ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրաքի իմաստություն.3:19
Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից։
Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին։ Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր։ Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ,
քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ։ Ով բարիք է հատուցում, պիտի յիշուի յետագայում,
իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ.
Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 2.8-15
Ավետարան ըստ Ղուկասի 2.21
Ավետարան ըստ Մատթևոսի 8:1-13
1 Երբ լեռնէն վար իջաւ, շատեր գացին անոր ետեւէն։ 2 Ահա բորոտ մը եկաւ, երկրպագութիւն կ՚ընէր անոր ու կ՚ըսէր. «Տէ՛ր, եթէ ուզես, կրնաս զիս մաքրել»։ 3 Յիսուս իր ձեռքը երկնցնելով դպաւ անոր ու ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ»։ Շուտ մը անոր բորոտութիւնը մաքրուեցաւ։ 4 Յիսուս ըսաւ անոր. «Զգոյշ կեցիր, մարդո՛ւ չըսես, հապա գնա, քեզ քահանային ցուցուր եւ Մովսէսին պատուիրած ընծան տուր, անոնց վկայութիւն ըլլալու համար»։
5 Երբ Կափառնայում մտաւ, հարիւրապետ մը եկաւ քովը, կ՚աղաչէր անոր, 6 Ու կ՚ըսէր. «Տէ՛ր, ծառաս տունը անդամալոյծ պառկած չարաչար կը տանջուի»։ 7 Յիսուս ըսաւ անոր. «Ես կու գամ ու զանիկա կը բժշկեմ»։ 8 Հարիւրապետը պատասխան տալով՝ ըսաւ. «Տէ՛ր, ես արժանի չեմ որ դուն իմ յարկիս տակ մտնես. միայն խօսքով հրամայէ ու իմ ծառաս պիտի բժշկուի։ 9 Վասն զի ես ալ իշխանութեան տակ մարդ եմ ու իմ հրամանիս տակ զինուորներ ունիմ։ Ասոր կ՚ըսեմ՝ ‘Գնա՛’, ու կ՚երթայ. եւ միւսին՝ թէ ‘Եկո՛ւր’, ու կու գայ եւ ծառայիս՝ թէ ‘Այս բանը ըրէ’, ու կ՚ընէ»։ 10 Յիսուս երբ լսեց, զարմացաւ եւ իր ետեւէն գացողներուն ըսաւ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Իսրայէլի մէջ անգամ ես այսչափ հաւատք չգտայ։ 11 Ձեզի կ՚ըսեմ թէ արեւելքէն ու արեւմուտքէն շատեր պիտի գան ու երկնքի թագաւորութեանը մէջ պիտի բազմին Աբրահամին ու Իսահակին եւ Յակոբին հետ. 12 Իսկ թագաւորութեանը որդիները դուրսի խաւարը պիտի հանուին. հոն պիտի ըլլայ լալ ու ակռաներ կրճտել» 13 Յիսուս հարիւրապետին ըսաւ. «Գնա ու ինչպէս դուն հաւատացիր, այնպէս թող ըլլայ քեզի»։ Նոյն ժամուն անոր ծառան բժշկուեցաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Սուրբ Ծնունդից անցել է ութ օր և այսօր մեր եկեղեցին տոնում է Հիսուս քրիստոսի անվանակոչությունը, ինչի մասին ես ձեզ խոսեցի մեր սերտողության առաջին գլխում; Հիշեցնեմ ձեզ մեկ նախադասությամբ. Երբ ութ օրերը լրացան, Նա թլպատվեց և Նրա անունը Հիսուս դրեցին, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացել մոր որովայնում: Այս կարգը կա նաև մեր եկեղեցում, երբ ութ օրական մանկանը տանում են եկեղեցի՝ մկրտության, բայց քանի որ մանկան մայրը այդ օրերին գտնվում է անմաքուր վիճակում, և չի կարող մասնակցել մկրտությանը, հետաձգվում է մինչև քառասուն օրերը լրանան:
Մենք այսօր մեր սերտողություն սկսում ենք Մատթևոսի Ավետարանի ութերորդ գլխից, որտեղ ավետարանիչը նկարագրում է, որ Տէր Հիսուս ավարտեց Լեռան Քարոզը, և իջավ լեռից: Ժողովրդի բազմությունը, որ այդքան ժամանակ լսում էին Նրա զորավոր խոսքերը, կարծես թե չէին հագեցել, և շարունակեցին գնալ Նրա հետևից, ուր որ Նա գնաց: Այսպե՛ս է կպնում մարդու սրտին Աստծու խոսքը, երբ ուշադիր է լսում, երբ հասկանում է լսածը: Շատ կարևոր է նաև, թե քարոզողը ի՞նչ իշխանությամբ է քարոզում: Կամենում է խոսքը հասցնել լսողի սրտի՞ն, ինչպես անում է Տէր Հիսուս, թե՞ գիտելիք է փոխանցում իրեն լսողներին;
Ինչո՞ւ բազմությունը նորից գնաց Նրա հետևից: Որովհետև այն խոսքերը, որ լսեցին Նրանից, ամբողջությամբ իրենց էր վերաբերում, իրենք իրենց տեսան այդ մեծ քարոզի մեջ, վստահեցին իրենց հոգու փրկությունը իրենց հետ Խոսողին, քանի որ սրտացավություն զգացին Նրա խոսքերի մեջ, նպատակ տեսան Նրա առաքելության մեջ, և իրենց մեջ էլ հարց առաջացավ,- իսկ ի՞նչ անենք մենք:
Ավետարանից հիշում ենք այսպիսի հարցեր, երբ Հովհաննես Մկրտիչն էր քարոզում, և մարդիկ գալով նրա մոտ՝ հարցնում էին, - իսկ մենք ի՞նչ անենք: Իսկ Հովհաննեսը ամենքին տալիս էր խորհուրդ՝ ինչ անելու:
Սիրելիներ, իսկ ի՞նչ անենք մենք: Մենք էլ նույնը պետք է անենք, ինչ որ արեց բազմությունը՝ հետևելով Հիսուսին՝ երկար քարոզը լսելուց հետո; Մենք էլ պետք է ունենանք այդ քաղցը անվերջ լսելու, կարդալու, կիրառելու, աղոթելու, Տիրոջ հետ լինելու ամեն ժամ; Ամեն քարոզի մեջ մեզ փնտրենք, քանի որ կորցրել ենք մեր նախկին իրական կերպարը, ամենքս մի պատճառով: Մեր ողջ կյանքը փնտրտուք է, սակայն մենք չգիտենք, որ մենք՝ մե՛զ ենք փնտրում, մեր կորած վիճակն ենք փնտրում; Կգտնենք միայն այն ժամանակ, երբ մեր կյանքի առանցքում Աստվածաշունչը կլինի:
Ժողովրդի բազմության հետ ճանապարհն անցնելիս, Նրա դիմաց դուրս է գալիս մի բորոտ, մոտենալով՝ երկրպագում է, և ասում,- Տէ՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել;
Ի՞նչ էր փնտրում բորոտը: Բորոտը նույնպես փնտրում էր իր նախկին մաքուր վիճակը, և հավատում էր, որ Տէրը կարող է մաքրել իրեն, չնայած, որ ինքը զրկված էր Հիսուսի Լեռան Քարոզը լսելու իրավունքից՝ իր բորոտության պատճառով; Նախորդ սերտողության ժամանակ ես ձեզ ասացի, որ Սուրբ Գիրքը լավ հասկանալու համար օգտակար է ուսումնասիրել հրեական ավանդությունը, որի մեջ ապրել ու մեծացել էր Հիսուս Քրիստոս: Ներկա բազմությունը հստակ գիտեր, որ բորոտը իր նախատեսված վայրից իրավունք չուներ դուրս գալու, և կարգ էր սահմանված, որ բորոտի և առողջի միջև երկու մետր տարածություն պետք է պահպանվի անպայման՝ չվարակվելու համար: Այսօրվա մեր կորոնայի նման, ուղղակի մենք մեկուկես մետր հեռավորություն պետք պահպանենք; Երբ բորոտները դուրս էին գալիս իրենց առանձնացված վայրերից, մարդիկ քարերով հարվածելով նրանց հետ էին ուղարկում իրենց բնակավայր: Բազմությունը տեսավ, որ Տէր Հիսուս ո՛չ միայն չարգելեց բորոտին մոտենալ և երկրպագել իրեն, այլ՝ հակառակը ձեռքը երկարեց, կպավ բորոտին և ասաց,- Կամենում եմ, մաքրվիր; Բորոտը իսկույն մաքրվեց:
Սիրելիներ, այս պարագայում ո՛չ երկար քարոզ պետք եղավ, ոչ էլ երկար աղոթքի խնդրանք; Այլ՝ միա՛յն զորեղ հավատք և խոնարհություն՝ սեփական բորոտությունը տեսնելու; Այս երկուսն է պակասում մարդկությանը՝ որ չե՛ն մոտենում Հիսուս Քրիստոսին, չե՛ն երազում Նրա ոտքերի մոտ նստել ու անվերջ լսել Մարիամի պես: Այլ մարդիկ դիմում են Աստծուն այն ժամանակ, երբ իրենց ուժը չի պատում մի բան անելու համար; Բոլորս ենք հոգևոր բորոտության մեջ՝ ամենքս մեր մեղքի բորոտությամբ: Այնպես ենք ապրում, կարծես երբեք չենք մեռնելու և մահվան մասին չենք լսել երբեք;
Եթե ուշադրություն դարձրիք այսօրվա ընթերցանության ժամանակ, Տէր Հիսուս Քրիստոս բորոտին մաքրելուց հետո մի հանձնարարություն տվեց, ասելով՝ քեզ ցույց տուր քահանային և մատուցիր Մովսեսի հրամայած ընծան: Քանի որ հրեա հասարակության մեջ տարածված էր իրենց իմաստուն հայրերի գրվածքները, ըստ որի բորոտությունը չարախոսության, նենգամտության մեղքի արդյունք է, հետևաբար այն կարող է մաքրվել միայն անկեղծ զղջման արդյունքում, իսկ մաքրվելուց հետո պետք է ընծա մատուցել, որպես գոհություն Աստծուն; Ինչո՞ւ Տէր Հիսուս ուղարկեց քահանաների մոտ, չէ՞ որ արդեն մաքրված էր հիվանդը և կարող էր տուն գնալ, հետո կմատուցեր իր ընծան; Ուղարկեց, որպեսզի քահանայապետը հասկանար, թե Քրիստոս ի՞նչ իշխանությամբ է անում այս ամենը, հարգելով Մովսեսի օրենքը՝ ընծայի վերաբերյալ: Այս արարքը բաց նամակ էր օրվա քահանայապետին, որպեսզի այլևս հարց չտա, թե ի՞նչ իշխանությամբ ես անում այս կամ այն բանը:
Բորոտի զղջումը կար, հավատը՝ կար, բուժումն ակնհայտ դարձավ: Մի ամբողջ քարոզություն էլ այդտեղ տեղի ունեցավ՝ բորոտի բժշկության պահին;
Այս բոլոր իրադարձությունները տպվում էին աշակերտների մտքերում և սրտերում: Ինչպես որ Հովհաննես աշակերտն է ասում, եթե բոլոր բաները գրվեին, գրքերը չէր բավականացնի; Երանելի էին աշակերտները, որ շրջում էին Քրիստոսի հետ և տեսնում էին Նրա ամեն շարժն ու ձևը, ամեն մոտեցումը ամեն մարդու հանդեպ՝ յուրովի, մեկին՝ դիպչելով, մեկին՝ խոսքով, մեկին՝ հեռվից, բազմությանը՝ երկար խոսելով; Բայց պակաս երանելի չենք նա՛և մենք՝ որ մեր ձեռքի տակ ունենք այս բոլորի մասին գրված գրքերը, որոնք կարող են մեր կյանքի հունը փոխել, և այս չքնաղ կյանքը իր հրաշքներով մեզ զարմացնի ամեն վայրկյան:
Կափառնայումի հարյուրապետը իրեն արժանի չէր համարում, որ Հիսուս իր տունը մտնի՝ անդամալույծ ծառային բժշկելու համար, բայց նրա հավատն այնքան զորավոր էր, և վստահ էր, որ եթե Հիսուս միայն խոսքով ասի, իր ծառան կբժշկվի: Ձեզնից ո՞վ է այսօր հանդիպել այսպիսի հարյուրապետի: Եթե համարենք, որ հարյուրապետը մեր գյուղապետն է, ապա կա՞ մի այսպիսի գյուղապետ, որն իր ենթակային սիրելով գնա և քահանայից նրա համար բժշկության աղոթք խնդրի, և ինքն էլ այդպիսի հավատ ունենա: Ո՛չ, չկա:
Մեր օրերում մենք ոչնչով չե՛նք կարող զարմացնել մեր Տէր Հիսուս Քրիստոսին, ինչպես որ զարմացրեց հարյուրապետի հավատքը: Ամեն անգամ այսպիսի հավատք և նվիրում տեսնելով, մեր Տէրը հիշեցնում է, որ երկնքի արքայության մեջ հայտնվելու ենք ո՛չ այն մարդիկ, որոնք Տէ՛ր, Տէ՛ր են կանչում առավոտից երեկո, այլ՝ հարյուրապետի հավատք ունեցողները իրավունք կունենան երկնքի արքայության մեջ սեղան նստել Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ: Իսկ նրանք որոնք հանձն են առել Աստծու խոսքի քարոզությունը և հագել են արդարության պատմուճանը՝ ի տես մարդկանց, իսկ իրենց գործերը ծառայում են չարին, դուրս կբերվեն արտաքին խավարը և այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում:
Իսկ մենք այսօր ապրում ենք կոմունիզմի երազանքով, ո՛չ թե երկնքի արքայության ձգտումով: Մենք այսօր ապրում ենք այնպես, կարծես անմահ ենք, կարծես մեր հույսը միայն այս կյանքի կեր ու խումի վրա է;
Մենք եկեղեցում էլ ենք մեզ այդպես պահում; Քրիստոսի ծնունդը հիշում ենք միայն հունվարի 6 ին, այն էլ ճրագի հետևից գնալով, իսկ ողջ տարին ապրում ենք առանց Քրիստոս; Ոչինչ չի փոխվում եկեղեցական կյանքում, ինչպես որ միապաղաղ կար, նո՛ւյն կերպ շարունակվում է՝ պահպանելով քարացած կանոնները:
Իսկ մեր հանրությունը տառապում է հիվանդության, մեղքերի, ատելության, պառակտման, իշխանատենչության ու հպարտության մեղքի մեջ; Որևէ նշանակություն չունի, թե եկեղեցին որ բարձրաճաշակ դիզայներն է զարդարել, կամ՝ ինչ գումարի դիմաց, կարևոր է, թե քրիստոնյան Քրիստոս ունի՞ իր սրտի մեջ, իր կյանքի մեջ, եկեղեցական կյանքի մեջ: Սրանք ցավոտ հարցեր են, որ լուծում չեն ստանում երկար տարիներ նույնիսկ այնտեղ, որտեղ որ ամեն օր Ավետարան է կարդացվում:
Այսօրվա սերտողությունը ավարտենք 13 րդ գլխի պատգամով, որ ասում է,- Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այնպե՛ս թող լինի քեզ;
Մնացե՛ք սիրով, ապրե՛ք հարյուրապետի հավատքով, Քրիստոսին մոտեցեք բորոտի վստահությամբ և Աստծու խոսքին հետամուտ եղեք այն բազմության նման, որը չէ՛ր լքում Քրիստոսին երբեք:
Հարց. Դո՛ւ որպես քրիստոնյա, ի՞նչ առաջարկ ունես ժողովրդի մոտ հոգևոր արթնություն առաջացնելու հարցում;