ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Փա՜ռք Քեզ Տեր Աստված, որ մեր երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավաետարան ըստ Մատթևոսի 10: 34-42
«Մի՛ կարծէք թէ ես երկրի վրայ խաղաղութիւն ձգելու եկայ։ Խաղաղութիւն ձգելու չեկայ, հապա՝ սուր։ 35 Վասն զի եկայ տղան իր հօրմէն զատելու ու աղջիկը՝ իր մօրմէն ու հարսը՝ կեսուրէն։ 36 Մարդուն թշնամիները իր ընտանիքը պիտի ըլլան։ 37 Ան որ հայրը կամ մայրը ինծմէ աւելի կը սիրէ, ինծի արժանի չէ եւ ան որ տղան կամ աղջիկը ինծմէ աւելի կը սիրէ, ինծի արժանի չէ։ 38 Ան որ իր խաչը չառներ ու իմ ետեւէս գար, ինծի արժանի չէ։ 39 Ան որ իր անձը կը գտնէ, պիտի կորսնցնէ զանիկա եւ ան որ իր անձը ինծի համար կը կորսնցնէ, պիտի գտնէ զանիկա։
40 «Ան որ ձեզ կ՚ընդունի, զիս կ՚ընդունի. եւ ան որ զիս կ՚ընդունի, զիս ղրկողը կ՚ընդունի։ 41 Ան որ մարգարէ մը կ՚ընդունի մարգարէի անունով, մարգարէի վարձք պիտի առնէ եւ ան որ արդար մը կ՚ընդունի արդարի անունով, արդարի վարձք պիտի առնէ։ 42 Ու ան որ այս պզտիկներէն մէկուն միայն գաւաթ մը պաղ ջուր խմցնէ աշակերտի անունով, ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, բնաւ իր վարձքը պիտի չկորսնցնէ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ. Գոհություն Աստծուն ամեն բացվող առավոտի համար: Փառք մեր Երկնավոր Հորը, որ ամեն օր տալիս է հնարավորություն, որպեսզի անառակ որդին տուն վերադառնա և Հայրը վերահաստատի նրա նախկին կարգավիճակը, քանի որ անառակ որդին շարունակում է մնալ Հոր զավակը՝ նաև անառակ վիճակում: Իրապես, սիրելիներ մենք ինչքան կարևոր առիթներ ունենք գոհանալու, որոնք դուրս են մնում մեր ուշադրությունից, մեր միտքը երկրորդական հարցերով զբաղեցնելու պատճառով;
Դաժան պատերազմ ունեցանք, որպեսզի խաղաղությունը գնահատենք, բայց մենք ավելի դաժանացանք և ազգամիջյան թունավոր պատերազմ սկսվեց և կորավ այն կարծեցյալ խաղաղությունը, որ կար ազգաբնակչության մեջ:Պատերազմը ավարտվեց, բայց մարդկանց մեջ դեռ չի ավարտվել թշնամական պատերազմը: Ուրեմն կարելի է ասել, որ խաղաղությունը ամենևին էլ պատերազմի դադարը չէ:
Խաղաղությունը ավելի վեհ գաղափար է, քան երկրների միջև ծագած կռիվների զինադադարը, որոնք առաջանում են ես- ի պաշտամունքից, զավթելու մոլուցքից, հզոր երևալու բաղձանքից և այլն;
Խաղաղությունը երկրի վրա չի կարող հաստատվել մարդկանց միջոցով, քանի որ այդ մարդիկ հաղորդ չեն երկնային խաղաղությանը և ծանոթ չեն խաղաղության Տիրոջը, որին ծանոթ չէին նաև Իր ժամանակի իշխանավորներն ու կրոնական առաջնորդները:
Մատթևոսի Ավետարանի տասներորդ գլխի վերջին բաժնում Տէր Հիսուս խոսում է խաղաղության գլխավոր պայմանների մասին: Խաղաղությո՛ւն, որի կարիքը ունի ողջ աշխարհը, և ո՛չ ոք չի կարողանում այն հաստատել երկրի վրա: Այն ունի պարզ պայմաններ, որոնք հաստատել է տիեզերքի Տէրը՝ Հիսուս Քրիստոս: Իսկ աշխարհը գրաված մեծամեծ ղեկավարները անտեսելով տիեզերքի Տիրոջը, փորձում են հաստատել խաղաղություն, ինչին չի՛ հասել դեռ ո՛չ մի տիրակալ; Պատմությունը լուռ վկան է այս ճշմարտության: Անցնում են դարերը և պատմությունը գրվում է թղթի վրա՝ փոխանցվելով սերնդից սերունդ: Սակայն հավիտենական խաղաղության բանալին գտնվում է աշխարհի հեղինակավոր գրքի՝ Աստվածաշնչի մեջ, որտեղ գրված է, որ աշխարհ է գալու խաղաղության Թագավորը, և աշխարհի Փրկիչը:
Հրեաները այդ ակնկալությամբ էին սպասում Մեսիային, որ կգա և խաղաղություն կհաստատի երկրի վրա և իրենք կազատվեն հռոմեական բռնակալության լծից, թշնամի ազգերի պատերազմներից և այլն;
Ծնվեց Իսրայելի Թագավորը և նրան չհավատացին: Չընդունեցին, քանի որ Տէր Հիսուս Իր աշխարհ գալով չարդարացրեց Իրեն սպասողների հույսերը, չնայած որ նրանք կարդացել էին գրքերը Մեսիայի մասին; Նույնիսկ երբ մոգերը եկան Նրան երկրպագելու, նախ գնացին թագավորի պալատ, կարծելով,որ թագավորը պալատո՛ւմ պետք է ծնվի, հետո իմացան Մանկան տեղը, և գնացին երկրպագելու:
Այո ծնվեց խաղաղության Թագավորը, բայց ո՛չ թե երկրի թագավորներին միմյանց հետ հաշտեցնելու, այլ մեղավոր մարդուն Աստծու հետ հաշտեցնելու: Այ՛ո, մեղավոր մարդուն՝ որի պատճառով են լինում բոլոր պատերազմները: Քրիստոսի աշխարհ գալու նպատակը մարդ- Աստված հարաբերությունների կարգավորումն էր: Հակառակը՝ մարդ- Աստված հարաբերությունների կարգավորման ժամանակ կարող էին ծագել կռիվներ և պատերազմներ, ինչի մասին խոսում է այսօրվա մեր սերտողության հենց սկզբից, ասելով՝ Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, չեկա՛ հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր:
Աշխարհը սպասում էր, որ Քրիստոս ծնվի խաղաղություն կտիրի աշխարհում, հրեշտակները հովիվներին այդ լուրը տվեցին, թե՝ երկիր խաղաղություն, ի մարդիկ հաճություն: Իսկ Ինքն ասում է, Ես չեկա խաղաղություն հաստատելու, այլ՝ սուր: Ինչպե՞ս հասկանանք, ուրեմն այս ամենը;
Աշակերտներին քարոզության նախապատրաստելուց հետո ասաց այս խոսքերը, որպեսզի աշակերտների քարոզության հիմքում դրված լինի մեղավոր մարդուն դեպի Աստված դարձնելու գաղափարը:
Այնուհետև Տէր Հիսուս շարունակում է հերթականությամբ մարդկանց բացատրել խաղաղության նախապայմանները:
Խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն պետք է հետևեք Խաղաղության Քարոզչի յուրաքանչյուր խոսքին, այլապես կբաժանվի որդին հորից, դուստրը՝ մորից, հարսը՝ սկեսուրից: Այնպես կլինի, որ տարաձայնությունների պատճառով տան անդամները կդառնան միմյանց թշնամիներ: Բարդ բաները պարզ լուծումներ չունեն: Թանկ բաները էժան չեն գնվում, և առաքինությունները ծուլությամբ ձեռք չեն բերվում:
Եթե դուք շարունակում եք ձեր մարմնավոր ծնողներին գերադասել Ինձնից և անտեսել Իմ խոսքը, որով պատվիրեցի սիրել և հնազանդ լինել Հորն ու մորը՝ ի Տէր, ուրեմն դուք ինձ արժանի չե՛ք այնքան ժամանակ, մինչև որ ճանաչեք գլխավոր պատվիրանը:
Եթե դուք շարունակում եք ձեր որդուն կամ դստերը Ինձնից առավել սիրել, անտեսելով Իմ Պատվիրանը, որ տվեցի ծնողներին, թե՝ ծնողներ, մի զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրեք նրանց Տիրոջ խրատով և ուսումով, ուրեմն դու ինձ արժանի չե՛ք այնքան ժամանակ, մինչև ապրեք Իմ պատվիրանով;
Եթե դուք շարունակում եք երկրպագել ձեր պաշտոնին, աթոռին, հարստությանը, և ծառայում եք ձեր կրքերին, ուրեմն դուք ինձ արժանի չե՛ք այնքան ժամանակ, մինչև, որ կկարդաք Իմ այն խոսքը, որն ասում է պարանը ավելի հեշտ կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կմտնի Երկնքի Արքայություն, որովհետև դուք չեք վերցնում ձեր խաչը և չեք հետևում ինձ, այլ ձեր փոքրիկ խաչը միայն զարդարում է ձեր պարանոցը:
Վերցնել խաչը և հետևել Ինձ, նշանակում է ունենալ Աբրահամի հավատն ու պատրաստակամությունը Աստծու խոսքի նկատմամբ;
Քանի դեռ դուք շարունակում եք աշխարհի վրա փնտրել վայելք, հաճույք, դրամ, հեղինակություն, նախապատիվ աթոռներ, որպեսզի ձեր անձը փառավորվի և արժանանաք մեծարանքի, ուրեմն դուք ինձ արժանի չե՛ք այնքան ժամանակ, քանի դեռ անտեսում եք Իմ այն պատվիրանը, թե՝ երկու Տիրոջ չե՛ս կարող ծառայել, որովհետև մեկին կսիրես, իսկ մյուսի կատես:
Քանի դեռ երկրի վրա ձեր սերն ու կապվածությունը նյութի հետ խանգարում են ձեզ՝ միանալու ձեր Երկնավոր Հորը, դուք ինձ արժանի չե՛ք կարող լինել, որովհետև Աստծու հետ հաշտության գործընթացը կարևորելու պատճառով աշխարհից հրաժարվելը ցավոտ է լինելու: Իր խոսքի ավարտին Տէր Հիսուս Քրիստոս հյուրասիրության մասին է ակնարկում, երբ ասում է, այն մարդիկ, որոնք կընդունեն աշակերտներին և կծառայեն նրանց, նրանց վարձը անպակաս կլինի, այսինքն մարգարեին ընդունողը մարգարեի վարձ էլ կստանա: Սակայն նախորդ սերտողության ժամանակ մենք տեսանք, թե ինչ էր սպասվում նրանց, որոնք չեն լսում Աստծո խոսքը և չեն ընդունում առաքյալներին;
Սիրելիներ, մենք գիտենք որ Աստծու խաղաղությունը վեր է ամենայն մտքից ու գործից: Հետևաբար մենք աշխարհի վրա խաղաղություն չենք գտնի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել մեր սրտերում: Իսկ մեր սրտերում խաղաղություն կհաստատվի միայն խաղաղության Թագավորի խոսքերով, որն ասում է.- «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ.14:26):
Աշխարհի ալեկոծությունը չի կարող սասանել մեր հավատքը, եթե մեր սիրտը խաղաղ է և հաշտ է Աստծու հետ: Ալեկոծ ծովի ալիքները չէին վախեցնի աշակերտներին, եթե նրանք թերահավատ չլինեին:
Մենք էլ զերծ չենք լինելու ալեկոծ աշխարհի ալիքներից, հետևաբար այսօր կայացնենք որոշում մեր սիրտը դատարկել ամեն տեսակ անարժեք նյութից, և Աստծու խաղաղությունը հաստատենք մեր սրտում, որպեսզի մեծ փորձությունների ժամանակ մեր սրտերը չխռովվեն վախի պատճառով: Պատերազմական միջոցների ուժի աննախադեպ մեծացման հետևանքով Միջազգային խաղաղությունը դարձել է համամարդկային խնդիր։ Եթե յուրաքանչյուր սրտում տիրի Քրիստոսի խաղաղությունը, ապա ապահովված կլինի նաև միջազգային խաղաղությունը
Մեր հավատը կարող է սասանվել, եթե մեր սրտում խաղաղություն չկա; Մեր հավատը կարող են մեզնից խլել, եթե այն մեր սրտում չէ, այլ մեր գլխում է: Միշտ հիշենք, որ աշխարհի մեծագույն հրաշքներ գործող Հիսուս Քրիստոս զարմացավ հարյուրապետի հավատի վրա: Ուրեմն ինչո՞ւ չզարմացնենք մեր սիրելի Տիրոջը, որն այսքան բարիք է արարել մեզ համար:
Սիրելիներ, ավարտեցինք Մատթևոսի Ավետարանի տասներորդ գլուխը ևս, վաղը կսերտենք 11 րդ գլուխը, եթե Աստծու կամքը լինի: