ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Եկեղեցու հայրերը՝ Աստվածաշնչի մասին
Եթե դու երկրի թագավորից նամակ ստացած լինեիր, մի՞թե մեծ ուրախությամբ չէիր կարդա այն: Իհարկե, մեծ ուրախությամբ և սրտատրոփ ուրախությամբ կկարդայիր: Այնինչ այժմ ստացածդ նամակը ո՛չ թե երկրավոր, երկնային Թագավորից է, իսկ դու գրեթե արհամարհում ես այդ շնորհը՝ այդ անգին գանձը.
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Եսայու մարգարեությունը 61.10-62.9
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 2.15-26
Ավետարան ըստ Հովհաննեսի 6.15-21
Ավետարան ըստ Մատթևոսի 11:20 – 30
20 Այն ատեն սկսաւ նախատել այն քաղաքները, որոնց մէջ կատարեր էր իր հրաշքներէն շատերը, քանզի չապաշխարեցին. 21 «Վա՜յ քեզի, Քորազին, վա՜յ քեզի Բեթսայիդա, վասն զի եթէ Տիւրոսի ու Սիդոնի մէջ եղած ըլլային այն հրաշքները, որոնք ձեր մէջ եղան, շատոնցմէ քուրձով ու մոխիրով ապաշխարած պիտի ըլլային։ 22 Բայց ձեզի կ՚ըսեմ, Տիւրոսի եւ Սիդոնի աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան թէ ձեզի։ 23 Եւ դո՛ւն, Կափառնայում, որ մինչեւ երկինք բարձրացած ես, մինչեւ դժոխք պիտի իջնես, վասն զի եթէ Սոդոմի մէջ եղած ըլլային այն հրաշքները, որոնք քու մէջդ եղան, իրաւ որ մինչեւ այսօր դեռ պիտի մնար։ 24 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ Սոդոմացիներու երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը՝ քան քեզի»։
25 Նոյն ժամանակ Յիսուս ըսաւ. «Շնորհակալ եմ քեզմէ, ո՛վ Հայր, Տէր երկնի եւ երկրի, որ այս բաները ծածուկ պահեցիր իմաստուններէն ու գիտուններէն ու տղոց յայտնեցիր։ 26 Այո՛, ո՛վ Հայր, վասն զի քու առջեւդ այսպէս հաճելի եղաւ։ 27 Ամէն բան ինծի տրուեցաւ իմ Հօրմէս ու մէկը չի ճանչնար Որդին, բայց Հայրը եւ մէ՛կը չի ճանչնար Հայրը, բայց Որդին եւ ան՝ որուն Որդին կ՚ուզէ յայտնել։ 28 Եկէ՛ք ինծի, բոլոր յոգնած ու բեռնաւորուածներ եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ 29 Իմ լուծս ձեր վրայ առէք եւ ինծմէ սորվեցէք՝ որ հեզ եմ ու սրտով խոնարհ եւ ձեր անձերուն հանգստութիւն պիտի գտնէք. 30 Վասն զի իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթեւ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելիներ: Բարի կիրակի եմ մաղթում բոլոր նրանց, որոնք Պատարագի են մասնակցում, և բարի եթերաժամ՝ նրանց, որոնք ներկա են մեր ուղիղ եթերին: Ամեն անգամ եթերը սկսելուց ուզում եմ ձեզ փոքրիկ տեղեկություն տալ Աստվածաշնչի մասին՝ մեր եկեղեցու Հայրերի մտքերից, որպեսզի Սուրբ Գրքի մշտական ներգործությունը ձեր մտքի մեջ լինի: Եթե համառոտ պատմենք Աստվածաշունչը, ապա այսպիսի պատկեր կլինի: Աստված Մովսեսի միջոցով մարդկությանը հանեց եգիպտոսից՝ այսինքն մեղքից և հանձնեց Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոս մարդկությանը պետք է հասցնի Երկնքի Արքայություն; Իսկ Տէր Հիսուս հանձնարարեց առաքյալներին, որպեսզի մարդկությանը տեղյակ պահեն այդ ճանապարհի դժվարությունների և հաջողությունների մասին: Այս իրականությունը թող մշտապես մեր մտքում լինի, որպեսզի մենք մեզ գտնենք այդ ընթացքի մեջ, թե ո՞ր հատվածում ենք գտնվում մենք, և ո՞րն է մեր դերը այս գործընթացում:
Այնպե՛ս, ինչպես որ Ավետարանի ամեն գլուխ սերտելիս մենք անելիք ունենք: Շատ հաճախ Տիրոջ տված հարցերը մե՛զ են վերաբերում, առաքյալների տված հարցերից մե՛զ մոտ էլ է առաջանում: Փարիսեցիներին արված Տիրոջ հանդիմանությանը մե՛նք էլ ենք արժանի: Ավետարանը կենդանի խոսք է, որի ազդեցությունը մենք զգում ենք ամեն բառից: Երեկվա սերտողությունից տեղեկացանք, որ Տէր Հիսուս Հովհաննես Մկրտչի մասին մանրամասն տեղեկություններ հայտնեց ներկա բազմությանը, բայց Նրա հետագա խոսքերի մեջ զայրույթ և մտահոգություն կար Բեթսաիդա և Քորազին քաղաքների բնակչության նկատմամբ:
Նաև Կափառնայում քաղաքի մասին, քանի որ այդ քաղաքներում զորավոր գործեր էր կատարել, բայց մարդիկ անհաղորդ են եղել այդ խոսքերին ու գործերին և չեն ապաշխարել և չեն դարձել իրենց մեղքերից:
Ամեն անգամ գալիք բարկությունը նկարագրելիս Տէր Հիսուս որպես մեծագույն մեղքի չափանիշ բերում է սոդոմացիների երկրի մեղքը, և ասում է որ սոդոմացիների համար դատաստանի օր ավելի տանելի կլինի, քան նրանց համար, որոնք խոսքը լսում են և չեն կատարում; Սոդոմի հետ էր համեմատել նաև այն քաղաքները, ուր ուղարկել էր աշակերտներն քարոզելու: Տեսնել Քրիստոսի կատարած հրաշքները, բժշկությունները, կամ լսել բուժիչ խոսքերը և մնալ անապաշխար, նշանակում է դատաստանի օրը հայտնվել ավելի ծանր վիճակում, քան սոդոմական մեղքը կրողները:
Մի՞թե այս խոսքերը չի վերաբերում այսօրվա աշխարհին, որը ապրում է անաստված կյանքով և նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ի՞նչ պատիժ է սպասվում Աստծու խոսքը չպահողին:
Վա՛յ քեզ Քորազին, ասում է Հիսուս Քրիստոս: Այս արտահայտությունը նշանակում է ողբ, մեղադրանք և դատապարտություն, որին մենք հանդիպել ենք փարիսեցիների և օրենսգետների կեղծավորությունը դատապարտելու ժամանակ; Վա՛յ քեզ Երուսաղեմ, արտահայտությունը կարդում ենք նաև Երեմիայի մարգարեության մեջ, որը ևս խիստ դատապարտություն է՝ եկած Աստծուց՝ նրանց գարշելի արարքները և կռապաշտությունները տեսնելուց հետո: Ես պիտի մերկացնեմ քեզ,- ասում է Տէրը,- և պիտի երևա քո ամոթույքը, քանի որ դու պոռնկությամբ խորթացար Ինձնից: (Երեմ 13:26)
Նույն կերպ դատապարտում է Կափառնայում քաղաքին, իր քաղաքացիների հպարտության պատճառով և նրանց արարքը համեմատում է Բաբելոնի աշտարակաշինությամբ զբաղվող մարդկանց, որոնք իրենց մտքում ասում էին երկինք կբարձրանանք և մեր գահը կդնենք երկնային աստղերից էլ վեր, և կնմանվեմ Բարձրյալին; Սակայն Բարձրյալը Եսայի մարգարեի բերանով ասում է,- Ահավասիկ դուք դժոխք եք իջնելու և իջնելու եք մինչև երկրի խորքերը: Այստեղ Քրիստոս Կափառնայում քաղաքի բնակիչներին է նույն պատիժը խոստանում: Ահա թե ի՞նչ է նշանակում լսել Աստծու պատգամը և չկատարել:
Այս զարհուրելի խոսքերը լսվում է Հիսուս Քրիստոսի Սուրբ բերանից, որը աշխարհ էր եկել խաչվելու մարդկանց մեղքերի համար: Զայրույթի այս խոսքերը հնչում է այն սերնդի համար, որոնք իբրև օրենքի ու մարգարեական գրքերի գիտակ էին: Փարիսեցիներին այդ պատճառով էր մեղադրում: Եթե անուս մարդիկ տեղյակ չէին մարգարեություններից, ապա օրենքի ուսուցիչները նրա համար էին, որ մարդկանց տեղեկացնեն, թե ի՞նչ է գրված մարգարեական գրքերում՝ Աստծու խոսքը արհամարհողների դատաստանի մասին;
Սիրելիներ, այսօր էլ մարգարեական գրքերը չեն մեկնաբանվում, որտեղ շատ կարևոր տեղեկություններ կան, որոնք մենք պետք է իմանանք: Եթե մենք անվերջ մեղքի մեջ ապրելով, հույս ունենանք, որ Աստված ողորմած է, մեզ կների, ապա կարժանանաք Քորազինի, Բեթսաիդայի ժողովրդի հանդիմանությանը: Աստված նույնն է Իր որոշումների մեջ երեկ, այսօր և նույնը կլինի դատաստանի ժամանակ: Մարդը պետք է փոխի իր մտածելակերպը: Հիշո՞ւմ եք, երբ Նիկոդեմոսը հարց տվեց, Հիսուս անմիջապես պատասխանեց,- Դո՛ւ ես Իսրայելի վարդապետ, մի՞թե չգիտես: Ո՞ւմ համար գրվեցին գրքերը, երբ կարդացողը չի պահում և անտեղյակը չի կարդում; Երբ Աստծո ձայնը երկնքից ասաց,- դա՛ է Իմ Որդին, Դրան լսեցեք:
Անապաշխար և մեղավոր քաղաքների մասին խոսելուց հետո մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս դառնում և խոսում է Երկնավոր Հոր հետ՝ գոհություն հայտնելով Նրան: Գոհություն է հայտնում այն բանի համար, որ Հայրը թաքցրել է մի բան իմաստուններից և գիտուններից և այն հայտնել է մանուկներին; Ինչո՞ւ այս մեղադրանքներից հետո գոհություն հայտնեց Հորը, կամ ի՞նչ էր թաքցրել Հայրը իմաստուններից: Ովքե՞ր էին իմաստուններն ու գիտունները: Հրեական միջավայրում հասկանալի էր Հիսուսի ասած այս խոսքերը, քանի որ իրենք գիտեին, Աստծու բարկության պատճառով՝ առաջին Տաճարի կործանման ժամանակ Աստված շատ մարգարեներից վերցրել է մարգարեության շնորհը և այն տվել էր մանուկներին և պարզ մարդկանց: Շնորհը տրվել էր այն մարդկանց, որոնք գայթակղության չէին ենթարկվել և այդ շնորհի միջոցով մարգարեացան Հիսուսի գալստյան մասին, որոնցից երբեք չէր պահանջվել որևէ ուսուցում: Այստեղ Տէր Հիսուս զուգահեռ է տանում է օրվա օրենքի ուսուցիչների հետ, որոնք իրենց կարդացածը չեն հասկանում, կամ հասկանում են և չեն բացատրում մարդկանց: Սակայն գտնվեցին ազնիվ աշակերտներ, որոնց ընտրեց Քրիստոս և ցույց տվեց նրանց Երկնավոր Հորը: Քանի որ ասում է,- ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ Որդին և նա, ում Որդին ուզենա հայտնել: Այստեղ Հիսուս Քրիստոս ցույց է տալիս Իր դերն ու նշանակությունը, ցույց է տալիս Իր նախախնամությունը և դրանով փաստում է, որ Ինքն է Բարձրյալի Հայտնության Միակ աղբյուրը: Ինքն է Իմաստությունը, և եթե մեկից վերցվի այդ իմաստությունը, նա չի կարող ընդունել Հիսուս Քրիստոսին; Իսկ իմաստությունը վերցվում է նրանց, ով չի գնահատում և չի ծառայեցնում այդ իմաստությունը Աստծու փառքի համար:;
Այս ծանր խոսակցությունից հետո, մարդկանց մխիթարելու համար, նորից կանչում է մեղավոր մարդկանց՝ հանգստացնելու և մխիթարելու համար: Եկեք Ինձ մոտ,- ասում է Հիսուս Քրիստոս,- վերցրեք Իմ լուծը, և Ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես հեզությամբ և խոնարհությամբ կարողանաք տանել այն; Քանի որ այդ ծառայությունը քաղցր է, և այդ լուծը ամենևին էլ ծանր չէ, եթե խոնարհությամբ տանեք:
Սիրելիներ, Ավետարանի քարոզիչը չի կարող և իրավունք չունի Աստծու խոսքը հպարտությամբ քարոզելու, քանի որ Տէրը Ինքն է ասում՝ սովորեք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ:
Մենք էլ օգտվենք Տիրոջ խոսքի պտղից, որը քաղցր է մեղրից առավե: Մենք ամեն կիրակի Պատարագի ժամանակ լսում ենք սաղմոսի սքանչելի խոսքերը, թե՝ Մոտեցեք Տիրոջն ու Լույս առեք, և թող ձեր երեսը չամաչի: Ճաշակեցե՛ք, և տեսե՛ք, թե՝ որքան քաղցր է Տէրը:(Սաղմոս 33) Եթե մեր կյանքի մեջ մի լուսավոր կետ կա, դա Քրիստո՛սի լույսն է: Եթե մեր մտքի մեջ մի քաղցր հիշողություն կա, դա Քրիստո՛սի անմահական խոսքն է: Երբ մենք խաղաղ ենք, ուրախ ենք, Նրա Սո՛ւրբ հոգին է մեզ հետ ապրում: Ավարտեցինք Մատթևոսի Ավետարանի 11 րդ գլուխը: Գոհություն և փառք Աստծուն նաև այս գլխի սերտողության համար:
Մնացեք սիրով՝ Միշտ ճաշակող եղեք և տեսեք, որ քաղցր է Տէրը: