ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց 6:1
Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես, դու քեզ կը մատնես քո թշնամուն. քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։ Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդուի՛ր եւ մի՛ յուսալքուի՛ր եւ նո՛յնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել։
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Մարկոսի 1.1-13
Գործք առաքելոց 6.8-8.2
Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26
Ավետարան ըստ Մատթևոսի 6:1-8
1 «Զգոյշ եղէք որ ձեր ողորմութիւնը մարդոց առջեւ չընէք՝ անոնց երեւնալու համար, եթէ ոչ՝ վարձք չէք առներ ձեր Հօրմէն որ երկինքն է։ 2 Ուստի երբ ողորմութիւն կ՚ընես, առջեւդ փող մի՛ հնչեցներ, ինչպէս կեղծաւորները ժողովարաններուն ու փողոցներուն մէջ կ՚ընեն, որպէս զի մարդոցմէ փառաւորուին. ճշմարիտ կ՚ըսեմ քեզի. ‘Անոնք իրենց վարձքը առած կ՚ըլլան’։ 3 Իսկ դուն երբ ողորմութիւն կ՚ընես, ձախ ձեռքդ թող չգիտնայ աջ ձեռքիդ ինչ տալը, 4 Որպէս զի քու ողորմութիւնդ գաղտուկ ըլլայ եւ քու Հայրդ որ գաղտուկը կը տեսնէ, քեզի յայտնապէս հատուցում պիտի ընէ։
5 Ու երբ աղօթք կ՚ընես, կեղծաւորներուն նման մի՛ ըլլար, որոնք կը սիրեն ժողովարաններուն մէջ ու հրապարակներուն անկիւնները կայնելով աղօթք ընել, որպէս զի մարդոց երեւնան. ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, Անոնք իրենց վարձքը առած կ՚ըլլան։ 6 Իսկ դուն երբ աղօթք կ՚ընես, մտիր քու ներքին սենեակդ ու դուռդ գոցէ եւ աղօթք ըրէ քու Հօրդ որ գաղտուկ տեղ կը գտնուի եւ քու հայրդ որ գաղտուկը կը տեսնէ, քեզի յայտնապէս հատուցում պիտի ընէ։ 7 Երբ աղօթք կ՚ընէք, հեթանոսներուն պէս շատախօս մի՛ ըլլաք, վասն զի կը կարծեն թէ իրենց շատ խօսելուն համար պիտի լսուին։ 8 Ուրեմն անոնց մի՛ նմանիք, վասն զի ձեր Հայրը ձեզի պէտք եղածը գիտէ՝ դեռ դուք իրմէ չխնդրած»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Օրհնեալ է Ծնունդը և Հայտնությունը Հիսուսի Քրիստոսի.
Այսօր սկսում ենք Մատթևոսի Ավետարանի վեցերորդ գլխի առաջին մասը, որտեղ Տէր Հիսուս խոսում է ողորմության և աղոթքի մասին: Երկու առաքինությունների ճշմարիտ կատարման մասին է սովորեցնում նախ՝ աշակերտներին, ապա ներկաներին: Լեռան քարոզը, որն իր մեջ պարունակում է հինգ, վեց, և յոթներորդ գլուխները, շատ նման է առաջին դասարանից մինչև տասներորդ դասարանի կրթական ծրագրին, որի ավարտից հետո աշակերտը ստանում է վկայական՝ միջնակարգ կրթության:
Եթե միայն Լեռան Քարոզը Աստծու կամքով դպրոցական ծրագրի մեջ մտներ, և դասավանդվեր մինչև տասներորդ դասարան, հաջորդ սերունդը կտար բարեպաշտ շրջանավարտներ, իսկ հասարակությունը կունենար հոգևոր զարգացած քաղաքացիներ; Սակայն ժամանակակից քաղաքակրթությունը հետամնացություն է համարում երեխային կարգ ու կանոնով դաստիարակելը, և հասարակության համար պիտանի մարդ դարձնելը: Հակառակը՝ ամեն անհնարին բան դարձնում են հնարավոր՝ որպեսզի ժամանակակից մարդը լինի անկախ, ազատ, բայց ոչ թե բառի իսկական իմաստով, այլ՝սանձարձակ և անհնազանդ:
Ազատություն գոռացող հասարակությունը կախվածության մեջ է նույնիսկ իր ձեռքի հեռախոսից: Ինչևէ: Թեմայից չշեղվենք, այս հարցը մեր հասարակության մեջ ցավոտ հարցերից մեկն է, որի լուծումը ոչ մի կողմից չի երևում: Ոչ պետական այրերի, ոչ էլ առավե՛լ ևս հոգևոր դասի:
Մենք չենք գնահատում մեզ ձրի տրված այս անգին ուսուցումը, որի շնորհիվ ձեռք ենք բերում բարձրագույն գիտելիք, բարձրաճաշակ օրենքներ, որոնք հեշտացնում են մեր կյանքը:
Ողորմության մասին ուսուցման մեջ, Տէր Հիսուս սովորեցնում է ողորմությունը ծածուկ անելու արվեստը, ինչը մեր իրականության մեջ չմարսված թեմա է: Եթե չասեմ ամբողջությամբ, ապա մեծամասնության մոտ ողորմությունը շեփորահարությունով է, գովազդով է, ցուցադրական է: Առավոտից երեկո համացանցում տեսնում ենք սոցիալական ծառայություններից գովազդվող ողորմության օրինակներ: Միայն վերնագրերը արդեն հիասթափեցնում են կարդացողին՝ իր ձևական լինելու պատճառով: Կարդում ենք՝ այսինչի բարձր հովանու ներքո, այնինչի թույլտվությամբ այսինչ մարդը ստացել է այսքան դրամական օգնություն և այլն: Մինչդեռ մեր Տէրը ասում է,- զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք: Օգնությունը տալիս են կարիքավորի ձեռքը և այդ պահին նկարում են՝ անհարմար դրության մեջ դնելով ենթակային; Երբեմն նույնիսկ տոպրակի պարունակությունն են դատարկում և նկարում են, թե ինչ կա տոպրակի մեջ: Այո, մարդը կարիքավոր է, բայց ինքնասիրություն ունի, և վստահաբար չի կամենա ֆոտոխցիկների դիմաց երևալ հանրության առջև:
Գիտե՞ք, թե ինչո՞վ են արդարացնում իրենց այդ ցուցադրական նկարահանումները: Ո՛չ թե Ավետարանի չիմացության, այլ որպեսզի այլոց համար օրինակ լինի և մարդիկ սովորեն միմյանց օգնել: Բայց ողորմությունը իր համեստության մեջ է ընդունելի: Այո, գուցե կարելի է բարձրաձայնել, բայց ո՛չ ենթակաների անունները գրելով և նկարներ տեղադրելով;
Սովորաբար այն ողորմությունն է ընդունելի, երբ տվողը չգիտե, թե իր տվածը ով ստացավ, և վերցնողը չգիտե, թե ումի՞ց վերցրեց՝ ազնիվ միջնորդի շնորհիվ: Սա այն պատվիրանն է, որ ձախ ձեռքը չգիտե, թե աջը ինչ արեց; Երբ մեր կատարած ողորմությունը մարդկանց աչքին բարեպաշտ երևալու համար է, այստեղ Աստված ձեռնպահ է մնում վարձատրությունից:
Վարձատրությունը լինում է մարդկանց գովեստի խոսքերը և ժամանակավոր հեղինակությունը, որը մարում է շուտով և մոռացվում: Իսկ երբ մարդկանցից ծածուկ է արվում ողորմությունը, Աստված հատուցում է ավելիով, կարիքավորը չի վիրավորվում, ողորմածը օրհնվում է, և իր համար գանձեր են դիզվում երկնքում:
Սիրելիներ, ողորմությունը ո՞ւմ է պետք իրականում. Աստծո՞ւն, կարիքավորի՞ն, թե ողորմություն անողին: Մեծ հոգևոր շահը ողորմություն տվողինն է, քանի որ կարիքավորը ստացածի համար գոհանում է Աստծուց, իսկ Աստված հատուցում է տվողին: Ողորմության մասին այնքան հստակ է խոսել մեր Տէր Հիսուս Քրիստոս, ուղղակի շատ աշխատանք պետք է տարվի մարդկանց հետ այս առումով, որպեսզի իրենց վարձը չկորցնեն ողորմություն անելից: Հիսուս Քրիստոս ողորմության հարցում պատվիրում է լինել ազնիվ միջնորդ՝ մեկից մյուսին փոխանցելու հարցում, բայց չի բացառում, որ ինքներս կարող ենք լինել այդ ազնիվը և մեր ողորմությունը կատարել ծածուկ՝ առանց փառք փնտրելու:
Ավետարանի երկրորդ հատվածում Տէր Հիսուս սովորեցնում է, թե ինչպե՞ս աղոթել: Անմիջապես համեմատություն է կատարում, Իր ասելիքը հստակ դարձնելու համար: Չլինե՛ք,- ասում է, կեղծավորների պես, որոնք ցուցադրաբար են աղոթում: Որովհետև ցուցադրաբար արված աղոթքը նույնն է, ինչ ցուցադրաբար արված ողորմությունը:
Մենք Ավետարաններում շատ ենք հանդիպել հանդիմանությունների, երբ Քրիստոս անում էր փարիսեցիներին՝ իրենց կեղծավորության համար:
Այսինքն՝ մտքում ա՛յլ բան ունենալ և ի տես մարդկանց ա՛յլ բան ցույց տալ՝ կարծիք ստեղծելու համար: Ինչպես ցուցադրական ողորմությունը, այնպես էլ ցուցադրական աղոթքի վարձը միայն մարդկանցից, ո՛չ Աստծուց, քանի որ Աստված ինքն է զգուշացրել այդ մասին: Աղոթքի զորությունը աղոթքի երկարության մեջ չէ, այլ՝ նրա խոսքերի բովանդակության մեջ է:
Մեր Տիրոջ սովորեցրած աղոթքից հասկանալի է դառնում, որ մեր աղոթքի նախաբանը թող խնդրանք չլինի, այլ՝ փառաբանություն, հետո գոհություն ամեն ինչի համար և վերջում խնդրանքը Տիրոջ կամքը հայցելով: Ո՛չ ոք մեզ չի խանգարում, որ մենք մտքով Աստծու հետ լինենք տանը, փողոցում, աշխատանքի վայրում, քայլելիս և այլն:
Անկեղծ խոսք է սպասում մեր Տերը մեզնից, ոչ թե երկար աղոթք, կամ կանոնական աղոթքներ: Եթե օրվա ավարտին կանգնենք աղոթքի և ազնվորեն ասենք,- Ների՛ր Տէր, այսօ՛ր էլ չկարողացա չստել, չնախանձել, չբամբասել, չշնանալ, չքծնել, և այլն, ով ինչի մեջ որ տկար է, թող այդ մասին ասի: Աստված գիտե մենք ինչպես ենք անցկացրել մեր օրը՝ այսպիսով ազնվություն է սովորեցնում մեզ՝ աղոթքի միջոցով: Մենք դեռ այս փոքր բանի մեջ հավատարիմ չենք, ինչպե՞ս կարող ենք ճշմարիտ աղոթքի մասին պատկերացում ունենալ:
Մեր աղոթքները հիմնականում պահանջ են, արդարացում են, մեղադրանք են և հատկապես ցուցումներ ու հանձնարարություններ են Աստծուն:
Տէր Հիսուս Քրիստոս՝ մեղավորներիս համար խաչվա՛ծ Արդարդ, հանուն Քո կրած չարչարանքների, գամերի ու Քո Սուրբ վերքերի, լսիր մեղավորիս աղերսը: Երբ գաս Քո ահեղ դատաստանին, արժանացրու ինձ էլ աջակողմյան ավազակի զղջումով արժանանալ Քո ուշադրությանը: Քո գամված ոտքերը թող միշտ մոռացկոտիս հիշեցնեն Քո արդարության ճանապարհների մասին, որից մոլորվեցի ես՝ իմ մեղքերի պատճառով, քանի որ Քո դեմ մեղանչեցի և զրկվեցի Քո պատկերից ու նմանությունից: Ներիր Տէ՛ր, մեղավորիս:
Ողորմության և աղոթքի թեման շատ ծավալուն է, և մենք պարբերաբար կանդրադառնանք դրան: Այսօր ավարտեցինք Մատթևոսի Ավետարանի վեցերորդ գլխի առաջին մասը, Աստծո կամքով կշարունակենք վաղը երկրորդ մասը: Կարող եք նախապես կարդալ, քննարկմանը ավելի ակտիվ մասնակցելու համար: Իմ նպատակը ձեր ակտիվությունն է:
Մնացեք սիրով և խաղաղությամբ, ողորմություն անելիս թող ձեր ձախ ձեռքը միշտ չիմանա, թե ի՞նչ արեց աջը, որպեսզի Աստված միջամտի, ո՛չ թե մարդը: