ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրաքի իմաստություն 1:25
Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում.
համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան։ Նա Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Թուղթ եբրայեցիներին 12.18-27
Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56
Ավետարան ըստ Մատթևոսի 7:1-5
1 Մի՛ դատէք, որպէս զի չդատուիք։ 2 Քանզի ի՛նչ դատաստանով որ դատէք, անով պիտի դատուիք եւ ի՛նչ չափով որ չափէք անով պիտի չափուի ձեզի։ 3 Եւ ինչո՞ւ եղբօրդ աչքին մէջի շիւղը կը տեսնես ու քու աչքիդ մէջի գերանին չես նայիր։ 4 Կամ ի՞նչպէս կրնաս ըսել քու եղբօրդ, ‘Թող տուր աչքէդ շիւղը հանեմ’. եւ ահա քու աչքիդ մէջ գերան կայ։ 5 Կե՛ղծաւոր, առաջ քու աչքէդ գերանը հանէ ու ետքը պարզ պիտի տեսնես եղբօրդ աչքին շիւղը հանելու։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ. Քրիստոս ծնավ և Հայտնեցավ, Օրհնեալ է Ծնունդը և Հայտնությունը Հիսուսի Քրիստոսի.
Այսօրվա Ավետարանը, որ պետք է սերտենք միասին, բոլորիս սիրած հատվածն է: Նույնիսկ նա, որը Ավետարանից լուր չունի, օգտագործում է այս տողերը՝ Մի՛ դատիր, որ չդատվե՛ս:
Այնքան շատ է գործածվում հարկի և անհարկի, որ երբեմն կորցնում է իր իրական իմաստը; Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ այս արտահայտությունը օգտագործում են հիմնականում արդարանալու կամ մեկին արդարացնելու համար, սակայն անտեսելով դրան հաջորդող մտքերը, որի շնորհիվ է հասկանալի դառնում պատգամի բուն ասելիքը:
Քանի որ, երբ մեր Տէրն ասում է մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, անմիջապես հետո ասում է,- որովհետև, ի՛նչ դատաստանով դատես, նրանով կդատվես, կամ ինչ չափով որ չափես, նրանով կչափվի քեզ համար: Ուրեմն առավել պետք է ուշադրություն դարձնել հաջորդ տողերի վրա, որը բացատրում է դատելու ձևի մասին; Նաև ասում է՝ ինչ դատաստանով, որ դատեք;
Մենք գիտենք, որ դատաստանը լինում է վերջում և լինում է որոշիչ: Այսինքն եթե վեճի կամ պարզաբանման ժամանակ մեկը մյուսին ասում է,- երկնքի արքայությանը երբեք չարժանանաս, դժոխքի բաժին դառնաս, աստվածային տեսությանը չարժանանաս, և նմանատիպ վճիռներ, սա նշանակում է, որ ասողը վերջնական դատաստանը խլել է Աստծուց և ինքն է ասում իր որոշիչ խոսքը: Եթե այսպիսի դատաստանով է դատել մարդը մեկին, ապա նույն դատաստանով էլ ինքը կդատվի Տիրոջ Դատաստանի օրը:
Բայց, Մի՛ Դատիր, արտահայտությունը ամենևին չի նշանակում, թե՝ չի՛ կարելի մի արատավոր երևույթի մասին բարձրաձայնել, քննարկել, վերլուծել, նկատողություն անել, ներել և մոռանալ: Կա նաև մեկ ուրիշ տարբերակ դատելու, սխալը քննել, փորձել արդարացում գտնել արածի մեջ, որովհետև բոլոր սխալների մեջ էլ կարող են գտնվել արդարացնող միջոցներ:
Առհասարակ ժողովրդական խոսքն ասում է, երբ Աստված քո առջև բերում է մի մեղավոր մարդ, դու դատելուց առաջ մտածիր, քո մեջ չկա՞ արդյոք այդ մեղքից, կամ եթե այդ մեղքից չկա, նմանատիպ մե՞ղք էլ չկա: Դու նայիր քեզ այդ մեղավոր մարդու միջոցով: Այսինքն քո մերձավորին մի դատիր այնքան ժամանակ, մինչև դու քեզ չզգաս նրա վիճակում:
Իմաստունն ասում է, միայն մե՛կ սերմ կա, որ ցանում ես այս աշխարհում և հազարապատիկը ստանում ես հանդերձյալում; Դա այն է, երբ փորձում ես արդարացում գտնել մեղավորի արածի մեջ, և չես դատապարտում նրան՝ վերը նշված վճիռներով, չնայած որ նրա արարքը անարդար էր քո հանդեպ:
Հրեական մի առակ կպատմեմ ձեզ այս մասին, որպեսզի լավ տպավորվի իմաստունի խոսքերը, թե՝ ինչպե՞ս կարելի է արդարացնել անարդարին;
Գալիլիացի մի մարդ իր ապրուստը ապահովելու համար երեք տարվա պայմանագրով ծառայության է մտնում մի մեծահարուստի մոտ: Լրանում է պայմանագրի ժամկետը, գալիլիացին իր վարձն է պահանջում, որպեսզի իր տուն վերադառնա: Գործատերն ասում է, որ դրամ չունեմ քեզ վճարելու համար: Ծառան ասում է,- դրամ չկա, բերքով փակիր իմ վարձը; Տերն ասում բերք չեղավ այս տարի: ծառան ասում է,- հող տուր վարձի փոխարեն, տերն ասում է, որ հողերը գրավ է դրված, չեմ կարող տալ: Մի խոսքով երկար սակարկումներից հետո ծառան ձեռնունայն վերադառնում է իր տուն:
Անցնում է ժամանակ, գործատերը երեք էշ է գնում և դրանք բարձում է ուտելիքով, հագուստով, և զանազան նվերներով և գնում է գալիլիացու տուն: Հյուրասիրությունից հետո վճարում է հասանելիք գումարը՝ ավելիով, տալիս է նաև նվերներն ու ուտելիքը՝ էշերի հետ միասին: Բայց խնդրում է, որ ծառան պատասխանի իր մի հարցին. Ինչո՞ւ դու ինձ չմեղադրեցիր այդ պահին, երբ ես ոչինչ չունեի քեզ վճարելու համար, և լուռ հեռացար, առանց բարկանալու: Չէ՞ որ երեք տարի աշխատեցիր ինձ համար: Ծառան պատասխանում է,- Երբ դու ասացիր, որ դրամ չունեմ վճարելու, ես մտածեցի, որ քո գործերը ձախողվել են, և դու քո ամբողջ գումարը տանուլ ես տվել: Իսկ երբ ասացիր որ բերք չկա, ես մտածեցի,, որ բերքի տասանորդը դեռ չես տվել, այդ պատճառով չկարողացար ինձ տալ: Իսկ երբ ասացիր, որ հող էլ չես կարող տալ, ես մտածեցի, որ գրավ դրած հողի գումարը վճարել ես քո որդու ուսման դիմաց: Մեծահարուստը ապշում է այս պատասխաններից և անկեղծությամբ ասում է, որ այդ երեքն էլ այդպես է եղել իրականում:
Ծառան մի քիչ ուշացումով, բայց ստացավ հարյուրապատիկը՝ անարդարության դիմաց՝ արդարացում գտնելու պատճառով, և մեծ օրհնություն ստացավ իր տիրոջից՝ լսելով, թե՝ քանի որ դու ինձ արդարացրիր, թող դու էլ արդարացվես երկնային արդարների դատաստանի ժամանակ, քո համբերատարության համար:
Սա այն սերմն է, որի պտուղը ավելիով ստանում ենք հանդերձյալում՝ Տիրոջից, եթե մենք էլ կարողացել ենք այսպես վարվել երբևէ:
Եվս մի հետաքրքիր պատմություն կա չդատելու վերաբերյալ: Վաղ ժամանակներում, Վանքերից մեկում, վանականներ են ապրում, բոլորը միմյանց ճանաչում են, ապրում են հաշտ և համերաշխ՝ ծանոթ լինելով միմյանց թերություններին: Մեկը ծուլանում է աղոթքի մեջ, մեկը ծուլանում է ընթերցանության մեջ, երրորդը հակում ունի դեպի ուտելիքը և այլն;
Նա որ ծուլանում էր ընթերցանության մեջ, հանկարծակի ծանր հիվանդանում և անկողին է ընկնում: Հոգին ավանդելուց առաջ վանականները նկատում են, որ նրա մարմնից լույս է ճառագում: Շատ են խնդրում, որ մահամերձը ասի, թե ո՞րն է եղել իր ամենամեծ առաքինությունը՝ իր ապրած տարիների ընթացքում, որն ինքը գաղտնիք է պահել, չէ որ մենք քո տկարությունները գիտեինք: - Իմ կյանքի մեջ երբեք ո՛չ ոքի չեմ դատել,- պատասխանում է վանականը և ավանդում հոգին: Աստված թող վանականի հոգին լուսավորի և արժանացնի Իր աջակողմյան սրբերի դասին: Իսկ մենք աղոթենք, քանի որ անկատար ենք Աստծու առջև՝ հատկապես այս հարցում:
Միա՛կ Արդարդ՝ Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Դո՛ւ որ նույնիսկ խաչի վրա ներում հայցեցիր Քեզ խաչողների համար, և ո՛չ մեկին չդատապարտեցիր մահվան արժանի գործերի համար:
Դու չդատապարտեցի՛ր ուրացողին, մատնողին, ապտակողին, և նույնիսկ՝ փշե պսակ դնողին:
Մի՛ դատապարտիր նաև մեզ՝ որ գիտես մեր նույն տկարությունները, ինչ որ ունեին Քեզ հալածողները: Արժանացրու մեզ աջակողմյան ավազակի զղջմանը, Պետրոսի դառը արցունքներին, Նիկոդեմոսի արթնությանը, կույրի հոր անկեղծ խոստովանությանը, թե հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը: Նույնիսկ մենք՝ Քեզ դավանողներս, մեղանչում ենք Քո առջև: Ներիր, Գթա, ողորմիր և ապրեցրու մեզ Տէ՛ր, Քո բարի կամքի համաձայն, մինչև մեր կյանքի՝ Քո նախախնամած օրը:
Սիրելիներ, երբ պահը գա մեկի արարքը քննության ենթարկելու, մի պահ առանց շտապելու մտովի հիշենք այս գեղեցիկ պատմությունները, ուժ գտնենք մեր մեջ, ո՛չ թե դատապարտելու, այլ հնարավորինս արդարացում փնտրելու եղածի մեջ: Կենցաղային խնդիրների մեջ սա հնարավոր և կիրառելի տարբերակ է: Խոսքը չի վերաբերում մեծագույն մեղքերին, որոնք քրեորեն պատժելի են և չի կարելի անտեսել՝ հանրությանը չվնասելու համար:
Հիմա մի պահ վերադառնանք մեր իրականություն, վերհիշենք այս օրերի բոլոր այն անեծքներն ու հայհոյախառն դատապարտությունները, վերջնական վճիռների պատիժները՝
երբեմն մահվան դատապարտելու ելքերով, և այլն; Անշուշտ մեղադրողները արդարներ չեն, և իրենց աչքերի մեջ էլ գերաններ կգտնվեն:
Նաև հասկանալի է, որ մեղադրողները Ավետարանից լուր չունեն: Բայց երբեմն նաև գտնվեցին մարդիկ, որոնք նզովեցին իշխանությանը, մինչդեռ քչերը հանձնեցին Աստծուն այս իրավիճակի պատասխանատուներին;
Եղան նաև մարդիկ, որոնք մահափորձի առաջարկներ արեցին: Այս տեսակ դատապարտության մասին է խոսում մեր Տէրը, երբ ասում է ինչ դատաստանով որ դատես, նրանով էլ կդատվես; Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, չի ասում որքան մեծ է մեղքը, այնքան մեծ է պատիժը, այլ ասում որքան խիստ դատես, այնքան խիստ կդատվի քեզ համար;
Աստված չի արդարացնում մեղքը, բայց նաև չի արտոնում որ մենք որոշենք, թե ի՞նչ է լինելու մեղավորի հետ; Գուցե մեղավորը մի օր Տիրոջ առջև մաքսավորի պես դարձ ունենա, կամ անբարո կնոջ պես տեսնի իր քարկոծման և մահվան վտանգը և դարձ ունենա: Աստված գիտե միայն: Մենք դատում ենք միայն արտաքին երևույթները տեսնելով:
Հաջորդ պատվիրանը սրա շարունակությունն է: Այն մասին է, որ յուրաքանչյուր ոք թող իր անձը քննի, ապա անդրադառնա այլոց մեղքերին: Այստեղ էլ Տէր Հիսուս չի արտոնում մեղքը, սակայն հորդորում է ինքնաքննության ենթարկել սեփական անձը;
Մեկնաբաններն ասում են, թե մարդուն երբեք հայտնի չի դառնա ուրիշի թերությունները, եթե ինքը չունենա այդ նույն թերություններից: Այս փաստը ապացուցելու համար Հիսուս Քրիստոս ասում է,- նախ դու հանիր քո աչքի գերանը, ապա պարզ կտեսնես քո եղբոր աչքի շյուղը: Այսինքն այն մարդը, որը թաքցնում էիր մեղքը և ուրիշինն է մատնացույց անում, Տէր Հիսուսի կողմից կոչվում է կեղծավոր:
Սիրելիներ դատելու թեման այնքան ծավալուն է, որքան որ դատելու պատճառները; Բոլոր արարքների համար չկա միանշանակ մեղադրանք: Երբեմն հանգամանքները տարբեր են, մեղադրանքները նույնպես; Կան շատ դեպքեր և գերան ունեցողը մեղադրում է շյուղ ունեցողին; Դեպքեր էլ կան, երբ իր աչքից գերանը հանածը սիրով զգուշացնում է շյուղ ունեցողին: Բայց որ փոխադարձ մեղադրանքները գնալով դառնում են ավելի վտանգավոր, դա անհերքելի փաստ է: Բոլոր դժվարությունները գալիս են նրանից, որ մենք Սուրբ Գիրք լավ չգիտենք, և մոռանում ենք, որ Հիսուս Քրիստոս աղոթեց նրանց համար, որոնք թքեցին իր վրա, և անարգեցին իրեն խաչի վրա: Այս հանգամանքը հիշելիս, գուցե մի փոքր մեղմանա մեր դատելու զորությունը: Չի ավարտվում այս թեման, բայց մենք ավարտենք, եթերաժամի մեջ տեղավորվելու պատճառով;
Մնացեք սիրով՝ փորձեք խիստ չլինել դատելիս, իսկ եթե այնուամենայնիվ առիթը կա դատելու, թող ձեր աչքի մեջ ո՛չ շյուղ լինի, ոչ էլ գերան, որպեսզի ձեր խոսքը խրատական լինի, ոչ թե նորից վերադառնա ձեզ: Հիշենք ինչ ասաց Հիսուս՝ անբարո կնոջը քարկոծողներին՝ ով արդար է, թող առաջինը քար գցի: