ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց. 2:1-6
Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ, իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ։ Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտռես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն, այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ դու կը գտնես Աստծու գիտութիւնը։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 2: 13-15
13 Երբ անկէ գացին անոնք, ահա Տէրոջը հրեշտակը երազի մէջ երեւցաւ Յովսէփին ու ըսաւ. «Ելի՛ր, առ մանուկը ու անոր մայրը ու Եգիպտոս փախիր, հոն կեցիր մինչեւ ես քեզի ըսեմ, քանզի Հերովդէս պիտի փնտռէ այդ մանուկը կորսնցնելու համար»։ 14 Ան ալ ելաւ, մանուկը ու անոր մայրը գիշերով առաւ, գնաց Եգիպտոս եւ մինչեւ Հերովդէսի մահը հոն էր։ 15 Որպէս զի մարգարէին միջոցով Տէրոջմէն ըսուածը կատարուի, որ կ՚ըսէ. «Եգիպտոսէն կանչեցի իմ որդիս»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ: Այս օրերը մեզ համար պահքի և ապաշխարության օրեր են մինչև Սուրբ Ծնունդ: Մեր Ավետարանն էլ համընկնում է Սուրբ ծննդյան իրադարձությունների հետ: Շատ օգտակար է, որ մենք պահքի օրերին Ավետարանի հետ միասին անպայման կարդանք մարգարեական գրքերը, որոնք բոլոր տողատակերով ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Երեկ մենք սերտեցինք Մատթևոսի Ավետարանի առաջին գլուխը, տեղեկացանք Քրիստոսի ազգաբանությանը, Գաբրիել Հրեշտակի ավետումը՝ Եղիսաբեթին և Մարիամ Աստվածածնին, և Մանուկ Հիսուսի ծննդյան բարի Ավետիսին:
Այսօր կանդրադառնանք երկրորդ գլխին, որտեղ նկարագրվում է մանկան ծնունդից հետո Մոգերի երկրպագությունը, Հրեշտակի հորդորով դեպի Եգիպտոս փախուստը, Բեթղեհեմի մանուկների կոտորածը և Մանկան վերադարձը Եգիպտոսից:
Մանուկ Հիսուս ծնվել է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում՝ Հերովդես արքայի օրոք:
Ինչո՞ւ ծնվեց Բեթղեհեմում, որովհետև այդ օրերին Օգոստոս կայսրի կողմից հրաման եղավ մարդահամար անելու, Հովսեփն ու Մարիամին էլ գնացին այնտեղ արձանագրվելու մարդահամարին: Իսկ երբ հասան այնտեղ, Մարիամի ծննդաբերության օրերը լրացան և նա ծնեց իր Անդրանիկ Որդուն: Ավետարանիչները նկարագրում են, որ խանձարուրով փաթաթված մանուկը դրվեց մսուրի մեջ, որովհետև մարդաշատության պատճառով իջևանատանը նրանց համար տեղ չկար: Եթե մի ակնթարթ մտքով գանք մեր ժամանակակից աշխարհ, կտեսնենք, որ Հիսուսի համար տեղ չկար ո՛չ միայն ծնված ժամանակ, այլ՝ նույնիսկ տեղ չկա այս ահռելի մեծ աշխարհում: Ամեն մանկան ծնունդ ուրախություն է պատճառում բոլորին, սակայն Մանուկ Հիսուսի ծննդյան լուրը խռովեցրեց Հերովդես արքային և երուսաղեմի ողջ ժողովրդին: Ինչո՛ւ խռովեց Հերովդեսը այդ լուրը լսելիս: Որովհետև երբ մոգերը արևելքից եկեն Մանկանը երկրպագելու, նրանք արդեն գիտեին, որ ծնվել է հրեաների թագավորը, և հարցրին, թե ո՞ւր հրեաների արքան, քանի որ Նրա աստղը տեսանք Արևելքում և եկանք Նրան երկրպագելու:
Արևելքի մոգերին ավանդությունից հայտնի էր որ, Հիսուսի ծնունդից առաջ երկնքում երևալու է նրա աստղը, և աստղի երևալուն պես նրանք գնացին նրան փնտրելու: Աստղի ցուցումով գտան Մանկանը մսուրի մեջ, մոր՝ Մարիամի հետ, ընկան, երկրպագեցին Նրան և իրենց գանձատուփերից մատուցեցին նվերներ՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Այս բացառիկ նվերների նշանակության բացատրությունը տալիս են մեր եկեղեցու հայրերը: Քանի որ այսպիսի նվերներ սովորաբար որևէ երեխայի ծննդյան առիթով որևէ մեկը չի նվիրում;
Ինչպես Նրա ծնունդն էր բացառիկ, մսուրն էր բացառիկ, այնպես էլ Նրա ընծաներն էին բացառիկ: Բացատրության մեջ ասվում է, որ ոսկին նրա աստվածությունն է խորհրդանշում, կնդրուկը խունկն է, որ յուղաբեր կանայք տարան գերեզման՝ խնկարկելու, իսկ զմուռը այն է, ինչով Նիկոդեմոսն ու Հովսեփ Արիմաթացին Հիսուսի մարմինը զմռսեցին մահից հետո:
Իսկ Ղուկաս ավետարանիչը պատմում է նաև հովիվների մասին, որոնց երևացել է հրեշտակը և հայտնել է բարի ավետիսը՝ թե ձեզ համար ծնվեց մի Փրկիչ՝ որ Օծյալ Տէրն է:
Այնուհետև նկարագրում է թե ինչպես հրեշտակների հետ երկնային զորքերի մի բազմություն օրհնում էր Աստծուն փառաբանելով և ասում՝ Փառք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն, և հաճություն մարդկանց մեջ: Հովիվները նույնպես այդ դեպքից հետո գալիս են Մանկանը տեսնելու: Պարզ հովիվները ուրախացան այդ լուրից և կամեցան գնալ ու տեսնել, Իսկ Հերովդես արքան անհանգստացավ իր գահի համար, երբ լսեց, որ մի թագավոր է ծնվել իր երկրում: Խաբեությամբ կամեցավ մոգերից իմանալ մանկան ծնվելու վայրը, սակայն մոգերը երկրպագությունից հետո այլևս չվերադարձան Հերովդեսի մոտ՝ Աստծու կամքով: Հերովդեսը քահանայապետներին հավաքելով ճշտեց, թե որտե՞ղ պետք է ծնվեր Քրիստոս, քանի որ գրված է, որ Հիսուս պետք է ծնվեր Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքում:
Քանի որ Հերովդես արքան արդեն տագնապի մեջ էր, և շատ մտահոգ, որ ծնվել է իր մրցակիցը, անօրեն որոշում է կայացնում սպանել Բեթղեհեմի և նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան և նրանից ցածր բոլոր մանուկներին: Այս երևույթի մասին ևս գրված է Երեմիա մարգարեի գրքում:
Սիրելիներ դուք պատմությունը լսելիս ուշադրություն դարձրեք, որ մեր Տէրը մարգարեություններով եկավ, ամեն մի դրվագի մասին գրված է մարգարեությունների գրքում, և հրեշտակը ամեն տեղ զգուշացնում է Հովսեփին, այսինքն Աստված Հովսեփի հետ է ամեն տեղ, ուր որ Մանուկ Հիսուսն է գտնվում:
Հերովդեսի այս հրամանից հետո Տիրոջ հրեշտակը զգուշացնում է Հովսեփին, որ Մանկանը մոր հետ տեղափոխի Եգիպտոս, քանի որ Հերովդեսը փնտրում է մանկանը, որպեսզի սպանի:
Հերովդեսները իրենց թագավորությունը անխախտ պահելու համար պատրաստ են սպանել անմեղ մանկանց, որոնք նոր են լույս աշխարհ եկել; Բեթղեհեմի մանուկները առաջին զոհերն էին, որ նահատակվեցին Քրիստոսի համար, թեպետ նրանք ո՛չ քարոզում, ո՛չ դավանում և լուր չունեին նույնիսկ թե ի՞նչն է պատճառը իրենց սպանության: Հերովդեսը քահանայապետներից հստակ ճշտում կատարեց Քրիստոսի ծննդյան վայրի մասին, նշանակում է քահանայապետները գրքերից գիտեին, որ Քրիստոս ծնվելու է բեթղեհեմում, և գիտեին մանրամասները, սակայն նրանք առաջիններից էին, որ չհավատացին, չհավատալուց բացի Քրիստոսին հետապնդեցին այնքան, մինչև այդ խաչելության ծանր մեղքը իրենց ձեռքով կատարեցին; Հերովդեսը կամեցավ սպանել մանուկ Հիսուսին, չկարողացավ, քանի որ Քրիստոս առաքելությամբ էր աշխարհ եկել, և Իր առաքելության ավարտին քահանայապետները կարողացան նրան սպանել տալ, քանի որ այլևս արգելք չկար:
Աստվածաշնչի մեկնաբանները զուգահեռներ են տանում Հիսուսի և Մովսեսի միջև, քանի որ Մովսեսի ծնունդի ժամանակ էլ երբ փարավոնը իմացավ Մովսեսի ծնվելու մասին հրաման եղավ սպանելու արու զավակներին; Մինչդեռ Մովսեսը կանչվել էր, որպեսզի առաջնորդի Իսրայելի ժողովրդին և ազատի նրանց գերությունից; Իսկ մանուկ Հիսուս ծնվեց ողջ աշխարհը փրկելու համար: Հերովդեսի մահից հետո, Տիրոջ հրեշտակը դարձյալ հայտնվեց Հովսեփին և պատվիրեց վերցնել Մանկանը իր մոր հետ և վերադառնալ Իսրայելի երկիր: Հովսեփը լսել էր, որ Հերովդեսի մահից հետո նրա որդին է իշխում Հրեաստանի վրա, վախեցավ գնալ այնտեղ, այլ՝ գնաց Գալիլիայի կողմերը և բնակվեց Նազարեթ քաղաքում, դարձյալ ըստ մարգարեության, որ հետո պիտի կոչվի Հիսուս Նազովրեցի:
Սիրելիներ, համառոտակի տեղեկացանք նաև Մատթևոսի Ավետարանի երկրորդ գլխի բովանդակությանը: Երկրորդ գլխի կարևորագույն դասն այն էր, որ Աստծու նախախնամությունը հրեշտակի միջոցով ուղեկցում էր բարեպաշտ Հովսեփին, որպեսզի Մանուկը չվնասվի որևէ անմիտ արքայի ձեռքով: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, և Քրիստոս կատարեց մարդկության փրկության ծրագիրը, այլևս ոչ մի խոչնդոտ չեղավ նրան խաչը հանելու և սպանելու հարցում: Սիրելիներ, յուրաքանչյուրիս կյանքի տևողությունը պետք է օգտակար առաքելություն լինի Տիրոջ խոսքի համաձայն: Այսօր ցանենք Աստծու խոսքի սերմը, վաղը կբուսնի, մյուս օրը կքաղենք բերքը, միայն զգույշ լինենք որոմներից:
Մնացեք սիրով, պահքի մեջ՝ հաստատ, հավատքի մեջ անսասան, գործերի մեջ վճռական: