ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակներ 14.1-6
1 Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով: 2 Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը, պիտի անարգուի: 3 Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից: 4 Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը: 5 Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում: 6 Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտրես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կգտնես իմաստունների մօտ:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 2.8-3.13
Ավետարան ըստ Հովհաննեսի 2.12-22
Ավետարան ըստ Մատթևոսի 10: 16-33
16 Ահա ես ձեզ կը ղրկեմ իբրեւ ոչխարներ գայլերու մէջ. ուստի օձերու պէս խորագէտ եղէք եւ աղաւնիներու պէս միամիտ։ 17 Իսկ մարդոցմէ զգուշացէք. վասն զի ձեզ ատեաններու պիտի մատնեն ու իրենց ժողովարաններուն մէջ ձեզ պիտի ծեծեն։ 18 Եւ իմ անուանս համար կուսակալներու ու թագաւորներու առջեւ պիտի տարուիք, անոնց եւ հեթանոսներուն վկայութիւն ըլլալու համար։ 19 Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ ընէք թէ ինչպէ՛ս կամ ի՛նչ պիտի խօսիք, վասն զի ձեզի պիտի տրուի այն ժամուն՝ ինչ որ պիտի խօսիք։ 20 Վասն զի ո՛չ թէ դուք էք որ պիտի խօսիք, հապա ձեր Հօրը Հոգին՝ որ ձեր ներսիդին կը խօսի։ 21 Եղբայրը իր եղբայրը մահուան պիտի մատնէ եւ հայրը՝ որդին. եւ որդիներ իրենց ծնողքներուն վրայ պիտի ելլեն ու մեռցնեն զանոնք։ 22 Իմ անուանս համար ամենուն ատելի պիտի ըլլաք. բայց ով որ մինչեւ վերջը համբերէ, անիկա պիտի ապրի։ 23 Երբ այս քաղաքին մէջ ձեզ հալածեն, ուրիշ քաղաք փախէք, քանզի ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Իսրայէլի քաղաքները պիտի չհատցնէք, մինչեւ Որդին մարդոյ գայ։ 24 Աշակերտը իր վարդապետէն աւելի չէ եւ ոչ ծառան՝ իր տիրոջմէն։ 25 Հերիք է աշակերտին՝ որ իր վարդապետին պէս ըլլայ ու ծառային՝ իր տիրոջը պէս։ Եթէ տանտէրը Բէեղզեբուղ կոչեցին, ո՜րչափ աւելի անոր ընտանիքը։
26 Ուստի մի՛ վախնաք անոնցմէ, վասն զի բան մը չկայ ծածուկ որ պիտի չյայտնուի եւ գաղտուկ՝ որ պիտի չգիտցուի։ 27 Ինչ որ ձեզի մութի մէջ կ՚ըսեմ, զանիկա լոյսի մէջ խօսեցէք եւ ինչ որ ականջն ի վար կը լսէք, տանիքներուն վրայ քարոզեցէք։ 28 Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ մարմինը կը սպաննեն ու չեն կրնար հոգին սպաննել. հապա աւելի անկէ վախցէք, որ կրնայ հոգին ու մարմինը գեհենին մէջ կորսնցնել։ 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի կը ծախուին եւ անոնցմէ մէկը գետինը չիյնար առանց ձեր Հօրը հրամանին։ 30 Բայց ձեր գլխուն բոլոր մազերն ալ համրուած են։ 31 Ուրեմն մի՛ վախնաք, վասն զի շատ ճնճղուկներէ լաւ էք դուք։
32 Ա՛րդ՝ ով որ մարդոց առջեւ զիս կը դաւանի, ես ալ զանիկա պիտի դաւանիմ Հօրս առջեւ՝ որ երկինքն է։ 33 Եւ ով որ մարդոց առջեւ զիս կ՚ուրանայ, ես ալ զանիկա պիտի ուրանամ իմ Հօրս առջեւ՝ որ երկինքն է։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Ձեր միտքը երեկվա նյութի հետ կապելու համար, վերհիշենք, որ նախորդ համարներում մենք տեղեկացանք, որ Հիսուս Քրիստոս աշխարհ գալու Իր նպատակը իրագործելու համար ընտրեց աշակերտներ, տվեց նրանց իշխանություն և զորություն և նախապատրաստեց քարոզության, զգուշացնելով հնարավոր վտանգների, ակնկալվող մերժումների, Նույնիսկ հալածանքների մասին:
Բայց աշակերտներին զգուշացրեց, որ երբեք վրեժխնդիր չլինեն, այլ ուղղակի հեռանան այն մարդկանցից, որոնք չեն կամենա իրենց խոսքը լսել, քանի որ դատաստանը Աստծուն է՝ իր խոսքը չլսողների համար:
Ի՞նչ նշանակություն ուներ այս համեմատությունը, որ արեց Տէր Հիսուս աշակերտներին՝ գառների հետ համեմատելով և ուղարկեց գայլերի մեջ: Իրականում մենք գիտենք, որ աշակերտները դուրս էին գալու մարդկանց մեջ և տեղեկացնեին Արքայության Ավետարանը և ապաշխարության կանչեին մարդկանց:
Ովքե՞ր են գայլերը, որոնց մեջ ուղարկում էր գառներին: Տէր Հիսուս արդեն ուներ գայլերի հետ հանդիպելու փորձառությունը և առավել ևս գիտեր որ գայլերին Աստված պետք չէ, և նրանք ապրում են գայլային օրենքներով: Մերժում են Աստծուն, որովհետև չեն ուզում լսել բարոյական խրատներ, նրանք ունեն կյանքի համար սահմանված իրենց ինքնահնար օրենքները:
Երբ Երուսաղեմում գոռում էին,- Խա՛չը հանիր Դրան, նկատի ունեին, որ պետք չէ իրենց մեկը, որը կսովորեցնի կեղծավորություն չանել, ագահություն չանել, երկու տիրոջ չծառայել և այլն: Նրանք հարմարվել էին մեղքի քաղցրության հետ և ավելորդ էին համարում մեղքը տեսնողին: Մարդիկ լույսը չեն սիրում, քանի որ իրենց գործերը բացահայտվում է այդ լույսից:
Հրեական սովորության մեջ ընդունված տեսակետ կար, որ հզոր է այն ոչխարը, որը կարող է փրկվել յոթանասուն գայլից, այնպես ինչպես Իսրայելը՝ յոթանասուն ցեղերից: Նաև հզոր է այն հովիվը, որը իր հոտը կպաշտպանի յոթանասուն գայլերից: Այս համեմատությունը այն բանի համար էր, որպեսզի հասկանալի լինի Իսրայելի վտանգը յոթանասուն ազգերի միջև: Գայլեր ու գառներ արտահայտությունը նույնպես ծանոթ էր հրեա աշակերտներին, քանի որ ոչ ոք չհարցրեց այդ մասին Վարդապետին:
Գայլերը այն մարդիկ էին, որոնք չընդունեցին Հիսուս Քրիստոսին՝ որպես Մեսիա, տեսնելով այդքան հրաշք, բժշկություն, ճշմարիտ խոսք, և խաչը հանեցին Նրան և որից հետո չհավատացին նաև Նրա Հարությանը: Իսկ այդ մարդիկ չէին կարող սիրով ընդունել Քրիստոսի աշակերտներին, և պատրաստ էին նրանց ատյաններ տանել, հալածել, և սպանել; Քանի որ գայլակերպ մարդիկ տեսնում էին, որ օրեցօր Քրիստոսի համբավը տարածվում է ողջ երկրով, և մարդկանց մեջ մեծ հեղինակություն է վայելում: Հետևաբար ամեն ջանք պետք է գործադրեին, որպեսզի նրա աշակերտներին էլ հատ հատ վերացնեն՝ անհիմն պատճառաբանություններով; Տէր Հիսուս զգուշացնում է աշակերտներին, որ նրանց պետք է հալածեն ժողովարաններում, և հեթանոսների շրջանում, բայց նաև գոտեպնդում էր նրանց, որ հոգ չանեն պատասխան տալու համար: Այստեղ զարմանալի հակասություն ենք տեսնում մեր մարդկային մտածելակերպի համեմատ: Մարդուն ուղարկում են մեռնելու և ասում են հոգ մի արա, թե ի՞նչ պատասխան ես տալու: Երեկ ես ձեզ առակաց գրքից կարդացի, որ կգա ժամանակը, որ արդարը համարձակ կկանգնի իրեն նեղողների առջև և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար:
Վարդապետը աշակերտներին հայտնում էր վտանգի մասին, և համարձակության հույս էր տալիս, քանի որ նրանք Քրիստոս պիտի քարոզեին և Քրիստոս էր որ տալու էր նրանց լեզու և բերան՝ խոսելու համար:
Դրա համար էր նրանց համեմատում աղավնիների և օձերի հետ, այն առումով, որ պատվիրանապահության մեջ ցուցաբերեն աղավնու պարզություն, իսկ Աստծու խոսքի հակառակորդների հանդեպ ցուցաբերեն
օձի իմաստություն, որպեսզի կարողանան շահել լսողներին:
Սիրելիներ, մենք պետք է միշտ հիշենք, որ Հիսուս խոսում էր մի ազգի հետ, որի ժողովարաններում շաբաթ օրերը կարդացվում էր օրենքի ու մարգարեության գրքերը և չէր բացատրվում պարզ մարդկանց՝ նրանց խավարի մեջ պահելու համար, քանի որ իրենք՝ կարդացողները չէին ապրում այդ օրենքներով, հետևաբար չէին սովորեցնում, որպեսզի ժողովուրդը իրենցից շատ բան չպահանջի; Իսկ մեր Տէրը պատվիրում էր իր աշակերտներին պատվիրանների կատարման մեջ պարզություն մտցնել, որպեսզի հասկանալի լինի մարդկանց և մարդիկ սիրեն պատվիրանները; Միևնույն ժամանակ գիտեր, որ բանի համար հալածելու են աշակերտներին, որպեսզի չբացահայտվի իրենց խավարամտությունը:
Երբ մենք կարդում ենք մարգարեությունները, տեսնում ենք, որ Աստված խոսել է մարգարեների բերանով, և նույնիսկ զարմանալի է թվում, թե այսքան խստության պայմաններում ինչպես կարելի էր մեղքի մեջ ապրել: Բայց մարդը բոլոր դարերում էլ անտեսել է Աստծու խոսքը, ձևափոխել է, հարմարեցրել էր կյանքին: Այդ պատճառով Աստված ժամանակ առ ժամանակ երես է թեքել իր ժողովրդից, ինչի մասին շատ ենք կարդում Դավթի սաղմոսների մեջ: Ինչպես Եսայի Մարգարեն է ասում,- Արդարությունը վերացավ նրանց միջից, արգելք դրին իրենց սրտերին, որ չիմանան: Տեսավ Տէրը և չհավանեց: Իսկ Եղբայրների և ծնողների միջև եղած վատ հարաբերության և սպանության մասին, որ խոսում է մեր Տէրը՝ Միքիա (7:6) մարգարեի բերանով, արդարության ու ճշմարտության վերանալու պատճառով է լինում: Իսկ որտեղ որ Աստծու ճշմարտությունը ստով են փոխարինում, այնտեղ հալածանքն ու սպանությունը առկա է: Գլխավոր պայման կա այս ամենի մեջ; Այո, պետք է լինի այս բոլորը, քանի որ մարդը հակված է մեղքին, բայց մենք՝ բոլորս խոստում ունենք ո՛չ թե մարդուց, այլ՝ Աստծուց՝ որ, ո՛վ մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի:
Նույնիսկ զգուշացնում է մեր Տէրը, թե՝ եթե այս քաղաքում ձեզ հալածեն, փախեք մյուսը, քանի որ եթե Վարդապետին Բէեղզեբուղ կոչեցին, ի՞նչ պիտի անեն ձեզ: Բարիքներ պարգևող, անդամալույծ բժշկող, չորս օրվա մեռելին հարություն տվող ձեռքերը գամեցին՝ առանց պատճառի: Աշակերտներին նույնն էր սպասվում; Բայց այս բոլորի մեջ կա մեծ մխիթարություն, որը հույս է տալիս հետագա պայքարի համար:
Ինչ էլ որ անեն ձեզ հետ, մի մտահոգվեք, որովհետև ոչինչ ծածուկ չի մնալու, և ամեն ինչ բացահայտվելու է: Բոլոր գաղտնիքների առջև դռները բացվելու են: Որոշ գաղտնիքներ կբացահայտվեն այս կյանքում՝ մարդկանց գայթակղությունից հեռու պահելու համար, իսկ տիեզերական հրապարակում ամեն գաղտնիք կբացվի բոլորի աչքի առջև:
Նույնիսկ մարմինը սպանողներից պետք չէ վախենալ, որովհետև նրանք դրանից առավել ուրիշ բան չեն կարող անել, որովհետև արդարի Տէրը Աստված է: Եթե Աստծու ուշադրության ներքո են գտնվում երկնքի բոլոր թռչունները, ապա որքան առավել է մարդը, որի փրկության համար խաչվեց Ինքը՝ Քրիստոս;
Գայլեր անվանեց Աստծու խոսքը շեղող մարդկանց, որպեսզի մենք հասկանանք, թե ումից պետք է զգույշ լինենք: Աղավնու պարզության հետ համեմատեց պատվիրանապահությունը, որպեսզի չխուսափենք՝ ասելով թե՝ դժվար է պահել; Օձի խորագիտություն պահանջեց, քանի որ մեր օրերում էլ կան Քրիստոսի ճշմարիտ վարդապետությանը հակառակվողներ: Գոտեպնդեց մեզ, որ չվախենանք խոսելուց, որովհետև մեզ այդ ժամին կտրվի, թե ինչ խոսենք; Պատվիրեց մեզ համբերել նեղություններին՝ փրկվելու համար: Նաև պատվիրեց ամենքիս, որ խոստովանենք Իրեն՝ մարդկանց առաջ, որպեսզի Ինքն էլ մեզ խոստովանի Իր Հոր առաջ, որ երկնքում է: Կարևորն այն է, որ այս բոլորը Աստծո ամենատես աչքի առջև է, և ոչինչ ծածուկ չի մնալու: Մեր հույսը մեր Երկնավոր հայրն է, որը տեսնում է մեզ հետ պատահող ամեն բան;
Սիրելիներ այս բոլոր բաները իմանալուց հետո մենք արդեն իրավունք չունենք անգետ լինել գալիք փորձությունների նկատմամբ: Իրավունք չունենք վախենալ մեծ մարտահրավերներից: Իրավունք չունենք հարկ եղած դեպքում ամաչել բարձրաձայնելու Տիրոջ Անունը, որը մեզ սովորեցրեց այս բոլորը: Ամենակարևորը մենք իրավունք չունենք հուսահատվելու, խուճապի մատնվելու փորձությունների ժամանակ:
Այլ պետք է արագ կողմնորոշվենք, և հասկանանք, ի՞նչ կարելի է սովորել պատահածից, ինչո՞ւ պատահեց, ո՞րն է մեր անելիքը: Քրիստոս մեղադրում էր փարիսեցիներին՝ ճշմարտությունը իմանալով, կեղծիքի մեջ ապրելու համար: Աստված ի սկզբանե, մեղավոր մարդու պատճառով, երբեմն պատահել է, որ երես է թեքել մարդուց, բայց երբեք չի լքել մարդուն մեղքի պատճառով: Հակառակը՝ մարդն է, որ և մեղանչում է, և՛ Աստծուց է երես թեքում, և՛ լքում է Աստծուն: Եթե այս բոլորը ամփոփելու լինենք մեկ նախադասությամբ, ապա Աստված մարդուց պահանջում է մեղքի անկեղծ զղջում՝ փրկության համար:
Իսկ մարդը կամավոր դառնում է դատապարտյալ՝ չարի բանտում: Ինչպես որ դատապարտյալը չի կարող դուրս գալ բանտից մինչև չսպառի իր պատժի վերջին օրը, այնպես էլ մարդը չի կարող ազատվել սատանայի բանտից, մինչև չխոստովանի իր վերջին մեղքը: Մեր այսօրվա դասը համբերության մասին էր: Աստված համբերությամբ լցնի ամենքիդ՝ ձեր փրկությանը հասնելու համար: Միքիա մարգարեի հարցով ավարտեմ այսօրվա Ավետարանի սերտողությունը: Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել, ողորմութիւն սիրել եւ պատրաստ լինել քո Տէր Աստծու յետեւից գնալու։
Մնացեք սիրով՝ եղե՛ք Տիրոջը խոստովանող, Տիրոջ համար հալածվելուց չվախեցո՛ղ, և արդարությա՛մբ խոսող քրիստոնյաներ: