ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրաքի իմաստություն. 1:29
Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է։ Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն։ Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը։ Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ։ Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից։ Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ, քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7
Ավետարան ըստ Ղուկասի 1.26-38
Ավետարան ըստ Մատթևոսի 6:24-34
24 Մարդ մը չի կրնար երկու տիրոջ ծառայութիւն ընել. վասն զի կա՛մ մէկը պիտի ատէ եւ միւսը սիրէ, կա՛մ մէկուն պիտի յարի եւ միւսը պիտի արհամարհէ. չէք կրնար ծառայել Աստուծոյ ու մամոնային։ 25 Ուստի կ՚ըսեմ ձեզի. «Հոգ մի՛ ընէք ձեր կեանքին համար թէ ի՛նչ պիտի ուտէք, կամ ի՛նչ պիտի խմէք. ոչ ալ ձեր մարմիններուն համար թէ ի՛նչ պիտի հագնիք. չէ՞ որ կեանքը կերակուրէն աւելի է ու մարմինը հագուստէն։ 26 Նայեցէք երկնքի թռչուններուն, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, ո՛չ ամբարի մէջ կը ժողվեն, բայց ձեր երկնաւոր Հայրը կը կերակրէ զանոնք։ Չէ՞ որ դուք անոնցմէ լաւ էք։ 27 Հիմա ձեզմէ ո՞վ կրնայ իր հոգ ընելովը իր հասակին վրայ կանգուն մը աւելցնել։ 28 Ու հագուստի համար ինչո՞ւ հոգ կ՚ընէք. նայեցէք դաշտի շուշաններուն, ի՞նչպէս կ՚աճին։ Ո՛չ կ՚աշխատին եւ ո՛չ կը մանեն. 29 Բայց ձեզի կ՚ըսեմ թէ Սողոմոն ալ իր բոլոր փառաւորութեանը մէջ անոնցմէ մէկո՛ւն պէս չհագուեցաւ։ 30 Ուստի եթէ դաշտի խոտը, որ այսօր կայ եւ վաղը փուռը կը ձգուի, Աստուած այնպէս կը հագուեցնէ, հապա որչա՜փ աւելի ձեզ, թե՛րահաւատներ։ 31 Ուրեմն հոգ մի՛ ընէք՝ ըսելով. ‘Ի՞նչ պիտի ուտենք, կամ ի՞նչ պիտի հագնինք’։ 32 (Քանզի այդ բոլոր բաները հեթանոսները կը խնդրեն). վասն զի ձեր երկնաւոր Հայրը գիտէ՝ թէ այդ բոլոր բաները ձեզի պէտք են։ 33 Բայց առաջ խնդրեցէք Աստուծոյ թագաւորութիւնը եւ անոր արդարութիւնը ու այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրուին։ 34 Ուստի վաղուան համար հոգ մի ընէք, վասն զի վաղուան օրը իրեն համար հոգ պիտի ընէ. հերիք է օրուան իր նեղութիւնը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հավատացյալներ. Քրիստոս ծնավ և Հայտնեցավ, Օրհնեալ է Ծնունդը և Հայտնությունը Հիսուսի Քրիստոսի. Այսօր կավարտենք Մաթևոսի Ավետարանի վեցերորդ գլուխի սերտողությունը, որում զետեղված են մեր առօրյա կյանքին վերաբեվող պատգամներ, որի կատարման դեպքում հավատացյալ քրիստոնյան չի կորցնի իր հեղինակությունը, իր խոսքը լսելի կլինի, և ամենակարևորը չի հարուցի Աստծու զայրույթը;
Ավետարանը, որ կարդացի ձեզ համար, սկսվում է այս պատգամով.- Ո՛չ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, այսինքն չեք կարող ծառայել Աստծուն, ծառայելով մամոնային…Այս տողերը հավելյալ բացատրության կարիք չունեն, ուղղակի պետք է կարդալ ամեն օր:
Միայն այս առաջին տողը վերցնենք և հարցում կատարենք ժողովրդի մեջ, արդյոք տեղյա՞կ են Ավետարանի այս համարից: Մեծամասնությունը դրական պատասխան կտա, այն առումով, որ եթե նույնիսկ Ավետարանում չեն կարդացել, բանավոր շատ են լսել այս խոսքը:
Բոլորս լսել ենք պատգամը, բոլորս տեղյակ ենք, բայց բոլորս նույն մեղքի մեջ ենք: Քանի որ բոլորս գիտենք Աստծու գոյության մասին, սակայն յուրաքանչյուր ոք ծառայում է իր անձնական մամոնային: Մեղքը հասարակական չի լինում, այլ հասարակության յուրաքանչյուր անդամ յուրովի է մեղանչում; Որտե՞ղ է խնդիրը: Ինչո՞ւ է այսպես:
Մենք մի ուրիշ պատգամ էլ ունենք մեր Տիրոջից, որն ասում է,- «Եթե սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանը»:
Երկու պատվիրանն էլ հասկանալի է ասված, երկուսին էլ ծանոթ ենք, ուրեմն ինչո՞ւ չենք պահում: Բացատրությունը շատ պարզ է ըստ մեր գործերի. Մեղքը առավել ենք սիրում, քան Աստծուն: Մենք ուզում ենք և՛ Աստծուն ճանաչենք և՛ մեղքի հետ համագործակցենք: Աստված ասում է, ո՛չ, չես կարող այդպես անել, ընտրիր մեկին:
Սիրելիներ, ես բազմաթիվ նամակներ եմ ստանում երիտասարդ ընտանիքներից՝ ամուսնական անհավատարմության վերաբերյալ: Մեր կենցաղից վերցնենք այս պարզ օրինակը, որպեսզի մեզ համար ավելի հասկանալի լինի երկու պատգամն էլ իրենց բովանդակությամբ;
Ամուսնական զույգի կյանքում արձանագրվել է դավաճանություն; Տղամարդը չի կարող երկու կնոջ հավասարապես ուշադրություն դարձնել, միշտ ընդվզելու է կինը: Ինչո՞ւ:
Որովհետև կինը օրինական է, իսկ սիրուհին ապօրինի: Երբ անտեսվում է օրինականը, խախտվում է ընտանիքի բնականոն խաղաղությունը: Խախտվում է Աստծո կողմից սահմանված միանգամից երեք պատվիրան՝- Մի՛ շնացիր, եթե սիրես Ինձ, կպահես իմ պատվիրանը և չե՛ս կարող ծառայել երկու տիրոջ:
Այս օրինակը բերեցի ձեզ, քանի որ այս արատավոր երևույթը համատարած բնույթ է կրում մեր իրականության մեջ:
Տեսնո՞ւմ եք, որ Աստծու գոյության մասին գիտենալը բավական չէ, պետք է գիտենալ, թե Աստված ի՞նչ է ուզում մեզնից՝ մեր խաղաղությունը ապահովելու համար;
Այս պատվիրանը խախտված է համայն մարդկության մոտ:
Մի ուրիշ օրինակ էլ կարող ենք բերել համեմատության համար՝ նույն՝ երկու տիրոջ ծառայելու պատվիրանը խախտելու առումով: Բոլորդ գիտեք Քրիստոսի եկեղեցու առաքելության մասին, այն է, որ Քրիստոսի ուղղափառ վարդապետությունը փոխանցի հավատացյալ հոտին և ջանք թափի հոտի հոգու փրկության համար՝ ըստ Քրիստոսի մեկ այլ պատգամի՝ թե՝ Արածեցրու իմ գառներին, եթե սիրում ես ինձ:
Եկեղեցու սպասավորը թերացած է իր պարտականության մեջ, հոտը ծույլ է իր պահանջի մեջ, բայց գիտե եկեղեցու սպասավորը ինչի համար է: Օրերս ականատես եղանք մի փաստի, որ եկեղեցականները իրենց բացահայտ դրական վերաբերմունքը ցույց տվեցին ընդդիմադիր դաշտի կուսակցություններին և արժանացան հասարակության քննադատությանը, էլ չասեմ անվայել վիրավորանքներին: Եկեղեցու սպասավորը պետք է ծառայի Աստծուն և ժողովրդին, նրա համար տարբերություն չկա իր հոտի անդամը ո՞ր կուսակցությունից է, եկեղեցու սպասավորի համար հասարակության բոլոր շերտերը հավասար են, նույնն են, և պետք է գտնվեն նույն հարթության վրա: Ինչպես որ Տէր Հիսուս Քրիստոսի համար նույնն էր Զակքեոսը, անբարո կինը, անդամալույծը, օրենքի ուսուցիչը, Իր մտերիմ Ղազարոսը և քահանայապետը: Նույնիսկ՝ աջակողմյան ավազակը:
Երբ հանրությունը զգում է որ եկեղեցականը աչառություն է անում այս կամ այն կողմի հանդեպ, կորցնում է հարգանքը՝ եկեղեցականի նկատմամբ, չնայած, որ ինքը այդքան էլ եկեղեցասեր չէ, այդքան էլ տեղեկացված չէ եկեղեցական կյանքից, բայց ակնկալիք ունի, որ եկեղեցին միակ անաչառ կառույցը պետք է լինի բոլոր կառույցների մեջ:
Սիրելիներ, շատ ծանրացանք այս մի պատվիրանի վրա, բայց քանի այս մասին խոսեցինք, վերջնականապես ուզում եմ, որ դուք մի բան ձեր մտքում հաստատ ունենաք և երբեք չսասանվեք այդ առումով: Քրիստոսի Եկեղեցին անխախտ է, հաստատ է, հավիտյան է, քանի որ Քրիստոսի վարդապետության վրա հիմնված և Քրիստոս է Տէրը, բայց եկեղեցու սպասավորները սովորական մարդիկ են, որոնք հանձն են առել Քրիստոսի լուծը կրել; Ոմանք կրում են պատվով, ոմանք վարձկան հովիվներ են: Արդարացված չէ հոգևորականի նույն մեղանչումը, ինչը աշխարհականն է անում, բայց Դատաստանի ժամանակ աշխարհականը պատասխան չի տալու հոգևորականի մեղքի համար: Հետևաբար յուրաքանչյուր ոք թող հոգ տանի իր հոգու փրկության համար:
Տեսա՞ք, թե մի պատվիրան խախտելիս, ինչքան բան կարող է խախտվել մեր կյանքում: Իսկ երբ խախտում ենք բոլոր պատվիրանները, պատկերը այն է, ինչ հիմա ունենք մեր երկրում, չասելու համար ամբողջ աշխարհում: Ուրեմն այս պատվիրանից հասկացանք, որ չենք կարող հաշտ ապրել մեղքի հետ, եթե գիտենք Աստծու գոյության մասին: Այսինքն մե՞նք ծառայում մամոնային, թե՞ մամոնան ենք ծառայեցնում Աստծու փառքի համար:
Տէր Հիսուս ավարտեց թեման՝ նյութականի և Աստվածային միջև ընտրություն կատարելու մասին և անցավ կենցաղային կյանքին վերաբերող այլ պատգամների: Ավետարանի պատգամները գրվեց մարդկանց համար, սակայն կան պատվիրաններ, որ բոլորին չի վերաբերում, օրինակ մարդը կարող է ազնիվ լինել, և ամբողջ կյանքում գողություն չանել, կամ չսպանել: Բայց կա մի պատվիրան, որը համատարած բոլորին է վերաբերում, և միակն է բոլոր պատվիրանների մեջ, որի վերջում խոստում կա: «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված է տալու քեզ» (Ելք 21:12):
Ուրեմն ամեն ինչ հերթականություն ունի, ամեն ինչ հիմք ունի; Ինչպես որ երանիների սերտողության ժամանակ տեսանք, որ առանց նախորդ երանիի, հաջորդ երանին անկարելի է կատարել: Այնպես էլ պատվիրաններ կան, որոնք պետք է կատարեն բոլոր մարդիկ: Կան ծնողներ, որոնք զավակ չունեն, սակայն չկան զավակներ, որոնք ծնող չունենան: Աստված հոգ է տարել բոլոր տարիքների համար, քանի որ ծնողները տարիքի հետ դառնում են անաշխատունակ, տկար, հետևաբար զավակի պարտականությունն է պատվել իր ծնողին, որպեսզի Աստված էլ հոգա նրա կարիքները: Տէր Հիսուս Քրիստոս փորձում է մարդկանց հավատացնել, որ առանց քանոնի չես կարող ուղիղ գիծ գծել: Պատվիրանները անվճար ուրախություններ են ձեր կյանքի համար: Չէ որ կյանքը ավելին է քան հագուստ ու ուտելիքը, և հոգին առավել է քան մարմինը, որը ենթակա է ծերացման և մահվան;
Այս բոլոր օրինակները պարզ նկարագրություններով է անում մարդկանց համար, համեմատելով նրանց երկնքի թռչուններին, վայրի շուշանին, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռի Իր արարչագործության վրա, որը շատ հաճախ նաև մեր ուշադրությունից է դուրս մնում, մեր հոգսերի պատճառով: Սողոմոնի փառքի և վայրի շուշանի միջև հավասարության նշան է դնում Տէրը, ապացուցելու համար, որ գեղեցկությունը հարստության հետ կապ չունի, Աստված վայրի շուշանը ավելի գեղեցիկ է ստեղծել, քան մեծահարուստի թանկ հագուստը:
Մի՞թե դուք շուշանից առավել չեք ինձ համար, թերահավատնե՛ր: Կարծես Տէր Հիոսուս ուզում է մարդկանց ասել,- դուք այնքան թանկ եք ինձ համար, որ ես ձեր փրկության համար անարգանք կկրեմ և խաչը կբարձրանամ, իսկ դուք դեռ ուտելու և հագնելու մասին հոգ եք անում;
Իրապես, ինչքան դժվար է մարդ արարածին պարզ բաները բացատրել իր անձի վերաբերյալ, որի մասին այդքան մեծ կարծիք ունի: Տէր Հիսուս մի պարզ հարց է տալիս ներկաներին, ասելով,- ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի օրերից մեկը ավելացնել, կամ հասակի վրա մի սանտիմետր ավելացնել: Եթե չեք կարող այդ փոքր բաները անել, ուրեմն ինչո՞ւ չեք լսում, կամ հավատում Նրան, որը կարող է ձեզ մեռելներից հարություն տալ: Մեր կյանքի ու կենցաղի բոլոր խնդիրները առաջանում են հենց այս պատճառով, որ մենք՝ կա՛մ տեղյակ չենք Աստծու պատգամներից, կա՛մ տեղյակ ենք անտեսում ենք, կա՛մ էլ վատագույն տարբերակը՝ որի մեջ ապրում ենք բոլորս՝ երկու տիրոջ ծառայելն է:
Սիրելիներ, Աստծու պահանջը մեզնից՝ մեկն է: Նախ խնդրել Աստծու արքայությունն ու արդարությունը և մնացածը ավելիով ստանալ աշխատասիրությամբ:
Վաղվա մասին պետք չէ հոգալ այսօր, քանի որ վաղվա օրը կարող է իր մասին հոգալ: Մեզ օրվա բեռն էլ հերիք է ճիշտ դասավորելու համար:
Աշխարհը հաստատված է չարիքի վրա, օրվա չարիքի դեմ պայքարելը արդեն բավական է;
Ավարտեցինք վեցերորդ գլխի պատգամները, որոնք մեր կյանքի համար մեկական ուսուցիչ են հանդիսանում:
Մնացեք սիրով՝ վաղը տեսնվելու ակնկալիքով: Տիրո՛ջը ծառայեք, իսկ մամոնային ծառայեցրեք Աստծու փառքի համար:
Նոր սկսվող ամսից արդեն ինը օր անցավ, մենք պետք է ինը բան սովորած լինենք: