ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրելի հավատացյալներ, տարվա սկզբից ես ձեզ հիշեցման կարգով կտեղեկացնեմ պահքերի և մեծ տոների մասին փոքրիկ տեղեկություններով:Այսօրվանից սկսվում է Առաջավորաց Պահքը:
Այս տարի Առաջավորաց պահքը Հունվարի 25-ից սկսվեց:Ավանդության համաձայն պահքը Առաջավորաց է կոչվում հայոց առաջին ազգային պահքը լինելու պատճառով և այն առնչվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի քարոզությանը` հայոց դարձին և լուսավորությանը: Խոր վիրապից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը Տրդատ արքային և նրա մերձավորներին հրամայեց հինգ ծոմ պահել (այսինքն՝ ոչինչ չուտել ու չխմել), ինչին հաջորդեցին նրա վաթսուն օրերի քարոզը և հիվանդների բժշկումը հրաշքով: Հայոց քահանայապետ դառնալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաստատեց հնգօրյա պահք և կոչեց Առաջավորաց, քանի որ եղավ մեր Եկեղեցու առաջին շաբաթապահքը:
Այս պահքը համարվում է մեծ պահքի նախակարապետ և տարվա առաջի առիթը՝ պահքով և ապաշխարությամբ հաստատելու աստվածահաճո կյանքով ապրելու ուխտը: Առաջավորաց պահքին հաջորդում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, բայց պահքը չի վերաբերում սրբի հիշատակին, ուղղակի սուրբ Սարգսի նահատակությունը համընկել է այս պահքի օրերի հետ: Այս է պատճառը, որ ժողովուրդը Առաջավորաց պահքը անվանում է Սուրբ Սարգսի պահք:
Յուրաքանչյուր պահք պահվում է Աստծո համար և միայն Աստծուն է նվիրվում, ուղղակի շաբաթապահքերը տվյալ Սրբի անունով կոչելով` հայցում ենք նրա բարեխոսությունը, որպեսզի պահքը ընդունելի լինի Աստծո կողմից: Իսկ Սուրբը նահատակության ժամանակ, ըստ մեկ այլ ավանդության պատվիրել է, որ իր անունով աղոթք անողի և իրեն որպես բարեխոս ընդունողի աղոթքը ընդունելի կլինի Աստծո կողմից: Բայց երբեք չի՛ հորդորել, որ առանց պահք պահելու, առանց Սուրբ գիրք կարդալու, առանց աղոթքի միայն աղի բլիթ կերեք և կտեսնեք, թե՝ ում հետ եք ամուսնանում, ինչը այսօր կուրորեն անում են երիտասարդների մեծ մասը: Միշտ էլ նվիրական զգացողություն է, խնդրել որևէ Սրբի բարեխոսությունը այս կամ այն երազանքը իրականացնելու համար,բայց որ դա լինի Աստծո կամքը, ո՛չ մեր:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ չկան Առաջավորաց պահքի չորս օրերին՝ 25 ից մինչև 28-ը: Իսկ 29ին արդեն կարդացվում է Հովնան Մարգարեի գրքի բոլոր չորս գլուխները, քանի որ հաջորդ՝ շաբաթ օրը Հովնան Մարգարեի հիշատակության տոնն է:
Ավատարան ըստ Մատթևոսի. 12:1-7
1 Յիսուս շաբաթ օր մը կ՚երթար արտերուն մէջէն, երբ իր աշակերտները անօթեցան, սկսան ցորենի հասկեր փրցնել եւ ուտել։ 2 Փարիսեցիները երբ տեսան, ըսին անոր. «Ահա քու աշակերտներդ կը գործեն, մինչդեռ արտօնուած չէ շաբաթ օրը գործել»։ 3 Ան ալ անոնց ըսաւ. «Չէ՞ք կարդացեր դուք Դաւիթին ըրածը։ Երբ անօթեցան ինք ու անոնք որ իրեն հետ էին. 4 Մտաւ Աստուծոյ տունը եւ առաջաւորութեան հացերը կերաւ, որ ո՛չ իրեն օրինաւոր էր ուտել եւ ո՛չ անոնց որ իրեն հետ էին, բայց միայն քահանաներուն։ 5 Կամ թէ օրէնքին մէջ չէ՞ք կարդացեր, որ քահանաները շաբաթ օրերը տաճարին մէջ շաբաթը կը պղծեն ու անմեղ են։ 6 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ այստեղ տաճարէն մեծ մէկը կայ։ 7 Եթէ գիտնայիք թէ ի՛նչ ըսել է ‘Ողորմութիւն կ՚ուզեմ ու ո՛չ թէ զոհ’, այն ատեն անպարտները չէիք դատապարտեր. 8 Քանզի Որդին մարդոյ շաբաթին տէրն է»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Մենք քրիստոնյաներս ո՛չ մի այլ բանով չպետք է այնպես մխիթարվենք և ուրախանանք, ինչպես որ Աստծու Սուրբ Խոսքով, քանի որ Հիսուս Քրիստոսի բերանի խոսքերն է դրանք:
Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում ենք Ավետարանի ընթերցումները, լսում ենք մեզ հետ զրուցող մեր Տէր Աստծուն: Նա պատվել է մեզ՝ անարժաններիս Իր ողորմությամբ, և պատշաճ չէ, որ մենք անտեսենք Նրա այդ մեծ ողորմությունը: Ոմանք ջանում են իմանալ, թե ինչ է կատարվում Ամերիկայում, Աֆրիկայում և այլ հեռավոր երկրներում, բայց իրենց անձերին ու իրենց ներսը նայել չեն ուզում: Ոմանք էլ միայն ձգտում են ողջ և առողջ պահել վաղ թե ուշ աճյուն դարձող մարմինը, իսկ անմահ հոգու նկատմամբ անհոգ են, և նրա հիվանդությունները Աստծու խոսքով ճանաչել և բուժել չեն ուզում: Մերկ է մեր հոգին և հիվանդ է մեր անհոգության պատճառով;
Սիրելիներ, այսօր սկսում ենք Մատթևոսի Ավետարանի 12րդ գլխի առաջի մասի սերտողությունը, որտեղ հանդիպում ենք մեր վերը նշած մարդկանց հակառակ պատկերներին; Այս մարդիկ էլ կարդացել են Սուրբ Գրքերը, սակայն կրոնամոլությունը մոռացնել է տալիս սուրբգրային գիտությունը: Փարիսեցիները մեզ ծանոթ են ժամանակի կրոնաքաղաքական կուսակցությունների խմբավորումներից, որոնք կառչած էին ձևապաշտության կանոններից՝ անտեսելով մարդուն: Դրա վառ օրինակը ես կարդացի ձեզ համար այսօրվա Ավետարանից: Աշակերտները քաղցած են, ցորեն են պոկել, որ ուտեն, իսկ փարիսեցիները նրանց մեղադրում են՝ դա շաբաթ օրով անելու համար: Այս իրադարձությանը անդրադարձել են երեք ավետարանիչներն էլ, բացի Հովհաննեսից, որպեսզի բացահայտեն այդ ժամանակի, այդ սերնդի կրոնամոլ կեցվածքը և Հիսուսի աշակերտների միջև եղած տարբերությունը:
Մենք նաև գիտենք, որ փարիսեցիների գլխավոր նպատակը Հիսուս Քրիստոսի համար ծուղակ պատրաստելն էր, այն օրից, երբ չարդարացան իրենց հույսերը՝ կապված Մեսիայի հետ, թե՝ եկել իրենց փրկելու հռոմեական լծից: Իսկ Քրիստոսի պատգամներն ու պատվիրանները իրենց ավելի շատ նյարդայնացնում էր, քանի որ բացահայտում էր իրենց կեղծ բարեպաշտությունը: Սակայն զարմանալին այն է, որ ամեն անգամ հանդիմանվում են Քրիստոսի կողմից հիմնավոր կերպով, բայց չեն դադարում հետապնդել Նրա ու Նրա աշակերտներին: Շաբաթ էր օրը, երբ Հիսուս անցնում էր արտերի միջով, և Նրա աշակերտները ցորեն քաղեցին կերան, և լսեցին իրենց հասցեին հանդիմանական խոսքեր, թե՝- այդ բանը շաբաթ օրով անելը օրինավոր չէ: Իսկ Տէր Հիսուս իր վրա վերցրեց արվածի պատասխանատվությունը և նորից հիասթափեցրեց փարիսեցիներին, ասելով,- Չե՞ք կարդացել…
Այս հարցը ապտակ է ո՛չ միայն փարիսեցիներին, այլ բոլոր նրանց, որոնք բազում անգամներ կարդացել են, կարդում են, շատերը նաև քարոզում են Սուրբ Գրքի իրենց կարդացածը, սակայն կարդացածով չեն ապրում, այլ միայն պահանջում են, որ ուրիշներն այդպես ապրեն: Հրեաները մինչև օրս էլ շաբաթը օգտագործում են տոնակատարությունների և վայելքի համար: Մինչդեռ Աստծու պահանջը այլ է շաբաթ օրվա վերաբերյալ:
Շաբաթ օրվա հանգստի պատվերի մասին կարդում ենք Եզեկիելի մարգարեության գրքում, որ Աստված պատվիրում է նրանց, ասելով, -Ես եմ ձեր Տէր Աստվածը, Իմ հրամաններով շարժվեցեք, և Իմ օրենքները պահեցեք և գործադրեցեք դրանք, շաբաթներս սուրբ պահեցեք, և դա նշան կլինի Իմ և ձեր միջև: Կիմանաք, որ Ես եմ ձեր Տէր Աստվածը: Եզեկ.20:20
Իսկ ինչպե՞ս պետք է սուրբ պահեին, ինչո՞վ, ուտելիքո՞վ, հագուստո՞վ, տոնակատարությա՞մբ: Քանի որ Աստված ասում է դա նշան կլինի Իմ և ձեր միջև, ուրեմն ո՞րն էր այդ նշանը:
Շաբաթ օրը սուրբ պահելու պատվիրանը Աստված նախ Մովսեսին տվեց Սինա լեռան վրա և ասաց,- ով այն պղծի, թող մահվան դատապարտվի: Ամեն ոք, որ շաբաթ օրը աշխատի, թող վերանա իր ժողովրդի միջից: Շարունակության մեջ ասում է,- Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթներորդ օրը դադար տվեց և հանգստացավ: Ելք.31:12
Դու էլ ուրեմն դադար տուր քո ստեղծագործ աշխատանքին և այդ օրը բարեգործություն արա, ողորմություն արա, հանգստացիր Աստծու ներկայության մեջ, աղոթք արա և գոհություն հայտնիր քո Տէր Աստծուն՝ ամեն ինչի համար:
Տէր Հիսուս փարիսեցիներին պատասխանելու ժամանակ երեք կետի է անդրադառնում, նախ հիշեցնում է իրենց սուրբ գրքերը, որտեղ գրված է Դավթի մասին, որ շաբաթ օրով կերան առաջավորաց հացը, որ միայն քահանային էր կարելի: Երկրորդը՝ տաճարի պղծման մասին է հիշեցնում, որ եթե քահանան հանուն ծառայության կարող է խախտել շաբաթը, քանի որ տաճարի ծառայությունը առավել է շաբաթից:
Ուրեմն Իր ուսուցումը լսելու համար ինչո՞ւ չեն կարող խախտել աշակերտները, եթե մի բուռ ցորեն կերան՝ քաղց զգալիս:
Երրորդ կետով Հիսուս նրանց բացատրեց ողորմության կարևորության մասին, քան՝ զոհեր մատուցելու: Ամեն խոսքով փորձում էր Սուրբ Գրքերի գրվածքները բացահայտեր նրան համար, որ ամեն ինչ գրված է Հիսուս Քրիստոսի մասին, Նրա ուսուցման մասին, ուրեմն ուսուցումը առավել է քան շաբաթը: Հատկապես, որ Ուսուցանողն է կանգնած բոլորի աչքի առջև, և Նա մեծ է Տաճարից ու Տէրն է շաբաթ օրվա:
Ուրեմն շաբաթը կարելի է խախտել բարիք գործելու համար, քանի որ բարեգործությունն ու ողորմությունը վեր են ամեն տեսակ կանոնից ու օրից;
Ելից Գրքում Աստված ասում է պահեք շաբաթը, քանի որ այն որպես սրբություն տրվեց ՁԵԶ համար, ո՛չ թե ԴՈՒՔ եք շաբաթ օրվա համար:
Ինչո՞ւ է Աստծու խոսքը այդքան դժվար ընկալվում մարդու կողմից: Ինչո՞ւ է մարդը ձևափոխում Աստծու խոսքը: Փարիսեցիները իրենց կրոնամոլության պատճառով շատերի համար գայթակղություն են հանդիսացել Սուրբ Գրքերը ճիշտ հասկանալու համար:
Մեր եկեղեցու հայրերն ասում են,- Սուրբ Գրքից վերցրու մի պատվիրան,կամ մի համար, կարդա, կրկնիր, փորձիր այն մարսել՝ մաքուր կենդանու պես երկար որոճալով, որպեսզի այն դառնա քո սեփականությունը:
Աստված նայում է Իր տված շնորհի նկատմամբ մարդու ունեցած հավատարմության չափին և ծառայության ձևին: Եթե այդ շնորհը նպատակահարմար է շաբաթ օրով մեկի համար բարիք անել, արե՛ք և մի զլացեք:
Քրիստոնյաներիս համար Պատվիրանի այդ շաբաթ օրը փոխարինվեց կիրակի օրով՝ Հիսուս Քրիստոսի կիրակի օրվա Հարությամբ, իսկ շաբաթ օրերը մեր եկեղեցին հարգում է մեր սրբերի հիշատակությամբ, երբեմն Պատարագով, երբեմն էլ ընդհանրական աղոթքներով:
Սիրելիներ, այդ պատճառով մեր հանապազօրյա հացի եթերաժամը չի գերազանցում կես ժամը, այն նպատակով, որ ձեր լսածը հասկանաք, յուրացնենք, և դարձնեք ձեր սեփականությունը՝ կյանքի կոչելու ակնկալիքով; Սուրբ Գիրքն էլ պետք չէ կարդալ գեղարվեստական գրքի նման, այն պետք է ծամել, համը զգալ, վայելել ու հետո կուլ տալ: Ես շատ եմ լսել, որ մարդիկ ասում են,- կարդացել եմ Աստվածաշունչ: Աստվածաշունչը անվերջ կարդալու գիրք է, անվերջ բացահայտումների գիրք է: Անկարելի է մեկ անգամ կարդալ և փակել, ինչպես որ անում ենք գեղարվեստական գրքերը: Երեկվա Ավետարանի մեջ Տէր Հիսուս ասում էր, Իմ Լուծը ձեր վրա վերցրեք և տեսեք, որ քաղցր է ու թեթև է: Ավետարանի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ժամանակի մեջ չի տեղավորվում և միշտ թարմ է իր ասելիքով: Այսինքն ամեն օր Ավետարան կարդալը նույնքան արդի է, որքան որ թարմ լրագիրը՝ այսօրվա լուրերով; Աստվածաշունչ կարդացողը տեղյակ է աշխարհի անցուդարձին, եթե նույնիսկ ամբողջությամբ չի հետևում լուրերին: Այդ պատճառով մեր Տէրը մեզ սովորեցնում է, միշտ պատասխան տալ Ավետարանի խոսքով, որպեսզի ծուղակը չընկնենք: Ինչպես որ Ինքն էր անում, ասելով,- Գրված է… Մնանք և լինենք Տիրոջ խոսքի հավատարիմ կարդացողներ, հասկացողներ, կիրառողներ, և տարածողներ:
Դուք էլ մնացեք սիրով՝ և շաբաթվա բոլոր օրերը ծառայեցրեք Աստծու փառքի համար: