ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց 5:1
Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որպէսզի բարի խորհուրդներ պահես. ես պատուիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստութիւնը։
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետեւ պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, բայց յետոյ զգում ես, որ աւելի դառն է, քան լեղին, եւ աւելի սուր,
քան երկսայրի սուրը։ Անզգամի ոտքերը դէպի մահ են տանում նրա մերձաւորներին եւ դէպի դժոխք են իջեցնում նրանց. հաստատուն չեն նրա ոտնահետքերը, որովհետեւ նրա ոտքերը չեն գնում կեանքի ճանապարհներով, սայթաքուն եւ անյայտ են նրա ճանապարհները։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 5:21-26
21 «Լսեր էք որ ըսուեցաւ առաջիններուն, ‘Սպաննութիւն մի՛ ըներ’։ Ով որ սպաննութիւն ընէ, դատաստանի պարտաւոր պիտի ըլլայ»։ 22 Բայց ես ձեզի կ՚ըսեմ. «Ով որ իր եղբօրը պարապ տեղը սրդողի, դատաստանի պարտաւոր պիտի ըլլայ։ Ով որ իր եղբօրը Յիմար ըսէ, ատեանին պարտաւոր պիտի ըլլայ։ Ով որ իր եղբօրը Անմիտ ըսէ, գեհենի կրակին պարտաւոր պիտի ըլլայ։ 23 Ուրեմն եթէ քու ընծադ սեղանին վրայ բերես ու հոն միտքդ գայ թէ քու եղբայրդ քեզի դէմ բան մը ունի, 24 Հոն ձգէ ընծադ սեղանին առջեւ, գնա առաջ եղբօրդ հետ հաշտուէ ու ետքը եկուր որ քու ընծադ մատուցանես։ 25 Քու ոսոխիդ հետ շուտով միաբանէ, քանի որ անոր հետ ճամբուն մէջ ես։ Չըլլայ թէ քու ոսոխդ քեզ դատաւորին մատնէ եւ դատաւորը դահիճին եւ բանտը ձգուիս։ 26 Ճշմարիտ կ՚ըսեմ քեզի, ‘Պիտի չելլես անկէ՝ մինչեւ որ վերջին նաքարակիտը չվճարես’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Օրհնեալ է Ծնունդը և Հայտնությունը Հիսուսի Քրիստոսի.
Քրիստոնյաները միմյանց այսպես են ողջունում Սուրբ Ծնունդից մինչև Սուրբ Հարություն ընկած ժամանակաշրջանը: Շնորհավորում եմ բոլորիդ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի առթիվ, որը քրիստոնյաներիս համար Փրկության Հույսի տոն է: Սուրբ Ծնունդը տաղավար հինգ տոներից առաջինն է: Նրանով է տարին սկսվում հիմնավոր ուրախությամբ, որովհետև ծնվել է մեր փրկությունը ապահովող Աստծո Միածին Որդին: Մեզ կրթող ու դաստիարակողն է ծնվել, բարոյական կյանքի օրենքները հաստատողն է ծնվել: Հիսուս Քրիստոսի ծնունդը մեզ առավել երջանկություն պետք է պարգևի, քան մեր տանը ծնված երեխան, քանի որ Տէր Հիսուս ապահովել է նաև այդ նորածնի փրկությունը: Սակայն մեր իրականության մեջ հակառակ պատկերն է: Յուրաքանչյուր տարեդարձ ավելի շուքով է նշվում, քան տաղավար տոներից ցանկացածը: Մինչդեռ մեզ երանություն պարգևողը մեր Տէր Աստվածն է:
Երեկվա սերտողության մեջ մենք ծանոթացանք ինը երանիների ուսուցման հետ, և սովորեցինք, որ երանությունը բոլոր բարիքների հանրագումարն է: Մինչև չհասկանանք երանության գաղտնիքը, մեզ հասկանալի չի լինի այսօրվա ուսուցման բովանդակությունը:
Նախ մեր Տէրը հանրությանը ներկայացրեց բոլոր բարիքների աղբյուր երանելի վիճակը, ապա դրանից հետո անդրադարձավ չարիքների աղբյուր՝ թշվառությանը;
Այս երկուսը միմյանց հանդեպ հատուկ ոչ մի ընդհանրություն չունեն իրենց կրքերի մեջ: Ո՛չ երանությունը տրտմություն ունի, ո՛չ է թշվառությունը՝ ուրախություն;
Իր առաջին քարոզության մեջ Տէր Հիսուս կամեցավ բազմությանը հանգամանալից բացատրել, թե որտեղի՞ց է գալիս իրենց թշվառությունը և տրտմությունը:
Բացատրեց, որ Իր աշխարհ գալու նպատակն այն է, որ փնտրի և գտնի իր նախկին պատկերը կորցրած մարդուն և վերականգնի նրա նախկին վիճակը:
Զուգահեռներ տարավ երանության և թշվառության միջև, որպեսզի պատկերավոր լինի մարդու համար իր անկումը:
Այսօրվա մեր սերտողության մեջ տեսնում ենք, որ ժողովրդի համար հարցերի միջոցով հաստատում է հին օրենքը և պատասխանի միջոցով՝ ամրագրում նորը:
Ծանոթացնում է ժողովրդին իրենց թշվառության պատճառ հանդիսացող մեղքերի՝ բարկության, շնության, ապահարզանի, երդումի, վրեժի և թշնամուն սիրելու մասին թեմաները:
Հիսուս Քրիստոս տվեց մարդուն նախապատիվ տեղը՝ աղ և լույս լինելու: Ապա ցույց տվեց մարդու գտնվելու վայրը՝ ցեխի մեջ:
Այս ուսուցումը հիմնականում վերաբերում էր աշակերտներին, քանի որ Նա աշակերտներից էր պահանջում, որպեսզի աղ դառնան մարդկանց հոգիների համար, որոնք անհամացել էին, կորցնելով վերը նշված երանիները, նեխել էին մեղքերի մեջ, և միայն աշակերտները կարող էին որպես աղ, ազատել նրանց այդ նեխածությունից: Աշակերտները պետք է ազատեին մարդկանց տիրող թշվառությունից և պատրաստեին աստվածության համար, Աստծու պատկերը կրող՝ նախկին մարդ արարածին:
Իսկ կարո՞ղ էին արդյոք աշակերտները աղ լինել: Այո՛ կարող էին: Պահելով բոլոր երանիների առաքինությունները կարող էին աղ դառնալ մարդկության համար և ինչպես հայրերն են ասում՝ ոչ թե միայն հորդորեն մարդկանց միայն խրատելով, այլ՝ աղի հատկության պես կսկծեցնեն մարդկանց՝ մեղքերից ազատելու մեջ:
Օրենք մարդկանց տրվել էր դաստիարակության համար, և այդ օրենքը թերի էր մարդուն վերափոխելու և փրկության հասցնելու, դրա համար է Տէր Հիսուս ասում է,- չեկա ջնջելու, այլ լրացնելու: Հարցերի միջոցով Տէր Հիսուս մեկ առ մեկ համեմատական տարավ հին ու նոր օրենքի միջև:
Լսե՞լ եք, թե ի՞նչ ասվեց նախնիներին,- «Մի՛ սպանիր», իսկ ես ձեզ ասում եմ, նույնիսկ բարկությամբ եղբորդ հիմար մի՛ անվանիր, քանի որ ենթակա կլինես ատյանի:
«Մի շնացիր»- ը լրացրեց ցանկասիրությամբ չնայելով: «Երդմնազանց չլինելը» լրացրեց ամենևին չերդվելու օրենքով: «Աչքի փոխարեն՝ աչք և ատամի փոխարեն՝ ատամ» -ը լրացրեց այտն ապտակման տալու օրենքով; Ընկերոջը սիրելու և թշնամուն ատելու պատվիրանը լրացրեց նրանց սիրելու և նրանց համար աղոթք ու օրհնություն անելու օրենքով:
Այս պատվիրանը տալով Հիսուս Քրիստոս կամենում է, որ մարդը վեր կանգնի մեղքից, մեղքը միշտ ներքև է ձգում մարդուն, եթե դու վրեժխնդիր ես լինում քո հակառակորդին, որը քեզ վիրավորել է, ապա ձեր միջև տարբերությունը կորում է: Իսկ եթե դու ներես քո թշնամուն, նա կզգա քո ուժը և իր տկարությունը: Դժվա՞ր է: Այո դժվար է: Իսկ մի՞թե դժվարության մեջ չէ, որ առատորեն թափվում են երկնքից Աստծու շնորհներն ու տաղանդները: Շնորհները մարդուն տրվում են նեղության մեջ, երբ համբերում է և չի ընդվզում: Այլ հակառակը՝ աղոթքով հանձնում է Աստծուն և Աստծու դատաստանին;
Ապա հիշենք Հովսեփին, որին եղբայրները վաճառեցին: Մի՞թե հեշտ էր իր համար, հատկապես որ եղբայրներն էին վաճառել: Ո՛չ, հեշտ չէր: Երկրորդ խոշոր նեղությունը, որ պատահեց նրան վաճառելուց հետո՝ բանտ նետվեց շնությունից խուսափելու համար, հավատարիմ մնալով իր տիրոջը: Եղբայրներից հալածված, զրպարտության զոհ դարձած նետվեց բանտ: Համբերատարությամբ դիմացավ այդ ամենին, այն դեպքում, երբ ինքը իր հոր սիրելի և ընտիր պահված զավակն էր: Վրեժխնդիր չեղավ ո՛չ մեկի հանդեպ, հավանաբար աղոթքով խոսում էր Աստծու հետ: Աստված նրան ո՛չ թե բանտից ազատեց, այլ մարգարեական շնորհ տվեց, և այդ շնորհը նրան բանտից հանեց:
Սիրելիներ, շնորհները տրվում են մարդկանց նեղությանը համբերելիս, տաղանդները բացվում են գերության մեջ: Մարգարեության շնորհը չի տրվում շքեղ վեհարաններում, կամ հարմարավետության մեջ բազմած՝ կոնյակ խմելիս, խորոված ուտելիս, այլ՝ տրվում է ճգնության, նեղության և համբերության մեջ հավատարիմ եղած ժամանակ: Առաքյալն էլ է ասում,- նեղությունն ու փորձությունը համբերություն են բերում մարդուն:
Մարդ արարածը չի ենթարկվում օրենքին, չի պահում պատվիրանը, դրա համար էլ չի կարողանում նմանվել իր Կատարյալ Երկնավոր Հորը:
Այս աշխարհի մարդկանց համար կա մեկ երազանք, և մեկ վախ: Երազանքն այն է, որ ե՛րբևէ կդառնա կատարյալ մարդ: Իսկ միակ վախն այն է, որ հոգևոր անպատրաստ վիճակով հանկարծամահ կլինի; Բայց ո՛չ առաջինի համար է պայքարում, ո՛չ էլ երկրորդի համար է ջանում: Սա է մեր գաղտնիքը՝ որ մենք թշվառության մեջ ենք, որովհետև երանիները և՛չենք սովորում, և՛ չենք ձգտում դրանց: Այս մասին էր Լեռան գեղեցիկ քարոզը, որ ամեն անգամ լսում ենք:
Իսկ թե որքանո՞վ ենք հաղորդ նրան, գիտե Աստված և մեզնից յուրաքանչյուրը: Այսօր մեր հայ հասարակությանը հետևելիս տեսնում ենք, որ երանիները շատ հեռու են մեզնից, մեզ ավելի մոտ են այն թշվառությունները, որոնց մասին խոսում էր մեր Տէրը: Մեր հանրությունը նույն բարկության, խռովքի, հայհոյության մեղքի մեջ ավարտեց հին տարին, և նույն մեղքերով դիմավորեց նոր տարին; Ավետարանը որևէ հրաշք չի խոստանում այսպիսի համար, երբ հանրությունը չի կամենում ազատվել մեղքից: Տէր Աստված թող ողորմի և ների մեզ:
Այսօր ավարտեցին Մատթևոսի Ավետարանի հինգերորդ գլուխն ամբողջությամբ: Աստծո կամքով վաղը կսկսենք վեցերորդ գլխի առաջին մասից: Խորհուրդս է, որ նախապես մեկ անգամ ընթերցեք 6 րդ գլուխը, որպեսզի սերտողությունը առավել տպավորիչ լինի:
Մնացեք սիրով և խաղաղությամբ. Խոսքը գործով ապացուցելու առաքինություն ձեռք բերեք: Երբ դուք ձգտեք մե՛կ քայլ անել, Աստված ձեզ ընդառաջ կգա: Սիրե՛ք սուրբ Գիրք, սիրե՛ք Պատարագ և Սուրբ Հաղորդություն և համաշխարհային բաբելոնից հեռու կլինեք: