ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց 4:1
Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։ Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում,պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։ Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ,
սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 5:13-20
13 «Դուք էք երկրի աղը։ Եթէ աղը իր համը կորսնցնէ, ինք ինչո՞վ պիտի աղուի։ Անկէ յետոյ բանի մը չի գար, միայն թէ դուրս ձգուելու եւ մարդոց ոտքով կոխկռտուելու։ 14 Դուք էք աշխարհի լոյսը. քաղաք մը որ լերան վրայ կեցած է, չի կրնար պահուիլ։ 15 Ու ճրագը չեն վառեր եւ դներ գրուանի տակ, հապա աշտանակի վրայ որ լոյս տայ բոլոր տանը մէջ եղողներուն։ 16 Այնպէս թող լուսաւորուի ձեր լոյսը մարդոց առջեւ, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառաւորեն ձեր Հայրը որ երկինքն է»։
17 «Մի՛ կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները աւրելու։ Աւրելու չեկայ, հապա՝ կատարելու։ 18 Քանզի ճշմարտապէս կ՚ըսեմ ձեզի, ‘Մինչեւ երկինք ու երկիր անցնին, օրէնքէն յովտ մը կամ նշանագիր մը պիտի չանցնի, մինչեւ բոլորն ալ կատարուին’։ 19 Ուստի ով որ այս ամենափոքր պատուիրանքներէն մէկը աւրէ ու մարդոց այնպէս սորվեցնէ, անիկա ամենափոքր պիտի կոչուի երկնքի թագաւորութեանը մէջ. բայց ով որ ընէ եւ սորվեցնէ, անիկա մեծ պիտի կոչուի երկնքի թագաւորութեանը մէջ։ 20 Քանզի կ՚ըսեմ ձեզի, Եթէ ձեր արդարութիւնը դպիրներուն ու փարիսեցիներուն արդարութենէն աւելի չըլլայ, բնաւ պիտի չմտնէք երկնքի թագաւորութիւնը»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ, այսօր Սուրբ Ծննդյան պահոց յոթերորդ օրն է: Նրանք, որոնք պահք էին պահել, կարող են այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագի Հաղորդությամբ դուս գալ պահքից և նշել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Ո՛ւմ սրտում որ մե՛կ անգամ ծնվել է Հիսուս Քրիստոս, նրա համար ողջ տարին Սուրբ Ծնունդ է, քանի որ իր սրտում ուրախություն է, հոգում խաղաղություն է՝ անկախ միջավայրի գաղջ վիճակից: Ով մե՛կ անգամ սրտով է զգացել Հարության տոնը, նրա ողջ կյանքը հարություն է՝ քանի որ մեղքի մեջ մեռած վիճակից դուրս է գալիս գիտակցաբար: Ով մե՛կ անգամ հոգով է զգացել Թաբոր Լեռան Տիրոջ Այլակերպությունը, նրա ողջ կյանքը նորոգություն է՝ ապաշխարությամբ; Ով մե՛կ անգամ հասկացել է Խաչվերաց տոնի խորհուրդը, նրա ողջ կյանքը անցնում է Գողգոթայի խաչի ճանապարհով՝ իր մեղքերը խաչը հանած: Ով մե՛կ անգամ հիմնովին ընկալել է Աստվածածնի վերափոխման տոնի պատգամը, նրա ողջ կյանքը վերածվում է սպասման՝ Տիրոջ մոտ վերափոխվելու՝ սպասված օրը:
Սիրելիներ, ես ձեզ թռուցիկ նկարագրեցի մեր եկեղեցու հինգ տաղավար տոների նշանակությունը մեկական նախադասությամբ, որոնցից առաջինը Սուրբ Ծնունդն է: Որպեսզի ձեզ համար հասկանալի լինի նախ՝ այսօրվա Ճրագալույցի խորհուրդը, երկրորդ՝ Լեռան Քարոզի ինը երանիները, որը այսօրվա մեր սերտողության թեման է, Մատթևոսի Ավետարանի հինգերորդ գլխից:
Ինը Երանիների մասին ես ձեզ հանգամանալից բացատրել եմ, և ասել եմ, որ այս երանիները բարոյական կյանքի օրենսդրությունն է, առանց որի քրիստոնյայի կյանքը պատրաստ է ամեն տեսակ փորձության ենթարկվելու: Հոգով աղքատները, սգավորները, հեզերը, արդարության ծարավները, ողորմածները, մաքուր սիրտ ունեցողները, խաղարարները, արդարության համար հալածվողներն ու դրան դիմացողներն են այն բազմությունը, որոնք կարող են վերցնել իրենց խաչը և հետևել Հիսուս Քրիստոսին՝ ո՛ղջ տարվա ընթացքում, ո՛չ թե միայն Ճրագալույցին լույս տանելով, կամ Աստվածհայտնության տոնին՝ օրհնած ջուր վերցնելով:
Մատթևոսի Ավետարանի հինգերորդ գլուխը սկսվում է Լեռան քարոզով, որը ըստ նկարագրության առաջին քարոզն էր, որ մեր Տէրը խոսեց մարդկանց հետ:
Հայրերն ասում են, որ այդ առաջին քարոզի պատճառով էլ Մատթևոսի Ավետարանը համարվեց Ավետարանների մեջ՝ առաջինը:
Քանի որ այս քարոզը համարվում է բարոյական կյանքի օրենքներ, իր մեջ ներառում է օրենքի ճշմարիտ ուսուցումը:
Տէր Հիսուս սովորություն ուներ, բացի ժողովարաններից, ժողովրդին տանել մի ամայի տեղ, մի անապատ, կտրելով քաղաքի ու գյուղի վայրաքարշ մեղքերից ու կրքերից, որպեսզի մարդկանց հոգեպես վեր բարձրացնի այդ անաղմուկ և ամայի վայրերում: Այնպես, ինչպես, երբ երեխային ուզում ենք դաս սովորեցնել, նախ ապահովում ենք միջավայրի լռությունը և վերացնում ենք երեխայի ուշադրությունը գրավող բոլոր խանգարող երևույթները:
Աստվա՛ծ էլ կարող էր իսրայելացիներին Եգիպտոսի մեջ դասեր տալ և կրթել, բայց Նա կամեցավ նրանց կյանքի փորձության դասերը տալ անապատում, որպեսզի համակ ուշադրությամբ հետևեին Աստծու առաջնորդությանը:
Ավետարանիչն ասում է, երբ նա տեսավ ժողովրդի բազմությունը, բացեց բերանը և խոսեց նրանց հետ: Երբ գործում էին Հիսուս Քրիստոսի ձեռքերը, նա բուժում էր մարդկանց հիվանդ մարմինները, իսկ երբ բացում էր բերանը, Նրա խոսքը բուժում էր մարդկանց հոգիները, որովհետև Նա է մարդկանց մարմինների և հոգիների Արարիչը:
Նստեց լեռան բարձունքի վրա և խոսեց այնպես, որ բոլորը լսում էին Նրան և հասկանում էին, քանի որ իշխանությամբ էր խոսում, ոչ թե որևէ մեկի խոսքերն էր կրկնում:
Ինչի մասին որ խոսում էր, դա Իր կյանքն էր, Իր պատկերացումն էր մարդու վերաբերյալ, և մարդուն շատ բարձր գնահատեց մեր Տէրը:
Այնքան բարձր գնահատեց, որ նրան ա՛ղ ու լո՛ւյս անվանեց աշխարհի համար, սակայն մինչ օրս մարդկությունը չի կամենում տերը լինի այդ մեծ պատվի:
Քանի դեռ աշխարհը խավարի մեջ է՝ այսինքն արհեստական կեղծ լույսերի մեջ է, ուրեմն չի՛ ընդունում բնական լույս լինելու մեծ պատիվը:
Լեռան քարոզի ուսուցման մեջ, Տէր Հիսուս Քրիստոս պահելով հին օրենքը, կատարելագործված ներկայացնում է Նոր օրենքները և պատվիրում է նույնությամբ ուսուցանել մարդկանց, ինչը որ Ինքը սովորեցրեց: Իսկ նույնությամբ սովորեցնողին Երկնքի Արքայության մեջ՝ մե՛ծ կոչման է արժանացնում; Բարոյական օրենքները ուսուցանելիս՝ հինգ անգամ հարց է տալիս,- Լսե՞լ եք, թե ի՞նչ ասվեց ձեր նախնիները, իսկ Ես ձեզ ասում եմ…
Պահելով հին օրենքը, տալիս է Նորը՝ նրանց ուշադրությունը սևեռելով բոլոր այն մեղքերի վրա, որոնք հին օրենքում մաքրվում էին կենդանու զոհաբերությամբ:
Տէր Հիսուս բացատրում է նրանց, որ այսուհետ որևէ զոհաբերության՝ արված մեղքի համար, ընդունելի չէ առանց զղջման: Ոչ մի կենդանի ձեր մեղքը չի կարող վերցնել, եթե դուք այդ մեղքի համար չեք զղջում և չեք հատուցում: Սա վերաբերում է նաև մեր օրերին արված ողորմություններին: Ո՛չ եկեղեցի կառուցելը, ո՛չ մոմ վառելը, ո՛չ գանձանակ գցած գումարը չեն կարող ենթակային ազատել գործած մեղքի պատժից, եթե անձը չի՛ զղջացել և չի ապաշխարել իր կատարած մեղքը: Որից հետո կարող է այդ ողորմությունները կատարել, որպես հատուցում:
Տէր Հիսուս Քրիստոս անապատի փորձությունից անմիջապես հետո խոսեց ժողովրդի հետ՝ սատանայի հանդեպ հաղթանակ տարածի իշխանությամբ և մարդկանց սովորեցրեց, որ սատանան մոտենում է մարդուն այն ժամանակ երբ մարդը քաղցած է մեղքի հանդեպ, ինչպես որ մոտեցավ Տէր Հիսուսին այն ժամանակ, երբ Տէր Հիսուս քաղց զգաց:
Սատանան գիտե, որ Հիսուս զերծ է մեղանչումից՝ Իր կուսական ծնունդից, այդ պատճառով մոտեցավ բնական կարիքի ժամանակ:
Հիշո՞ւմ եք, սատանան չասա՛ց, եթե՛ քաղցած ես, ասա, թող այս քարերը հաց դառնան, այլ ասա՛ց, եթե Աստծո Որդին ես…
Քաղցած լինելը բնական երևույթ է, այդտեղ արտառոց ոչինչ չկար, սատանան Տիրոջ Աստվածային ծագումն է դնում կասկածի տակ, ե՛թե ասելով:
Ինչպե՞ս է մե՛զ մոտենում սատանան: Այնքան ժամանակ, քանի դեռ մեր միտքը զբաղված է Աստծո խոսքի ճշմարտությամբ, մեր սրտում ապրում է Աստված, մեր կյանքը աստվածահաճո է, սատանան չի՛ համարձակվում մեզ մոտենալ: Բավական է մեր մտքում ծագի որևէ մեղք գործելու ցանկության քաղց, և մենք սկսենք մտածել դրա կատարման քայլերի մասին, մեր սիրտը հակվի դեպի այդ մտածումը, սատանան կազմ ու պատրաստ է՝ մեզ առաջարկել բոլոր հնարավոր ճանապարհները, պատրաստ է բացել բոլոր փակ դռները, միայն թե Քրիստոսի սիրելի մարդ արարածը ծուղակն ընկնի: Դրանով ցավ պատճառի Աստծուն և նսեմացնի մարդուն՝ վնասելով նրա աստվածային պատկերը:
Սիրելիներ, երբե՛ք մի մտածեք մեղք գործելու մասին, երբե՛ք մի կարոտեք որևէ մեղքի, որքան էլ որ այն հաճելի լինի: Մեղքը հաճելի է միայն կատարման պահին, որից հետո գալիս է հատուցելու, զղջալու, խոստովանելու և ամաչելու պահերը; Որովհետև Սատանան անքուն հետևում է, որ գեղեցիկ ձևով մատուցի մեզ մեղքը, ո՛չ թե պարտադրի, այլ որ մե՛նք ընտրենք մեր հոժար կամով: Գիտե՞ք ինչու: Որովհետև սատանան լսել է երկնքից եկած ձայնը, թե՝ դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը, Դրա՛ն լսեցեք:
Սատանան չի կամենում, որ մենք լսենք այդ խոսքերը և փրկվենք: Իսկ Աստված ամեն վայրկյան սպասում է, որ մեր հույսը Իր վրա դնենք և Իրենով պաշտպանվենք:
Ահա այս մտքերն էր, որ կամեցա փոխանցել ձեզ այսօրվա համար: Մնացեք սիրով և խաղաղությամբ: Ձեզ մաղթում եմ ջերմեռանդ աղոթքի ցանկություն՝ Ճրագալույցի Պատարագին և օրհնաբեր Սուրբ Հաղորդություն՝ Պահքը լուծարելու համար: Այսօրվա տոնի ողջույնին ասում ենք՝ Քրիստոս ծնավ և Հայտնեցավ: Պատասխանում ենք՝ Օրհնեալ է Ծնունդը և Հայտնությունը Հիսուս Քրիստոսի: