ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Իմաստություն Սողոմոնի 9:13
Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը:
Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից:
Օրվա ընթերցվածք.
Օրվա ընթերցվածքներ
Ավետարան ըստ Մատթևոսի 3:13-17
13 Այն ատեն Յիսուս Գալիլիայէն Յորդանան եկաւ Յովհաննէսին, որպէս զի անկէ մկրտուի։ 14 Յովհաննէս կ՚արգիլէր զանիկա ու կ՚ըսէր. «Ինծի պէտք է որ քեզմէ մկրտուիմ ու դուն ինծի՞ կու գաս»։ 15 Յիսուս պատասխան տուաւ ու ըսաւ անոր. «Թող տուր հիմա, վասն զի այսպէս կը վայելէ մեզի, որ բոլոր արդարութիւնը կատարենք»։ Ետքը թող տուաւ անոր։ 16 Երբ Յիսուս մկրտուեցաւ, շուտ մը ջուրէն դուրս ելաւ եւ ահա երկինքը բացուեցաւ ու տեսաւ Աստուծոյ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր ու կու գար իր վրայ։ 17 Եւ ահա երկնքէն ձայն մը եկաւ որ կ՚ըսէր. «Ասիկա է իմ սիրելի Որդիս, որուն հաւներ եմ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ: Վաղ առավոտից Տէր Հիսուս Քրիստոս թող պահպանի ձեզ չարի ամեն տեսակ փորձություններից՝ ձեր ջանքերի շնորհիվ: Սկսենք մեր սերտողությունը Մատթևոսի Ավետարանի երրորդ գլխից: Առաջին երկու գլուխներից մենք տեղեկացանք, որ Աստծու նախախնամությունը գործում է ամենուր՝ իր փրկության ծրագիրը աշխարհ մտցնելու համար: Ծնվեց Հովհաննես Մկրտիչը, որը պատրաստեր ճանապարհը՝ Աշխարհի Փրկչի: Երրորդ գլխում կարդում ենք Հովհաննես Մկրտչի քարոզության և Տէր Հիսուս Քրիստոսի Մկրտության մասին, որոնց անդրադարձել են նաև մյուս առաքյալները:
Զարմանալի փաստ են արձանագրել ավետարանիչները Հովհաննես Մկրտչի մասին, որը ևս խոստման զավակ էր: Ինչո՞ւ Հովհաննես Մկրտիչը իր քարոզությունը սկսեց անապատից և քարոզեց միայն անապատում: Մենք ո՛չ մի տեղ չենք կարդում, որ Հովհաննես Մկրտիչը քարոզում էր ժողովարանում: Նրա ծառայության վայրը եղավ անապատը: Նրա մասին ասում են անապատում կանչողի ձայնն է: Այս մասին գրված է Եսայի մարգարեության 40 րդ գլխում; Աստված խոսում է Եսայի մարգարեի բերանով և պատվիրում է քահանաներին՝ մխիթարել Իր ժողովրդին, խոսել նրա հետ, քանի որ ժողովուրդը շատ է տառապել Եգիպտոսի գերությունից դուրս գալու ժամանակ՝ անապատում: Որովհետև,- ասում է Տէրը,- իր գործած մեղքերի համար ժողովուրդը Տիրոջից կրկնակի հատուցում ստացավ:
Այսինքն Հովհաննես Մկրտիչը նախասահմանված էր ապաշխարության քարոզը սկսել անապատից: Մարդիկ գնում էին անապատ նրան լսելու համար, ինչը մեզ համար երևի նույնիսկ հասկանալի չէ: Մենք Պատարագի երկու ժամը դժվարանում ենք կանգնում: Տեսնենք, թե Աստված Հովհաննեսի ծառայության համար ինչո՞ւ ընտրեց անապատը:
«Ձայն բարբառո անապատի» արտահայտությունը ընդունված է նաև մեր սովորական խոսակցության մեջ, երբ երկար զգուշացումից հետո որևէ դրական տեղաշարժ չի լինում, խոսքը տեղ չի հասնում, և այլն: Իսրայելի ժողովրդի պատմությունը բոլորս գիտենք, թե ինչպես Եգիպտոսի գերությունից դուրս գալու ժամանակ քառասուն տարի տառապեցին անապատում, և իրենց անհնազանդության և կռապաշտության պատճառով նրանց ճանապարհը չէր ավարտվում դեպի խոստացյալ երկիր: Առաջին սերունդը համարյա մահացավ անապատում:
Մեկնաբաններն ասում են, որ Աստված անապատում կորցրեց իր համար թանկ՝ մարդկանց մեծ բազմություն: Ի սկզբանե Աստծու նպատակն է եղել մարդու փրկությունը, ո՛չ թե կորուստը:
Իսկ մարդը սովորաբար իր կորցրած թանկ գանձը փնտրում է այնտեղ, որտեղ որ կորցրել է: Այդ պատճառով Հովհաննես Մկրտիչը սահմանվել է անապատի քարոզության համար, որպեսզի ապաշխարությամբ գտնի Աստծու կորած գանձերը և վերադարձնի Աստծուն; Հովհաննես Մկրտչի քարոզությունը նոր բան չէր, ուղղակի պետք էր ժողովրդին կրկին ու կրկին հիշեցնել իրենց մեղքերի մասին, հիշեցնել զղջման մասին և ապաշխարությամբ դարձի բերել նրանց:
Հովհաննեսը ժուժկալության լավագույն օրինակ է այսօրվա քարոզիչների համար, և՛ իր կենցաղով, և՛ իր սնունդով, և՛ իր հագ ու կապով , և ամենակարևորը՝ իր համարձակ արդարախոսությամբ: Սադուկեցիները և փարիսեցիները Տէր Հիսուսից առաջ Հովհաննեսի ապաշխարության քարոզներին նույնպես ներկա են գտնվել և ամբաստանվել են նաև Հովհաննեսի կողմից: Հանդիմանում էր նրանց Հովհաննեսը, ասելով,- բավական չէ միայն պարծենալ, որ դուք Աբրահամի որդիներ եք, այլ դուք ապաշխարության արժանի գործեր պետք է կատարեք:
Քանի որ զղջման իրական ճշմարտությունը կարելի է ստուգել միայն մարդու գործերից:
Քարոզում էր, մկրտում էր Հովհաննեսը և նրա մոտ գալիս էին Երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանի և Հորդանանի շրջակայքի ժողովուրդը: Այդ ժամանակ նրա մոտ եկավ նաև Հիսուս Քրիստոս, նրանից մկրտվելու: Հովհաննեսը ընդդիմացավ նրան և ասաց,- ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և Դո՞ւ ես ինձ մոտ գալիս: Տէր Հիսուս ասաց,- թույլ տուր հիմա, որովհետև այդպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն: Հովհաննեսը Նրան թույլ տվեց: Երբ Հիսուս մկրտվեց և ջրից դուրս եկավ, երկինքը բացվեց Նրան, և Նա տեսավ Աստծու հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր Իր վրա: Եվ ահա մի ձայն երկնքից, որ ասում է,- Դա՛ է Իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը; Հայր Աստծո հակիրճ և գեղեցիկ նկարագրությունը Իր Միածին Որդու վերաբերյալ: Մենք այսպիսի մի գեղեցիկ նկարագրություն էլ հանդիպում ենք Թափոր Լեռան վրա՝ Հիսուսի Քրիստոսի Պայծառակերպության ժամանակ, երբ դարձյալ երկնքից լսվում է ձայնը, որն ասում է,- Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք:
Այս խոսքերը հավիտենական պատգամ են ասված երկնքից: Ո՞վ կարող է հանդգնել և չկատարել այս խոսքը, որ ասաց Հայր Աստված՝ Որդի Աստծու մասին՝ Սուրբ Հոգի Աստծու ներկայությամբ: Մկրտվեց մեր Տէրը, և անապատ տարվեց փորձության:
Սիրելիներ Տիրոջ ճանապարհը պատրաստեց Հովհաննես առաքյալը, ինչպես որ գրված էր մարգարեական գրքերում:
Թագավորների և իշխանների ճանապարհները ստուգվում և պատրաստվում են նրանց գալուց առաջ: Իսկ մենք ինչպե՞ս պետք է պատրաստենք Տիրոջ համար ճանապարհ մե՛ր սրտերում, երբ այնտեղ միայն կենցաղ է, միայն նենգ մտածումներ են, նախանձ է, չարություն է, բամբասանք է և ամենայն սնոտի մտքեր ու մտածումներ կան: Առջևում Սուրբ Ծնունդն է, եթե մենք մեր սրտերը չպատրաստենք Տիրոջ առջև, 2021թ ոչնչով չի տարբերվի նախորդից: Մեր կյանքը ոչնչով չի տարբերվի նախորդ տարվա կյանքից: Մեր երկիրը նույնը կլինի, ինչպես որ կար: Իսկ մեր երկրում դեռ հնչում է նույն արտահայտությունը՝ Ձայն Բարբառո անապատի… Այլ մեր ականջները թող մշտապես լսեն երկնքից եկած ձայնը, թե՝ Դրա՛ն լսեցեք, Դա՛ է Իմ սիրելի Որդին: Մեր սրտերում թող մնայուն ներկայություն լինի Սիրելի Որդու խոսքերը, թե՝ առանց Ինձ ոչինչ չե՛ք կարող անել: Մեր հոգին թող մշտապես զգա Սուրբ Հոգու ներկայությունը, որպեսզի պարկեշտ կյանք վարենք մեր Տիրոջ առջև:
Մնացեք սիրով և խաղաղությամբ. ձեր հոգու ճանապարհները մաքրեք ամեն տեսակ որոմներից և սիրով պատրաստեք ձեր սրտի մսուրը՝ Մանուկ Հիսուսին դիմավորելու համար: