ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց 3;1
Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն։ Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, եւ դու շնորհ կը գտնես։ Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին։ Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 4: 23-25
23 Յիսուս բոլոր Գալիլիա պտըտելով, կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ եւ արքայութեան աւետարանը կը քարոզէր ու ժողովուրդին մէջի ամէն կերպ հիւանդութիւնները ու ամէն կերպ ցաւերը կը բժշկէր։ 24 Անոր համբաւը բոլոր Սուրիա տարածուեցաւ եւ բերին անոր՝ բոլոր հիւանդները, որոնք կերպ կերպ ցաւերով ու տանջանքներով կը նեղուէին եւ դիւահարներ ու լուսնոտներ եւ անդամալոյծներ ու բժշկեց զանոնք։ 25 Եւ շատ ժողովուրդներ անոր ետեւէն կ՚երթային, Գալիլիայէն ու Դեկապոլիսէն եւ Երուսաղէմէն ու Հրէաստանէն եւ Յորդանանի անդիի կողմէն։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծո կամքով սկսենք մեր սերտողությունը Մատթևոսի Ավետարանի չորրորդ գլխից: Չորրորդ գլուխը մեզ ներկայացնում է Հիսուսի Քրիստոսի փորձությունը անապատում, քարոզչությունը՝ Գալիլիայում, և ձկնորսներից առաքյալներ պատրաստելու աշխատանքի մասին:
Հիսուս Քրիստոս չէր ծնվել մարդկային ապականացու սերմից, կամ մարդու միջամտությամբ, այլ՝ Սուրբ Հոգով էր հղացել Նրա մայր Մարիամը: Հետևաբար Նա ծնվել էր առանց մեղքի և մեղքը օտար էր Նրա համար: Տէր Հիսուս կարիք չուներ մկրտվելու, ինչպես օրենքն էր պահանջում, որովհետև Նա ապաշխարության և մաքրվելու կարիք էլ չուներ:
Սակայն մկրտվեց՝ անտեսելով Իր աստվածային հանգամանքը, և նույնացավ մարդու հետ, որպեսզի մարդուն վեր բարձրացնի իր ընկած վիճակից:
Տէր Հիսուս նաև փորձության արժանի չէր, սակայն գնաց կամավոր անապատ՝ փորձության ենթարկվելու, որպեսզի մարդուն ապացուցի, որ անկարելի ոչինչ չկա, եթե սուրբգրային խոսքերը քեզ համար զուտ գիտելիք չեն, այլ փորձության պահին նրանք քեզ համար մնայուն տեսակետ են, հիմնավոր կարծիք են և կյանքի ուղենիշեր են:
Սատանայի երեք փորձություններին մեր Տէրը առանց վիճաբանելու և հակառակվելու, տվեց սուրբգրային հակիրճ պատասխանները և իրենից հեռու վանեց փորձչին:
Սրանք այն երեք փորձություններն են իրենց տարատեսակներով, որոնք համայն մարդկությանը պահում են մեղքի մեջ՝ մինչև մեր օրերը, այն պարզ պատճառով, որ փորձության ենթարկվածները անտեղյակ են Ավետարանից, Քրիստոսի փորձությունից, և իրենց սեփական տկար բնությունից:
Զուր են բոլոր այն պատճառաբանությունները, որ բերվում են իբրև արդարացում՝ անտեղյակ լինելու վերաբերյալ: Ուղղակի Աստծու խոսքը իր ճշմարտության պատճառով չի համապատասխանում մարդու մեղավոր ցանկություններին, նենգ մտածումներին, և չար գործերին:
Այդ պատճառով մարդը չի հետևում Աստծու խոսքին, որը իր հոգու շահի համար է, այլ կատարում է սատանայի ցանկությունը՝ որը հաճելի է իր մարմնին: Այստեղ գաղտնիք չկա, այստեղ կա մարդու կամքի բացակայություն, ավելի շիտակ բնութագրմամբ՝ թուլակամություն, որը առաջանում է թերահավատությունից, և Աստծու նկատմամբ ունեցած իր անկատար սիրուց: Պետք չէ ամբողջ Աստվածաշունչը անգիր իմանալ, պետք է ուղղակի որոշ պատվիրաններ կիրառել կյանքում, հասկանալու համար, թե ի՞նչ է սերը:
Առաջին պատվիրանը ասում է,- սիրի՛ր քո Տէր Աստծուն՝ քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ:
Այստեղ է անհիմն է որևէ պատճառաբանություն՝ պատվիրանը չկատարելու համար: Քանի որ բոլորս էլ կենցաղի մեջ հասկանում ենք, ի՞նչ է նշանակում սիրել մեկին և հանուն նրա լինել հավատարիմ ամեն ինչում; Իսկ ով չի՛ սիրում իր կողակցին՝ նա հավատարիմ չէ նրան: Ուրեմն երբ մենք չենք պահում պատվիրանը, նշանակում է չե՛նք սիրում Աստծուն, այլապես եթե սիրեինք, մեր սիրտը բաց կլիներ Նրա առջև: Մեր հոգին գաղտնիք չէր ունենա Նրա առջև: Մեր մարմինը կզրկեինք մեղավոր հաճույքներից հանուն Աստծու և Նրա պատվիրանի:
Պատվիրանապահության հարցում էլ արդարացումները ընդունելի չեն, քանի որ եթե սիրում ենք մեղքը, չենք կարող սիրել Աստծուն:
Այս երեք կետերը՝ (փորձություն և կամավոր մեղանչում և անկատար բնություն) եթե մտապահենք, և հանձն առնենք յուրաքանչյուրս, ապա, նախ՝ երբեք հպարտության նշույլ չենք ունենա, փորձության պահին պատրաստ կլինենք, ինքնակամ չենք գնա մեղանչումի:
Հիսուս Քրիստոս կատարյալ է Իր աստվածությամբ և կատարյալ էր Իր մարդկային բնությամբ; Նա զերծ էր մեղքից և հաղթությամբ դուրս եկավ բոլոր փորձություններից, ինքնակամ երբեք չմեղանչեց: Սակայն Իր ուսուցումները մարդ արարածին իր անկատարությունից կարող է տանել դեպի կատարելության, ըստ Իր խոսքի, թե կատարյալ եղեք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է Կատարյալ:
Սիրելիներ, մենք սովորեցինք, որ Հիսուս Քրիստոս հաղթանակով դուրս եկավ անապատի փորձությունից և մեզ սովորեցրեց, որ կարելի է հաղթահարել ցանկացած փորձություն, եթե հենված ես Աստծո խոսքի վրա, ո՛չ թե քո հպարտության: Ընտրեց աշակերտներ ո՛չ թե ուսյալ ու կրթյալ աստվածաբաններից, այլ պարզ անգրագետ ձկնորսներից, մարդկանց փաստելու համար որ օրենքի գրքերն իմանալը գրոշ չարժե, եթե դրանք քո կյանքում կիրառելի չեն: Հիսուս Քրիստոս Իր տասներկու աշակերտներով կարողացավ աշխարհում հեղաշրջում կատարել, իսկ աշխարհի աստվածաբաններն ու հոգևոր դասը չկարողացան երկու հազար տարում նույնիսկ պահել այն, ինչը ստեղծել էր Հիսուս Քրիստոս երեք տարիների ընթացքում: Ինչո՞ւ չկարողացան; Որովհետև յուրաքանչյուր առաջնորդ իրեն քրիստոս կարծեց, ո՛չ թե Քրիստոսի սպասավոր ծառա: Քրիստոսի խաչելության մասին պատմեց որպես մի ցավալի պատմություն՝ հավատացյալ հոտի մոտ կարեկցանք առաջացնելու համար, ո՛չ թե իր մեղքերը խաչը հանելով օրինակ եղավ հանրությանը: Հիսուս Քրիստոս Իր խաչի ճանապարհի լացող ու ողբացող կանան ասաց,- լացե՛ք ձեր և ձե՛ր զավակների վրա, ինձ կարեկցանք պետք չէ, այլ ամուր հավատք և ապաշխարության արժանի գործեր:
Քրիստոնեությունը աշխարհում չի ծաղկում միայն այն պատճառով, որ քրիստոնեություն քարոզողները քարոզում են որպես գիտելիք և իրենք չեն ապրում: Տալիս են մարդկանց և իրենք չեն փորձում, այնպես, ինչպես դա անում էին Քրիստոսի ժամանակվա փարիսեցիները, ինչի համար հանդիմանվում էին Քրիստոսից:
Մեր հոգեկիր վարդապետները ասում են, որ Հիսուս Քրիստոս Իր ամբողջ աստվածությամբ երևացել է միայն երկու հոգու, որոնք կարող էին դիմանալ այդ զորությանը: Առաջինը Սիմեոն ծերունին էր, մյուսը՝ Հովհաննես Մկրտիչը: Հիշում եք, թե ի՞նչ էր խոսում Սիմեոն ծերունին ութ օրական Հիսուս Մանկան հետ, երբ Նրան տաճար տարան՝ թլպատության:
Սիրելիներ կուզեմ ուշադիր լինեք մեր սերտողությունների ժամանակ և տեսնեք Սուրբ Հոգու գործունեությունը յուրաքանչյուրի կյանքում առանձին առանձին: Սիմեոն աստվածավախ ծերունուն Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին; Ծերունին տաճար եկավ այն ժամանակ, երբ ծնողները Հիսուս մանկանը բերել էին օրենքի սովորության համաձայն թլպատության կարգը կատարելու: Եվ Ծերունին ութօրյա մանկան հետ խոսում էր որպես թե խոսում է Աստծու հետ և Նրանից արձակում էր խնդրում, քանի որ նրա աչքերը տեսան բոլոր ժողովուրդների փրկությունը, որ պատրաստել էր Հիսուս:
Նույնիսկ մանկան հայրն ու մայրը չէին հասկանում, թե ինչ խոսում Սիմեոն ծերունին իրեն մանկան հետ: Սակայն ծերունին Մարիամին էլ անմասն չթողեց այդ մարգարեությունից և հայտնեց, որ նրա հոգու միջով էլ սուր պետք է անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան:
Հիմա հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ են վարդապետներն ասում, որ Սիմեոն Ծերունին մանկանը որպես Աստված է տեսել՝ Աստծու կամքով:
Իսկ Հովհաննես Մկրտչին ինչպե՞ս է Աստվածային տեսքով երևացել: Հորդանանի մկրտության ժամանակ Հովհաննեսը հրաժարվում է մկրտել Քրիստոսին, ասելով , որ ե՛ս պետք է քեզնից մկրտվեմ: Սակայն Հիսուս ասում է անտեսիր իմ հանգամանքը և արա այնպե՛ս, ինչպե՛ս օրենքն է պահանջում, և Հովհաննեսը ենթարկվում է; Իսկ հիշո՞ւմ եք Վերջին Ընթրիքի ժամանակ, երբ մեր Տէրը կամեցավ Պետրոսի ոտքերը լվանալ, Պետրոսը նույնպես հրաժարվեց, սակայն Պետրոսին ուրիշ պատասխան տվեց, ասելով, թե՝ հիմա չե՛ս հասկանում թե ի՞նչ եմ անում, սակայն հետո կհասկանաս:
Սիրելիներ Աստվածաշնչի մասին կարելի է անվերջ խոսել և չձանձրանալ, անվերջ կարդալ և հայտնություններ գտնել, Նրանով ապրել և երջանիկ լինել, Նրան ունենալ և ապահով լինել:
Պահոց այս օրերին խորհուրդս է ձեզ շատ կարդալ աստվածաշնչյան տարբեր գրքերից, որոնք կզարգացնեն ձեր գիտելիքները և կամրապնդեն ձեր քայլերը այս երերուն կյանքում:
Մնացեք սիրով և խաղաղությամբ: Ձեր համար թող կարևոր չլինի Քրիստոսի ծննդյան ստույգ թվականը, այլ՝ ծնվելու փաստը: Խաչվելու վայրն ու ժամը կարևոր չէ, այլ՝ մեզ համար՝ Նրա խաչվելու փաստը: Հարության ստույգ օրը մի փնտրեք, այլ՝ Հարության փաստը, որի հույսով ապրում ենք ամենքս.. Աստված կամենա, կհանդիպենք վաղը՝ նո՛ւյն ժամին, բայց ո՛չ նույն քանակով, այլ ավելի...