ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրաքի իմաստություն 3:1
Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք.
քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ։ Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի։ Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի։ Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 1.1-7
Ավետարան ըստ Ղուկասի 2.1-7
Ավետարան ըստ Մատթևոսի 7:13-28
13 «Նեղ դռնէն ներս մտէք. վասն զի լայն է այն դուռը ու ընդարձակ՝ այն ճամբան, որ դէպի կորուստ կը տանի եւ շատուոր են անոնք, որ անկէ կը մտնեն։ 14Վասն զի նեղ է այն դուռը ու նեղուածք է այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի եւ քիչուոր են անոնք որ զանիկա կը գտնեն»։
15 «Զգոյշ կեցէք սուտ մարգարէներէն, որոնք ձեզի կու գան ոչխարի հանդերձներով, բայց ներսէն յափշտակող գայլեր են։ 16 Իրենց պտուղէն պիտի ճանչնաք զանոնք։ Միթէ փուշերէն խաղող կը քաղե՞ն, կամ տատասկէն՝ թուզ։ 17 Այսպէս ամէն բարի ծառ բարի պտուղ կու տայ եւ չար ծառ չար պտուղ կու տայ։ 18Բարի ծառը չի կրնար չար պտուղ տալ, ոչ ալ չար ծառը բարի պտուղ տալ։ 19 Ամէն ծառ որ բարի պտուղ չի տար, կը կտրուի ու կրակը կը ձգուի։ 20 Ուրեմն իրենց պտուղէն պիտի ճանչնաք զանոնք»։
21 «Ոչ թէ ամէն ով որ ինծի ‘Տէ՛ր, Տէ՛ր’, կ՚ըսէ, պիտի մտնէ երկնքի թագաւորութիւնը, հապա անիկա՝ որ իմ երկնաւոր Հօրս կամքը կը կատարէ։ 22 Շատերը այն օրը ինծի պիտի ըսեն. ‘Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քու անունովդ մարգարէութիւն ըրինք եւ քու անունովդ դեւեր հանեցինք ու քու անունովդ շատ հրաշքներ ըրինք’։ 23 Այն ատեն յայտնապէս անոնց պիտի ըսեմ թէ Ես բնաւ ձեզ չէի ճանչնար. մէկդի՛ գացէք քովէս դուք, որ անօրէնութիւն կը գործէիք»։
24 «Արդ ով որ իմ խօսքերս կը լսէ եւ կը կատարէ զանոնք, զանիկա պիտի նմանցնեմ խելացի մարդու մը՝ որ իր տունը վէմի վրայ շինեց։ 25 Անձրեւ իջաւ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, զարկին այդ տանը, բայց չփլաւ, վասն զի վէմի վրայ հաստատուած էր։ 26 Այն որ այս իմ խօսքերս կը լսէ ու չի կատարեր, կը նմանի անխելք մարդու մը՝ որ իր տունը աւազի վրայ շինեց։ 27 Անձրեւ իջաւ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին եւ զարկին այն տանը ու փլաւ։ Մեծ էր անոր կործանումը»։
28 Ու երբ Յիսուս լմնցուց այս խօսքերը, ժողովուրդը կը զարմանար անոր վարդապետութեանը վրայ։ 29 Վասն զի իշխանութիւն ունեցողի մը պէս կը սորվեցնէր անոնց, ոչ թէ դպիրներուն պէս։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Այսօր մենք կավարտենք յոթներորդ գլուխը, և կանցնենք ութերորդ գլխի սերտողությանը: Յուրաքանչյուր հաջորդ գլուխը սերտելիս, հասկանալի է դառնում նախորդ գլխի պահանջների կարևորությունը: Պատճառներից մեկն էլ հենց դա, որ առաջինը Լեռան Քարոզն, որը հագեցած է կյանքի լավագույն օրենքներով, և քարոզն էլ սկսվում է ինը երանիներով: Որովհետև եթե մեր կյանքի ու գործունեության հիմքում չունենանք աստվածային առաքինություններն ու կանոնները, ո՛չ մեր կյանքը սահուն կընթանա, ո՛չ էլ կկարողանանք մտնել նեղ դռնով, որի մասին խոսում է Տէր Հիսուս այսօրվա մեր կարդացած հատվածի մեջ:
Մարդու կյանքի խաղաղ ընթացքին խանգարող հանգամանքներն են՝ նրա անվերջանալի պահանջներն ու չմարող ցանկությունները: Երբ քրիստոնյա հավատացյալը կարողանում է կառավարել իր պահանջներն ու ցանկությունները, նա կարող է մոտենալ նեղ դռանը:
Տէր Հիսուս Քրիստոսին հավատալուց և մկրտվելուց հետո, ո՛չ թե վերանում են մարդու ցանկություններն ու պահանջները, այլ՝ զորանում է կրքերին տիրապետելու և մեղքի դեմ պայքարելու կամքը; Նույնիսկ բարեպաշտ հավատացյալը գիտե, որ իր մեջ ապրում են մարդկային բոլոր կրքերը, ուղղակի գիտակից քրիստոնյան վեր է կանգնում կործանիչ մեղքից, քանի որ արդեն ճանաչում է Միակին, որը խաչվեց հանուն այն բանի, որ մարդը հեռու մնա մեղքից:
Առհասարակ հոգևոր կյանքն ունի ընտրության երկու ճանապարհ՝ դեպի Աստված և դեպի աշխարհ: Ճանապարհ ասելով մենք չենք հասկանում միայն քայլելու և ընթանալու ուղի, այլ՝ ճանապարհը ենթադրում է նաև ելք, միջոց, մեթոդ, ձև և այլն; Արդարը իր ճանապարհն ու ընթացք ունի: Չարն էլ իր ճանապարհն ու ընթացքը ունի;
Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր ճանապարհը այս կյանքում; Արդար մարդը իր ողջ կյանքի փորձում է իրե՛ն ենթարկել իր մարդկային կրքերը՝ հանո՛ւն Աստծու:
Չար մարդը ի՛նքն է ենթարկվում իր մարդկային կրքերին՝ Աստծուց հեռու լինելու պատճառով, կամ սատանայի ծուղակում հայտնվելու պատճառով; Արդար մարդը իր չափավոր կյանքով աստիճանաբար նեղացնում է իր ճանապարհը՝ հույս ունենալով ճանապարհի ավարտը լուսավոր և լայն տեսնել, ըստ Տիրոջ խոստման: Իսկ չար և ամբարիշտ մարդը, հակառակը, ջանում է միշտ կենտրոնում երևալ, նրա ճանապարհը պետք է լայն լինի, քանի որ չի կարող անցնել նեղ ճանապարհով:
Բարեպաշտ մարդը նա է, որը կարողանում է կառավարել իր հոգու զորությունները, և զսպել իր մարմնի անհագ ցանկությունները: Ինչպես առակաց գիրքն է ասում,- Իր բարկությունը կառավարող մարդը ավելի հզոր է, քան մի քաղաք գրավողը: Առակաց.16:32
Իսկ ամբարիշտ մարդը զուրկ է այս առաքինությունից, դարձյալ ըստ առակողի, թե՝ Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։
Տէր Հիսուս Իր խոսքի մեջ ուղղակի պատվիրում է, ասելով,- Մտե՛ք նեղ դռնով, քանի որ լայն դուռը տանում է դեպի կործանում: Այնուհետև անում է մի կանխասացություն, այն մասին, որն այսօր մեզ համար ամբողջությամբ տեսանելի է, որ բազմաթիվ են նրանք, որոնք մտնում են լայն ճանապարհով, որը կորստյան է տանում և սակավաթիվ են նրանք, որոնք մտնում են նեղ ճանապարհով, որ տանում է դեպի կյանք:
Սիրելիներ, մարդը հողից է ստեղծված, և ունի հողի բոլոր հատկությունները, եթե մշակեն հողը՝ պտուղը առատ կլինի, եթե անմշակ թողնեն՝ փուշ ու տատասկ կբուսնի:
Այս բոլոր պատվիրանները նրա համար են, որ հողածին մարդը միշտ առատ բերք տա իր Տիրոջը՝ Նրանից վերցրած պտղատու սերմերի շնորհիվ:
Այս պատվիրանը առավել կարևոր է երկրի ղեկավարների և ժողովրդի առաջնորդների համար, եթե նրանք կարողանան կառավարել իրենց մարմնի և հոգու զորությունները, ապա հեշտությամբ կարող են կառավարել երկիրն ու ժողովրդին, քանի որ մարմնի ցանկությունների սանձահարումը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռք բերվում;
Բարիքներ կամեցող Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Դու աշխարհ եկար որպես ճշմարիտ ճանապարհ և ցույց տվեցիր մեզ ընտրությունը՝ Քեզ գտնելու համար: Բոլորս փորձեցինք լայն ու ընդարձակ ճանապարհը և վնասեցինք մեզ: Չկարդացինք ու չլսեցինք Քո ամեն մի զգուշացում, որը մեր հոգևոր շահի համար էր, քանի որ մենք հետևում էինք մեր մարմնի ցանկություններին և շահերին: Գլխիկոր վերադարձանք դեպի Քեզ, և Դու ընդունեցիր հայրական սիրով՝ առանց պատժելու, ինչին արժան էինք; Բաց մի՛ թող մեր անհնազանդ ձեռքը, որպեսզի կրկին չկորցնենք Քո անձուկ և փրկարար ճանապարհը: Օրհնիր մեզ, Տէր, որպեսզի լիիրավ սրտով կարողանանք Քեզ Տէր և Հայր կոչել, աղաչում ենք Քեզ:
Հաջորդ պարբերության մեջ Հիսուս Քրիստոս ևս մի շատ կարևոր զգուշացում է անում, որը նույնպես հանդիսանում է այսօրվա վտանգներից; Զգուշանալ այն մարդկանցից, որոնց ներքինն ու արտաքինը նույնը չեն; Այսինքն այն քարոզիչներից, որոնց նպատակը այլ է, ծառայությունը՝ այլ: Մերօրյա հավատացյալը խիստ խորագիտություն պետք է ունենա, որպեսզի կարողանա զանանանել ոչխարի զգեստով գայլերին; Եթե նախկինում այսպիսիք կարող էին հանդիպել միայն հոգեորսությամբ զբաղվողների մեջ, ապա այսօր աչխարի զգեստով գայլեր կան բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: Վերջին ժամանակների խոշոր իրադարձությունները շատ բացահայտումներ կատարեցին այդ առումով: Հետևաբար մենք ՝ քրիստոնյաներս, որ քիչ թե շատ ծանոթ ենք Սուրբ Գրքին, մարդկանց ճանաչելու համար, լավագույն տարբերակը նրանց գործերին նայելն է: Քանի որ հիմա երբեմն խոսքին էլ հավատալ չի լինում կեղծիքի պատճառով;
Հիսուս Քրիստոս գեղեցիկ համեմատություններ է անում ծառի պտղի և գառան մորթով գայլի օրինակով, ցույց տալու համար, որ արդարության զգեստ հագած անօրենի գործերը երկար չեն կարող թաքնված մնալ: Իս եթե անօրենը արդարության զգեստ է հագնում., ուրեմն այդ զգեստը պետք է լինի թափանցիկ, որպեսզի երևա իր գործերը:
Այս օրերին մեր հայրենիքում կարծես միայն արդարության շապիկ հագած անօրենների թիվը չափազանց շատացավ, որոնց մասին թերևս բացահայտ ոչինչ չգիտեինք:
Երբ որևէ մեկը երկար ժամանակ թաքնված է մնում գառան մորթու տակ, Աստված թույլ է տալիս, որ վերցվի նրա մորթին և երևա նրա գործերը, որպեսզի միամիտ մարդիկ չխաբվեն: Նաև չի արտոնում, որ ամեն մարդ Իրեն Տէ՛ր, Տէ՛ր կոչի, եթե նրա ներքինն ու արտաքինը չեն համապատասխանում: Այսպիսին ունի Տիրոջ կողմիս հռչակված մեկ պատասխան, թե,- Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձնից ամենքդ, որ անօրենություն եք գործում: Սիրելիներ, և՛ ճանապարհն է ցույց տալիս մեր Տէրը, և՛ ճանապարհին հանդիպող գառան մորթով գայլերի մասին է զգուշացնում, և՛ նրանց ճանաչելու գաղտնիքներն է սովորեցնում. Եվ միևնույն ժամանակ ասում է, եթե չլսեք իմ խոսքերը և չպահեք դրանք ձեր կյանքի մեջ, ես ձեզ չեմ ճանաչի նշանակված օրը: Մենք չենք կարող ապրել Քրիստոսի թագավորության մեջ՝ բաբելոնի կյանքով:
Այս բոլոր ուսուցումներից զարմացած և նաև զայրացած էին փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները, քանի որ Տէր Հիսուս իր հեղինակությամբ էր խոսում, ոչ թե հղում էր անում այս կամ այն հրեական իմաստության, կամ մարգարեության վրա: Յուրաքանչյուր միտք առավել հասկանալի դարձնելու համար բերում էր համապատասխան օրինակներ: Հաճախ էր կրկնում այն խոսքը, թե,- Ով լսում է Իմ այս խոսքը և կատարում է, նման է իմաստուն մարդու, որը տուն կառուցելիս հիմքում դնում է մեծ քարեր, որպեսզի ջրերի հորդումից տունը չվնասվի: Իսկ Իր խոսքը չկատարողին միանգամից համեմատում է հիմար մարդու հետ, որը իր տունը ավազի վրա է կառուցում: Գետերը վարարելիս քշում տանում են նրա տունը և նրա կորուստը շատ մեծ է լինում:
Սիրելիներ, ավարտեցինք նաև յոթերորդ գլուխը՝ այսինքն ողջ լեռան քարոզը; Ես վստահ եմ, որ կյանքի համար այս լավագույն կանոնները օգտակար եղան շատերիդ և հետայսու կկիրառեք հարկ եղած ժամանակ, ու կհիշեք, որ դրանք գրված էր լեռան քարոզի մեջ, որը զետեղված է Մատթևոսի Ավետարանի 5 րդ գլխում.
Մնացեք սիրով, և թող ձեր ներքին որակները համապատասխանեն ձեր արտաքին դրսևորումների հետ, որպեսզի իրավունք ունենաք վստահությամբ Տէ՛ր կոչել ձեր Երկնավոր Հորը, և ճանաչվել Նրանից:
Հարց. Ո՞վ էր Սողոմոնի մայրը.