ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակներ 21.15-22
Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին: Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ:
Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար:
Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ:
Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն:
Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Առակներ 21.15-24
Եսայու մարգարեությունը 19.19-21
Թուղթ եբրայեցիներին 11.32-40
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ավետարան ըստ Մատթևոսի 9:27-38
27 Երբ Յիսուս անկէ յառաջ անցաւ, երկու կոյր ինկան անոր ետեւէն, կ՚աղաղակէին ու կ՚ըսէին. «Ողորմէ՛ մեզի, Դաւիթի՛ Որդի»։ 28 Երբ տուն հասաւ, կոյրերը իրեն եկան։ Յիսուս անոնց ըսաւ. «Կը հաւատա՞ք թէ կրնամ այս բանը ձեզի ընել»։ Ըսին անոր. «Այո՛, Տէր»։ 29 Այն ատեն անոնց աչքերուն դպաւ ու ըսաւ. «Ձեր հաւատքին պէս ըլլայ ձեզի»։ 30 Անոնց աչքերը բացուեցան։ Յիսուս սաստիկ պատուէր տուաւ անոնց ու ըսաւ. «Զգոյշ կեցէք, մէ՛կը չիմանայ»։ 31 Բայց անոնք ելան, այն բոլոր երկրին մէջ անոր համբաւը տարածեցին։
32 Երբ անոնք դուրս ելան, ահա համր դիւահար մարդ մը բերին իրեն։ 33 Երբ դեւը ելաւ, համրը խօսեցաւ։ Եւ ժողովուրդը զարմացաւ ու կ՚ըսէին թէ՝ Իսրայէլի մէջ բնաւ այսպիսի բան տեսնուած չէր։ 34 Բայց փարիսեցիները կ՚ըսէին. «Ատիկա դեւերուն իշխանութիւնովը դեւեր կը հանէ»։
35 Յիսուս կը պտըտէր բոլոր քաղաքներն ու գիւղերը եւ անոնց ժողովարաններուն մէջ կը սորվեցնէր ու կը քարոզէր արքայութեան աւետարանը եւ կը բժշկէր բոլոր ախտերն ու բոլոր հիւանդութիւնները ժողովուրդին մէջ։ 36 Ժողովուրդները տեսնելով, անոնց վրայ խղճաց, վասն զի յոգնած ու ցիրուցան եղած էին հովիւ չունեցող ոչխարներու պէս։ 37 Այն ատեն ըսաւ իր աշակերտներուն. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ, 38 Ուստի հունձքին Տէրոջը աղաչեցէք, որ մշակներ հանէ իր հունձքին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ՝ Հանապազօրյա Հացի. Մատթևոսի Ավետարանի իններորդ գլխի վերջին բաժինն է այսօրվա սերտողության թեման, որտեղ ավետարանիչը պատմում է երկու կույրերի և համրի բժշկության մասին; Այս հրաշքին անդրադարձել է միայն Մատթևոս ավետարանիչը, հավանաբար շատ տպավորված լինելու պատճառով: Երեկվա մեր սերտողության ժամանակ, մենք Հիսուս Քրիստոսին իր աշակերտների հետ միասին թողեցին Հայրոսի տանը, որտեղ Հիսուս կենդանություն պարգևեց նրա մեռած աղջկան: Այդ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ տարածաշրջանով մեկ, չնայած, որ այսօրվա գերհզոր լրատվական միջոցներից ոչ մեկից չկար իրենց քաղաքում: Հայրոսի տնից հեռանալու ճանապարհին նրան հետևում են երկու կույր:Ավետարանն ասում է կույրերը գնացին Նրա հետևից:
Կամ որևէ մեկը նրանց ուղեկցում էր, կամ էլ ձայնի ուղղությամբ էին շարժվում, քանի որ երբ տեսողությունը բացակայում է, լսողությունը ավելի է հզորանում: Չէին տեսնում, բայց փնտրում էին Հիսուսին:
Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տանել կույրերի և մեր միջև; Կույրերը չէ՛ին տեսնում, բայց խնդրում էին օգնություն Դավթի Որդուց և հազիվ նշմարելով հետևում էին Նրան՝ աղաղակելով, Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի: Մենք տեսնո՛ւմ ենք, կարո՛ղ ենք կարդալ, կարո՛ղ ենք գնալ լսել, սակայն մեզ մոտ էլ այդ ցանկությունը չկա՛: Ավետարանի ամեն առակ կամ հրաշք մի մեծ աղաղակ է՝ ուղղված համայն մարդկությանը, դուրս գալու համար իր հոգևոր կուրությունից, կաղությունից, անդամալուծությունից, բորոտությունից, և ամեն տեսակ հիվանդությունից, որոնք առաջացել են մեղքի պատճառով: Մեր եկեղեցու հայրերը մեղքի մեջ մնացողներին անվանում են հոգևոր փորկապությամբ տառապողներ, որոնք տանջվում են, բայց չեն ուզում խոստովանել իրենց մեղքերը՝ ազատվելու համար այդ դժվարությունից: Հետևաբար աչք ունեցող և լույսը չտեսնողը լավ չէ նրանից, որը աչք չունի բայց լույսի հետևից է գնում:
Հավատքն է, որ կույրին տեսնել է տալիս, կաղին քայլել է տալիս, անդամալույծը հավատքի շնորհիվ իր մահիճը լքեց և տուն գնաց; Տէր Հիսուս կույրերին հարցրեց, հավատո՞ւմ եք, որ ձեզ կարող եմ բուժել:
Նրանք ասացին,- Այո, Տէր: Քրիստոս ասաց,- ըստ ձեր հավատի թո՛ղ լինի: Հարցը, որ տվեց կույրերին և պատասխանը, թե՝ ըստ ձեր հավատի թող լինի, մեծ հնարավորություն էր այդ պահին կույրերի համար սառած սիրտը ջերմացնելու, թմրած հոգին արթնացնելու: Ավետարանիչն ասում է,- Եվ բացվեցին նրանց աչքերը: Այդ հարցերը մեզ ավելի են վերաբերում, քան կույրերին:
Պայմանները շատ պարզ են բոլոր հրաշքների վերաբերյալ: Առաջինը՝ Հավատո՞ւմ ես: Երկրորդը՝ ըստ քո հավատի թո՛ղ լինի քեզ: Պարգևողը առատաձեռն է, շռայլ է տալու մեջ, չի զլանում, հիվանդին բուժելու նպատակով է եկել աշխարհ, բայց փոքրիկ պայման կա; Դու պետք է կարողանաս ընդունել այդ մեծ պարգևը: Քո սրտում պետք է շատ տեղ լինի այդ այդպիսի հավատի համար, որպեսզի կարողանաս ընդունել:
Կույրերը տեսան Իրական Լույսը իրենց աչքերով, Նրանց սրտում էլ փոփոխություն եղավ, և այդ ուրախությունը առիթ հանդիսացավ, որ բուժված կույրերը այլևս չենթարկվեցին Հիսուսի այն խոսքին, թե՝ զգույշ եղեք, ո՛չ ոք չիմանա: Անշուշտ կույրերը այդ պահին չէին կարող հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Հիսուս, երբ ասում է՝ զգույշ կացեք, ոչ ոք չիմանա; Այդ պահին կույրերի միայն ուրախությունը արդեն մեծ քարոզ էր տեղի բնակիչների համար, որոնք ճանաչում էին կույրերին; Գրված է,- Իսկ Նրանք ելան և Նրա համբավը տարածեցին ամբողջ երկրով:
Սիրելիներ, ինչպես կարող էր մեկը չհավատալ, երբ ճանաչում էր կույրին, ու հիմա տեսնում է նրա աչքերը բաց՝ տեսնելիս; Այստեղ նույնիսկ քարոզ պետք չէ:
Կամ Պողոս առաքյալին նախկինում ճանաչողները ինչպե՞ս կարող էին չհավատալ նրա հետ կատարված հրաշքին և նրա կտրուկ դարձին, ու նրա խոսքին:
Մենք էլ մեր առօրյա կյանքում ավելի շատ հավատում ենք նրան, որը իր աչքով է տեսել, իր ականջով է լսել, կամ անձամբ է ունեցել այդ փորձառությունը, քան՝ նրան՝ որին պատմել են ուրիշները:
Այո, դա իրականություն է, որ անձնական փորձառություն ունեցող մարդը ավելի վստահ է խոսում իր հավատալիքի մասին; Եթե պատերազմական օրերին, մեր ազգը կարդացած լիներ Պողոս առաքյալի նամակը, որով գաղտնիքն է ասում ամուր կանգնած մնալու, գուցե մենք հիմա ուրիշ հարթության վրա լինեինք: Մենք իրավունք չունենք չհավատալու Պողոս առաքյալին, որը կուրացավ, նոր տեսավ Հիսուս Քրիստոսին, որին հալածում էր: Կույրերի աչքերը բացվեցին, հետո տեսան Քրիստոսին, իսկ Պողոսին կուրացրեց, որպեսի տեսնի: Տեսավ Պողոսը և այդ օրից չդադարեց քարոզել իր տեսածը, պատմել իր հետ կատարվածը;
Գրում էր նույնիսկ բանտարկված ժամանակ, նամակներ էր հասցնում ամենքին, որպեսզի մարդիկ խավարի մեջ չմնան, ինչպես ինքն էր խավարի մեջ՝ ուսյալ ու կրթյալ վիճակով;
Պողոսը, որը իր աչքով է տեսել, մեզ ասում է չար օրերի համար չարին դեմ կանգնելու համար Աստծու սպառազինությունը պետք է հագնեք, որպեսզի կարողանաք պինդ կանգնել ձեր տեղերում:
Յոթ բան է խորհուրդ տալիս Պողոս առաքյալը, որպեսզի հագնենք մեր տեղում պինդ կանգնելու համար: Որո՞նք են այդ հոգևոր հագուստները: Ասում է՝ կապեք ճշմարտության գոտին, հագեք արդարության զրահը, ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանով, և այս բոլորի վրա հագեք հավատի վահանը, որով պիտի կարողանանք վնասազերծել չարի արձակած նետերը: Դրեք փրկության սաղավարտը և հոգու սուսերը, որը Աստծու խոսքն է: Աղոթքով հսկեք այս ամենի համար, և նաև ինձ համար, որ կապանքների մեջ եմ, ասում է Պողոսը Եփեսացիների նամակի վեցերորդ գլխում:
Սիրելիներ, մեզ պակասում են այս սպառազինությունները, մեր հավատի վահանը մեզ չի կարողանում պաշտպանել, դրա համար ենք ընկնում անընդհատ; Ամենածանր բանը ընկած քրիստոնյան է:
Մենք գիտենք, թե՝ ցրտին ի՞նչ հագնենք, որպեսզի չմրսենք: Մենք գիտենք սպորտի գնալիս ի՞նչ հագնենք, որ չվնասվենք: Մենք գիտենք ռեստորան գնալիս ի՞նչ հագնենք, որ առավել ներկայանալի երևանք;
Բայց ցանկացած փորձության ժամանակ երբեք չգիտենք ի՞նչ հագնենք, որ չխոցվենք չարի նետից; Չունենք հոգևոր հագուստ, դրա համար առաջին փորձության ժամանակ ընկնում ենք երեսնիվայր, ու վնասվում
Ընկնում ենք, որովհետև մոռանում ենք մեր էության մասին: Մոռանում ենք, որ մենք միայն մարմին չենք, այլ՝ անմահ հոգի ունենք, որը հագուստ չունի, և չի՛ կարող պաշտպանվել չարից:
Տէր Հիսուս այս հոգևոր հագուստներն էր հագցնում կույրերին, կաղերին, թերահավատներին և հարցնում էր,- Հավատո՞ւմ ես, որ ես կարող եմ անել այդ բանը: Այսօր էլ մեզ է հարցնում Տէր Հիսուս Քրիստոս.
Ո՞ւր է քո հավատի վահանը, ինչո՞ւ ես ընկած, մի՞թե չունեիր հոգու սուսերը, որ պաշտպանվեիր: Չէի՞ր կապել արդարության գոտին, երբ չարի դեմ էիր դուրս եկել: Մի՞թե մոռացել էիր փրկության սաղավարտի մասին: Եթե դո՛ւ ես ընկած վիճակում, սիրելի քրիստոնյա, ապա ո՞վ կառաջնորդի կույրին՝ դեպի Ինձ:
Ո՞վ կբերի անդամալույծին ինձ մոտ; Ինչպե՞ս կբերես ինձ մոտ մի համր դիվահար, երբ ինքդ ես համր, և քո բերանում Իմ խոսքը չկա՛:
Սիրելիներ, Տէրը հանեց նաև դևը համրի միջից, և համրը խոսեց: ժողովուրդը զարմացավ, քանի որ այդպիսի բան չէր տեսել: Բայց փարիսեցիները, որ լեզու ունեին և խոսում էին, և համր չէին, բացեցին իրեն բերանները և ասացին, որ Սա դևերի իշխանի միջոցով արեց այս բանը: Մատթևոս ավետարանիչը չի արձանագրել, թե ինչ պատասխան տվեց Տէր Հիսուս փարիսեցիներին, բայց գեղեցիկ է նկարագրել, թե ինչպես էր շրջում էր քաղաքներով, գյուղերով, բժշկում էր ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները, ուսուցանում էր ժողովարաններում, քարոզում էր Արքայության Ավետարանը, բայ միևնույն ժամանակ աչքը չէր հեռացնում ժողովրդից, և խղճում էր նրանց, քանի որ հոգնած էին, ցրված էին ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն:
Հիսուս Քրիստոս ժողովրդի տկար ու անմխիթար վիճակը տեսնելով, մի բան պատվիրեց Իր աշակերտներին, և բոլոր դարերի Ավետարան կարդացողներին, որ հնձի Տիրոջը պետք է աղաչեք, որպեսզի ձեզ համար մշակներ հանեմ հնձի համար; Եթե կան մարդիկ, որոնք այս պատվիրանը կատարում են, թող Աստված լսելի դարձնի նրանց աղոթքը: Եթե կան ոմանք, որոնք մոռացել են այս պատվիրանի մասին, թող Աստված արթնացնի նրանց միտքը և նրանք էլ աղոթեն, որպեսզի Հնձի Տէրը մեզ համար մշակներ հանի:
Սիրելիներ, մեր ազգի և աշխարհի ապագան կախված է թախանձագին աղոթքի առատությունից, ո՛չ թե անեծքից, չարախոսությունից ու զազրախոսությունից: Կանայք հայհոյում են տեսախցիկի առջև և չեն ամաչում; իսկ երբ ժողովրդի միջից ամոթը վերանա, այդ ազգը չի կարող աղոթել, եթե հայհոյող շրթները դառնան ու աղոթեն, նրանց աղոթքը լսելի չի լինի Աստծուց: Աստված կարող է նաև բացասաբար պատասխանել մեզ, Աստծու բացասական պատասխանը մեզ համար դրական պիտի լինի միանշանակ, և մենք պատրաստ պետք է լինենք ընդունելու Աստծու ցանկացած որոշում:
Մենք պետք է մեր այդ ցրված ու հոգնած վիճակից դուրս գանք Աստծուն խնդրելով, մեր ընկած տեղից պետք է կանգնենք՝ Տիրոջ օգնությամբ; Հավատով ընդունված խոսքն է կյանքեր փոխում, մեր հավատի զորության համար Տիրոջը պետք է խնդրենք:
Զակքեոս մաքսապետը փոխվեց և փրկություն գտավ, Մատթևոս մաքսավորը փոխվեց և փրկության Ավետարանը գրեց, անբարո կինը դարձի եկավ, ազատվեց մահապատժից, ավազակը զղջաց և դրախտի մուտքի հրավեր ստացավ, Ղազարոսը իր կյանքում և՛ մահը տեսավ և՛ հարությունը: Որովհետև այս մարդիկ հավատի վահան ունեին: Որովհետև այս մարդիկ հանդիպեցին Հիսուս Քրիստոսին: Բայց Հիսուս նույն իշխանությունն ու զորությունը տվեց առաքյալներին՝ նույնը անելու համար, ուղղակի մենք այսօր չունե՛նք հավատի վահաններ և չունենք նաև հիսուսներ, որոնք գթան մարդկանց վրա…
Սիրելիներ, այսքանն էր, որ կամեցա ձեզ հետ բաժնեկցել այսօրվա Ավետարանի վերջին հատվածի մասին: Մնացեք սիրով՝ միշտ ունեցեք հավատի վահան, որպեսզի կարողանաք մի կույր, կամ մի համր հասցնել Հիսուս Քրիստոսի օգնությանը; Նա՛և աղոթող եղեք մշակների համար, այդ թվում նաև ի՛նձ համար՝ որպեսզի Աստծու ողորմությամբ ձեզ հասցնեմ ձեր օրվան հացը: