ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սուրբ Հայրերը՝ Աստվածաշնչի մասին
Ավետարան կարդալիս հաճույք և հրճվանք մի՛ փնտրիր, ոչ էլ փայլուն մտքեր, այլ անկեղծորեն ձգտիր տեսնե՛լ սուրբ Ճշմարտությունը։ Մի՛ բավարարվիր միայն Ավետարանի անպտուղ ընթերցանությամբ, ջանա կատարե՛լ նրա պատվիրանները. կարդա այն գործերո՛վ։ Այն կյանքի Գիրք է, և պետք է այն կյանքով կարդալ։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Առակներ 11.2-11
Եսայու մարգարեությունը 61.3-7
Թուղթ եբրայեցիներին 13.7-9
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.33-17.8
Ավետարան ըստ Մատթևոսի. 11:7-19
7 Երբ անոնք գացին, Յիսուս սկսաւ ժողովուրդին ըսել Յովհաննէսին համար. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատին մէջ. եղէ՞գ մը հովէն շարժուած։ 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ հանդերձներ հագած մա՞րդ մը. ահա փափուկ հանդերձներ հագնողները թագաւորներուն տուներն են։ 9 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մարգարէ՞։ Այո՛, կ՚ըսեմ ձեզի, մարգարէէ մըն ալ աւելի։ 10 Վասն զի ասիկա է՝ որու համար գրուած է. ‘Ահա ես իմ դեսպանս կը ղրկեմ քու երեսիդ առջեւէն, որ քու ճամբադ պիտի պատրաստէ քու առջեւէդ’։ 11 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Կիներէն ծնածներուն մէջ Յովհաննէս Մկրտիչէն մեծը ելած չէ. սակայն երկնքի թագաւորութեանը մէջ ամենէն պզտիկը անկէ մեծ է։ 12 Ու Յովհաննէս Մկրտչին օրերէն մինչեւ հիմա երկնքի թագաւորութիւնը ուժով կ՚առնուի եւ ուժեղները կը յափշտակեն զանիկա։ 13 Վասն զի բոլոր մարգարէները ու օրէնքը մինչեւ Յովհաննէս՝ մարգարէութիւն ըրին։ 14 Եթէ կ՚ուզէք ընդունիլ, անիկա է Եղիան՝ որ պիտի գար։ 15 Ան որ լսելու ականջ ունի, թող լսէ։ 16 Բայց որո՞ւ նմանցնեմ այս ազգը։ Կը նմանի տղոց, որոնք շուկաները նստելով՝ իրենց ընկերներուն կը կանչեն, 17 Ու կ՚ըսեն. ‘Փող հնչեցուցինք ձեզի ու չխաղացիք, ողբ կարդացինք ձեզի՝ ու կոծ չըրիք’։ 18 Վասն զի Յովհաննէս եկաւ, ո՛չ կ՚ուտէր եւ ո՛չ կը խմէր, ու կ՚ըսէին. ‘Դեւ կայ անոր ներսիդին’։ 19 Որդին մարդոյ եկաւ, կ՚ուտէ ու կը խմէ եւ կ՚ըսեն. ‘Ահա ուտող եւ արբեցող մարդ մը, մաքսաւորներու ու մեղաւորներու բարեկամ’։ Իմաստութիւնը արդարացաւ իր որդիներէն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Հուսամ բոլորդ լավ եք, առողջ եք, և սպասում եք այսօրվա սերտողությանը: Երեվա սերտողության միտքն այնտեղ ավարտվեց, որ Տէր Հիսուս Հովհաննես Մկրտչի աշակերտներին ուղարկեց, որպեսզի լուր տանեն Հովհաննեսին բոլոր այն հրաշագործությունների մասին, որոնք որ իր աշակերտները իրենց աչքով էին տեսել, և որոնց մասին որ Հովհաննեսը կարդացել էր մարգարեությունների գրքերում, թե պիտի կատարվի այս բաները: Այսօր կարդացինք, որ աշակերտներին ճանապարհելուց հետո մեր Տէրը ժողովրդին սկսում է պատմել Հովհաննեսի մասին;
Մի փոքր պատմական անցում կատարենք Հին Կտակարանից դեպի Նորը, որպեսզի ժամանակները հասկանալի լինի: Հին Կտակարանում Մաղաքիա Մարգարեն վերջինն էր և նրանից հետո չորս հարյուր տարի այլևս մարգարե չի եղել, մինչև Հովհաննես Մկրտիչը, որը՝ ըստ Մաղաքիա մարգարեի ուղարկված էր Աստծուց՝ որպես պատգամաբեր, և նա էր տեսնելու Տիրոջ ճանապարհները, որ գալու է;
Հովհաննեսն էր որ պատրաստելու էր այն սպասված Մեսիայի ճանապարհը, որին իսրայելի ժողովուրդը փնտրում և սպասում էր: Եկավ Հովհաննեսը, հարթեց Տիրոջ Ճանապարհը, չկամեցավ շարունակել հոր՝ Զաքարիայի քահանայական պաշտոնը, այլ ընտրեց անապատը, որպես ծառայության վայր, հեռու մնալով քաղաքի և գյուղի ամեն տեսակ գայթակղությունից: Նրա կերած սնունդից և հագած հագուստից արդեն հայտնի է նրա ծառայության նպատակը, և ահա Հովհաննեսը բանտարկված է իր արդարության համար, և այս երևույթը ժողովրդի մեջ տարակուսանք է առաջացրել և արդարացում էին ակնկալում Հովհաննեսի բանտարկվելու համար;
Թե մարդիկ ի՞նչ հարցեր էին տալիս Տէր Հիսուսին Հովհաննեսի վերաբերյալ, մենք չգիտենք, սակայն Հիսուսի տված հարցից հասկանալի է դառնում, որ ժողովուրդը ակնկալիք ուներ Հովհաննեսից, իսկ նրան բանտարկել են, ժողովուրդը տարակուսանքի մեջ է, քանի որ ամբողջությամբ չի ընկալում Հովհաննես Մկրտչի աշխարհ գալու բուն նպատակը, այնպես ինչպես մենք ենք հաճախ մոռանում:
(Ի՞նչ տեսնելու ելաք) կամ (եկե՛ք և տեսեք) արտահայտությունները մեզ հանդիպում Ավետարանում՝ Հիսուսի և ժողովրդի միջև երկխոսության ժամանակ, երբ Տէր Հիսուս զգում էր, որ մարդիկ ինչ որ բան են ակնկալում իրենից, կամ ինչ որ հարցի պարզաբանման կարիք կար, ասում էր, եկե՛ք և տեսե՛ք իրականությունը, որպեսզի որևէ հարցում կասկած չառաջանա:
Հիմա նույն հարցը տալիս է ժողովրդին, ասելով ի՞նչ էիք ակնկալում, երբ անապատ էիք գնում Հովհաննեսի մոտ, կարծում էիք, թե՝ շարժվող եղե՞գ է:
Սիրելիներ, ես նախորդ դասի ժամանակ էլ ասացի, որ Հիսուս խոսում էր մի լեզվամտածողությամբ, որը ծանոթ էր լսողների ականջին և նրանք գիտեին թե յուրաքանչյուր բառը ինչ էր նշանակում իր իմաստով:
(Շարժվող եղեգ) բառակապակցությունը հրեաների մոտ ընդունված էր ասել այն մարդու հասցեին, որը ունի թույլ բնավորությունը, հակված է մեղքին, փորձության ենթարկվող է, և պատժված է Աստծուց:
Քանի որ թագավորությունների գրքում գրված է, որ Տէրը պիտի հարվածի Իսրայելին, և նա պիտի նմանվի ջրի մեջ քամուց շարժվող եղեգի: Տէրը Իսրայելին հարվածում էր այն բանի համար, որ նրանք իրենց համար կուռքեր շինեցին և բարկացրին Աստծուն: Գ. Թագ.14:15
Քրիստոս ժողովրդին ասում է,- մի՞թե դուք էլ մտածեցիք, որ Հովհաննեսը շարժվող եղեգ է, և պատիժ կրեց Աստծուց, և չիրականացան ձեր ակնկալիքները նրանից:
Այնուհետև մեր Տէրը անում է երկրորդ համեմատությունը, ասելով, ի՞նչ էիք ակնկալում Տիրոջ պատգամաբեր լսելով, կարծում էիք, թե փափուկ զգեստներով մե՞կն էր լինելու Հովհաննեսը, որը պիտի պատրաստեր Իմ ճանապարհը: Մի՞թե չեք տեսնում, որ փափուկ զգեստներ հագածները թագավորների պալատներում են, ոչ թե անապատում: Հովհաննես Մկրտիչը ո՛չ շարժվող եղեգ է, ո՛չ էլ փափկազգեստ պալատական: Հովհաննեսը մե՛ծ է բոլոր նրանցից, որոնք պալատներում են:
Եթե Որպես մարգարե էինք ընդունում Հովհաննեսին, ապա ասում եմ ձեզ, որ առավել է քան մի մի մարգարե, որին Աստված հանեց ձեզ համար, և չորս հարյուր տարի առաջ արդեն գրված էր նրա գալու մասին մարգարեություններում: Հովհաննեսը արժանացավ լսելու Հայր Աստծու ձայնը երկնքից, և Աստծուն նվիրեց իր ունեցած ամենաթանկը՝ հրաժարվելովը փափուկ կյանքից, ամուսնությունից, վայելքից և իր առաքելությունը վեր դասեց ամեն բանից, հա՛տկապես իր անձից:
Կանանցից ծնվածների մեջ Հովհաննեսին ամենամեծը համարեց Տէրը, Սակայն երկնքի արքայության մեջ՝ ամենից ետինը նրանից մեծ է;
Տէր Հիսուս կամենում է իրեն լսողների հոգևոր գիտակցությունը հասցնել այն աստիճանի, որպեսզի կարողանար նրանց գիտակցությանը հասցնել, որ Հովհաննեսը մարդացած Եղիան է, որը գալու է, և որին սպանելու են մարդիկ, կանխատեսելով Հովհաննեսի գլխատումը, և միանգամից ասում է,- եթե ուզում եք ընդունել Հովհաննեսն է Եղիան: Հովհաննեսի համար Տէր Հիսուս սահմանեց հոգևոր ամենաբարձր աստիճանը, որի հասել էր Եղիան;
Մեկնաբաններն ասում են, որ նախանձախնդրությունը մղում է ֆիզիկական մաքրություն, ֆիզիկական մաքրությունը մղում է հոգևոր մաքրության, հոգևոր մաքրությունը մղում է աշխարհից հեռացման, աշխարհից հեռացումը մղում է սրբության, սրբությունը մղում է խոնարհության, խոնարհությունը մղում է երկյուղի մեղքի նկատմամբ, այս երկյուղը մղում է բարեպաշտության, բարեպաշտությունը մղում է Սուրբ Հոգու ստացմանը, Սուրբ Հոգու ստացումը մղում է մի շնորհի, որով կարելի է հարություն տալ մեռածին, իսկ մեռելներից հարություն տալը հասցնում է Եղիա Մարգարեի հոգևոր մակարդակին;
Այսինքն Հովհաննես Մկրտիչը գտնվում է ամենաբարձր հոգևոր մակարդակի վրա: Այն մակարդակի, որին երբևէ կարող էին հասնել իրենից առաջ եղող մարդիկ: Հետևաբար Երկնքի Արքայության մեջ եթե կա մեկը այդ մակարդակի վրա, ուրեմն նա մեծ է Հովհաննեսից:
Այն բանից հետո, երբ Հովհաննեսը կատարեց իր առաքելությունը, բարձրացավ մի նոր հոգևոր կատարյալ աստիճանի վրա՝ այն է երկնքի արքայություն: Քանի որ ամբողջ օրենք ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը, որը պատրաստեց ճանապարհը, տեսավ Մեսիային և մկրտեց Նրան:
Հովհաննեսն է Եղիան, որ գալու է, ասելով մեր Տէրը կանխասություն է անում գալիքի վերաբերյալ, որ Եղիան երկիր պետք է գա և մարդիկ նրան պետք է սպանեն, քանի որ զգուշացնելու է մարդկանց իրենց կատարած մեղքերի մասին: Այստեղ Տէր Հիսուս նորից կրկնում է այն նույն արտահայտությունը, որը հաճախ էր ասում, երբ որևէ կանխասացություն էր անում, թե՝ Ով ականջ ունի լսելու, թող լսի:
Վերջին պարբերության մեջ իր ժամանակվա սերնդի հետ է խոսում, զարմանալով նրանց դատողության և նրանց ակնկալիքների վրա: Քանի որ մարդիկ ակնկալում են, որ Աստծուց ուղարկված մարգարեները պետք է կատարեն իրենք քմահաճույքները, պետք է պարեն իրենց նվագած եղանակի տակ և պետք է լացեն իրենց պատկերացումների համաձայն: Եկան մարգարեներ, խոսեցին ժողովրդի հետ Աստծու անունից, նրանց չլսեցին: Եկավ Հովհաննեսը, որը չափազանց կյանքով ժուժկալ էր, նրան դիվահար անվանեցին, Եկավ Քրիստոս, որը ուտում խմում էր, մեղավորների հետ էր շրջում և բարեկամ էր նրանց, Իրեն էլ այդ պատճառով էին մեղադրում: Սակայն ինչպես ավարտին ասաց մեր Տէրը,- բայց իմաստությունը արդարացվեց իրեն գործադրողների կողմից: Քանի որ Տէր Հիսուսն էլ ողբ ասաց Երուսաղեմի վրա, դարձյալ չլսեցին;
Սիրելիներ, գրեցին մարգարեները 2500 տարի առաջ, գրեցին նաև առաքյալները 2000 տարի առաջ, որոնք ո՛չ համակարգիչ ունեին, ո՛չ հեռախոս ունեին, ոչ հեռուստացույց ունեին, որ լուրեր լսեին, ո՛չ զարգացած տեխնիկա ունեին, որպեսզի ուղիղ եթերներ ապահովեին, բայց այդ մարդիկ անմիջական կապ ունեին Աստծու հետ, և գրում էին այսօրվան վերաբերվող բաներ, որոնց ականատեսներն ենք լինում մենք, և որը չի կարող գրել այսօրվա զարգացած մարդը, որը իրեն աստված է կարծում, բայց իրեն հեղինակազրկող մեղքից չի կարողանում ազատվել: Այսօրվա հզորները ոչ թե Երկնքի Արքայության համար են պայքարում, այլ հափշտակում են երկրի վրա եղած տարածությունները ու հարստությունը:
Այդ պատճառով այսօր տկար է հավատքը և շուտ է մոլորվում հավատացյալը, քանի որ իր հավատքը միայն իր գլխի մեջ է: Իսկ առաջին դարերում մարդկանց չեն կարողացել հավատուրաց դարձնել, քանի որ նրանց սրտում է եղել իրենց հավատքը, մաշկի տակ է եղել հավատքը, մաշկել են մարդկանց, բայց չեն կարողացել հեռացնել հավատքից: Հիմա մեր սուրբ առաքյալները նայում են մեզ երկնքից և ասում,- ո՛վ անմիտներ, ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ մեռնել մեղքի պատճառով: Մի՞թե չեք կարդում եղածը:
Ողորմիր մեզ, Տէր Աստված մեր, ի հիշատակ Քո առաքյալների և Հովհաննես Մկրտչի, որոնք Քո Սուրբ անունը տարածեցին աշխարհով մեկ և կռապաշտությունից մարդկանց դարձրին քրիստոնեության, և արժանացան ընդունելու Քեզնից փառքի անթառամ պսակներ: Նրանց չարչարանքներն ու աղոթքը բարեխոս ունենք Քո առջև, որ միակդ ես Ողորմած՝ Տէր Հիսուս Քրիստոս, արթնացրու մեր քնած հոգիները, որպեսզի ամբողջությամբ կորստյան չմատնվենք մեր ատելության, նախանձի և չարության պատճառով:
Սիրելիներ, ասելիքը շատ է, ժամանակը կարճ է, մարտահրավերները բազմազան են, իսկ լսող ականջ ունեցողները շատ քիչ են: Մնացեք սիրով և խաղաղությամբ, եթե պայքար ունեք, ապա թող այդ պայքարը լինի մեղքի դեմ և Երկնքի արքայության համար: