րդ գլխի այս համարները, որոնք մեզ բավական մտածելու տեղիք տվեցին այն առումով, որ արթնացանք այսուհետ մեր խոսքերին հետևելու անհրաժեշտության մեջ:
Մնացեք սիրով՝ ո՛չ թե պատասխան տալու համար վախեցեք, այս Քրիստոսի սիրո համար՝ մեղքից ու չարախոսությունից հրաժարվեք: