ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Առակաց.1: 1-7
Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ։ Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է,որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է,բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթևոսի 1: 17-25
17 Արդ բոլոր սերունդները Աբրահամէն մինչեւ Դաւիթ տասնըչորս սերունդ եւ Դաւիթէն մինչեւ Բաբելոնեան գերութիւնը տասնըչորս սերունդ ու Բաբելոնեան գերութենէն մինչեւ Քրիստոս տասնըչորս սերունդ։
18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպով եղաւ։ Անոր մայրը Մարիամ Յովսէփին նշանուած, դեռ իրարու քով չեկած՝ Սուրբ Հոգիէն յղացած գտնուեցաւ։ 19 Յովսէփ՝ անոր այրը՝ արդար մարդ ըլլալով ու չուզելով որ զանիկա խայտառակ ընէ, մտածեց որ ծածկաբար արձակէ զանիկա։ 20 Եւ երբ անիկա այս բանը կը մտածէր, ահա Տէրոջը հրեշտակը երազի մէջ երեւցաւ անոր ու ըսաւ. «Յո՛վսէփ, Դաւիթի որդի, մի՛ վախնար Մարիամը իբր կին առնելէ, վասն զի անոր ներսիդին ծնածը Սուրբ Հոգիէն է։ 21 Ան որդի մը պիտի ծնանի, անոր անունը Յիսուս պիտի դնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերէն պիտի փրկէ»։ 22 Այս ամէնը եղաւ, որպէս զի կատարուի Տէրոջմէն ըսուածը մարգարէին միջոցով, որ կ՚ըսէ. 23 «Ահա կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, անոր անունը Էմմանուէլ պիտի կոչեն, որ կը թարգմանուի Աստուած մեզի հետ»։ 24 Յովսէփ քունէն արթննալով՝ ինչպէս Տէրոջը հրեշտակը իրեն հրամայեց, այնպէս ըրաւ ու իր կինը քովն առաւ։ 25 Եւ չգիտցաւ զանիկա՝ մինչեւ իր անդրանիկ որդին ծնաւ։ Անոր անունը Յիսուս դրաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ: Շնորհավորում եմ բոլորիդ՝ Նոր Տարին խաղաղությամբ դիմավորելու համար: Համայն հայության սիրտը ուրախ չէ, բայց կյանքը շարունակվում է իր աստվածաստեղծ բնականոն հունով: Փառք Աստծուն, որ արժանացրեց մեզ տեսնել նաև 2021թ. Շնորհակալ ենք Աստծուն նախորդ տարվա համար: Խնդրենք Նրա ողորմությունը՝ Նոր Տարին նոր թափով սկսելու համար մեր հոգևոր կյանքը;
Իսկ մենք նախորդ տարվանից վերցնենք միայն մեր կիսատ թողած գործերը և ավարտին հասցնենք այս տարում: Այսօր Հունվարի մեկն է, և մենք նորից միասին ենք, առանց ընդմիջման, քանի որ ամեն ինչ կարելի է ընդմիջել, բացի ամենօրյա Աստծու խոսքից ու պատգամներից, քանի որ այն մեր կյանքի ուղեցույցն է: Իսկ մենք թևակոխեցինք նոր տարի, նոր կյանք, նոր ծրագրեր, նոր ակնկալիքներ, որոնց հաջողության գրավականը Աստծու անզուգական խոսքն է:
Նոր տարում ես էլ որոշեցի ձեզ համար մի նոր փոփոխություն անեմ մեր հանապազօրյա հաց հաղորդաշարի շրջանակներում: Ինչպես հիշում եք, նախորդ եթերների ժամանակ մենք միասին սերտում էինք օրվա ընթերցվածքից՝ օրվա Ավետարանը, ինչ որ նախատեսված էր եկեղեցական օրացույցում: Բայց հիմա մենք կսկսենք Մատթևոսի Ավետարանի սերտողությունը և կշարունակենք հաջորդաբար, եթե Աստված կամենա և կյանք պարգևի մեզ; Երկու խոսքով ձեզ ներկայացնեմ Աստվածաշունչը, ոչ թե նրա համար, որ չգիտեք, այլ չի բացառվում որ մեզ նոր միացողներ լինեն և չիմանան: Իսկ կրկնությունը միշտ օգտակար բոլորիս համար: Առհասարակ լավ է, երբ մարդ իր ունեցած գիտելիքը կրկնելով հաստատում է, քան անվերջ նոր բան է սովորում և մոռանում է:
Նախորդ եթերներից մեկի հարցից մենք սովորեցինք, որ Աստվածաշունչ մատյանը բաղկացած է 75 գրքերից, որիս 48 ը Հին Կտակարանն է, իսկ 27ը Նոր կտակարանը: Նոր Կտակարանը իր մեջ պարունակում է չորս Ավետարաններ, Գործ Առաքելոց, Պողոս Առաքյալի 14 նամակները, Առաքյալների ընդհանրական թղթերը և Հայտնության Գիրքը:
Մենք այսօր սկսելու ենք Նոր Կտակարանի առաջին գրքից, որը Մատթևոսի Ավետարանն է:
Հիսուս Քրիստոս եղել է և մնում է աշխարհի Լույսը՝ ինչպես երեկ, նաև այսօր և հավիտյան: Թող Իր Սուրբ Գրքի լույսով և այս հաղորդաշարի միջոցով նորոգվի ձեր ներքին մարդը օրըստօրէ: Ամեն
Չորս ավետարանների հեղինակներն են՝ Մատթևոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը, որոնք տարբեր նախաբաններով են սկսել գրել իրենց Ավետարանները: Մատթևոսը իր Ավետարանը սկսել է Հիսուս Քրիստոսի ազգաբանությամբ, Ղուկասը իր Ավետարանի համար որպես նախաբան ընտրել է Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը, Մարկոսն իր Ավետարանը սկսել է Հովհաննես Մկրտչի քարոզությունը հիմք ունենալով: Իսկ վերջին Ավետարանը, որ Հովհաննեսինն է, սկսվում է հեռավոր անցյալից՝ նկարագրելով, թե՝ ինչպես Բանը Մարմին եղավ: Հովհաննեսը ինչպես որ սկզբի մասին է գրել, այնպես էլ՝ վախճանի:
Մատթևոսի Ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ազգաբանությունը վերնագրով, բայց կարծես ոչ թե Հիսուսի, այլ՝ Աբրահամի ազգաբանությունը նկարագրված լինի մինչև Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Սակայն եթե ուշադիր կարդանք ազգաբանությունը, կծանոթանանք այն գլխավոր դեմքերի հետ, որոնց միջոցով բացվում ճանապարհը, որպեսզի ծնվի Հիսուս Քրիստոս՝ աշխարհի փրկիչը:
Աբրահամից մինչև Դավիթ 14 սերունդ է անցել, Դավթից մինչև Բաբելոնի գերությունը նույնպես 14 սերունդ է անցել, Բաբելոնի գերությունից մինչև Քրիստոսի ծնունդ ևս 14 սերունդ է անցել:
Այս երեք գերդաստանները 42 սերունդ էին կազմում և այդքանի մեջ գտնվեց միակ արժանավորը՝ հարմարագույնը և շնորհընկալը՝ Մարիամ Աստվածածինը, որը նշանվածն էր Հովսեփ անունով բարեպաշտ մի մարդու հետ: Երկու խոսքով ձեզ ներկայացնեմ Մարիամի ժամանակաշրջանի հրեական ավանդությունը՝ նշանված կույսի վերաբերյալ: Նշանվելուց անմիջապես հետո, աղջիկն ու տղան օրենքով համարվում էին ամուսիններ, առանց միմյանց մերձենալու և պարտադիր պայման էր մեկ տարի այդպես ապրել մինչև ամուսնություն: Մեկ տարին լրանալուն պես գրվում էր պայմանագիրը, որը հաստատում էր, որ ամուսինը պարտավորվում է ամենայն պատասխանատվություն կրել իր նշանածի համար, եթե նա պահել է իր կուսությունը: Նշանված աղջիկը իրավունք չուներ երևալու այլ տղամարդկանց, իսկ եթե հանկարծ դավաճանություն պատահեր, սովորության համաձայն նրան պետք է քարկոծեին շնության համար:
Անշուշտ կարևոր է իմանալ, թե՝ տվյալ ժամանակաշրջանում ի՞նչ բարքեր են գործել այդ հասարակության մեջ, որպեսզի մեր կարդացածը ավելի հասկանալի լինի: Դրա համար է Մատթևոսը նշում, որ Մարիամը, որ Հովսեփի նշանածն էր, նախքան նրանց իրար մոտենալը, Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց: Իսկ Հովսեփը, որ արդեն նշեցինք, թե՝ համարվում էր Մարիամի մարդը ըստ օրենքի, հաշվի առնելով բոլոր հրեական օրենքները, մտածեց, որ առանց աղմուկ արձակի Մարիամին: Բայց Աստված արդեն նախախնամել է Իր Ճանապարհը հարթողի ծնունդի մասին, որ Հովհաննես Մկրտիչն էր: Ժամանակ անց այցելել էր Մարիամին, հիմա պետք է այցելեր Հովսեփին՝ ամեն ինչ բացատրելու համար:
Մենք ենք, որ մարդկային տկար մտքով շտապ որոշումներ ենք կայացնում, մոռանալով Աստծու նախախնամության մասին; Առաջին հայացքից թվում է, թե Հովսեփի բարեպաշտությունը հակառակ է օրենքի գրքին, քանի որ գրքում գրված է անհավատարմության դեպքում քարկոծել ենթակային իր ծնողների տան դռան առջև, քանի որ նա խախտել է Իսրայելի օրենքը: Իսկ եթե հայտնաբերվի այն տղամարդը, որի հետ կինը շնացել է, թող քարկոծվի նաև այդ տղամարդը՝ օրենքը խախտելու համար:
Սակայն Հովսեփը անսաց հրեշտակի խոսքին, որը այցելեց նրան երազի մեջ և զգուշացրեց, որ չվախենա Մարիամին իր մոտ առնելու, քանի որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է:
Այս բոլորը պետք է կատարվեր, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից ասված Եսայի մարգարեի խոսքերը, թե,- Ահա կույսը պիտի հղանա և մի որդի պիտի ծնի, ու նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է՝ Աստված մեզ հետ է: Հովսեփը արեց այն, ինչ իրեն ասաց Տիրոջ հրեշտակը, և չհարաբերվեց Մարիամի հետ, մինչև ծնվեց Անդրանիկ Որդին, որի անունը դրեց Հիսուս:
Սիրելիներ, հիմա արդեն մեզ հասկանալի դարձավ, թե Մատթևոսը ի՞նչ պատճառով էր այդքան մանրամասն նկարագրել Քրիստոսի ազգաբանությունը, որպեսզի մենք իմանանք, որ Նա սերում է Աբրահամի և Դավթի սերնդից: Բոլորդ գիտեք, թե ինչպես եղավ Քրիստոսի ծնունդը: Թեթև վերհիշենք և անցնենք առաջ: Հրեշտակի Ավետումը Մարիամ Աստվածածնին շատ գեղեցիկ տեսարան է իր նկարագրությամբ:
Հիշո՞ւմ եք, թե ի՞նչ խոսքերով է Գաբրիել հրեշտակը դիմում Մարիամին, որը միակն էր, որ շնորհ գտավ Աստծու առջև՝ աշխարհի Փրկչին լույս աշխարհ բերելու կուսական ծնունդով:
Հրեշտակը Մարիամին ասաց, որ դու օրհնյալ ես կանանց մեջ: Չասաց, թե օրհնեալ ես բոլոր կանանցից առավել, որ չլինի հանկարծ իրեն վեր չդասի ուրիշ կանանցից:
Հրեշտակը Մարիամին բացատրեց, որ մարդկային միջոց չի՛ գործածվի Քրիստոսի ծնունդի համար, այն կլինի կուսական ծնունդ: Հրեշտակի ավետումը լսելուց հետո Մարիամի շփոթմունքը փարատելու համար, Գաբրիել Հրեշտակը հայտնում է Մարիամին, որ իր ազգական Եղիսաբեթը նույնպես հղի է: Բայց Եղիսաբեթի ծնունդը արդեն կուսական չէր, ծնվողը Փրկիչ չէր, այլ Փրկչի ճանապարհը ցույց տվողը:
Եղիսաբեթը մեծ տարիքում հղացավ՝ Աստծո ծրագրի իրականացման համար: Նրա ամուսինը՝ Զաքարիան, որը քահանա էր, երկար տարիներ էր աղոթել և խնդրել Աստծուն, որ զավակ ունենա: Սակայն երբ նույն Գաբրիել հրեշտակը նախ՝ Զաքարիային տվեց լուրը, թե զավակ կունենաս, Զաքարիան չհավատաց, ինչի պատճառով ժամանակավոր զրկվեց խոսելու հատկությունից: Եղիսաբեթը վեց ամսական հղի էր, երբ Մարիամը նրան այցի գնաց: Եղիսաբեթը Սուրբ հոգով նույն ողջույնը տվեց Մարիամին, թե՝ օրհնեալ ես կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը:
Գաբրիել Հրեշտակի ավետման լուրի մասին գրել է միայն Ղուկաս Ավետարանիչը, մյուս երեք ավետարանիչները չեն անդրադարձել այդ իրողությանը: Այդ պատճառով ուզեցի ձեզ տեղեկացնել այդ մասին:
Մենք Այսօր սերտեցինք Մատթևոսի Ավետարանի առաջին գլուխը, Աստծու ողորմությամբ վաղը միասին կսերտենք երկրորդ գլուխը:
Ավետարանի յուրաքանչյուր գլուխ սերտելիս, թող Տէր Աստված բացի ձեր մտքի, սրտի աչքերն ու ականջները, որպեսզի լսեք, հասկանաք և կատարեք Աստծու խոսքի պատգամները:
Մնացեք սիրով՝ վաղը հանդիպելու ակնկալիքով: