ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրաքի իմաստություն 2:1
Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր։ Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ։
Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս։
Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։ Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին 4.12-17
Ավետարան ըստ Հովհաննեսի 11.1-46
Ավետարան ըստ Մատթևոսի 7:6-13
6 «Սուրբ բանը շուներուն մի՛ տաք եւ ձեր մարգարիտները խոզերուն առջեւ մի՛ ձգէք, որպէս զի ոտքերնուն տակ չկոխկռտեն զանոնք ու դառնան ձեզ պատառեն»։
7 «Խնդրեցէ՛ք եւ պիտի տրուի ձեզի. փնտռեցէ՛ք եւ պիտի գտնէք. դուռը զարկէք եւ պիտի բացուի ձեզի։ 8 Վասն զի ամէն ով որ կը խնդրէ՝ կ՚առնէ, եւ ով որ կը փնտռէ՝ կը գտնէ եւ ով որ դուռը կը զարնէ՝ պիտի բացուի անոր։ 9 Ձեզմէ ո՞ր մարդը կայ՝ որմէ եթէ իր որդին հաց ուզէ, ինք քար տայ անոր, 10 Եւ կամ եթէ ձուկ ուզէ, օձ տայ անոր։ 11 Ուստի եթէ դուք որ չար էք, ձեր զաւակներուն աղէկ ընծաներ տալ գիտէք, ո՜րչափ աւելի ձեր Հայրը որ երկինքն է, բարի բաներ պիտի տայ անոնց որ իրմէ կը խնդրեն։
12 «Ուստի ամէն ինչ որ կ՚ուզէք որ մարդիկ ձեզի ընեն, դուք ալ անոնց այնպէս ըրէք, քանզի այս է օրէնքը ու մարգարէները»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի ունկնդիրներ. Այսօր մեր սերտողությունը սկսելու ենք Մատթևոսի Ավետարանի յոթներորդ գլխի վեցերորդ համարից սկսած: Յոթներորդ գլուխը Լեռան Քարոզի վերջին գլուխն է, որով ավարտվում է բարոյական օրենքների խրատական շարքը, և սկսվում է Հիսուս Քրիստոսի հանրային ծառայությունը՝ այլ վայրերում:
Երեկ մենք խոսեցինք դատելու և նրա վատ հետևանքների մասին, որոշակի պատկերացում կազմեցինք դատելու ձևերի մասին;
Այսօրվա սերտողության մեր Տէր Հիսուս մեզ սովորեցնում է չափազանց պատասխանատու վերաբերմունք ունենալ ո՛չ միայն ուրիշին մեղադրելու մեջ, այլ նաև մեր սեփական անձի արտաբերած յուրաքանչյուր խոսքի, և հատկապես Աստծու անհարկի և սխալ մատուցման վտանգների մասին;
Որպեսզի հասկանանք թե ի՞նչ է նշանակում (Մի տվեք սրբությունը շներին), նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է այս պարագայում սրբությունը, և ի՞նչ նշանակություն ունի այստեղ շունը: Մենք պետք չմոռանանք , որ Տէր Հիսուս ծնվել և մեծացել է հրեական ընտանիքում և լավատեղյակ է բոլոր ավանդություններին ու կրոնական սովորություններին:
Հին կտակարանում կարդում ենք կենդանիների զոհաբերությունների մասին, որոնք արվում էին մարդկանց մեղքերի թողության համար, մի՛նչև Քրիստոս; Զոհաբերության կենդանին պետք է լիներ հոտի մեջ առանձնացված, կատարյալ առողջ, ընտիր վիճակում, որպես զոհաբերության համար նախապատրաստված մի կենդանի; Եթե հանկարծ այս առանձնացված կենդանուն արոտի ժամանակ մի գայլ վնասեր, նրա միսը որպես սրբության համար նախատեսված կենդանի՝ շներին՝ որպես կերակուր տալ չէ՛ր կարելի, հարգանք ունենալով սրբության նկատմամբ: Հետևաբար այն կենդանին, որը նախատեսված էր զոհաբերության համար, արդեն համարվում էր սրբություն, եթե նույնիսկ նրան վնասել է գայլը կամ մի այլ գիշատիչ: Հիմա հասկացանք, թե ի՞նչ նշանակում սրբությունը շներին չտալու գաղտնիքը; Ուրեմն շունը ի՞նչ նշանակություն ունի որպես խորհրդանիշ:
Հրեական ավանդության մեջ շունը նույնականացվում էր հեթանոսի, թշնամու, և օտար մարդու հետ: Հիշո՞ւմ եք Ավետարանում Տէր Հիսուս քանանացի հեթանոս կնոջը համեմատեց շան հետ՝ ասելով՝ (Լավ չէ մանուկների հացն առնել և շներին գցել): Տէր հիսուս բացահայտ օգտագործում էր այդ օրինակը, քանի որ Ինքը խոսում էր հրեա համայնքի համար և այդ բառակապակցությունները նրանց ականջին սովոր էր: Իսկ մանուկները իսրայելի տան զավակներն էին: Հասկացանք նաև, թե ինչ նկատի ուներ Քրիստոս՝ շուն ասելով:
Շարունակելով Իր խոսքը մարդկանց դատելու վտանգի մասին, Տէր Հիսուս աշակերտներին զգուշացնում է, որ հեռու մնան նաև հեթանոսական համայնքներից և շատ ժամանակ
նրանց արգելում էր Տիուրոսի և Սիդոնի կողմերը գնալ, որտեղ հեթանոսական շրջաններ էին:
Սրբությունը շներին չտալ և մարգարիտները խոզերի առջև չլցնելը նույն իմաստն են արտահայտում այս պատգամի մեջ, այսինքն արժեքավոր մի բան անարժանին մի տուր, քանի որ չի հասկանա և դեն կնետի և այդ արժեքավորը կդառնա ոտքի կոխան; Նույնն է, թե Աստծու խոսքը մատուցես մեկին, որը նախապես ծաղրում էր, կամ չէր հավատում Աստծուն;
Աստծու խոսքը այդ արժեքավոր մարգարիտն էր, որ խոզերի (խոզեր ասելով հռոմեացիներին նկատի ունի) առջև պետք չէր դնել: Աստծու խոսքը այն սրբությունն է, որով շներին չի կարելի կերակրել դրանով: Ոտքի կոխան արտահայտության մասին մենք կարդացինք հինգերորդ գլխում, երբ Հիսուս Քրիստոս աշակերտներին երկրի աղ անվանեց, և եթե աշակերտները (ոչ միայն աշակերտները) չկարողանան պահել իրենց աղի հատկությունը, ապա կդառնան մարդկանց համար ոտքի կոխան; Հետևաբար ինչը սուրբ է, պետք է սրբությամբ պահել ու պահպանել:
Ամեն կիրակի Պատարագի ժամանակ դուք լսում եք նմանատիպ մի արտահայտություն՝ (ի սրբություն՝ սրբոց): Այսինքն Սրբությունը, որ Քրիստոսի Մարմինն ու Արյունն է, Պատարագի ավարտին պետք է բաժանվի արժանավորներին, որոնք ողջ պատարագի ընթացքում աղոթակից են եղել բոլորին, զղջումով են մասնակցել Պատարագին և խոստովանությամբ մաքրվելով արժանանում են այդ Սրբությանը: Արդեն բավականաչափ հասկանալի դարձավ, թե ի՞նչ է սրբությունը և ո՞վ է արժանի ընդունելու այդ սրբությունը:
Մենք շատ ենք լսում, որ քրիստոնյան պետք է լինի բաց Ավետարան այլոց համար: Նաև Տիրոջից լսում ենք այս պատգամը՝ Աստծու սուրբ խոսքը անարժանին չմատուցելու մասին;
Երբ քրիստոնյան մի միջավայրում է հայտնվել, որտեղ անարժաններ (շներ և խոզեր) են, գերադասելի է, որ այդ միջավայրում քրիստոնյա մարդը չներկայացնի Աստծու խոսքը, այլ՝ հարաբերությունների մեջ ցուցաբերի իր քրիստոնեական առաքինությունները՝ կարգապահություն, արդարություն, ճշմարտախոսություն, լսելու հատկություն, համբերություն և այլն; Այս կերպով առավել կարելի է շարժել անհավատ մարդու ուշադրությունը, քան նրան ստիպելով երկու խոսք ասել Աստվածաշնչից; Դրա համար քրիստոնյայից պահանջվում է Աստվածաշնչի պարունակությունը դարձնել կյանք և այդ ճանապարհով մատուցել, որպեսզի հանկարծ Աստծու խոսքը գետին չընկնի: Քրիստոնյա հավատացյալը պետք է պատրաստ լինի ամեն տեսակ միջավայրում իրեն ճիշտ դրսևորել՝ որտեղ խոսք է պետք, թո՛ղ խոսի: Որտեղ լռել է պետք, թո՛ղ լռի; Որտեղ իր քրիստոնեական օրինակն է պետք, թո՛ղ չզլանա; Թանկ բաների հետ շատ զգուշությամբ պետք է վարվել, հատկապես, որ դրանք մեզ փոխանցվել են Աստծուց: Բայց այդ Թանկը բաները մատուցելու բոլոր ձևերը պետք է տիրապետի քրիստոնյա հավատացյալը:
Հավատի մեջ զորեղները միայն կարող են Քրիստոսի խոսքը հավուր պատշաճի մատուցել արժանի վայրում, և արժանավայել կերպով լռել անարժանների մոտ՝ ցուցաբերելով իրենց քրիստոնեական ներքին որակները՝ արտաքին դրսևորումներով:
Լեռան քարոզի մեջ չկա մի տող, որը մեր կյանքի հետ չառնչվի, չկա մի պատգամ, որը օրվա մեջ մեզ ասելիք չունենա; Ասում է խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ; Ուրիշ ի՞նչ կարելի է խնդրել Աստծուց, երբ Նա Իր անկողոպտելի Գանձերը առատորեն տվել է մեզ՝ իր առաքյալների միջոցով; Բայց այսքանը տալուց հետ դարձյալ ասում է խնդրեցեք…
Ասում է խնդրեցեք, որ ավելացնե՛մ ձեր հավատքը, իմաստություն խնդրեցե՛ք, որպեսզի հասկանաք Իմ խոսքերը, խնդրեցե՛ք, որպեսզի վերցնեմ ձեզնից ձեր հպարտությունը և դուք տեսնեք, որ առանց ինձ ոչինչ անել չեք կարող; Իսկ դուք խնդրում եք միայն անցավոր բաներ;
Ասում է, փնտրեցե՛ք և կգտնեք: Քանի որ Ես յուրաքանչյուր անհատի համար եկա աշխարհ, և թաքնված չեմ, հասանելի եմ ամեն փնտրողի համար, միայն թե ճիշտ տեղում փնտրեք Ինձ:
Ասում է, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ: Բոլոր դռները բախում եք ժամանակավոր հաջողությունների համար, բայց Իմ դռանը չեք մոտենում, որ ստանաք հավիտենականը, այլ հակառակը Ես եմ բախում ձեր սրտի դռները և դուք աղմուկի պատճառով չեք լսում Ինձ:
Տէր Հիսուս շարունակության մեջ արդեն տալիս է մարդ արարածի իրական բնութագիրը, ասելով,- դուք, որ չար եք…
Այո, ճշմարտությամբ է բնութագրում մարդուն, որովհետև տկարամիտ չար մարդը, որի և՛ սերն է սահմանափակ, և՛ ունեցվածքը, կարողանում է իր զավակի համար մի բարի բան անել, Իսկ Աստված, որ շռայլ է ամեն ինչում և անսահմանափակ է իր կարողությունը, և Նրա փառքը անհասանելի, որքան առավել կարող է պարգևներ տալ, նրան, որը խնդրում է, փնտրում է, և բախում է:
Սիրելիներ, եթե մենք Ավետարանից վերցնենք միայն (Ոսկե օրենքը) և այն դնենք մեր կյանքի ճամփաբաժնի վրա, ապրենք նրանով, հավատարիմ մնանք նրան, մեր կյանքը երկրի վրա կլինի դրախտ, երկնքի արքայությունը կտեսնենք անզեն աչքով, մեզնից կճառագի Քրիստոսի ճշմարիտ վարդապետության լույսը, և մենք կդառնանք կյանքը համեմող աղը: Որովհետև Ոսկե օրենքը հարաբերությունների կանոն է, որը իսպառ բացակայում է աշխարհում, մեր երկրում, մեր տներում, մեր անձերի մեջ: Ինչ բառերով, և պատճառներով որ մեղադրում ենք մարդկանց, բումերանգի օրինակով վերադառնում է մեզ՝ չուշացած: Սիրելիներ չեմ դադարի կրկնել, որ Ավետարանը անսահմանափակ աղբյուր է խոսելու և լսելու համար, բայց մեր ժամանակն է սահմանափակ:
Մնացեք սիրով՝ արժանացեք սրբություններին և ձեր սրբությունները տվեք արժանավորներին: