ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Իմաստություն Սողոմոնի. 2:21
Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը։ Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձը եւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը։ Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 4.1-12
Ավետարան ըստ Հովհաննեսի 2.23-3.12
Ավետարան ըստ Մատթևոսի 8:28-34
28 Երբ միւս կողմը Գերգեսացիներուն երկիրը անցաւ, երկու դիւահարներ պատահեցան իրեն գերեզմաններէն ելած՝ սաստիկ կատղած, այնպէս որ անհնար էր որ մարդ այդ ճամբայէն անցնէր։ 29 Ահա աղաղակեցին ու ըսին. «Յիսո՛ւս, Որդի Աստուծոյ, դուն մեզի հետ ի՞նչ բան ունիս, ատենէն առաջ մեզ տանջելո՞ւ համար հոս եկար»։ 30 Անոնցմէ հեռու շատ խոզերու երամակ մը կար, որոնք կ՚արածէին։ 31 Դեւերը կ՚աղաչէին իրեն ու կ՚ըսէին. ‘Եթէ մեզ հանես, հրաման տուր մեզի որ երթանք խոզերուն երամակին մէջ մտնենք’։ 32 Ըսաւ անոնց. «Գացէ՛ք»։ Անոնք ելան գացին խոզերուն երամակին մէջ մտան եւ ահա բոլոր երամակը գահավէժ տեղէն ծովը վազեցին ու ջուրերու մէջ մեռան։ 33 Խոզարածներն ալ փախան եւ քաղաքը երթալով պատմեցին դիւահարներուն պատահած բաները։ 34 Ուստի բոլոր քաղաքը Յիսուսի դէմը ելաւ ու երբ տեսան զանիկա, աղաչեցին որ իրենց սահմաններէն երթայ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեր սիրելի ունկնդիրներ. Նոր տարվա նոր ամսից արդեն անցավ տասնհինգ օր. Գոհություն հայտնենք Աստծուն մեր ձեռքբերումների համար, մեզ համար շատ կարևոր բացահայտումների համար, և գլխավորը՝ նոր տարին Աստծու խոսքով սկսելու համար; Սիրելիներ, Սուրբ Ծնունդով է սկսվում նոր տարին: Աստված մեզ մեծ հնարավորություն է, որպեսզի մենք տարվա սկզբից դառնանանք մեկական բեթղեհեմյան աստղ և մեր լույսով մեկ ուրիշի ուղղորդենք դեպի Քրիստոս, Որը կծնվի նաև այդ մարդու սրտում: Տեսնո՞ւմ եք, Աստված ինչպես է օգտագործում երկնային զորությունները, երկրի վրա որևէ իրադարձություն կատարելու համար: Օրինակ աստղին կարգադրեց, որ մոգերին ուղեկցի մինչև մանուկ Հիսուս՝ Նրան երկրպագություն մատուցելու համար, որպեսզի այդ իրադարձությամբ հայտնի դարձնի Մանկան ծնունդը. Հրեշտակներին հրամայվեց հովիվներին բարի Ավետիսը տանել, դաժան Հերովդեսին արթնացրեց, որ քահանայապետների բերանով մարգարեությունները նորից կարդացվեն, թե ո՞ւր էր ծնվելու իսրայելի թագավորը: Մոգերին երազով հայտնվեց, որ չվերադառնան Հերովդեսի մոտ:
Մի խոսքով մենք կարող ենք Սուրբ Ծնունդի Մեծ խորհուրդը տեղափոխել մեր կյանքից ներս և պատրաստակամ լինել որևէ ծառայության մեջ: Կարող ենք մեր գործերով աստղ լինել՝ ուրիշին առաջնորդելու համար, կարող ենք մոգերի պես կիլոմետրեր անցնել Քրիստոսին երկրպագելու համար, կարող ենք հովվի մաքուր սիրտ ունենալ, որ մեզ բացվի աստվածային խորհուրդներ: Բայց չլինենք երբեք խստասիրտ Հերովդես, կամ կեղծավոր քահանայապետ, որը գիտեր ճշմարտությունը, բայց ծածկում էր բոլորից: Չլինենք երբեք այն գաղջ հավատացյալներից, որոնք չե՛ն կտրվում նոր տարվա առատ սեղաններից և Սուրբ Ծնունդին անհաղորդ են մնում Տիրոջ այն խոսքին, որ ասում է,-«Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը» և «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար։ Աստված Ադամին ասաց մի՛ կեր, Ադամը կերավ: Իսկ մեզ ասում էլ առե՛ք կերեք, մենք լուրջ չե՛նք մոտենում այս զորավոր խորհրդին;
Սիրելիներ, Աշխարհի մեծագույն հաղթանակը Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ պարտվելն է, երբ ասում ենք Տէ՛ր, այլևս չեմ կարող իմ կամքի համաձայն ապրել, Քեզ եմ հանձնում իմ անձը, իմ կյանքը, և բոլոր այն գործերը, որոնք պետք է կատարվեն իմ ձեռքով; Այսօրվանից դո՛ւ ես իմ Տէրը: Այս երևույթից է, որ երկնքում ուրախություն է լինում, ուրեմն պարգևենք ուրախություն՝ երկնքում և փրկություն՝ մեր հոգուն;
Մենք ապրում ենք Աստծու խոսքը սերմանելու ժամանակաշրջանում, և մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի այդ խոսքի կատարողն ու սերմանողը: Ես ձեզ եմ փոխանցում, դուք այլոց փոխանցեք և դարձեք բեթղեհեմյան աստղ՝ մարդկանց դեպի Քրիստոս առաջնորդելու հարցում; Ժամանակը ճիշտ օգտագործենք ժամանակի Տիրոջ փառքի համար:
Չորս ավետարանիչներն էլ աստղ դարձան իրենց թողած գործերով, որրովհետև ամեն կարդացողի համար ուղեցույց է իրենց գրած Ավետարանները: Ավետարան չիմացող մարդիկ են այսօր հայտնվել մոլորության մեջ, և կամավոր գտնվում են գուշակների ձեռքերում, կախարդների ու գրբացների են այցելում, իրենց կյանքը խաղաղեցնելու համար, մեռելահարցուկների միջոցով ինչ որ բաներ են ուզում ճշտել և ինքնակամ հայտնվում են չարի ճանկերում; Այսօրվա մեր սերտողության բաժնում կա այդպիսի մի հատված, երբ Տէր Հիսուս բժշկում է այդպիսի մի դիվահարի; Երբ մարդիկ Աստծու սահմաններից հեռանում են, սահմանից այն կողմ չարն է նրանց դիմավորում խաբելով տանում է իր ծառայության դաշտ և մարդը դառնում է դիվահար: Հիսուսի ժամանակներում դիվահարության մասին շատ է խոսվում Ավետարաններում:
Այսօրվա ավետարանի ութերորդ գլխից կարդացած հատվածի մեջ տեսանք, որ գերեզմաններից դուրս եկան երկու դիվահար: Ովքե՞ր էին այդ դիվահարները, ինչո՞ւ էին գերեզմաններում; Ինչո՞ւ էին այդպես կատաղած, հատկապես, որ ճանաչեցին Հիսուս Քրիստոսին և դավանեցին Նրան որպես Աստծու Որդի:
Նրանց կատաղության պատճառով բնակիչները սարսափում էին այդ կողմերով անցնել: Գերգեսացիների երկրի բնակիչները հրեաներ չէին, այլ՝ հեթանոսներ, քանի որ խոզապահությունը հրեաների մոտ ընդունված չէր, իսկ այդ հատվածում մենք կարդում ենք, որ խոզերի երամակ կար, որոնք դևերի պատճառով գնացին ծովը լցվեցին ու սատկեցին:
Հեթանոսական շրջաններում մի տարօրինակ փորձառություն կար, երբ մարդկանցից շատերը զբաղվում էին մեռելահարցության գուշակությամբ, և կոչվում էին դիագուշակներ, կամ մեռելակոչներ, հոգեհարցուկներ և այլն: Իսկ ինչպե՞ս էին հասնում այդ աստիճանին: Պատմությունն ասում է, որ այս գուշակությամբ զբաղվել ցանկացողները ծոմապահությամբ շրջում էին գերեզմաններում, նպատակ ունենալով ընդունել անմաքուր ոգիներ, որպեսզի կարողանային շփվել մահացած հոգիների հետ: Մեռելահարցուկները հատուկ այդ նպատակով էին ծոմ պահում և երբ նրանց վրա իջնում էր անմաքուր հոգին, նրանք կարծում էին, որ իրենց գլխավոր նպատակը կատարված է: Եսայի Մարգարեն այսպիսիների համար ասում էր,- ձեր անօրենությունները պատնեշ են դարձել ձեր և Աստծու միջև և Աստված երես է դարձրել ձեզնից, որ չլսի ձեզ:
Եվ շատ հաճախ այսպիսի մարդիկ բռնվում էին դևերի կողմից և դառնում էին դիվահարներ;
Ահա գերեզմանից դուրս եկած երկու դիվահարները այս փորձության մեջ հայտնված մարդկանցից էին, որոնք շրջում էին գերեզմաններում և սարսափ էի տարածում շրջապատի մարդկանց վրա:
Հոգեարցուկներ կան նաև մեր օրերում, որոնք առանձին վայրերում հավաքվում են և կանչում են մահացած մարդկանց հոգիները, չիմանալով, որ չի կարելի ծաղրել մահը: Մասնակիցներ ասում են, որ հոգին անտես գալիս է, և պատասխանում է իրենց հարցերին, ինչ հարց որ տալիս են նրան;
Չի բացառվում, որ դա ճիշտ լինի, այնպես, ինչպես գուշակների մոտ գնացողները ասում են, որ ամեն ինչ ճիշտ ասաց գուշակը: Այո, կարող են ճիշտը ասել, որովհետև նրանք ծառայում են չարին, համագործակցում են նրա ուժերի հետ: Իսկ չարի նպատակը մարդուն ծուղակը գցելն է, որից հետո ծաղրելը: Գուշակները այնքան ժամանակ կարող են այդ ճիշտը ասել, մինչև ենթակային կախման մեջ գցեն իրենցից:
Որպեսզի իրենց հավատացողը հեռանա Աստծու ճշմարիտ վարդապետությունից և խորտակվի՝ ցավ պատճառելով Աստծուն: Քիչ չեն այն դեպքերը, երբ որևէ մեկի վրա կախարդություն են անում և այդ մարդը կորցնում է իր հավասարակշիռ վիճակը երկար ժամանակ, և այդ ժամանակ կարող է չար ոգին մոտենալ նրան, ինչպես որ վերը նկարագրված դիվահարին;
Սիրելիներ, մարդն ազատ է իր կյանքը դժոխքի վերածելու կամ Աստվածահաճո կյանքով ապրելու մեջ: Իսկ մենք գիտենք, որ չարը ժամանակավոր իշխանություն ունի երկրի վրա մարդկանց փորձության ենթարկելու: Մարդ արարածը առանց այդ էլ թույլ օղակ է և ամեն րոպե կարող է հայտնվել մեղքի մեջ՝ կամա, թե ակամա: Էլ ինչ կարիք կա հատուկ գուշակների ու մեռելահարցուկների մոտ գնալ և միտումնավոր հանձնվել չարի ճանկերի մեջ:
Այսպիսով անդրադառնալով մեր այսօրվա թեմային, տեսանք, որ դևերը խոսում էին Քրիստոսի հետ հասկանալի լեզվով և խնդրեցին իրենց խոզերի երամակի մեջ ուղարկել: Երբ խոզարածների աղաղակից ողջ քաղաքը այդտեղ հավաքվեց, մարդիկ աղաչեցին Հիսուսին, որ իրենց սահմաններից հեռու գնա: Սիրելիներ, ուշադրություն դարձրի՞ք, որ Հիսուսի և դիվահարների երկխոսությունը զարմանք չպատճառեց Հիսուսին, քանի որ Նա ծանոթ էր հրեական ու հեթանոսական շրջանների շատ ու շատ սովորությունների: Իսկ Աստվածաշունչ կարդացող ամեն ոք գիտե, որ սատանայի իրավունքները սահմանափակ են, բայց ամբողջությամբ արգելված չէ նրա գործունեությունը:
Հիմա մի պահ էլ անդրադառնանք քաղաքից եկած մարդկանց ու ավարտենք մեր այսօրվա՝ ութերորդ գլխի սերտողությունը: Ավետարանիչը նկարագրում է, որ դիվահարների կատաղության պատճառով այդ ճանապարհով ոչ ոք չէր համարձակվում անցնել: Իսկ դևերը հանելուց հետո, եկան տեսան, որ այլևս վտանգը վերացված է և դիվահարները բժշկված են, փոխարեն գոհություն հայտնեին և այդ առիթով դառնային դեպի Աստված, հակառակը արեցին և խնդրեցին Հիսուսին՝ հեռու գնալ իրեն քաղաքի սահմաններից:
Մենք էլ երբեմն գերգեսացիների նման մեր կենցաղային հարցերի պատճառով Քրիստոսին դուրս ենք հրավիրում մեր կյանքի սահմաններից, բայց չենք մոռանում մեղադրել հրեաներին, որ չընդունեցին Հիսուսին; Հիսուս Քրիստոսին ողջ աշխարհն է ճանաչում, մի մասը որպես՝ Փրկիչ, մի մասը որպես՝ Մարգարե, մի մասը որպես Քարոզիչ: Ոմանք ծառայում են որպես հովիվներ, ոմանք՝ մոգեր, ոմանք ՝ Հերովդեսներ, Իսկ շատերը՝ որպես քահանայապետներ: Աստված թող ընդունի ամեն անկեղծ ծառայությունը, և իմաստություն տա կեղծավորությամբ ծառայողներին: Սիրելիներ,ավարտեցինք նաև ութերորդ գլուխը:
Մնացեք սիրով՝ Աստծու ծառայության դաշտի մեջ եղեք բեթղեհեմյան լուսավոր աստղ՝ որպես ուղեցույց:
Հարց. Հանապազօրյա Հացի ունկնդիրների մեջ կա՞ արդյոք գուշակների և կախարդների մոտ գնացողներ: