ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Եկեղեցու սուրբ հայրերն ասում են.
Երբ բացես Սուրբ Ավետարանը՝ ընթերցելու համար, հիշի՛ր, որ նա է լուծելու քո հավիտենական վիճակը։
Նրանո՛վ ենք մենք դատվելու:.
Այստեղ՝ երկրի վրա նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի համեմատ էլ կհատուցվի մեզ կա՛մ հավիտենական երանություն, կա՛մ հավիտենական պատիժ։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի Բ թուղթը Տիմոթեոսին 2.3-14
Ավետարան ըստ Հովհաննեսի 5.31-47
Ավետարան ըստ Մատթևոսի. 11:1-7
1 Երբ Յիսուս լմնցուց իր տասներկու աշակերտներուն պատուէր տալը, գնաց անոնց քաղաքներուն մէջ քարոզելու եւ սորվեցնելու։
2 Յովհաննէս բանտին մէջ երբ լսեց Քրիստոսի գործերը, իր աշակերտներէն երկուքը ղրկելով՝ հարցուց անոր. 3 «Դուն ա՞ն ես, որ գալու էր, թէ ուրիշի մը սպասենք»։ 4 Յիսուս պատասխան տալով՝ անոնց ըսաւ. «Գացէք պատմեցէք Յովհաննէսին ինչ որ կը լսէք ու կը տեսնէք. 5 Կոյրերը կը տեսնեն, կաղերը կը քալեն, բորոտները կը մաքրուին, խուլերը կը լսեն, մեռելները յարութիւն կ՚առնեն ու աղքատներուն աւետարան կը քարոզուի։ 6 Երանի՜ անոր որ իմ վրայովս չի գայթակղիր»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծո բարի կամքի համաձայն մենք դարձյալ միասին ենք՝ վերլուծելու, հասկանալու համար մեր Տիրոջ կյանքի ամեն դրվագ, ամեն խոսք, մեր կյանքում դրանք կիրառելու համար: Հայրերն ասում են, երբ դու բացում ես Ավետարանը ընթերցելու, աստված խոսում է քեզ հետ, պատմում է բոլոր իրադարձությունների մասին: Եթե մենք չբացենք Ավետարանը, ինչպես կիմանանք թե ի՞նչ է պատահել Հիսուս Քրիստոսի, կամ իր աշակերտների կյանքում: Օրինակ ինչի՞ համար է ձեռբակալվել Հովհաննես Մկրտիչը, կամ առհասարակ ո՞րն է Հովհաննես Մկրտչի աշխարհ գալու նպատակը:
Աստվածաշնչում կան դեմքեր, որոնք հատուկ առաքելությամբ են աշխարհ եկել և հեռացել՝ իրենց գործը կատարելուց հետո: Ընդ որում այդ մարդկանց մեծ մասը խոստման զավակներ են՝ ծնված ամուլ արգանդից: Աստված այդ մարդկանցից յուրաքանչյուրի հետ Իր ուխտն է կնքել, ըստ նրա հնարավորության, ըստ նրա հավատքի ու ծառայասիրության: Օրինակ Ադամը մարդկության նախահայր կոչվեց, բայց որևէ բան չգրեց մեզ համար: Նոյի ընտանիքի և նրանցից հետո եկող բոլոր սերունդների հետ ուխտ դրեց Աստված, որ այլևս ջրհեղեղով ո՛չ մի էակ չի մեռնի; Աբրահամի հետ թլպատության ուխտը դրեց, Մովսեսին պատվիրեց արձանագրել ամեն ինչ որ եղել է; Այդ մարդկանցից մեկն էլ Հովհաննես Մկրտիչն էր, որը ծնվեց ամուլ ծնողներից՝ մեծ տարիքում, Տէր Հիսուս Քրիստոսի ճանապարհը հարթելու համար:
Տէր Հիսուսի ծննդյան մասին սերտողության ժամանակ թռուցիկ անդրադարձանք նաև Հովհաննես Մկրտչի ծննդյան հանգամանքներին:
Հովհաննեսը Զաքարիայի և Եղիսաբեթի որդին է, որը վեց ամից շուտ է ծնվել Հիսուսից, և մենք իմացանք, որ Եղիսաբեթը Մարիամ Աստվածածնի ազգականն է: Մանրամասները դուք գիտեք, ես ուզում եմ անդրադառնալ Հովհաննեսի կյանքին, քանի որ այսօրվա մեր սերտողության թեման առնչվում է Հովհաննես Մկրտչի հետ: Սիրելիներ, Ավետարան ընթերցելիս մենք կարող ենք հանդիպել դեպքերի, իրադարձությունների, որոնք մեր մտքում կարող են բազմաթիվ հարցեր առաջացնել, որոնց պատասխանը մեզ հետաքրքիր է, մենք պետք է շարունակենք կարդալ, որովհետև երբեմն հաջորդ գլուխները կարդալիս, մեր հարցի պատասխանը ինքնստինքյան բացվում է; Բայ նաև լինում են հարցեր, որոնց պատասխանը չենք գտնում նույնիսկ մի քանի անգամ կարդալիս; Սակայն մենք ազատ ենք այս առումով՝ տրամաբանելու, վերլուծելու, հոգևորականին հարցնելու, եկեղեցու հայրերի մեկնությունները կարդալու, որպեսզի ստանանք մեր հարցի պատասխանը; Այնպես, ինչպես որ մի հոգևոր քարոզ լսելիս բազում հարցեր են առաջանում, բայց եթե համբերատար լսում ենք հաջորդ քարոզները՝ նախորդ քարոզի պատասխաններից մեծ մասը բացահայտվում են: Աստվածաշունչը զարմանալի բացահայտություններ ունի իրեն կարդացողի համար, հատկապես պրպտող հավատացյալի համար, որը անվերջ թերթում է Սուրբ Գիրքը: Այսօրվա մեր սերտողության նյութի մեջ կա այդպիսի մի հարց, որը տրամաբանական հարց է, որի պատասխանը չենք գտնում Ավետարանի հաջորդ գլուխներում: Վստահ եմ, որ հիշում եք Ավետարանը, որ կարդացի ձեզ համար 11 րդ գլխից: Հիսուս Քրիստոս ավարտել էր արդեն աշակերտների ուսուցումը, նրանց ուղարկել էր Ավետարանի քարոզության, իսկ Ինքը որոշել էր գնալ մոտակա շրջանները՝ ուսուցանելու համար: Հովհաննես Մկրտչի աշակերտները իմացան Տէր Հիսուսի հրաշքների և բժշկությունների մասին, և լուր տարան Հովհաննեսին, որը բանտում էր այդ ժամանակ: Հիշեցնեմ ձեզ, որ Հովհաննեսը բանտարկվել էր Հերովդես չորրորդապետին հանդիմանելու համար, քանի որ վերջինս ամուսնացել էր իր եղբոր կնոջ հետ: Արդարացի հանդիմանության համար Հերովդեսը նրան բանտ նետել էր տվել: Տէր Հիսուս տեղյակ էր Հովհաննեսի բանտարկությունից և թեև մտահոգ էր, բայց ինչպես տեսնում ենք, ոչինչ չի նախաձեռնում Հովհաննեսին բանտից դուրս բերելու համար:
Հովհաննեսը մտահոգ է եղածից և իր երկու աշակերտներին ուղարկում է Հիսուսի մոտ հարցով՝ - Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք: Զարմանալի է մեզ համար նաև Հովհաննեսի հարցը:
Ինչո՞ւ է տալիս այդ հարցը, երբ ինքն է մկրտել Հիսուսին, և երկնքից լսել է Հայր Աստծու ձայնը՝ թե դա է Իմ սիրելի Որդին, տեսել է Սուրբ Հոգուն՝ աղավնակերպ՝ իջնելով Նրա վրա; Դեռ չեմ ասում այն մանրամասների մասին, որ նրանք ազգականներ էին, և Եղիսաբեթը պատմած կլիներ Հովհաննեսին՝ Աստվածածնի այցի մասին և նրանց մարգարեական երկխոսության մասին, երբ երկուսն էլ հղի էին;
Մենք էլ մեզ համարենք իրենց ազգական ու բարեկամ, և հարցնենք,- ինչո՞ւ Հովհաննեսը կասկածելով տվեց այդ հարցը, կամ ինչո՞ւ Տէր Հիսուս չմիջամտեց Հովհաննեսի բանտից ազատվելուն; Չմոռանանք, որ Հովհաննես Մկրտիչը ծնվել է քահանայի ընտանիքում և քաջատեղյակ է օրենքի և մարգարեության բոլոր գրքերին; Հովհաննեսը անձամբ էր կարդացել Եսայի մարգարեությունը Տէր Հիսուսի մասին, որ մի Որդի կծնվի, Որի իշխանությունը իր ուսերի վրա կլնի, կկոչվի Հզոր Աստված և Իշխան: Նրա վրա պիտի իջնի Աստծու Հոգին, իմաստության և հանճարի հոգին: Նա տնանկի իրավունքը պիտի պաշտպանի և արդարությամբ պիտի դատի երկրի տառապյալներին: Եսայի.11:4
Հովհաննես Մկրտչի տված հարցի պատճառն այն էր, որ Հիսուս պետք է արդարությամբ ազատեր երկրի տառապյալներին; Ինչ որ գրված է եղել մարգարեությունների մեջ, բոլոր կատարված է Հիսուսի կողմից:
Քանի որ մեր Տէրը Հովհաննեսի աշակերտներին ասում է գնացեք և ասեք այն, ինչ տեսաք,- կաղերը քայլում են, կույրերը տեսնում են, հիվանդները բժշկված են և այլն: Այստեղ մեկնաբաններն ասում են, որ Հովհաննեսը երբեք չէր կասկածում Հիսուսի աստվածության, և Նրա բոլոր հրաշքների վրա, բայց հավատում էր, որ իրեն բանտից կազատի արդարությամբ, քանի որ գրված է, որ պիտի ազատեր երկրի տառապյալներին: Մեկնաբաններն ասում են, որ Հովհաննեսի հարցը հենց այդ տրամաբանության մեջ է՝ այսինքն՝ Դո՞ւ ես գալու ինձ ազատելու համար, թե՞ ուրիշին սպասենք: Ուրիշին ասելով, նկատի ունի թե՞ աշակերտներ ես ուղարկելու: Եվ Հիսուս Քրիստոս Հովհաննեսի աշակերտներին պատվիրեց գնալ և պատմել Հովհաննեսին՝ ինչ որ տեսել են իրենց աչքով, թե բորոտները մաքրված են, խուլերը լսում են, մեռելները հառնում են, և աղքատներին քարոզվում է Ավետարանը: Եվ երանի է նրան, որը Իմ պատճառով չի գայթակղվի; Այս բոլոր հրաշքների մասին Հիսուս բարձրաձայնում է հենց այն պատճառով, որ Նա ազատագրել է տառապյալ մարդկանց իրեն մեղքերից: Հիսուս Քրիստոսի ներկայությունը երկրի վրա նոր հնարավորություն ստեղծեց բժշկության և մեղքից ազատագրության: Երջանիկ է այն մարդը, որը կունենա հարյուրապետի հավատից և կարիք չի ունենա Քրիստոսի անմիջական ներկայությունը՝ իր բժշկության համար: Կա նաև այլ տարբերակներ այս հատվածի մեկնության, սակայն տրամաբանությունն այն է, որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մարդուն իր մեղքից ազատելու համար, ոչ թե՝ մարդուն բանտից: Դրա համար է ասում, երանի նրան, ով Իմ պատճառով չի գայթակղվի:
Երեկվա մեր սերտողության մեջ ասացի, որ Հիսուս Քրիստոս չարդարացրեց իրեն սպասողների հույսերը, որոնց պահանջները անձնական կամ իշխանական են; Մենք էլ մարդկայնորեն ենք մտածում և ասում ենք, լավ կլիներ, որ Հովհաննեսին բանտից ազատեր, բայց Ավետարանն ասում է, որ Հովհաննեսը իր գլխավոր առաքելությունը ավարտել էր՝ Տիրոջ Ճանապարհը հարթելով; Իսկ Հովհաննեսի գլխատումը դարերի համար եղավ որպես արդարության գլխատում, որպես անիրավության զոհ: Մեր մտածումների գագաթնակետը պետք է լինի Հիսուս Քրիստոսի գերագույն նպատակը՝ մարդու ազատագրումը սեփական մեղքից և հավիտենական կյանքի պարգևը; Ինչպես վերը նշեցի, Աստված ամեն մարդու հետ Իր ծրագիրն ունի՝ նրան աշխարհ բերելուց առաջ: Աստվածաշնչի ամեն մի հերոս թող օրինակ լինի մեզ համար՝ Աստծուն ծառայելու հարցում: Այս մտքերն էին, որ կամեցա փոխանցել ձեզ, Մատթևոսի Ավետարանի 11 րդ գլխի առաջին մասի համար: Մնացեք սիրով՝ կյանքին նայեք Տէր Հիսուս Քրիստոսի նպատակի տեսանկյունից՝ ազատվել մեղքից, ժառանգել հավիտենական կյանք: