ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Սիրաքի իմաստություն 1:13
Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ՚օրհնուի։ Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։ Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։ Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Թուղթ եբրայեցիներին 1.1-12
Ավետարան ըստ Մատթեոսի 2.13-23
Ավետարան ըստ Մատթևոսի 6:14-23
14 «Վասն զի եթէ դուք ներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն ալ ձեզի պիտի ներէ. 15 Իսկ եթէ դուք չներէք մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ձեզի պիտի չներէ ձեր յանցանքները»։
16 «Երբ ծոմ կը պահէք, կեղծաւորներուն պէս տրտումերես մի՛ ըլլաք. քանզի իրենց երեսները կ՚աւրեն որպէս զի մարդոց երեւնան թէ ծոմ կը պահեն. ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի. ‘Անոնք իրենց վարձքը առած կ՚ըլլան’։ 17 Բայց դուն երբ ծոմ կը պահես, գլուխդ օծէ ու երեսդ լուա, 18 Որպէս զի մարդոց ծոմ պահողի պէս չերեւնաս, հապա քու Հօրդ՝ որ գաղտուկ տեղ կը գտնուի։ Քու հայրդ որ գաղտուկը կը տեսնէ, քեզի հատուցում պիտի ընէ»։
19 Երկրի վրայ ձեզի գանձեր մի դիզէք, ուր ցեցը ու ժանգը կ՚ապականեն, ուր գողերը պատ կը ծակեն ու կը գողնան. 20 Հապա ձեզի գանձեր դիզեցէք երկինքը, ուր ո՛չ ցեցը եւ ո՛չ ժանգը կ՚ապականեն ու ո՛չ գողերը պատ կը ծակեն եւ կը գողնան։ 21 Քանզի ձեր գանձը ուր որ է, սրտերնիդ ալ հոն պիտի ըլլայ։
22 Մարմնին ճրագը աչքն է, ուրեմն եթէ քու աչքդ պարզ է, բոլոր մարմինդ լուսաւոր կ՚ըլլայ։ 23 Բայց եթէ քու աչքդ վատ է, բոլոր մարմինդ մութ կ՚ըլլայ. ուրեմն եթէ քու մէջդ եղած լոյսը խաւար է, ալ այն խաւարը ո՜րչափ է։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Օրհնեալ է Ծնունդը և Հայտնությունը Հիսուսի Քրիստոսի.
Երեկվա մեր սերտողությունը ողորմության և աղոթքի մասին էր: Իսկ այսօրվա սերտողության մեջ մեր Տէրը աշակերտներին Տերունական Աղոթքն է սովորեցնում:
Մատթևոս Ավետարանիչը մեզ ոչինչ չի ասում այդ աղոթքի պահանջի մասին, սակայն Ղուկաս ավետարանիչն ասում է, որ աշակերտները խնդրեցին իրենց աղոթել սովորեցնի այն բանից հետո, երբ Տէր Հիսուս մի տեղ աղոթքի էր կանգնած: Աղոթքն ավարտելուց հետո, աշակերտներից մեկը Նրան խնդրում է, որ իրենց էլ սովորեցնի աղոթել, ինչպես որ Հովհաննես Մկրտիչն էր սովորեցնում իր աշակերտներին: Վարդապետը չի մերժում խնդրողին և միանգամից նրանց տալիս է Տերունական աղոթքի այսքան սեղմ բառերը, որպեսզի աշակերտներն էլ պատկերացնեն թե՝ աղոթքի պահին Աստծու հետ ինչպե՞ս պետք է խոսել: Նախորդ համարում բոլորին զգուշացնում էր, որ հեթանոսների պես չերկարեցնեն իրենց աղոթքները, քանի որ աղոթքը երկար բառերով չէ, որ ընդունելի, այլ ճիշտ ձևակերպմամբ:
Որովհետև,- ասում է Նա, ձեր Երկնավոր հայրը գիտե, թե ի՞նչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան խնդրենք: Հայր Մերը Տերունական այն աղոթքն է, որով սկսվում և ավարտվում է եկեղեցական բոլոր արարողություններն ու ծեսերը, շատ սիրելի աղոթք է հավատացյալի համար, և կարծում եմ որ ամենաշատ գործածելի աղոթքն է:
Համառոտ է իր չափով և շատ խորը գիտելիք է պարունակում այդ կարճ մտքերի մեջ: Մի գեղեցիկ պատմություն կա այս աղոթքի մասին.
Ասում են պատերազմի ժամանակ Նապոլեոնը, զեկուցելու պահին ընդհատել է զինվորականի խոսքը և կարգադրել է, որ իր հրամանատարը այդ պահին ասի Հայր Մեր աղոթքը: Բոլորը ապշում են կայսրի այդ արարքից: Երբ հրամանատարը ավարտում է Հայր Մերը, Նապոլեոնը այն զինվորականին, որին ընդհատել էր, ասում է, - տեսնո՞ւմ ես, թե որքան հակիճ է խոսքը, բայց իմաստալից և ո՛չ մի ավելորդ բառ չկա մեջը: Գնա և սովորիր խոսել կարճ, բայց բովանդակալից:
Հիմա մի պահ մտովի պատկերացնենք մեր աղոթքները, և այսուհետ կրճատենք այնտեղից բոլոր ավելորդ բառերը, որ կրկնում ենք մեր աղոթքների մեջ: Եթե մեր Երկնավոր Հայրը գիտե, թե մեզ ի՞նչ է պետք, ուրեմն պետք է հակիրճ ներկայացնել աղոթքը այնպես, ինչպես Տերունական աղոթքն է, որը այդքան կարճ լինելով հանդերձ իր մեջ այնքան հարազատություն, վստահություն, հավատ, մտերմություն, և ջերմություն կա հենց միայն առաջին տողում, որ բոլորի համար Հա՛յր կոչեց Իրեն:
Ինչպես տեսնում ենք, Տերունական աղոթքը չի սկսվում խնդրանքով, այլ մեծարումով և գնահատանքի խոսքերով:
Շատ կարճ ամփոփենք աղոթքի բառերը, քանի որ ես ավելի մանրամասն խոսել եմ այս աղոթքի մասին, կարող եք փնտրել և գտնել իմ յութուբյան կանալում:
Երբ մենք ասում ենք թող Քո անունը Սուրբ լինի, նշանակում է, որ մենք կամենում ենք Աստծու անունը սուրբ տեսնել մեզ շրջապատող ամեն ինչի մեջ և հատկապես մեր մեջ թող սուրբ լինի Քո անունը: Ավետարանը շատ է խոսում Աստծու Արքայության մասին՝ համարյա բոլոր առակներում, և ասում է որ մոտեցել է Աստծու Արքայությունը: Մենք կորցրել ենք այդ Արքայության ներկայությունը մեր կյանքում և հատկապես մեր մեջ՝ ինչպես որ Տէր Հիսուսն ասաց՝ ձեր մեջ է արքայությունը, այլ տեղ մի փնտրեք: Մենք խնդրում ենք Իր թագավորությունը գա, որպեսզի տեղի ունենա այդ հանդիպումը մարդու և Աստծու միջև: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք տրվելու անկեղծությամբ և հաստատվել Աստծու ներկայության մեջ: Յուրաքանչյուր միայնակ մարդ այս աղոթքով կարող է մխիթարություն գտնել իր սրտում, եթե հույսով և ձգտումով փափագի և խնդրի:
Հաջորդ տողը, Աստծու կամքի մասին է, որը խախտվում է ամեն անգամ, երբ մենք անուշադիր ենք աղոթում այս տողերը, կամ առանց աղոթքի ենք որևէ գործ ձեռնարկում: Միայն ձախողելուց հետո ենք հիշում, որ գուցե սա Աստծու կամքը չէր: Բայց դեռ հարց է, մեն իրապես ուզո՞ւմ ենք Աստծու կամքը ամեն ինչի մեջ: Որովհետև երբեմն մեր սիրելի մեղքերը գործելիս ամենևին էլ չե՛նք ուզում Աստծու կամքը փնտրել, որովհետև գիտենք, որ մեր կամքը հակառակ է Աստծու կամքին; Մոռանում ենք նաև, որ Աստված գիտե մեր ուզածը՝ նախքան մեր խնդրելը: Տերունական աղոթքի ամեն տողը մեծագույն ուշադրություն է պահանջում աղոթելիս, այլապես այն կլինի մի գեղեցիկ բանաստեղծություն, որ հաճախ ենք արտասանում՝ մեզ մխիթարելու համար:
Մեր հանապազօրյա հոգևոր հացի մասին աղոթքը իրականություն է դարձել, և դուք ամեն օր լսում եք ձեր բաժին հոգևոր դասը: Քանի որ Տէր Հիսուս ասաց, մարդը միայն հացով չի ապրում: Մարդը սնվում է Աստծու պարգևով, նա չի ապրում ուտելու համար, այլ Աստծու պատկերը պահելու համար և աշխարհին տիրելու համար:Սնունդով աշխարհ մտավ մեղքը, Ադամը հավատաց, որ կդառնա Աստված և կազատվի Աստծուց, և դարձավ ծառա մեղքի:
Ոչ միայն հացիվ, ասաց Տէրը. Նա նոր ուտելիք տվեց մարդուն, որը իր Մարմինն ու Արյունն է, որը դարձյալ նրան կդարձնի հավիտենական անմահ: Տո՛ւր այսօր՝ այսօ՛ր ապրելու համար, և շնորհակալ ենք դրա համար: Իսկ հանապազօրյա նյութական հացը արդեն վաստակում եք ամենքդ Աստծու ողորմությամբ;
Հիմա հասանք աղոթքի ամենապատասխանատու խնդրանքին՝ թո՛ղ մեզ մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք թողնում: Այս տողը աղոթելու ժամանակ շատ օգտակար է կիրառել Սուրբ Անտոնի այն հորդորը, որն ասում է, ուղղակի պետք է Աստծուն ասել,- Իմ մեղքերը թո՛ղ այնքան, որքան որ ես եմ թողնում իմ դեմ մեղանչածներին: Այս խոսքերը մեծ պատասխանատվություն են առաջացնում աղոթողի համար, որովհետև մարդը Աստծու հետ է խոսում, ոչ թե որևէ մեկի: Գիտե՞ք ինչի համար է պետք այսպես ասել:
Որովհետև Հիսուս Քրիստոս ասում է, մինչև դուք չթողնեք, ձեզ չի թողնվի երկնքում:
Վերջին միտքը, որ խնդրում են Աստծուն, թե՝ մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր չարից: Մի՞թե Աստված է մեզ տանում փորձությունների՝ մեզ տանջելու համար: Անշուշտ ո՛չ: Յուրաքանչյուր ոք հայտնվում է փորձության մեջ՝ ի՛ր կամքով, ի՛ր գործած մեղքի պատճառով, Աստծու կամքը չփնտրելու համարձակության պատճառով: Հաճախ է հնչում այսպիսի հարց, թե՝ Երբ կա Աստված ինչո՞ւ է թույլ տալիս չարին, որպեսզի մարդուն փորձի:Աստված չի վերցնում չարը, այլ ուժ է տալիս պայքարելու չարի դեմ. որը ավելի զորեղ զենք է քան չարին վերացնելը: Քրիստոսի փորձությունը հաղթանակ էր չարին. մենք նույնպես օգնությունն ենք խնդրում Աստծուց, որ ուղարկի մեզ՝ փորձության մեջ եղած ժամանակ. Մենք ենք ընտրում հույս հավատ սեր, այլ ո՛չ չար և փորձություն: Հավերժական կապի մեջ լինենք մեր Տիրոջ հետ: Խնդրենք, որ մենք ունենանք պայքարող և հաղթող հոգի Քրիստոսի հետ մասին: Վերջին տողով հաստատում ենք, որ քոնն է արքայությունը, և զորությունը և փառքը հավիտյան.
Երեք կարևոր արժեքներ՝ թագավորություն՝ որ Հիսուս եկավ թագավորի պես, խոսեց թագավորի իշխանությամբ, Աստվածային իշխանությամբ հարություն առավ: Զորությունն այն է, որ հաղթեց մահին, և եղավ միակը, որ տեսնողին կուրացրեց, և կույրին բուժեց և ասաց,- ես հաղթեցի աշխարհին: Իսկ Փառքը՝ հույսի հավատի և սիրո, որ միայն իրենն է պատկանում.
Սիրելիներ տեսանք, թե այս հակիրճ աղոթքը ինչքան բան սովորեցրեց մեզ: Ամեն անգամ այս աղոթքն անելիս պետք է պատասխանատու լինենք մեր արտաբերած ամեն տողի համար:
Տեսանք նաև, թե ինչպես է Տէրը Հայրական խնամքով ամեն բան սովորեցնում հանգամանորեն, այնպես, ինչպես մի հոգատար հայր կսովորեցնի իր զավակին;
Իսկապես Լեռան քարոզը գլուխգործոցն է բոլոր պատվիրանների: Չկա մի առաքինություն, որին չանդրադառնա Տէր Հիսուս Քրիստոս; Ներկաների համար խոսում է նաև պահքի տեսակների մասին, որն արդեն ծանոթ էր հրեա ժողովրդին: Նրանք միասնական պահք պահելու փորձառություն ունեին հատկապես՝ համաճարակների, երաշտի և այլ աղետների ժամանակ: Ծանոթ էին նաև անհատական պահքերին; Սովորություն կար մարդկանց մեջ ընդունված, որ պահքի օրերին լվանում էին իրենց երեսը, ձեռքերն ու ոտքերը: Արտոնված էր նաև, որ պահք պահողները յուղով օծեն իրենց գլուխները, սակայն պարտադիր չէր, այս երևույթը ցանկացողների համար էր: Այս պատճառով է Տէր Հիսուս ասում,- օծիր քո գլուխը և լվա քո երեսը: Սակայն այդ բոլորը մի արա այլոց զարմացնելու և ցուցադրելու համար, այլ արա գաղտնապես քո Երկնավոր Հոր առջև:
Պահքը, սիրելիներ, հոգևոր վարժություն է, որը առանց զղջման նման է դիետայի, և հոգևոր որևէ նշանակություն չունի և աննպատակ ջանք է:
Տէր Հիսուս այս քարոզի մեջ հատուկ ուշադրություն է դարձնում այն ուսուցման վրա, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի, թե առաքինությունները ինքնանպատակ չեն, նրանք կրթում են մարդու հոգևոր ներաշխարհը և վարձատրվում են Աստծուց՝ գանձերի տեսքով: Հարուստներին խորհուրդ է տալիս երկրի վրա չդիզել գանձեր, այլ այդ գանձերը երկրի վար ծառայեցնելով ողորմությանը՝ երկնքում կստանաք ավելիով:Այսինքն վատ չէ, եր մարդը հարուստ է, վատ է, երբ սխալ է օգտագործում իր ունեցվածքը: Հիսուս Քրիստոսի երեքամյա ծառայությունը նշանավորվում է տարբեր մարդկանց հետ հանդիպումներով, մաքսավորների ու մեղավորների հետ ճաշկերույթներով, կույրերի, կաղերին, բորոտների, անդամալույծների, կրոնավորների, օրենքի ուսուցիչների և այլն: Այս հանդիպումներն էլ ինքնանպատակ չեն: Նիկոդեմոսի հետ երկար է խոսում, կույրին մի բառով է բուժում: Մեկին ասում է ա՛րի իմ հետևից, մյուսին արգելում է: Հարյուրապետը իրեն արժանի չի համարում, որ Քրիստոս իր տունը մտնի, Տէր Հիսուս կամավոր Զակքեոսի տուն է գնում գիշերելու:
Այս բոլոր մարդիկ մե՛նք ենք այսօր՝ և՛ կույր ենք հոգով, քանի որ չենք տեսնում, և՛ կաղ ենք հոգով, քանի որ ուղիղ ճանապարհով չենք գնում և անվերջ մեղքի մեջ ենք հայտնվում;
Մենք մեզ փնտրենք այս մարդկանց մեջ և նրանց օրինակից սովորենք մեր Տիրոջ գործելաոճը: Ոչ մի նոր բան չկա այս աշխարհում, ուղղակի մենք ենք մեզ խաբում ասելով՝ նո՛ր տարի, նո՛ր հաջողություն, նոր երջանկություն: Քանի դեռ մենք չենք ասում նոր տարում նո՛ր զղջում, նո՛ր ապաշխարություն, ո՛չ մի երջանկություն էլ չի լինի մեղքի հետ ապրելիս: Մնացեք սիրով՝ նոր տարում ապրեք նորովի: Աստծու խոսքը պատվիրում է չփորձել Աստծուն: Անկարելի է ապրել մեղքի մեջ և ակնկալել երջանիկ կյանք նոր տարում: