ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Այսօր մեր հանապազօրյա հացին զուգահեռ համառոտ կներկայացնեմ ձեզ հպարտության մեղքի մասին, որը առաջինն է մահացու մեղքերից.
Հպարտությունը բոլոր մեղքերի գլուխն է, քանի որ նրանով ընկավ սատանան՝ ըմբոստանալով Արարչի դեմ եւ իր հետ կործանելով բազում այլ հրեշտակների, որոնք վերածվեցին դեւերի եւ իրենց պարագլխի հետ առ այսօր չարիք են սերմանում աշխարհում: Հպարտությամբ ընկան եւ մեր նախածնողները, քանզի ցանկացան առանց շնորհի աստվածանալ: Հպարտությունը միշտ կործանում է բերում, թեպետ երբեմն նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է թվում մարդուն: Ավելին, աշխարհիկ հասարակության մեջ այն հաճախ առաքինություն է համարվում: Մինչդեռ բոլոր չարիքների, փոխադարձ անըմբռնողության և անհիմն թշնամանքի համար մարդիկ պարտական են հպարտությանը: Հպարտն արհամարհում է մերձավորին՝ չգնահատելով նրա արժանիքները, և միայն իրենն է գնահատում, ամբարտավան ու մեծամիտ պահվածքով շարունակ թունավորում է միջավայրը և ի վերջո ատելի դառնում թե՛ մարդկանց, թե՛ Աստծո կողմից: Քանզի, արդարեւ, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի. Մատթ. 23.12: Այս արատն ունի նաեւ ծածուկ դրսեւորումներ, ինչպես կեղծ բարեպաշտությունը, մարդահաճությունը և ի ցույց բոլորի ողորմություն տալը, որոնցով մարդը հոգում է իր արտաքին կերպարի համար՝ զրկվելով ամենակարևորից՝ աստվածային շնորհից եւ օժանդակությունից:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի.12:22-30
22 Այն ատեն կոյր ու համր դիւահար մը բերին իրեն եւ զանիկա բժշկեց, այնպէս որ համր ու կոյրը խօսեցաւ ու տեսաւ։ 23 Բոլոր ժողովուրդը զարմացած կ՚ըսէին. «Արդեօք ասիկա՞ է Դաւիթին որդին»։ 24 Բայց փարիսեցիները երբ լսեցին՝ ըսին. «Ատիկա ուրիշ բանով չի հաներ դեւերը, բայց դեւերուն Բէեղզեբուղ իշխանովը»։ 25 Յիսուս անոնց խորհուրդները իմանալով ըսաւ անոնց. «Ամէն թագաւորութիւն իրեն մէջ բաժնուած կ՚աւերի. եւ ամէն քաղաք կամ տուն իրեն դէմ բաժնուած՝ չի կրնար կենալ։ 26 Եթէ Սատանան Սատանայ հանէ, իրեն դէմ բաժնուեցաւ. ուստի ի՞նչպէս պիտի կենայ անոր թագաւորութիւնը։ 27 Ու եթէ ես Բէեղզեբուղով դեւերը կը հանեմ, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. ուրեմն անոնք պիտի ըլլան ձեր դատաւորները։ 28 Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիովը կը հանեմ դեւերը, ուրեմն Աստուծոյ թագաւորութիւնը ձեր վրայ հասած է։ 29 Կամ ի՞նչպէս կրնայ մէկը զօրաւոր մարդու մը տունը մտնել եւ անոր կարասիները յափշտակել, եթէ առաջ այն զօրաւոր մարդը չկապէ ու ետքը անոր տունը կողոպտէ։ 30 Ան որ ինծի հետ չէ, ինծի հակառակ է եւ ան որ ինծի հետ չի ժողվեր, ցիրուցան կ՚ընէ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ձեզ համար ընթերցեցի Մատթևոսի Ավետարանի 12 րդ գլխից այսօրվա սերտողության համարները: Իսկ մենք արդեն գիտենք, որ Ավետարան կարդալիս Աստված խոսում է մեզ հետ; Ուրեմն շատ կարևոր է, երկյուղածությամբ ընթերցանությունը, որովհետև մեր տկար ու ցրված միտքը ի զորու չէ պարփակել Աստծու խոսքի մեջ ամփոփված ողջ իմաստությունը: Ինչպես սաղմոսն է ասում,- Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ, ոչ էլ կբնակվի այն մարդու մեջ, որը մեղք է գործում: (Իմաստ 1:4) Իսկ երբ մենք կամենում ենք հասնել Սուրբ Գրքի ճշմարիտ գիտությանը, ապա պետք է ձեռք բերենք սրտի անսասան խոնարհություն, որը կառաջնորդի մեզ այնպիսի իմացությամբ, որը չի հպարտացնում, այլ լուսավորում է: Մեր եկեղեցու փորձառու հայրերն ասում են,- Երբ Տէր Աստված աշխարհիկ բաներից ու վարդապետություններից հեռու մաքուր սիրտ է տեսնում, ապա այդ սրտի վրա, ինչպես մաքուր տախտակի, գրում է Իր Վարդապետությունը: Սիրելիներ այս բանը ձեզ ասում եմ նրա համար, որ դուք չձգտեք կարդալ ո՛չ աստվածահաճո գրքեր, որոնք ուսուցանում են աշխարհիկ վարդապետությունը:
Հիսուս Քրիստոս Իր փորձառության մեջ հանդիպեց ամեն տեսակ մարդկանց, և ամենքին տվեց իր հավատի ու կարողության չափով, բայց ո՛չ մեկին անմասն չթողեց, բացի նրանցից, որոնք կամավոր իրենց հրաժարված համարեցին Լույսի հետ քայլելուց: Տէր Հիսուսին հանդիպեց ուսյալ, բայց մեծամիտ ու կեղծավոր մարդկանց խումբ: Հանդիպեց նաև անուս, բայց պարզամիտ մարդկանց խումբ: Կրթված մեծահարուստ էլ հանդիպեց, որը կառչած էր իր հարստությանը: Հրեա վարդապետ, որը չէր հասկանում իր կարդացած գրքերը: Հպարտ իշխանավորների հանդիպեց: Հանդիպեց հիվանդ ու բորոտ, կաղ ու կույր, անդամալույծ և դիվահար:
Մի խոսքով Հիսուս Քրիստոս առնչվեց տվյալ ժամանակաշրջանի բոլոր խավերի հետ, որոնց մեծամասնությունը ապրում էր մեղքի մեջ: Հանդիպեց նաև զորավոր հավատի տեր մարդկանց և զարմացավ:
Նաթանայելին հանդիպեց և զարմացավ, որ Իսրայելի մեջ միակն էր, որի մեջ նենգություն չկար: Այդպիսի մի խումբ էլ օրվա կրոնական առաջնորդներն էին, որոնք ամեն ինչի մեջ խավարն էին փնտրում, իրենց ներսում լույս չունենալու պատճառով; Աստծու արքայությունը հասել էր նրանց աչքերին, իսկ նրանք չէին տեսնում:
Քիչ առաջ կարդացի ձեզ մի կույր և համր դիվահարի մասին, որին Հիսուսի մոտ բերեցին՝ բուժման համար: Մի պահ պատկերացրեք, որ մարդը չի տեսնում, չի լսում, չի խոսում և դիվահար է: Այս մարդը ապրում է հասարակության մեջ և դիվահարի ցնցումների և նոպաների մասին մենք կարդացել ենք ուրիշ համարներում: Ավետարանիչը մեկ տողով գրում է,- Եվ Նա նրան բժշկեց այնպես, որ համրն ու կույրը խոսում էր ու տեսնում;
Այսպիսի մեկին եթե մեր օրերում բժշկեին, հավանաբար այդ բժշկի արձանը կկանգնեցնեին ու կդարձնեին երկրպագության առարկա; Քանի որ մեր ժողովուրդը շուտ հրապուրվող է և արձաններ կանգնեցնելու հարցում էլ շտապում է միշտ: Կույր և համրի բարեկամներն ու տեղի ժողովուրդն էլ շատ ուրախացան ու զարմացան, և նույնիսկ ուզում էին հավատալ, որ այդ Հրաշագործը իրապես Հիսուս Քրիստոսն է՝ Դավթի Որդին:
Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ կրոնական առաջնորդներն ու փարիսեցիները ո՛չ միայն չուրախացան պատահածից, այլ նաև չարախոսեցին՝ Հիսուսին անվանելով դևերի իշխան՝ Բէեղզեբուղի գործակալ:
Բացի նրանից, որ փարիսեցիները կասկածի տակ էին դնում Հիսուս Քրիստոսի աստվածությունը, նրանք նաև տեղյակ չէին սատանայի թագավորության միաբանության և կարգ ու կանոնի մասին, որ սատանայի իշխանությունը կանգուն է մինչև հիմա հենց այն պատճառով, որ նրանք միախորհուրդ են գործում, դրա համար են հաջողում; Հետևաբար ինչպե՞ս կարող էին նրանք օգնել Հիսուսին՝ դևը հանելու հարցում, երբ իրենք էինք մարդուն դարձրել դիվահար, մեղքին ծառայելու պատճառով; Ամեն սուտ վկայություն բերում էին Հիսուս Քրիստոսին ծուղակը գցելու համար, սակայն երբ բերված փաստերը զուտ զրպարտություն էր, իրենք էին ընկնում իրենց պատրաստած ծուղակը:
Փարիսեցիները չկարողացան հաղթահարել իրենց ներսի հպարտությունը, հասկանալու համար, որ Քրիստոսն է Աստծու Որդին, որ պիտի գար, և չարը օգտագործեց նրանց հպարտությունը իրենց դեմ, և մինչև վերջ նրանց հոգևոր աչքերը ծածկված մնացին արատների ծածկոցով: Չարը օգտագործեց նաև Հուդայի արծաթսիրությունը, որը նա թաքցրել էր իր սրտի խորքում, և հենց դրանով էլ կործանեց նրան՝ հասցնելով ինքնասպանության;
Տէր Հիսուս այդ մեղադրանքից հետո, մի արտահայտություն է անում իր մեջ բաժանված թագավորության և իր մեջ բաժանված քաղաքի մասին, որը դարձյալ ծանոթ արտահայտություններ էր հրեա միջավայրում և շատ գործածելի արտահայտություն էր նրանց համար, որ ասում էին, թե՝ քաղաքը՝ որում խռովություն կա, կքանդվի: Նույնիսկ իմաստուններն ասում էին, որ իր մեջ բաժանված քաղաքում անպայման արյունահեղություն կլնի:
Այն ժողովարանը, որի ներսում բաժանում կա, այն չի կարող հարատևել: Իսկ բաժանումը մի տան մեջ՝ պղծություն էր համարվում:
Շատ հետաքրքրական հարց է տալիս նրանց Տէրը նրանց, որոնք Իրեն կասկածում էին դևերի իշխանի հետ համագործակցելու հարցում; Իսկ ձեր որդիները ինչո՞վ կհանեն դևերը,- ասում է Հիսուս,- եթե ես Բէեղզեբուղի միջոցով եմ հանում; Այստեղ ,,ձեր որդիներ,, արտահայտությունը պետք չէ հասկանալ բառացի, այլ նկատի ուներ նրանց համախոհներին ու կողմնակիցներին, որոնց մեջ եղել են կախարդների հետ համագործակցողներ:
Հրեական ավանդության մեջ պահպանված վկայություններ կա այն մասին, որ հրեա ռաբբիներից ոմանք չար ոգիների և դևերի հետ համագործակցության կապեր ունեին և սատանային օգտագործում էին իրենց գործերի մեջ: Այդ վկայություններից մեկում պատմում են, որ ռաբբի Շիմոն անունով մի հրեա, որը համագործակցում էր դևերի հետ, նավարկելիս տեսնում է նավի մեջ մի չար ոգի: Այն հարցին, թե ի՞նչ է անում նավի մեջ սատանան, նա առաջարկում է իր ծառայությունը Ռաբբիին՝ հրաշքի տեսքով, ասելով ես կմտնեմ կայսրի աղջկա մեջ, և նա կաղաղակի ու կբղավի անվերջ, ու ես ներսից նրա ականջին կասեմ, թող ռաբբի Շիմոնը գա և ես դուրս կգամ:
Պատահում է այնպես, ինչպես որ սատանան ասում է: Կայսրի աղջիկը անդադար գոռում է անհանգստությունից և ոչ ոք չի հասկանում եղելությունը: Կայսրը հավաքում է բոլոր իմաստուն մարդկանց, որպեսզի գտնեն Ռաբբի Շիմոնին: Լուր են բերում, որ Ռաբբիի նավը շուտով կհասնի քաղաք: Կայսրը ուրախությամբ դիմավորում է Շիմոնին և հավաստիանում է, որ նա կարող է օգնել իր աղջկան; Սակայն ավելի վստահ լինելու համար հարցնում է,- ի՞նչ նշան կլինի, որ ես համոզվեմ, որ դուրս եկավ դևը իմ աղջկա միջից; Ռաբբին ասում է, որ դևի դուրս գալուց հետո քո տան բոլոր ապակե անոթները կկոտրվեն; Կայսրը համաձայնվում է:
Մոտենում է Ռաբբին կայսրի աղջկան և ականջին բարձ ձայնով ասում է,- դուրս եկ չա՛ր ոգի: Դուրս է գալիս դևը և աղջիկը խաղաղվում է: Կայսրը պատրաստ է վճարել ցանկացած գումար այդ ծառայության դիմաց, սակայն ռաբբին հրաժարվում է որևէ բան վերցնել արածի համար: Կայսրը պահանջում է, որ ռաբբին մի բան խնդրի իրենից, իսկ ռաբբին առիթից օգտվելով պահանջում է, որ կայսրը չեղյալ համարի Երուսաղեմի վրա հարձակվելու հրամանը և սրի քաշի պատերազմի լուրը Երուսաղեմ տանող սուրհանդակներին: Կայսրը համաձայնվում է չեղարկել որոշումը և Երուսաղեմը այդ մեկ հարձակումից ազատվում է:
Այս պատմությունը ձեզ պատմեցի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու Քրիստոս իրեն մեղադրողներին ասաց, որ ձեր համախոհները դևերի հետ համագործակցում էին և նախնական պայմանավորվածության համաձայն էին հանում դևերը, իսկ Ես հանում եմ Աստծո Հոգով և առանց դևի կարծիքը հարցնելու: Իսկ եթե Աստծու հոգով եմ հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ:
Բայց քանի որ փակ էր նրանց աչքերն ու ականջները Աստծո խոսքի հանդեպ, նրանք դարձյալ չհասկացան, թե ի՞նչ ասվեց իրենց: Հետևաբար, խոսակցության ավարտին Տէր Հիսուս ասում է,- այսինքն մեկը, որ չի միանում աստվածային ծրագրին՝ Աստծու հոգով, նա Ինձ հետ չէ, և ով Ինձ հետ չէ, նա դեմ է արարչության ծրագրին:
Սիրելիներ, այս մտքերն էին այսօրվա սերտողության մեջ, որ կամեցա փոխանցել ձեզ; Ամեն մի խոսք որ դուրս է գալիս Հիսուս Քրիստոսի բերանից, ունի հիմք, ունի նպատակ,և գլխավորը՝ ունի փրկարար ազդեցություն Իրեն լսող մարդկանց համար, քանի որ Աստծու Սուրբ Հոգով է գործում և խոսում:
Մնացեք սիրով՝ մնացեք խաղաղությամբ, թող ձեր սրտում դատարկ տեղ չգտնվի չար բաների համար, որպեսզի միայն բարիքի համար ծառայի ձեր սրտի ավելցուկը: