ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Իմաստություն Սողոմոնի. 1:2
Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։ Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։ Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Գործք առաքելոց 13.25-33
Ավետարան ըստ Ղուկասի 1.57-80
Ավետարան ըստ Մատթևոսի 8:14-27
14 Յիսուս Պետրոսի տունը գալով, տեսաւ որ անոր զոքանչը ջերմէն բռնուած՝ պառկած էր։ 15 Անոր ձեռքէն բռնեց ու ջերմը թող տուաւ զանիկա։ Ան ալ ոտքի ելաւ եւ անոնց սպասաւորութիւն կ՚ընէր։ 16 Երբ իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին անոր։ Խօսքով հանեց չար ոգիները եւ բոլոր հիւանդները բժշկեց. 17 Որպէս զի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը կատարուի. «Անիկա մեր հիւանդութիւնները վերցուց եւ մեր ցաւերը կրեց»։
18 Յիսուս իր բոլորտիքը շատ ժողովուրդ տեսնելով, հրաման ըրաւ որ միւս կողմը երթան։ 19 Դպիր մը մօտենալով՝ ըսաւ անոր. «Վա՛րդապետ, ես քու ետեւէդ պիտի գամ ուր որ երթաս»։ 20 Յիսուս ըսաւ անոր. «Աղուէսները որջեր ունին ու երկնքի թռչունները բոյներ, բայց Որդին մարդոյ տեղ մը չունի, ուր իր գլուխը դնէ»։ 21 Ուրիշ մը, որ անոր աշակերտներէն էր, ըսաւ անոր. «Տէ՛ր, ինծի հրաման տուր, որ երթամ առաջ իմ հայրս թաղեմ»։ 22 Յիսուս ըսաւ անոր. «Եկուր իմ ետեւէս ու թող տուր մեռելներուն, որ թաղեն իրենց մեռելները»։
23 Երբ նաւը մտաւ, իր աշակերտները իր ետեւէն գացին։ 24 Ահա մեծ ալեկոծութիւն մը եղաւ ծովուն մէջ, այնպէս որ նաւը ալիքներէն կը ծածկուէր. իսկ ինք կը քնանար։ 25 Աշակերտները իր մօտ գացին, արթնցուցին զանիկա ու ըսին. «Տէ՛ր, ազատէ մեզ, ահա կը կորսուինք»։ 26 Ան ըսաւ անոնց. «Թերա՛հաւատներ, ինչո՞ւ այդպէս վախկոտ էք»։ Ելաւ հովերուն ու ծովուն սաստեց եւ մեծ խաղաղութիւն եղաւ։ 27 Ու մարդիկ զարմացան եւ կ՚ըսէին. «Ի՜նչպիսի մարդ է աս որ հովերն ու ծովը իրեն կը հնազանդին»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հավատացյալներ. Հիշեցման կարգով ձեզ ասեմ, որ այսօր մեր եկեղեցին հիշատակում է սուրբ Հովհաննես Մկրտչի անունը իր ընդհանրական աղոթքներում, և անվանական եկեղեցիներում կմատուցի Սուրբ Պատարագ: Սրբի բարեխոսությամբ թող ապրեն Հովհաննես անուն, և ազգանունը կրող մեր հայրենակիցները:
Սիրելիներ, ձեր միտքը նախորդ սերտողությանը կապելու համար հիշեցնեմ, որ հարյուրապետի զորավոր հավատքից զարմանալով, Տէր Հիսուս հայտարարեց, որ Երկնքի Արքայությունը նախատեսված է ո՛չ թե արքայության որդիների համար, այլ՝ նրանց, որոնք կգան արևելքից ու արևմուտքից՝ իրենց զորավոր հավատքով և կմտնեն այնտեղ:
Ավետարանները կարդալիս և Քրիստոսի շրջագայությանը հետևելիս, թվում է թե Տէր Հիսուս շրջում է անդամալույծների և հիվանդների քաղաքներում, որովհետև չկա մի հանդիպում, որտեղ մեկը չտառապի ինչ որ մի տեսակի հիվանդությամբ; Բայց այս բոլորը պետք է կատարվի, քանի որ գրված է Եսայի Մարգարեի գրքում, թե,- Նա մեր հիվանդությունները իր վրա վերցրեց և մեր ցավերը կրեց:
Բազմությունից հեռանալով Տէր Հիսուս Պետրոսի տունը գնաց, հավանաբար հանգստանալու համար, սակայն այնտեղ էլ Պետրոսի զոքանչը ջերմության մեջ՝ հիվանդ գտավ: Բավական էր, որ բռնեց հիվանդ զոքանչի ձեռքը, և ջերմը թողեց նրան; Մենք չգիտենք, Պետրոսը ուրախացա՞վ այդ փաստից, թե ոչ, սակայն մեր օրերում փեսաները պիտի չուզենային, որ զոքանչը այդքան շուտ լավանար: Կատակ է անշուշտ:
Աստված թող առողջ պահի աշխարհի բոլոր զոքանչներին, քանի որ նրանք են լույս աշխարհ բերել մեր կողակցին՝ մեր զավակների մորը:
Ընդունված կարգի համաձայն հրեական իմաստունների գրվածքներում գրված է, որ որևէ տղամարդ իրավունք չուներ ուրիշի կնոջ առողջությամբ հետաքրքրվելու, նույնիսկ նրա ամուսնու միջոցով, և որևէ կին իրավունք չուներ սպասարկելու այլ տղամարդու, էլ ուր մնաց թե ձեռքը բռներ: Տէր Հիսուս Գիտեր հրեական այդ օրենքները, սակայն սա ևս մեկ փաստ էր բոլորի համար, որ նրա իշխանությունն ու զորությանը աստվածային է, ոչ պարզ մարդու: Դրա համար իմանալով այդ օրենքը, անտեսում էր և բուժում էր առանց սեռը հաշվի առնելու, քանի որ Նրա նպատակը մարդկանց օգնելն էր, ոչ թե քարացած օրենքները պահելով անտեսել մարդ արարածին: Չէ որ քանիցս ասել է, որ օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը օրենքի: Ոչ ոք չէր համարձակվում Նրան մի բան ասել այդ առումով, քանի որ գիտեին, թե ճիշտ է:
Մինչև Տէր Հիսուս կփորձեր մի փոքր հանգստանալ, դարձյալ բազմությունը հավաքվեց Պետրոսի տանը և դիվահարներ ու շատ հիվանդներ բերեցին Նրա մոտ, և Նա բուժեց բոլորին: Երբ պատրաստվում էին Պետրոսի տնից հեռանալ, օրենքի ուսուցիչներից մեկը ցանկություն հայտնեց հետևեց Տէր Հիսուսին: Ասում են, որ հրեա ռաբբիներին աշակերտ դառնալու համար բավական խիստ կանոններ կային, որոնց պետք է ենթարկվեր աշակերտը:
Օրինակ՝ ռաբբին ասում էր աշակերտին,- հրեա մարդու համար արտոնված չէ լինել զվարճանքների վայրերում, և հաճույք պատճառող տեղերում: Աշակերտել ցանկացողը պետք է ասեր,- Ռաբբի, ուր որ դո՛ւ լինես, այնտեղ էլ կլինեմ ես; Կամ, օրինակ՝ հրեա մարդուն չի կարելի գիշերել այլ տեղ, բացի իր տնից կամ սինագոգից; Իսկ աշակերտը ասում էր, Ռաբբի, ուր որ դու գիշերես, այնտեղ էլ ես կգիշերեմ, քո ուշադրության ներքո:
Այդ պատճառով Տէր Հիսուս օրենքի ուսուցչին այդ պատասխանը տվեց, թե՝ մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի, արդյո՞ք դու պատրաստ ես Նրան աշակերտելու:
Մենք չգիտենք օրենսգետը համաձայնվեց այդ պայմաններում աշակերտել Հիսուսին, թե ոչ, քանի որ համանուն Ավետարանները նույնպես չեն արձանագրել այդ մասին:
Սակայն մեկ այլ աշակերտի Տէրն ասաց,- Ա՛րի իմ հետևից: Իսկ սա ասաց, թույլ տուր, որ նախ գնամ և թաղեմ իմ հորը: Մեկնաբաններն այս հատվածի համար ասում են, որ ամենևին պարտադիր չէ, որ իրական իմաստով հասկանանք մահը, աշակերտը կամեցավ ասել, որ պետք է խնամք տանեմ իմ ծեր ծնողի համար մինչև իր խորը ծերություն և մինչև նրա մահը:
Հրեա միջավայրում ընդունված է այն արտահայտությունը, որ արդարը՝ թեկուզ մահացած, համարվում է կենդանի, իսկ ամբարիշտը թեկուզ կենդանի համարվում է մահացած:
Այս նկատի ուներ Հիսուս Քրիստոս, որ ասաց, թող մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայությունը:
Տէր Հիսուս հրավիրում է բոլորի ուշադրությունը՝ ընտրություն կատարել հոգևոր կյանքի և ֆիզիկական մահվան միջև, արդարության և ամբարշտության միջև: Այս երկխոսությունները գալիս են փաստելու, որ Հիսուս Քրիստոս որևէ նյութական նպատակ չունի, և որևէ որոշակի տեղ ու հասցե չունի այս աշխարհում Իր առաքելությունը կատարելու համար: Քրիստոսին հետևող աշակերտը, կամ որևէ անձ պետք հրաժարվի աշխարհի վայելքներից, ու բարիքներից և հետևի հոգևոր արժեքների՝ Աստծու Արքայությունը ժառանգելու համար:
Ղուկաս ավետարանիչը մեկ ուրիշ աշակերտի մասին էլ է հիշատակել իր Ավետարանում, որի մասին չի գրել Մատթևոսը: Այս աշակերտն էլ ասում է,- ես կգամ քո հետևից, բայց նախ թույլ տուր, որ գնամ հրաժեշտ տամ իմ տանը: Այս երիտասարդին էլ նույն տրամաբանությամբ է պատասխանում, որ Աստծուն հետևելու պարագային քո մտքում պետք է լինի քո նպատակը, քան կենցաղային գործերը: Հին Կտակարանի Օրինաց գրքում կարդում ենք, որ պատերազմի ժամանակ ծառայությունից ազատում էին այն մարդկանց, որոնք նոր էին ամուսնացել, կամ նոր տուն էին գնել; Քանի որ եթե զինվորի ուշադրությունը դեպի տունը եղավ, կամ դեպի կինը եղավ, նա չի կարող պատերազմում կռվել: Նույնը Քրիստոսի զինվորների մասին է ասվում: Այսինքն մեծ նվիրում է պետք Աստծուն ծառայելու հարցում:
Հիսուս Քրիստոս խոսքերով բացատրում էր, առակներով պատմում էր, հրաշքներով ցույց էր տալիս աշակերտներին, քանի որ ինքը գիտեր, որ իր ժամանակը մոտենալու է ավարտին: Ամեն ինչ բացատրեց և իրեն հետևելու որոշումը թողեց աշակերտներին: Միայն նրանք, որոնք որոշեցին Նրա աշակերտները դառնալ, նրանք հետևեցին Հիսուսին: Վերցրեց աշակերտներին և նավակ նստելով՝ որոշեցին մյուս ափը գնալ: Սա այն հատվածի նկարագրությունն է, երբ ծովի վրա մեծ փոթորիկ է բարձրանում: Մենք կարող ենք երբեմն մտածել, որ ժամանակ առ ժամանակ Տէր Հիսուս կամենում էր ստուգել իր աշակերտների հավատի զորությունը, այդքան նրանց հետ լինելուց և սովորեցնելուց հետո;
Ավետարանիչն ասում է, ծովի վրա սաստիկ փոթորիկ էր, նավը ծածկվեց ալիքներով, իսկ Ինքը ննջում էր:
Տէր Հիսուս Քրիստոս ննջում էր, իսկ աշակերտները տագնապի ու վախի մեջ էին հայտնվել, այն դեպքում, երբ ձկնորսներ են եղել և իրենց աշխատանքային փորձառության մեջ երևի շատ անգամներ են հանդիպել հողմամրրիկների և ծովի ահեղ ալիքների: Վախը ստիպեց արթնացնել Վարդապետին և պատահածը ավելի տպավորիչ ներկայացնելու համար ասացին,- Տէ՛ր, փրկիր մեզ, որովհետև կորչում ենք:
-Ինչո՞ւ եք վախկոտ, թերահավատնե՛ր,- պատասխանեց նրանց իրենց Վարդապետը; Վեր կացավ և սաստեց հողմերին ու ծովին, ու մեծ խաղաղություն եղավ:
Սիրելիներ, տեսեք, ամեն անգամ, երբ հարկ էր լինում մեկին հանդիմանել, Տէր Հիսուս ասում էր՝ թերահավա՛տ: Նշանակում է վախը նույնպես թերահավատության նշան է:
Իսկ մի՞թե աշակերտների հավատը դեռ բավարար չէր, որպեսզի գոնե չվախենային: Չգիտե՛նք: Քանի որ նույնիսկ մեր հավատի մասին վստահ չենք կարող ասել, թե ինչքան է;
Իսկ Ղուկաս ավետարանիչը նույն դեպքի համար գրում է, որ Տէրն ասաց,- ինչո՞ւ եք այդպես վախկոտ, դեռևս հավատ չունե՞ք:
Իսկ աշակերտները զարմանում էին Նրա կարողության վրա, որ հողմերին ու ծովին է իրեն ենթարկում:
Բնության ուժերի վրա ազդելու դեպքերի մասին աշակերտները լսել էին միայն Կարմիր ծովի մասին, որը ճեղքվել էր իսրայելացիների անցնելու նպատակով:
Աշակերտները լավ գիտեին Մովսեսի մասին և լսել էին, որ Մովսեսի օրոք էր բացվել ծովը և վեց հարյուր հազար մարդ անցել էր ծովի միջով, ինչպես ցամաքով: Բայց չգիտեին, որ հրաման տվողը նույն զորությունն էր, նույն ուժն էր որ առաջնորդում էր Մովսեսին; Այն ուժը, Որը հիմա իրենց կողքին է, և սաստում է բնության տարերային ուժերը:
Ավանդության մեջ մնացել էր այն միտքը, որ ծովի վրա ազդելու համար Մովսեսի հավատքից ու արդարությունից պետք է ունենալ: Աշակերտները թեև տեսնում էին այդ ամենը, շփվում էին Քրիստոսի հետ, բայց դարձյալ չէին կարողանում ամբողջությամբ պատկերացնել, որ Աստված է իրենց մեջ, իրենց հետ, իրենց սովորեցնողը:
Մեզ էլ նույն կերպ է հանդիմանում Տէր Հիսուս, ասելով.- եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք… և ամեն անգամ համոզվում ենք, որ չունենք դեռևս:
Սիրելիներ, իրապես հավատի պակասն է, որ մենք երբեմն չենք կարողանում ձեռբազատվել մեր այս կամ այն վատ սովորությունից, որը բնակվում է մեր մեջ, երբեմն էլ արդարացնելու ասում ենք, թե բնավորություն է, սկզբունք է, նախասիրություն է: Սակայն երբ հավատում ենք ամբողջ սրտով, ամբողջ հոգով և մեր ամբողջ զորությամբ, այդ ժամանակ տեսնում ենք, որ կարելի է դառնում նույնիսկ անկարելին, բայց ո՛չ թե մեր շնորհիվ, այլ հավատի Տիրոջ ուժով; Այսօրվա դասի նպատակն է հանրությանը հասցնել Տիրոջ մշտական հարցը, թե,- Ինչո՞ւ եք այդպես վախկո՛տ, դեռ հավատ չունե՞ք:
Մնացեք սիրով՝ Տիրոջը հետևելու ա՛յն պատրաստակամությամբ, որ մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի, բայց դուք որոշեցիք հետևել Նրան;