ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Իմաստություն Սողոմոնի 6:3
Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։
Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 8.28-39
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ավետարան ըստ Մատթևոսի 9:1-13.
1 Նաւը մտնելով անդիի կողմը անցաւ ու գնաց իր քաղաքը։ 2 Իրեն անդամալոյծ մը բերին, որ մահիճի մէջ պառկած էր։ Յիսուս անոնց հաւատքը տեսնելով՝ ըսաւ անդամալոյծին. «Քաջալերուէ՛, որդեակ, քու մեղքերդ քեզի ներուած են»։ 3 Դպիրներէն ոմանք իրենց մտքին մէջ ըսին. «Ատիկա հայհոյութիւն կ՚ընէ»։ 4 Յիսուս անոնց խորհուրդները իմանալով՝ ըսաւ. «Ինչո՞ւ սրտներուդ մէջ չար բաներ կը խորհիք։ 5 Ո՞րը աւելի դիւրին է. ‘Քու մեղքերդ ներուած են՝ ըսե՞լը, թէ ելիր ու քալէ՝ ըսելը’։ 6 Բայց որպէսզի գիտնաք թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերու թողութիւն տալու (այն ատեն անդամալոյծին ըսաւ), «Ելի՛ր, մահիճդ ա՛ռ ու տունդ գնա»։ 7 Անիկա ելաւ իր տունը գնաց։ 8 Ներկաները երբ տեսան, զարմացան ու փառաւորեցին Աստուած, որ մարդոց այնպիսի իշխանութիւն տուեր է։
9 Յիսուս անկէ յառաջ երթալով՝ մարդ մը տեսաւ Մատթէոս անունով, որ մաքս ընդունելու տեղը նստեր էր, ըսաւ անոր. «Ետեւէս եկուր»։ Ան ալ ելաւ անոր ետեւէն գնաց։ 10 Տունը սեղան նստած ատենը՝ ահա ուրիշ շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկած ու սեղան նստած էին Յիսուսի եւ անոր աշակերտներուն հետ։ 11 Փարիսեցիները երբ տեսան, ըսին անոր աշակերտներուն. «Ինչո՞ւ ձեր վարդապետը մաքսաւորներու ու մեղաւորներու հետ կ՚ուտէ»։ 12 Յիսուս՝ երբ լսեց՝ ըսաւ անոնց. «Առողջներուն բժիշկ պէտք չէ, հապա հիւանդներուն։ 13 Գացէ՛ք, սորվեցէք թէ ի՛նչ է այս խօսքը. ‘Ողորմութիւն կ՚ուզեմ եւ ո՛չ թէ զոհ’. վասն զի ես արդարները կանչելու չեկայ, հապա մեղաւորները ապաշխարութեան»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծու ողորմությամբ մենք դարձյալ միասին ենք այն հուսով, որ Աստված հավատարիմ է իրեն փնտրողներին տված իր խոստման մեջ, թե՝ դուք նախ փնտրեք Աստծու արդարությունը, մնացածը ձեզ ավելիով կտրվի: Երբ մենք ամեն օր զբաղված ենք Աստծու խոսքի սերտողությամբ, ամեն օր ավելանում է մեր հավատքը և համալրվում է մեր գիտելիքը, ինչի շնորհիվ մեր քայլերը դառնում են ավելի հաստատ հոգևոր կյանքում:
Այսօր միասին անդրադառնանք Մատթևոսի Ավետարանի իններորդ գլխի անդամալույծի բժշկությանը, որին անդրադարձել են նաև Մարկոս և Ղուկաս ավետարանիչները; Երկու ավետարանիչներն էլ նկարագրում են միևնույն անդամալույծի մասին, որին նրա չորս բարեկամները բերեցին Հիսուսի մոտ:
Տէր Հիսուս արդեն Իր բնակավայրում էր, իր քաղաքում: Ինչպես միշտ ժողովրդի բազմությունը շրջապատել էր Նրա տունը՝ Նրան լսելու համար: Սակայն հիվանդները այդ առիթը բաց չէին թողնում, որպեսզի գան և բուժում ստանան; Այս բժշկության երևույթը շատ էր զայրացնում, նաև զարմացնում օրենքի ուսուցիչներին, որոնց գրքերում գրված էր որ մեղքը թողնվում է զոհ մատուցելու միջոցով, քահանայի կողմից, իսկ այս
Վարդապետը առանց որևէ արարողության անդամալույծ է բուժում, և հիվանդը ոտքի է կանգնում: Օրենսգետները և փարիսեցիները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում այն հրաշքների նկատմամբ, որոնք կատարում էր Տէր Հիսուս: Ինչպես նկատում ենք Ավետարաններում, բոլոր հանդիպումների ժամանակ նրանք ներկա են գտնվում: Ներկա էին նաև այս անդամալույծի բժշկության ժամանակ, երբ Հիսուս ասաց,- Քո մեղքերը քեզ ներված են: Սա այն անդամալույծ էր, որին ըստ Մարկոսի, երդիկից իջեցրին Հիսուսի ոտքերի առջև: Ո՛չ թե քանդեցին երդիկը, այլ նախորդ սերտողությունների մեջ մենք անդրադարձել ենք հրեական տների կառուցվածքին, որոնց երդիկների վրա անցքեր կան՝ երդիկից միանգամից տուն մտնելու համար, քանի որ իրենց երդիկները օգտագործվում էր կենցաղային գործերի համար:
Անդամալույծի մեղքերը ներելը փարիսեցիները հայհոյություն համարեցին իրենց մտքում, քանի որ գիտեին, որ միայն Աստված է մեղքերը ներում, բայց չհամարձակվեցին բարձրաձայնել; Իսկ Տէր Հիսուս, որ մտքերն է կարդում, հոգով իմացավ, թե նրանք չար բան մտածեցին իրենց մտքում; Նրանց կասկածը փարատելու համար անդամալույծին ասաց, - Վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա քո տունը; Հիվանդը վեր կացավ և գնաց իր տունը: Այս հրաշքը ևս մեկ ապացույց էր փարիսեցիների համար, թե Քրիստոս ի՞նչ իշխանությամբ է անում այս ամենը: Մարդու Որդին իշխանություն ունի մեղքերը թողնելու, իսկ երբ մեղքերը թողնված են, մարդը ազատ է իր հիվանդությունից;
Այս հրաշքի մասին շատ թռուցիկ է նկարագրված երեք Ավետարաններում էլ: Սակայն սա մեր օրերում կհամարվեր մեծագույն հրաշք և շատ երկար ժամանակ կխոսվեր այդ մասին; Մեր օրերում էլ Պատարագի ավարտին կատարվում է մեղքերի ընդհանրական խոստովանություն, սարկավագը կարդում է բոլոր հնարավոր մեղքերի շարքը, որոնք կարող են կատարվել մարդկանց կողմից, հավատացյալները ասում են,- մեղա Աստծո, իսկ քահանան՝ որը իշխանություն ունի մեղքերը կապելու և արձակելու, ասում է,- Աստված թողություն շնորհի ձեր կատարած մեղքերին: Այս պարագայում ինչ որ բան թերի է, քանի որ յուրաքանչյուր ոք իր սրտում գիտի, թե որքանով զղջաց իր կատարած մեղքի համար, և կամ ի՞նչ հավատով է եկել մեղքերի թողություն ստանալու: Քահանային հայտնի չէ այդ գաղտնիքը; Այստեղ հավատացյալը պետք է գիտակցի, որ մեղքը պատճառ է հիվանդության և մեղքից ազատվելիս, ազատվում է նաև հիվանդությունից; Սակայն այս փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հավատքը զորեղ է, իսկ զղջումն՝ անկեղծ:
Որովհետև Տէր Հիսուս տեսավ անդամալույծի և նրան բերողների հավատը,- այդ մասին ասում են երեք ավետարանիչներն էլ:
Մեր օրերում մենք մեր եկեղեցիներում այսպիսի հրաշքների գրեթե չենք հանդիպում: Ո՛չ ոք չի կարող հստակ ասել, թե ինչո՞ւ չենք հանդիպում այսպիսի հրաշքներ, որովհետև անդամալույծի պարագայում Հիսուս տեսավ նրա հավատքը և թողություն տվեց նրա մեղքերին: Անդամալույծի սրտում տեղի ունեցող փոփոխությունը ոչ ոք չտեսավ, միայն մարդիկ տեսան որ Հիսուսի հրամայելուց հետո անդամալույծը քայլեց:
Միայն այդ ժամանակ հայտնի դարձավ նախ՝ Հիսուսի իշխանությունը մեղքերի թողության վրա, և անդամալույծի օրինակով հասկացանք, որ մեղքի արդյունք էր մարմնավոր անդամալուծությունը:
Ինչպես որ 102 սաղմոսում է ասում,- Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի մոռացիր բոլոր պարգևները Նրա, Ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում է ախտերը քո բոլոր: Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, քեզ պսակում է ողորմությամբ և գթությամբ:
Երբ մենք մեղքերի խոստովանությունից հետո չենք ազատվում մեր հիվանդություններից, ապա պետք է անդրադառնալ, որ ամեն կիրակի խոստովանում ենք, և խոստովանությունից հետո ապրում ենք նույն մեղավոր կյանքով: Հաջորդ կիրակի նորից խոստովանում ենք և դարձյալ ապրում ենք նույն կյանքով; Այս ձևը ինքնախաբեություն է մեր անձի նկատմամբ և անտարբեր վերաբերմունք՝ մեր թերահավատության նկատմամբ: Աղոթքը, զղջումը և խոստովանությունը պետք է կատարվի այնպիսի նախանձախնդրությամբ, կարծես թե քեզ մահապատժի են ենթարկել և դու խնդրում ես՝ որոշումը փոխելու համար;
Պողոս առաքյալը հետաքրքիր հարց է տալիս մեզ՝ ասելով.- ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը:
Ուշադրություն դարձրի՞ք, որ մեղքի մասին չի հարցնում, որովհետև լավ գիտե, որ միայն մեղքը կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց:
Անդամալույծի և մյուս հրաշքներով բժշկությունները գրվել են, որպեսզի մենք կարդանք ու իմանանք, եթ ի՞նչ պայմաններում է թողնվում մեղքը: Բոլոր բժշկություններից առաջ, Տէրը հարց է ուղղել,- հավատում ես՞.
Հետևաբար, սիրելիներ, մենք առաջին հերթին զորացնենք մեր հավատքը, որպեսզի վստահություն ունենանք աղոթքի մեջ աներկբա հավատալ, որ Աստված կպատասխանի մեր խնդրանքին՝ տեսնելով մեր հավատքը, կասի,- ազատվիր քո հիվանդություներից, քանի որ քո հավատքը քեզ փրկեց:
Ժողովրդի բազմությանը արձակելուց հետո Հիսուս շրջում էր ծովեզերքով և մինչ անցնում էր, տեսավ Ղևի անունով մի մաքսավորի, որը մեր գրքի հեղինակ՝ Մատթևոսն է, և նրան ասաց,- ա՛րի իմ հետևից:
Մաքսավորը հետևեց Հիսուսին, առանց պատճառաբանության, ինչը զարմանք է պատճառում այսօրվա մարդուն, որն այդքան դժվար է կապվում Աստծու խոսքին; Էլ չեմ խոսում հարկային ու մաքսային հարկահավաք աշխատակիցների մասին, որոնց՝ Աստծու խոսքը լսելիս ո՛չ ոք չի հանդիպես հավանաբար: Հրեա բարձր խավի մարդիկ մաքսավորների հետ առհասարակ շփում չէին ունենում, համարելով, որ նրանք հարկահավաքությամբ անարդար վաստակ ունեին; Ո՛չ միայն մաքսավորների, այլ նաև նրանց ընտանիքի անդամների հետ աշխատում էին շփում չունենալ, պատճառաբանելով, որ եթե նրանց տան անդամները ծածկում են նրանց անարդարությունները, ուրեմն իրենք էլ մեղսակից են նրանց հետ; Նույն կերպ էին վարվում որևէ հանցագործի ընտանիքի հետ, քանի որ ընտանիքի անդամները բնականաբար ծածկում էին նաև հանցագործությունները; Հրեսները իրենց ձևապաշտությամբ հայտնի են բոլորին և ամեն անգամ հանդիմանվում էին Հիսուսի կողմից; Մատթևոսի տանը ճաշի նստելու պատճառով փարիսեցիների մեջ ընդվզում առաջացավ այն պատճառով, որ Վարդապետը ինչ գործ ունի մեղավորների մեջ, հատկապես, որ իրենք չէին շփվում մաքսավորի հետ՝ որպես մեղավոր; Մինչ նրանք չարախոսում էին Հիսուսի և մաքսավորների մասին, Տէրը այդտեղ պատրաստում էր մի ավետարանիչ, որի գիրքը կարդում ենք այսօր: Տէր Հիսուս ի տարբերություն կեղծավոր փարիսեցիների, հավաքում էր հիվանդներին, որոնց համար որ եկել էր: Նա չէր եկել առողջների համար; Այս գաղտնիքը մինչև օրս էլ փակ մնաց հրեաների համար, դրա համար նրանք շարունակեցին մնալ իրենց ձևապաշտության մեջ: Մինչդեռ գրված է,- Գնացեք սովորեցե՛ք, թե՝ ի՞նչ է նշանակում ողորմություն եմ կամենում, և ո՛չ զոհ: Քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին՝ ապաշխարության:
Միտքը պարզ է այս արտահայտության: Մեղավորին օգնել Աստծուն ճանաչելու հարցում առավել է քան զոհ մատուցել; Օգնել մեկին ծանոթանալու Սուրբ գրքերին, առավել է քան զոհեր մատուցելը և կրոնամոլությունն ու ցուցամոլությունը:
Սիրելիներ, ավարտեցինք Մատթևոսի Ավետարանի 1 ից 13 համարների սերտողությունը:
Մնացեք սիրով՝ օգնեք մեկին՝ գտնելու համար Աստծու ճանապարհը: Կանգնեք մի մեղավորի կողքին, թող նա զգա իր և ձեր միջև եղած տարբերույթյունը և փնտրի Աստծուն և փրկվի: Աստված մեղավորների համար է աշխարհ եկել, օգնենք թող մեկ հոգի վայելի Նրա ողորմությունը: