ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց 8:4
«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։ Ո՛վ պարզամիտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում, եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։ Արդար են իմ բերանի բոլոր պատգամները, եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, բոլորն էլ ուղիղ են նրանց համար, ովքեր իմաստուն են, եւ հաճելի են նրանց համար, որոնք ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Եսայու մարգարեությունը 54.1-13
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 1.1-11
Ավետարան ըստ Հովհաննեսի 2.1-11
Ավետարան ըստ Մատթևոսի 9:14-26
14 Այն ատեն Յովհաննէսին աշակերտները անոր եկան ու ըսին. «Ինչո՞ւ մենք ու փարիսեցիները շատ անգամ ծոմ կը պահենք, իսկ քու աշակերտներդ չեն պահեր»։ 15 Յիսուս ըսաւ անոնց. «Միթէ կարելի՞ է որ հարսնիքին տղաքը սուգ պահեն, քանի որ փեսան իրենց հետ է. բայց օրեր պիտի գան երբ փեսան իրենցմէ վերցուի, այն ատեն ծոմ պիտի պահեն։ 16 Մէկը չի ձգեր նոր լաթի կտոր մը հին հանդերձի մը վրայ, քանզի այն որ անոր լրութեանը համար դրուած է, կ՚առնէ հանդերձէն ու պատռուածքը աւելի գէշ կ՚ըլլայ. 17 Ո՛չ ալ նոր գինին հին տիկերու մէջ կը դնեն. քանի որ տիկերը կը պատռին ու գինին կը թափի եւ տիկերը կը կորսուին. հապա նոր գինին նոր տիկերու մէջ կը դնեն ու երկուքն ալ կը պահուին»։
18 Երբ անիկա անոնց հետ այս բաները կը խօսէր, ահա իշխան մը եկաւ, երկրպագութիւն կ՚ընէր անոր ու կ՚ըսէր. «Աղջիկս թերեւս մինչեւ հիմա մեռած է, բայց եկուր ձեռքդ անոր վրայ դիր ու պիտի ապրի»։ 19 Յիսուս ելաւ ու իր աշակերտներուն հետ անոր ետեւէն գնաց։
20 Ահա տասներկու տարուան տեռատես կին մը մօտեցաւ ետեւէն, անոր հանդերձին քղանցքին դպաւ. 21 Քանզի իր մտքին մէջ կ՚ըսէր. «Միայն անոր հանդերձին դպչիմ, պիտի բժշկուիմ»։ 22 Յիսուս երբ ետին դարձաւ ու տեսաւ զանիկա, ըսաւ. «Քաջալերուէ՛, ա՛ղջիկ, քու հաւատքդ քեզ բժշկեց»։ Կինը նոյն ժամուն բժշկուեցաւ։
23 Երբ Յիսուս իշխանին տունը հասաւ, տեսաւ փողահարները եւ խռոված բազմութիւնը, 24 Ըսաւ անոնց. «Մէկդի գացէք, վասն զի աղջիկը մեռած չէ, հապա կը քնանայ»։ 25 Ոմանք կը ծաղրէին զանիկա։ Երբ բազմութիւնը դուրս ղրկուեցաւ, ինք ներս մտաւ, անոր ձեռքէն բռնեց ու աղջիկը ոտքի ելաւ։ 26 Այս լուրը բոլոր երկիրը տարածուեցաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ. Այսօր կիրակի է, եթե մեր ուղիղ եթերի մասնակիցների թիվը այսօր նվազի, պատճառը հարգելի է, քանի որ Պատարագի մշտական մասնակիցները մեր եթերաժամին եկեղեցում են լինում; Պատարագի մասնակիցներին մաղթենք ջերմեռանդ աղոթք և շնորհաբեր Սուրբ Հաղորդություն, իսկ մենք շարունակենք մեր սերտողությունը Մատթևոսի Ավետարանի իններորդ գլխի երկրորդ մասը:
Աշակերտները մեծ խանդավառությամբ Հիսուսի հետ մասնակցում էին բոլոր հավաքներին, ճաշի հրավերքներին, մոռանալով իրենց նախկին ավանդությունները՝ ծոմի ու պահքի վերաբերյալ, որ պահում էին Հիսուսին հանդիպելուց առաջ; Այս փաստը չվրիպեց փարիսեցիների աչքից, հատկապես, որ տեսնում էին, որ Հովհաննես Մկրտչի աշակերտները նախկինի պես պահում էին ծոմ ու պահք:
Փարիսեցիները Հովհաննեսի աշակերտների հրահրեցին և նրանք գնացին Հիսուսի մոտ այդ հարցով, տրտնջալով, որ ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ պահում ենք ծոմ, իսկ Քո աշակերտները չեն պահում: Փոքրիկ տեղեկությամբ ձեզ հայտնեմ հրեական իրականության մեջ պահվող ծոմի նպատակն ու օրերը: Ծոմը և աղոթքը հրեա ժողովրդի մեջ սովորական փորձառություն էր; Նրանք երկու տեսակ ծոմ էին պահում երկուշաբթի և չորեքշաբթի օրերին: Երկուշաբթին՝ ի հիշատակ իսրայելի անապատով քայլելու ճանապարհին ջուր չգտնելուն: Իսկ չորեքշաբթին՝ իրենց Սուրբ Գիրքը կարդալու հիշատակի համար: Այդ պատճառով պահքերն ու ծոմերը արտառոց երևույթներ չէին այդ ժամանակվա հանրության համար:
Հաջորդ ծոմի նպատակը աստվածային շնորհներ ստանալն էր, օրինակ՝ Սուրբ Հոգու շնորհներ, աստվածային հայտնություններ: Պահք պահելու սովորությունը շատ տարածված էր և ժողովրդի մեծամասնությունն էր ծոմ ու պահք պահում: Իսկ ինչո՞ւ Հիսուս այդպես պատասխանեց Հովհաննեսի աշակերտներին, թե՝ մի՞թե հարսանիքավորները սուգ են պահում, երբ փեսան իրենց հետ է, իսկ երբ փեսան վերցվի, իրենք էլ կպահեն; Աշակերտները հասկացան, քանի որ հրեա էին, իսկ Հիսուս պատասխանները տալիս էր նրանց ավանդություններին տեղյակ լինելով, այդ պատճառով առարկություն չեղավ; Իսկ ի՞նչ էր ասում իրենց ավանդությունն այդ մասին:
Հարսանիքավոր կոչվում էին բոլոր այն մարդիկ, որոնք պետք է մասնակցեին տվյալ հարսանիքին: Մենք էլ ենք այսպես կոչում հարսանիքի մասնակիցներին, բայց ի տարբերություն մեզ, հրեաները աղոթող ազգ են և աղոթում են կանոնավոր ժամերով: Այն մարդիկ, որոնք պետք է մասնակցեին հարսանիքին, օրենքը նրանց ազատում էր այդ օրերի կանոնական աղոթքներից, քանի որ հարսանիքը տևում էր յոթ օր; Իսկ մարդը ուրախության մեջ եղած ժամանակ չէր կարող ուշադրությամբ կենտրոնանալ աղոթքի ժամերի վրա: Դրա համար հարսանիքավորներին ազատում էին մեկ շաբաթյա աղոթելու պարտականությունից, քանի որ աղոթքը ուշադրություն և կենտրոնացում է պահանջում:
Հիսուս Քրիստոս շատ տեղերում Իրեն համարում է փեսա, իսկ եկեղեցին՝ հարս: Այս օրինակը ամուսնական զույգին էլ է վերագրած՝ եկեղեցու և Քրիստոսի օրինակով; Այսինքն՝ տղամարդը գլուխն է կնոջ, այնպես ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու և եկեղեցին հնազանդ է Քրիստոսին, հետևաբար կինը հնազանդ է ամուսնուն; Սիրելիներ, մեր Տէրը չուզեց նեղացնել Հովհաննեսի աշակերտներին, բայց Իր տված պատասխանը առիթ էր նրանց համար, որ խորհեին ասածի վերաբերյալ և ավելի հստակ հասկանային պատասխանը: Գուցե խորհեցին և հասկացան և շատերը եկան ու միացան Փեսային:
Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս աշակերտներին նախապատրաստում էր Իր Եկեղեցին հիմնելու համար և այդ մասին ասաց Պետրոսին՝ թե՝ այդ վեմի վրա պիտի կառուցեմ Իմ Եկեղեցին; Իսկ այժմ, որպեսզի մենք էլ հրեաների պես հասկանանք Հիսուս Քրիստոսի տված պատասխանի իմաստը, նայենք մեր եկեղեցուն: Բոլոր Տերունական օրերը տոն է եկեղեցում՝ նվիրված Փեսային և հավատացյալ (հարսանիքավորները) ուրախության մեջ են: Սակայն մենք եկեղեցական օրացույցում ունենք չորեքշաբթի և ուրբաթ օրեր, որոնք համարվում են ծոմի և պահքի օրեր: Քանի որ այդ օրերը մեր Տիրոջ՝(Փեսայի) վերցվելու օրերի խորհուրդն է: Չորեքշաբթին՝ մատնության, ուրբաթը՝ խաչելության: Կարծում եմ կարողացա միտքս տեղ հասցնել փեսայի վերցվելու և հարսանիքավորների պահք պահելու վերաբերյալ:
Եթե մի քիչ ավելի բարեպաշտ քրիստոնյայի անձնական օրինակով պատկերացնենք այս երևույթը, ապա այն քրիստոնյան, որի հետ մշտապես ապրում է Փեսան, նա միշտ հարսանիքավորի տրամադրության մեջ է, ուրախ է, ապահով է, կուշտ է, լավ հագած է, հյուրասիրության մեջ է, և ուրախությունից ցնծում է սիրտը հարսանիքի տիրոջ համար: Իսկ այն մարդը, որը փեսային չի ճանաչում, չի հրավիրվում հարսանիքի, հետևաբար չունի այն ուրախությունները, ինչը որ ունի հրավերը չմերժած մարդը: Սա տխուր է, քաղցած է, հին հագուստով է, և այլն:
Հաջորդ պարբերության օրինակներով՝ հին ու նոր կտավի, կամ նոր գինու և հին տիկի վերաբերյալ, մեզ նույն տրամաբանությամբ բացատրում է, որ Քրիստոսով նոր մարդը, կատարելագործվածը, վերստին ծնվածը՝ հզոր է և կարող է հաղթել հին, մեղավոր և տկար մարդուն: Այնպես, ինչպես նոր կտորով՝ հնացած փալասը չի կարկատվի, որովհետև կպատռի այն՝ մաշվածության պատճառով; Նույնպես էլ նոր գինին, որ թարմ է հզոր, հին տիկի մեջ չի պահվի, պատռվելու պատճառով; Մի խոսքով՝ մարդը պետք է փոխվի ներսից և ամբողջությամբ;
Սիրելի ունկնդիրներ, մենք Հայրոսի աղջկա մասին քանիցս առիթ ունեցել ենք խոսելու, բայց Մատթևոս ավետարանիչը մի ուշագրավ միտք է գրել այս գլխում, որ կուզեմ միասին անդրադառնանք: Հայրոսը հրեա իշխանավոր էր, և ժողովրդապետ, և հետաքրքրվեց և իմացավ, թե որտե՞ղ է գտնվում Հիսուս Քրիստոս, գնաց Նրա մոտ և երկրպագեց Նրան, ինչը շատ ընդունված և կիրառելի չէ իշխանավորների շրջանում: Երկրպագելուց հետո շատ զարմանալի լուր հայտնեց Հիսուսին և ներկաներին. Ասելով՝ ,- Իմ դուստրը հենց նոր մեռավ, բայց եթե գայիր և Քո ձեռքը դնեիր նրա վրա, նա կկենդանանար: Հայրոսի հավատը Հիսուսին զարմացնելուց բացի, հիացնում է նաև մեզ՝ ժամանակակից քրիստոնյաներիս, որ կարծում ենք, թե հավատ ունենք: Երբեմն այնպես ենք վախենում կորոնայից՝ հույսներս կտրած, որ հանկարծ մեզ չկպնի, և այդ պատճառով պատրաստ ենք հրաժարվել ցանկացած մտերիմ հանդիպումից: Իսկ Հայրոսը հո՛ւյս ուներ, նույնիսկ դստեր մեռնելուց հետո; Մենք մեր մահամերձ հիվանդի համար արդեն հույսներս կորցնում ենք, և դադարում ենք աղոթել, իսկ Հայրոսը նույնիսկ աղջկա մահից հետո վազել էր Վարդապետի մոտ խնդրանքով, հույսով՝ որ կառողջանա իր մահացած աղջիկը:
Տէ՛ր Հիսուս Քրիստոս, աշխարհի միա՛կ Բժշկապետ, Քո հրաշքների մասին կարդալուց հետո ավելի տեսանելի է դառնում մեր թերահավատությունը, աղոթքի նկատմամբ ունեցած մեր անվստահությունը, փորձության ժամին Քե՛զ ապավինելու փոխարեն վախերին տրվելը: Աղաչո՛ւմ ենք Քե՛զ, Բարիքների Պարգևատու, զորացրո՛ւ մեր հավատքը Հայրոսի հավատքի պես, և մեզ էլ կենդանացրու մեղքի մեջ մեռած վիճակից: Մեզ էլ պահիր հարսանիքավորի կարգավիճակում, որպեսզի միշտ վայելենք Փեսայի ներկայությունը և ուրախ լինի մեր սիրտը՝ Քո մեծ ողորմությամբ; Օգնի՛ր և օրհնի՛ր մեզ՝ նորոգվելու, նոր մարդ դառնալու, մեղավոր հինը մի կողմ նետելու վճռականությամբ; Մի անտեսիր Քո ձեռքի գործերը, որ ահա Քո առջև ենք և խնդրում ենք Քեզ, Տէ՛ր Հիսուս, որ նստած ես Հոր աջ կողմում.
Սիրելիներ, այսօր սովորեցինք, որ մենք էլ կարող ենք հոգևոր կյանքում հասնել հարսանիքավորի կարգավիճակին և վայելել հարսանիքի ողջ հմայքը՝ ուրախանալով փեսայի բարեկամների հետ: Սովորեցինք, որ Հայրոսի հավատից ունենալու պարագային, կարող ենք հարություն առնել մեր մեռյալ կյանքից, Արյունահոսող կնոջ նպատակասլացությունից ունենալու դեպքում մեր հավատը մեզ կհասցնի Հիսուս Քրիստոսի քղանցքի մոտ: Եթե նոր մարդ դառնանք Քրիստոսով, ապա կարիք չենք ունենա տրտում շրջելու: Ավարտեցինք իններորդ գլխի երկրորդ մասը, իսկ երրորդ մասին կանդրադառնանք վաղը, եթե Աստված կամենա և մեզ կյանք պարգևի մեզ: Մնացեք սիրով՝ հին մարդը նորոգելու վճռականությամբ: