ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրելիներ, ես ձեզ խոստացել էի, որ պարբերաբար կտեղեկացնեմ եկեղեցական տոների, խորհուրդների, մեղքերի և այլնի մասին, որի հետ դուք առնչվում եք ձեր կյանքում: Երկու տողով ձեզ ներկայացնեմ մահացու մեղքերի մասին և վաղվանից կխոսեմ մեկական մահացու մեղքի մասին՝ մինչև ուղիղ եթերի թեման սկսելը:
Մահացու մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետեւյալ 7 տեսակների մեջ. հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն եւ բղջախոհություն: Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ: Այդ մեղքերից առաջինը հպարտությունն, որի մասին համառոտ կխոսեմ վաղվանից:
Օրվա ընթերցվածք.
Ընթերցվածք չկա.
Ավետարան ըստ Մատթևոսի 12:9-21
Անկէ երթալով՝ գնաց անոնց ժողովարանը։ 10 Հոն մարդ մը կար, որուն ձեռքը չորցած էր։ Հարցուցին անոր. «Շաբաթ օրը բժշկել արժա՞ն է», որպէս զի անոր վրայով ամբաստանութիւն ընեն։ 11 Ան ալ ըսաւ անոնց. «Ձեզմէ ո՞ր մարդը կայ, որ ոչխար մը ունենայ եւ անիկա շաբաթ օրը փոսի մէջ իյնայ, չի բռներ ու վեր հաներ զանիկա։ 12 Արդ՝ ո՜րչափ աւելի է մարդը ոչխարէն։ Ուրեմն շաբաթ օրը բարի գործել արժան է»։ 13 Այն ատեն ըսաւ այն մարդուն. «Երկնցուր ձեռքդ»։ Ան ալ երկնցուց ու ողջնցաւ միւսին պէս։ 14 Իսկ փարիսեցիները դուրս ելլելով՝ անոր վրայով խորհուրդ կ՚ընէին թէ ի՞նչպէս զանիկա կորսնցնեն։
15 Յիսուս երբ գիտցաւ, դատուեցաւ անկէ եւ շատ ժողովուրդ անոր ետեւէն գացին ու ամէնքը բժշկեց, 16 Բայց սաստիկ պատուիրեց անոնց, որ զինք մարդո՛ւ չյայտնեն. 17 Որպէս զի կատարուի Եսայի մարգարէի միջոցով ըսուած խօսքը. 18 «Ահա իմ ծառաս, զոր ընտրեցի եւ իմ սիրելիս, որուն հաւնեցաւ իմ անձս. իմ Հոգիս անոր վրայ պիտի դնեմ ու հեթանոսներուն իրաւունք պիտի տայ։ 19 Ո՛չ պիտի վիճի եւ ո՛չ պիտի աղաղակէ եւ ո՛չ մէկը պիտի լսէ անոր ձայնը հրապարակներուն մէջ։ 20 Ջախջախուած եղէգը պիտի չփշրէ ու պլպլած պատրոյգը պիտի չմարէ, մինչեւ արդարութիւնը յաղթանակի հասցնէ։ 21 Եւ հեթանոսները անոր անունը պիտի յուսան»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ և եթերից հետո մեզ միացողներ ու լսողներ: Ավետարանների գլուխները աստիճանաբար կարդալով, տեսնում ենք, որ բոլոր ժամանակների վերաբերյալ մարգարեությունները կատարվել են Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, մնում է իրականանա վերջին՝ Հայտնության գրքի մարգարեությունը: Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ ժամանակների լրումին՝ այդ ժամանակաշրջանում երևաց մարդկանց, թողեց Իր պատգամները և գնաց, կրկին գալու նպատակով: Իր կրկին գալուստը լինելու է Հայտնության գրքի մարգարեությունների բացահայտման ժամանակ; Քրիստոնեական ժամանակաշրջանը ավելի մոտ է երկրորդ Գալուստին, քան որ առաքյալները գրում էին այդ մասին; Եթե բոլոր մարգարեությունները գրեթե կատարվել են,ուրեմն մենք ապրում ենք նախավերջին փուլում: Ասել է, թե նախապատրաստական ժամանակաշրջան ենք ապրում մենք: Ես չեմ ասում մե՛կ օրը, այլ նույնիսկ մե՛կ ժամը չի կարելի անօգուտ վատնել: Աստծու ծրագրի բոլոր հանգույցները կարծես արդեն բացվել են ժամանակի ընթացքում և մենք քայլում ենք դեպի վերջին հանգույցը, որ կբացվի Քրիստոսի երկրորդ գալուստով: Մեն անելիքը ո՛չ այլ ինչ է, քան ամենօրյա հոգևոր նախապատրաստություն, քանի որ մարդուն հայտնի չէ՛ իր ապրած օրերի թիվը, և ավարտի ժամանակը:
Տէր Հիսուս Քրիստոսին հայտնի էր Իր աշխարհ գալու և աշխարհից մեկնելու ժամանակահատվածը: Նա գիտեր, թե ե՞րբ է կատարվելու մարգարեությունը Իր խաչելության վերաբերյալ, դրա համար շատերին արգելում էր իր մասին բացահայտ խոսելու: Նա ո՛չ մի օրը անօգուտ չէ անցկացնում, այլ ուսուցանում էր, բուժում էր, քարոզում էր ժողովրդին՝ ո՛ւր որ պատահեր, իսկ շաբաթ օրերը Սինագոգ էր գնում քարոզելու և բժշկելու:
Ինչքան էլ որ հրեաների մոտ շաբաթ օրով արգելված էր բժշկություն կատարել, սակայն Տէր Հիսուս չէր զլանում ամեն անգամ բացատրել, որ մարդը առավել է քան շաբաթ օրը; Շաբաթ օրը տրվեց մարդուն, որպեսզի մարդը տնօրինի այդ օրը, ո՛չ թե շաբաթը պետք է իշխի մարդու վրա: Սակայն դժվար է, երբ մի վատ սովորություն կամ ավանդություն դառնում է պաշտամունքի առարկա, և մարդը ենթարկվում է դրան: Այդպիսի մի վատ սովորություն էլ կա մեր ժողովրդի մեջ ընդունված, որ Սուրբ Սարգսին նվիրված տոնը դարձնում են կռապաշտության հասնող մի արարողության: Ի դեպ այս տարի սուրբ Սարգսի տոնը նշվելու է Հունվարի 30 ին;
Այդ օրը եկեղեցիների բակերը նմանվում է Երուսաղեմի տաճարում կատարվող առևտրին, որոնց վռնդեց Հիսուս Քրիստոս՝ հիշեցնելով, որ Իմ Տունը աղո՛թքի տուն է, ոչ թե գունավոր ծառ ու ծաղկի տոնավաճառ, կամ աղի բլիթների ցուցահանդես: Ժողովրդի բազմությունը թողած Պատարագի արարողությունը և աղոթքը կենտրոնանում է այդ առևտրի վրա և համարում է, որ մասնակցեց Սուրբ Սարգսի տոնին և բավարարված գնում է տուն իր հետ տանելով այդ նյութական օրհնությունները, որոնք հաջորդ տարի հայտնվում են աղբարկղում; Խոսքս չի վերաբերվում նրանց, որոնք գիտակցում են Պատարագի և տոնի խորհուրդը և չեն խանգարում իրենց Պատարագը՝ երրորդական բաների պատճառով: Մեզանում էլ արմատացած վատ սովորություններ կան եկեղեցական տոների՝ ժողովրդական մասերի հետ կապված, ինչի համար մեզ շատ հաճախ մեղադրում են կռապաշտության մեջ: Խոսքս Տեառնընդառաջի տոնի խարույկի մասին է: Ինչևէ, անցնենք մեր բուն թեմայի սերտողությանը:
Երեկվա ցորենի հասկերի վիճաբանությունից հետո, Հիսուս Քրիստոս գնաց նրանց ժողովարանը՝ ուսուցանելու և բժշկելու համար: Պատկերացրեք, որ Քրիստոսի բժշկությունների հրաշքների լուրը տարածվել է տարածաշրջանում, հիվանդները բազմաթիվ են, սակայն քաջատեղյակ են քահանայապետների և փարիսեցիների խստասրտությանը և չեն համարձակվում ժողովարան գալ՝ բժշկվելու համար, քանի որ շաբաթ օրով բժշկություն ստացողը կարող էր զրկվել ժողովարան գալուց; Սակայն այս մարդը, որի ձեռքը գոսացած էր, հաշվի չէր առել այդ ամենը և սպասում էր մեծ հույսով, որ Հիսուս կգա ժողովարան;
Ահա և ժողովարանում կայացավ հանդիպումը հիվանդի, Բժշկի, և խստասիրտ փարիսեցիների միջև: Հիվանդն անհամբեր ակնկալում է Քրիստոսից իր բուժումը: Փարիսեցիները ակնկալում են, որ Քրիստոս շաբաթ օրով բուժում կատարի և ամբաստանեն: Իսկ Հիսուս Քրիստոս բոլորովին ա՛յլ բան էր ակնկալում: Նա ակնկալում էր, որ նախորդ խոսակցությունը հասկեր պոկելու վերաբերյալ, հասկացած կլինեին, երբ փարիսեցիներին ասաց,- եթե իմանայիք, թե՝ ինչ նշանակում ողորմություն եմ կամենում, և ոչ՝ զոհ: Տեսնենք ինչպես վարվեց Հիսուս այս ամենից հետո:
Մատթևոս ավետարանիչը արձանագրել է, որ փարիսեցիները եկան և տվեցին նույն անմիտ հարցը, թե,- շաբաթ օրը թույլատրելի՞ է բժշկել, որպեսզի դարձյալ ամբաստանեն: Իսկ Մարկոս ավետարանիչը նկատել է, որ Տէր Հիսուս միանգամից այդ գոսացած ձեռքով մարդուն մեջտեղ է կանչել՝ բուժելու համար, և դառնալով, հարց է տալիս փարիսեցիներին,- Շաբաթ օրով ի՞նչ է օրինավոր անել, բարի գո՞րծ գործել, թե՞ չարիք:
Մի հոգի ազատե՞լ իր հիվանդությունից, թե՞ թողնել, որ կործանվի: Ո՞վ կհանդգնի այսպիսի հարցին հակառակ պատասխան տալ; Նրանք լռեցին, սակայն ցասումով լցվեցին Քրիստոսի նկատմամբ և հնարքներ էին փնտրում Նրան կորստյան մատնելու: Իսկ մեր սիրելի Ղուկաս ավետարանիչը նկատել է, որ այդ մարդու ա՛ջ ձեռքն է չորացած: Հավանաբար ցույց տալու համար, թե որքան կարևոր է, որ նա ժամ առաջ բժշկվի և կարողանա աշխատել՝ իր կարիքները հոգալու համար: Չէ որ աջ ձեռքը առաջատար է և շատ կարևոր: Բժշկվեց նաև այս հիվանդը, իր մարմնավոր հիվանդությունից, որը գուցե շատերի համար եղավ նաև հոգևոր բժշկությունը:
Աշխարհի հրաշքներ գործող Հիսուս Քրիստոս զարմացավ: Այ՛ո, զարմացավ մարդու խստասրտության վրա, որ օրենքը մարդուց վե՛ր է դասում: Շաբաթը հիվանդից վե՛ր է դասում: Իր իշխանությունը Աստծուց վե՛ր է դասում:
Այն աստիճան էին տարված իրենց կրոնամոլությամբ, որ ասում էին, թե շաբաթ օրով չի կարելի հիվանդի համար աղոթք անել, որպեսզի նրա ցավերի ու տրտմությունների մասին խոսելով չանարգվի շաբաթ օրը:
Այսպիսի ծայրահեղական մոտեցումներից զգուշանալու մասին էր հիշեցնում Տէր Հիսուս աշակերտներին՝ փարիսեցու խմոր ասելով;
Սիրելիներ, մենք նախորդ սերտողությունների մեջ անդրադարձել ենք, շաբաթ օրով բարիք գործելու՝ Տէր Հիսուսի կատարած համեմատություններին, որով կեղծավորներին հարցնում էր, թե՝ ձեր ոչխարը եթե փոսն ընկներ շաբաթ օրով, մի՞թե չէիք հանելու: Ամեն անգամ նրանք լռում էին, պատասխան չունենալու պատճառով, բայց նրանց սիրտը այնքան էր կարծրացած, որ սատանան հեշտությամբ կարողացավ իր ձախավեր ծրագիրը իրագործել հե՛նց քահանայապետների թեթև ձեռքով, որոնք շաբաթ օրերը Սուրբ Գիրքն էին կարդում ժողովարանում: Վերջապես ոչ մի հիմնավոր մեղադրանք չգտնելով Նրա վրա, սուտ վկայություն տվեցին Պիղատոսի առջև, թե՝ արգելում է կայսրին տուրք տալ, և խռովություն է առաջացնում ժողովրդի մեջ: Սատանան կարողանում է դատարկ սրտերում անարգել գործել:
Այսպես է նաև մեր օրերում, երբ մարդու հոգին մերկ է Աստծու խոսքի սպառազինությունից, սիրտը պաշտպանված չէ հավատքի վահանով, և միտքը լեցուն է մոլություններով, այդպիսին պատրաստ է հանուն իր պաշտոնի նույնիսկ ոտնձգություն կատարել Աստծո Որդու ճշմարիտ վարդապետության դեմ:
Դուրս եկավ ժողովարանից Հիսուս Քրիստոս և բազմությունը Նրա հետևից: Բուժեց բոլորին և խիստ պատվիրեց, նրանց, որ Իր մասին շատերին չպատմեն, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասվածը:
Մատթևոս ավետարանիչը ավարտին այս մարգարեության մասին է խոսում, որ Աստված խոսել է Եսայի մարգարեի բերանով Իր Որդու մասին, ասելով՝ Ահա Իմ ծառան, որին ընտրեցի, և Իմ Սիրելին, որին հոգիս հավանեց; Նրա վրա իմ հոգին պիտի դնեմ, և Նա հեթանոսներին դատաստան պիտի հայտարարի: Նա ո՛չ պիտի հակառակի, ո՛չ էլ պիտի աղաղակի: Հրապարակներում Նրա ձայնը ոչ մեկը չպիտի լսի: (Ի՞նչ է նշանակում սա):
Մեկնաբաններն այս մարգարեության մասին ասում են, որ ժամանակի մարգարեները կանգնել են հրապարակների կենտրոնում և հավաքված մարդկանց համար բարձրաձայն մարգարեություններ են արել այս կամ կատարվելիք իրադարձությունների մասին: Հիսուս Քրիստոսի մարգարեությունները տարբեր են մյուս մարգարեներից, նրանով, որ Հիսուս կարիք չուներ մարդկանց հավաքելու, մարդիկ կամավոր և սիրով էին Նրա հետևից գնում և լսում առանց աղմուկի:
Սիրելիներ, ավարտեցինք այսօրվա սերտողությունը, որը վերցրել էինք 12 րդ գլխի 9ից 21 համարները:
Այսօրվա դասը թող մեզ պարտավորեցնի, որ մեր բարեգործությունը իրավունք ունի խախտելու և՛շաբաթը, և՛ կիրակին, եթե մեկը կարիքի մեջ է և մեր օգնության կարիքն ունի:
Մնացեք սիրով՝ ողորմած ձեռքերով, հեռու ցանկացած մոլությունից, և Տիրոջ փառքի սաղմոսներ բարբառող շրթներով;