ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Իմաստություն Սողոմոնի 5.1-8
Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար: Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս: Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք:
Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծոյ որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից: Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը: Մենք խրուեցինք անօրինութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները: Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եսայու մարգարեությունը 45.1-2
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 2.1-7
Ավետարան ըստ Ղուկասի 7.1-10
Ավետարան ըստ Մատթևոսի. 10:1-15
1 Յիսուս իր քով կանչելով իր տասներկու աշակերտները, անոնց իշխանութիւն տուաւ պիղծ ոգիներուն վրայ, որպէս զի զանոնք հանեն եւ ամէն ցաւ ու ամէն հիւանդութիւն բժշկեն։
2 Տասներկու առաքեալներուն անունները ասոնք են. առաջինը Սիմոն, Պետրոս ըսուածը եւ անոր եղբայրը Անդրէաս, 3 Յակոբոս Զեբեդեան եւ անոր եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողիմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Յակոբոս Ալփեան եւ Ղեբէոս որ Թադէոս մականուանեցաւ, 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ մատնեց զանիկա։
5 Յիսուս այս տասներկուքը ղրկեց եւ անոնց պատուիրեց՝ ըսելով. «Հեթանոսներու ճամբայ մի երթաք ու Սամարացիներու քաղաք մի մտնէք, 6 Հապա աւելի Իսրայէլի տանը կորսուած ոչխարներուն գացէք։ 7 Ու երբ կ՚երթաք, քարոզեցէք ու ըսէք. ‘Երկնքի թագաւորութիւնը մօտեցած է’։ 8 Հիւանդները բժշկեցէք, բորոտները մաքրեցէք, դեւերը հանեցէք. ձրի առեր էք, ձրի տուէք։ 9 Մի՛ ստանաք ոսկի եւ ո՛չ արծաթ եւ ո՛չ պղինձ ձեր գօտիներուն մէջ։ 10 Ո՛չ ճամբու համար պարկ եւ ո՛չ կրկին հանդերձ, ո՛չ կօշիկ, ո՛չ գաւազան. վասն զի մշակը իր կերակուրին արժանի է։ 11 Երբ քաղաք մը կամ գիւղ մը մտնէք, հարցուցէք թէ ո՞վ է անոր մէջ արժանաւորը ու անոր քով կեցէք մինչեւ անկէ ելլէք։ 12 Երբ տունը կը մտնէք, բարեւ տուէք անոր։ 13 Եթէ այն տունը արժանաւոր է, ձեր բարեւը անոր վրայ ըլլայ, իսկ եթէ արժանաւոր չէ, ձեր բարեւը ձեզի դառնայ։ 14 Եթէ մէկը ձեզ չընդունի ու ձեր խօսքերը մտիկ չընէ, երբ այն տունէն կամ քաղաքէն կ՚ելլէք, ձեր ոտքերուն փոշին թօթուեցէք։ 15 Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Սոդոմացիներուն ու Գոմորացիներուն երկրին աւելի դիւրին պիտի ըլլայ դատաստանին օրը քան թէ այն քաղաքին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Ինչպես առակողն է ասում. Ծուռը ուղղել չի՛ լինի, և չեղածը՝ հաշվել: Ամեն անգամ, երբ նայում եմ աշխարհի անցուդարձին, հիշում եմ Ժողովողի այն խոսքը, որն ասում է՝ ունայնություն՝ ունայնությանց: Սակայն ձեր նամակներն ու մեկնաբանությունները ինձ ամեն օր ուժ են տալիս պատրաստելու ձեզ համար հոգևոր նախաճաշ:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՛ր, և Զգործս ձեռաց մերոց՝ հաջողեա մեզ. Ամեն.
Այսօր, միասին կսերտենք Մաթևոսի Ավետարանի տասներորդ գլխի առաջին մասը, որում նկարագրված է աշակերտների ընտրությունը: Սերտողությունից առաջ կուզեմ մի հարցի շուրջ խոսել ձեզ հետ, որից հետո անդրադառնանք մեր թեմային: Ամեն օր արթնանալիս, մենք պետք է մեզ հարց տանք. Ինչի՞ համար եմ ապրում ես: Ո՞րն է իմ նպատակը այս կյանքում: Որ՞ն իմ ջանքը այդ նպատակին հասնելու համար:
Քրիստոնյան գիտե, որ իր գերագույն նպատակը Աստծու հետ հանդիպելն է, և այդ հանդիպման ժամանակ՝ արդարանալը; Հետևաբար, հանուն իր նպատակի, իր կյանքը դասավորում է հնարավորինս անսխալ, քիչ մեղքերով, շատ զղջումներով: Ինչ էլ որ լինի երկրի իրավիճակը, բարեպաշտ քրիստոնյան պետք է աղոթի իրավիճակի համար, ընդունելով, որ Աստծու թույլատու կամքով է ամեն բան պատահում, մեզ դեպի փրկություն առաջնորդելու համար: Ուրեմն այսօրվա կյանքից է կախված մեր հանդերձյալի գնահատականը: Իմաստունն ասում է,- Այն ամենը, ինչ քո ձեռքից կգա անելու, արա՛ քո կարողության չափով, որովհետև գերեզմանի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ իմաստություն: Ժողովող 9:10
Մեր Նպատակը Աստծուն հանդիպելն է, իսկ ի՞նչ նպատակ ունի Աստված: Պարզվում է Աստված էլ նպատակ ունի հանդիպելու մարդուն, ընդ որում՝ մեղավոր մարդուն: Աստծու նպատակն էլ մեղավոր մարդուն դարձի բերելն է, որպեսզի նշված օրը հանդիպման ժամանակ՝ չպատժվի մարդը: Երբ կյանքի նպատակը հասկանալի է, նույնիսկ ապրելը հեշտ դառնում՝ դժվար պայմաններում: Իր նպատակը իրագործելու համար Հիսուս Քրիստոս իր ծառայությունը սկսեց աշակերտներ ընտրելով: Որպեսզի և՛ ժողովրդին ուսուցանի իր գալու նպատակը և՛ աշակերտները սովորեն և՛ հետագայում այլոց սովորեցնեն: Բարի է նպատակը Հիսուս Քրիստոսի, սակայն միշտ չէ, որ բարի նպատակին հասնելու ճանապարհները բաց են, հարթ են և դյուրանցանելի են; Քրիստոսի խաչի ճանապարհը հեշտ չէր, հեշտ չի լինելու նաև մեր խաչի ճանապարհը, քանի որ մեր նպատակն էլ բարի է՝ Քրիստոսի հետ հանդիպման;
Ընտրեց տասներկու աշակերտներ պարզ մարդկանցից: Աշակերտների անունները քիչ առաջ կարդացի ձեզ համար, և ճիշտ կլինի որ ամեն քրիստոնյա, առաքյալների անունները անգիր իմանա, և իմանա, թե նրանցից որը ի՞նչ գիրք է գրել: Մատթևոսը, որը աշակերտներից մեկն էր, ասում է,- նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք: Ի՞նչ պիղծ դևեր էին դրանք, որտեղի՞ց էին հայտնվել մարդկանց մեջ: Ինչո՞ւ մարդիկ իրենք չէին կարողանում ազատվել այդ դևերից: Դևերը հանելուց հետո պետք է բժշկեին բոլոր ցավերն ու հիվանդությունները: Դուք տեսե՞լ եք մի թագավոր, որը ժողովրդի մասին այսչափ հոգատար լինի, և հոգա մարդկանց ո՛չ թե սոցիալական հարցերը, այլ նրա հոգու և մարմնի բժշկության հարցերը: Տէր Հիսուս ո՛չ թե հետևանքների մասին էր հոգում, ինչը խեղճացրել էր մարդկանց, այլ՝ բուն պատճառի, որի վերանալու դեպքում մարդը ինքը կհոգար իր կարիքները: Մարդ արարածը վնասվում է պիղծ դևերի կողմից, իր անգիտության պատճառով: Պիղծ դևերը այն անմաքուր ոգիներն են, որոնց մասին մենք խոսեցինք գերգեսացիների երկրի դիվահարի մասին խոսելիս:
Ըստ հրեական վարդապետության , անմաքուր հոգիները աշխարհ եմ մտել այն ժամանակ, երբ մեր նախամայր Եվան համագործակցել է օձի հետ: Քանի որ օձը ստեղծված բոլոր կենդանիներից ամենախորամանկն էր, խաբեց Եվային և կատարել տվեց մի բան, որի համար պատվիրված էր չանել: Պատվիրանը խախտելու պահից աշխարհ մտավ չորս տեսակ գլխավոր անմաքուր հոգիներ՝ անմտության հոգի, բղջախոհության հոգի, ագահության հոգի և մեղանչումի հոգի: Այս չորս չար ոգիներն են, որ երբեմն միանալով, երբեմն առանձին առանձին գալիս են մարդկանց վրա և տանջում են նրանց: Այս չար ոգիների վրա ազդելու իշխանություն տվեց Տէր Հիսուս իր աշակերտներին: Մեզ հայտնի չէ, թե այդ իշխանությունը ինչպես փոխանցվեց աշակերտներին, բայց հետագայում մենք կարդում ենք, որ աշակերտները կարողանում էին հանել դևեր և բժշկել մարդկանց:
Ավետարաններում շատ են կարդում դիվահարության մասին, որ մարդկանց բռնել է չար դևը և հալածում է: Հին կտակարանում էլ քիչ չեն օրինակները: Ձեզ խորհուրդ կտամ Հին կտակարանից կարդաք Տոբիթի գիրքը, որտեղ հրեշտակը Տուբիին սովորեցնում է եղանակը՝ ազատվելու համար չար դևից, որը հերթով սպանում էր Սառայի փեսացուներին, որպեսզի չամուսնանան նրա հետ: հետաքրքիր գիրք է, կարդացե՛ք;
Պատմում են նաև, որ Հայր Աբրահամին է տրված եղել Աստծուց այդ շնորհը՝ դրևեր հանելու: Երբ իր Իսմաիլ որդին հեռանում էր Աբրահամի տնից, Աբրահամը նրան որպես ժառանգություն փոխանցում է այդ շնորհը, որպեսզի Իսմաիլը առանձին ապրած վայրում կարողանա օգտակար լինել մարդկանց, դևեր հանելու իր շնորհով;
Տէր Հիսուս իշխանություն ունի նաև դևերի վրա, և անմասն չթողեց նաև իր աշակերտներին: Գլխավոր հզոր զենքը տվեց աշակերտներին և ուղարկեց մարդկանց մեջ; Աշակերտներին պատվիրեց, որ նախ Իսրայելի տան մեղավոր մարդկանց այցելեն և բժշկեն: Պատվիրեց հեթանոսների շրջանները չգնան:
Պողոս առաքյալը նորադարձ եփեսացիներին նույն խորհուրդն է տալիս, ասելով,- զորացեք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ: Աստծու սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ է:
Ի՞նչ պետք է սովորենք մենք այսօրվա մեր սերտողությունից: Տիրոջով զորանալու փորձառությունը մենք չունենք, որովհետև ինչպես երեկ նշեցինք, մենք չունենք հավատի վահան; Ամենապարզ օրինակը կարող ենք բերել ներկայիս իրավիճակի նկարագրությամբ: Պատերազմի, և այն չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, չար ոգիները այցելեցին Հայաստան՝ իրենց զինված ուժերով; Իսկ մեր ժողովուրդը, որը Աստծու խոսքի թույլ սպառազինություն ուներ, տրվեց բանսարկուի ատելության հոգուն և սկսվեց բաժանումը: Մարդիկ սկսեցին միմյանց դեմ դուրս գալ՝ հանուն նույն հայրենիքի, հանուն նույն նպատակի; Երբ մարդիկ իրենց ուժերին են ապավինում, Աստված ձեռնպահ է մնում միջամտությունից: Վրեժխնդրության դևը մտել է մարդկանց մեջ և հալածում է: Իսկ երբ մարդիկ տեղյակ լինեին, որ վրեժխնդրությունը միայն Աստծուն է պատկանում, ամեն բան կհանձնեին Աստծուն: Հատկապես, որ ատելությամբ ու կռվով ոչինչ չկարողացան փոխել ստեղծված իրավիճակից, ուղղակի կորցրին իրենց խաղաղությունը և բարեկամությունը:
Աստծու խոսքը մեզ սովորեցնում է, որ չարի դատաստանը անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել: Այն մարդը, որը պատվիրան է պահում, չարիքի չի հանդիպի, իմաստուն սիրտը գիտի պատվիրան պահելու ժամանակը և եղանակը: Ամեն բանի ժամանակը կա, միշտ չէ որ պայքարով կարելի է իրավիճակ փոխել:
Տէր Հիսուս աշակերտներին ուղարկելուց առաջ զգուշացնում էր, որ եթե ձեզ չեն ընդունի, կամ ձեր ողջույնը չեն առնի, ուղղակի ձեր ոտքի փոշիները թափ տվեք և դուրս եկեք այդ քաղաքից: Երբե՛ք չասաց, ձեզ իշխանություն և զորություն եմ տվել, պապանձեցրեք ձեզ հանդիմանողներին: Այլ հակառակը՝ Ինքը անմիջապես կայացրեց որոշում նրանց համար, թե՝ ինչի կարժանանան նրանք դատաստանի օրը: Նույնիսկ սոդոմացիների վիճակը ավելի թեթև համարեց, քան նրանց, որ աշակերտներին չէի լսելու: Իսկ աշակերտները ի՞նչ կարող էին անել, բացի նրանից, որ լեզվակռվի բռնվեին չլսողների հետ:
Քրիստոնյայի խորագիտությունը ամեն վայրկյան պետք է գալիս իրեն; Մենք երբեմն խորհուրդներ տալու հարցում պետք է զգուշանանք: Միշտ չէ, որ կարելի է մարդուն խորհուրդ տալ, երբեմն պետք է լսել հանցագործ կամ մեղավոր մարդուն՝ քան խորհուրդ տալ: Աստված մեզնից շուտ է տեսել նրան՝ ընկած վիճակում: Գուցե մենք պետք ենք նրան օգնելու համար, որ ընդամենը վեր կենա, ո՛չ թե ճշմարտության դույլը դատարկենք գլխին: Ինչպես վերևում նշեցի, սիրելիներ, մեր գործը իրավիճակի համար աղոթելն է:Իրավիճակի Տէրը Աստված է, իսկ մենք անվերջ փորձվում ենք չարից:
Իսկ դուք մնացեք սիրով և խաղաղությամբ՝ զինվեք Աստծու սպառազինությամբ՝ չարի դեմ պայքարելու համար: