ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 20.9-18
Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց: 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան եւ ձեռնունայն արձակեցին: 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամփու դրեցին: 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին: 13 Այգու տէրն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից պատկառեն”: 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին եւ ասացին. “Սա է ժառանգը. սպանենք նրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի”: 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կանի: 16 Չէ՞ որ կգայ ու կորստեան կմատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կտայ»: 17 Երբ այս լսեցին, ասացին՝ քա՛ւ լիցի: Եւ Յիսուս, նրանց նայելով, ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ “Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկիւնաքար եղաւ”: 18 Ով որ այս վէմին բախուի, կխորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կճզմի նրան»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, սիրելի հավատացյալներ, ներկաներ և բացականեր, Աստծու խոսքի հետևորդներ և չհետևողներ, Ողջունում եմ բոլորիդ: Աստծու բարի կամքով ապրեցինք նաև 2020 թվականը և ահա այսօր տարվա վերջին օրն է: Ոմանց համար տարին ավարտվեց հարազատի կորուստով, ոմանց համար իրենց վիրավոր զինվորը միշտ պետք է հիշեցնի դժնդակ պատերազմը, ոմանք հույսները սրտում ամեն րոպե սպասում են իրեն գերիներին ու կորած զավակներին:
Իշխանության համար ծանր իրավիճակ է, ընդիմության համար խառնաշփոթ է, եկեղեցին էլ անմասն չմնաց այս բոլոր անցուդարձներից,: Սակայն ՀՀ ում և սփյուռքում չկա մի անձ, որը խաղաղ գտնվեց այս օրերին մեր հայրենիքին պատահած արհավիրքի պատճառով: Ես դեռ չեմ խոսում կորոնայի պատճառած մահվան վտանգների մասին, նրանից առաջացած վախերի, տագնապների և անորոշությունների մասին:
Սա մեր 2020 թվականն էր, որը պետք է մնա մեր հիշողության մեջ, որպես պատերազմի և բազում զոհերի ու տարածքների կորստյան տարի: Բայց ինչպես Ավետարանն է ասում՝ մարդը չէ՛ տարվա համար, այլ տարի՛ն է մարդու համար: Ինչպես որ ապրում ենք մեր կյանքը, այնպիսի տարի էլ ունենում ենք ավարտին:
Այսօրվա Ավետարանի առակը եկեղեցական օրացույցում պատահական չէ դրված տարվա վերջին օրը: Եկեք միասնաբար խորհրդածենք առակի բովանդակության շուրջ՝ այն ամբողջությամբ վերագրելով մեր երկրին: Մենք իրավունք ունենք ցանկացած առակ վերագրել մեզ, քանի որ Տէր Հիսուս երբ սովորեցնում էր աշակերտներին, ասաց,- ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում: Այդ բոլորի մեջ մտնում ենք մենք՝ հայերս, և հատկապե՛ս մենք, որ առաջին համարձակը գտնվեցինք բոլոր ազգերի մեջ՝ քրիստոնեության հալածանքի տարիներին այն ընդունել որպես պետական կրոն մեր երկրի համար:
Տէր Աստված մեր երկիրը տվեց մեզ որպես բնակավայր, ապրելու և բարգավաճելու համար: Պարբերաբար ուղարկեց մեզ մոտ իր աշակերտներին, ստուգելու համար մեր հոգևոր վիճակը: Համարենք, որ առակի մեջ նկարագրված այդ ծառաները մեր երկիր եկած առաքյալներ՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսն էին: Ի՞նչ պատահեց նրանց հետ, բոլորդ գիտեք, թե ի՞նչ հալածանքների ենթարկվեցին ու նահատակվեցին: Այնուհետև մեր միջից հանեց ուրիշ ծառաներ, որոնք գրերի գյուտով զբաղվեցին, Աստվածաշունչը թարգմանեցին մեր լեզվով, որպեսզի Աստված իր որդու միջոցով խոսի մեզ հետ: Երկիր բնակավայրը ունենք, լեզուն ունենք, գիր ու գրականություն ունենք, Աստվածաշունչ ունենք, քրիստոնեությունը ընդունել ենք՝ որպես կրոն: Կարծես թե ոչինչ պակաս չունենք, որպեսզի երբ Տէրը գա, մեզ պատրաստ գտնի Իր այգում աշխատելիս:
Նայենք մեր պատմությանը և գանք հասնենք մինչև մեր օրերը և տեսնենք, թե՝ երբ այգու Տէրը գա, ինչպե՞ս կվարվի մեզ հետ, ի՞նչ կասի մեզ, ի՞նչ կպահանջի մեզնից: Այս հարցին թող պատասխանի ամեն հայ, որ կարդում է այս առակը՝ չար մշակների մասին: Իսկ Տէր Հիսուս երբ առակը պատմեց վերջացրեց, հարց տվեց ներկաներին,- Արդ, այգու Տէրը նրանց ի՞նչ կանի: Չէ՞ որ կգայ ու կորստեան կմատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կտայ»: Իսկ Մատթևոս Ավետարանիչը ավելի մանրամասն է արձանագրել մեր Տիրոջ պատասխանը, թե՝ Արդ, երբ այգու Տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ՚անի»։ Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՚ոչնչացնի եւ այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։
Սիրելիներ աշխարհում ամեն ինչ այդպես է գործում, բոլոր աշխատանքները պայմանագրերով են գործում, բանկերը պայմանագրերով են աշխատում, ցանկացած գործարք պայմանագրով է կատարվում:
Մի՞թե որևէ մեկը կարող է բանկից դրամ վերցնել և խախտել պայմանագրի պայմանները և չվճարել: Եթե ենթական չվճարի իր գնած տան պայմանագրի նշված գումարը, ապա իրեն դուրս կանեն այդ տնից և դրամի դիմաց կվերցնեն տունը: Իսկ ինչո՞ւ չենք հաշտվում այն մտքի հետ, որ մեր երկիրն էլ պայմանագրով է մեզ տրված, մեր կյանքն էլ մեզ պայմանագրով է տրված, որպեսզի ենթարկվենք պայմանագրի կանոններին:
Քահանայապետները և օրենքի ուսուցիչները հասկացան, որ այդ առակը իրենց էր վերաբերում: Չնայած որ առակի մեջ որևէ ակնարկ չկար իրենց անվան մասին, բայց իրենք լավ գիտեին իրենց գործերը, որ ճիշտ առակի մշակների նմանությունն է:
Առակը վերաբերում է բոլոր ժամանակների այն մարդկանց, որոնք իրենց հանձնված հոտին անտեսում են և հոտի Տիրոջից չեն երկնչում: Առակը պատմելուց հետո, օրենսգետները հենց այդտեղ էին ուզում բռնել Նրան և ձեռբակալել, սակայն վախեցան ժողովրդի ներկայությունից, որովհետև Նա ժողովրդի մեջ մեծ հարգանք էր վայելում և Նրա խոսքը լսելի էր մարդկանց:
Սիրելիներ, այժմ վերադառնանք մեր եկեղեցուն, մեր հոտին, մեր եկեղեցական կյանքին: Ապրեցինք ևս մեկ տարի: Ինչո՞վ էր այս տարին տարբերվում նախորդ տարուց: Ինչո՞վ արժևորվեց 2020թ մեր կյանքում, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք հոգևոր առումով; Ձրիաբար տրվեց մեզ Աստծու խոսքը ամեն օր: Ճշմարիտ քրիստոնյան գիտե այդ գանձերի գինը և բռնի ուժով է վերցնում դրանք, իր հոգու փրկության համար:
Իսկ նրանք, որոնք ծուլացան հոգևոր կյանքի մեջ, նրանց համար տարբերություն չեղավ նախորդ տարվա համեմատ: տարբերություն չի լինի նաև հաջորդ տարում: Բայց այգու տերը մի օր կայցելի նրանց:
Տէր Հիսուս Քրիստոս ասում է.- Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը: Հովհ.12:26
Քրիստոսին ծառայող քրիստոնյան համարձակ է` խոնարհ լինելով: Ճշմարտախոս է` չվիրավորելով: Նախանձախնդիր է` առանց ակնկալիքի: Հավատարիմ է` առանց երկմտելու: Ներողամիտ է` առանց վրեժխնդրության: Զղջացող է` առանց առանց քծնանքի: Գիտակ է` առանց հպարտության: Օգնող է` առանց դիմելու: Սթափ է՝ մինչ փորձություն: Ելնում է արագ՝ երբ ընկնում է:
Իրական քրիստոնյայի առաքինությունները այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել, և այդ առաքինությունները ավելանում են նրա հոգևոր աճի հետ միասին: Ճշմարիտ քրիստոնյան միշտ արթուն է, որովհետև քաջ գիտակցում է, որ իր բոլոր ձեռքբերումները հիմնված են իր ամուր հավատքի վրա: Նա Քրիստոսինն է այլևս, և Քրիստոս նրա սրտում է ապրում և խոսում է նրա լեզվով, գործում է նրա ձեռքերով, շիտակ է քայլում նրա ոտքերով: Ընկնելիս` անմիջապես վեր է կենում և մաքրում կեղտոտած հագուստը` ըստ սահմանված կարգի: Քրիստոնյան չի կարող լինել խեղճ, լացող, տկար, անվերջ ցուցադրական ինքնահալածման և ինքնաստրկացման, ինքնանսեմացման կարգավիճակում: Նույնիսկ վիրավորական է, երբ տեսնում ես նման քրիստոնյաների, որոնց կեղծ բարեպաշտությունը անցնում է բոլոր սահմանները: Կան մի քանի արտահայտություններ, որոնք ստվեր են գցում քրիստոնեական բարձր արժեքների վրա: Օրինակ: «Ես ինձ անարժան եմ համարում Սուրբ Հաղորդություն ստանալ», «Ես առայժմ պատրաստ չեմ մկրտության», «Ես ով եմ, որ Աստվածաշնչի մասին խոսեմ» և այլն: Նմանատիպ համոզմունքներով չմոտենալ սրբություններին` սխալ է: Իսկ ինչպե՞ս կդառնաս արժանավոր, առանց Սրբությունների, մի՞թե քո ուժերով: Դու խոստովանում ես, որ հիվանդ ես, ինչպես կառողջանաս, եթե չմկրտվես ու իրավունք չստանաս ճաշակելու սրբարար «Դեղը»:
Այս երևույթը նույնիսկ վիրավորական է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մի՞թե նա խաչվեց միայն արժանավորների համար, կամ հորդորե՞ց մկրտել միայն արդարներին, թե՞ արտոնեց որոշակի մարդկանց խոսել Աստվածաշնչի մասին: Այո, մեղավոր ենք, եթե մեղավոր չլինեինք, Արդարը չէ՛ր խաչվի մեզ համար: Բայց ամբողջ Սուրբ Գիրքը խոսում է մարդու վերափոխման գաղափարի մասին, նոր մարդ դառնալու հրաշքի մասին, որը կարող է կատարվել միայն Իր Զորությամբ, զղջումով՝ Իր Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդության միջոցով: «Ես մեղավոր եմ» բառը պետք է ունենալ մտքում մշտապես: Իսկ իրական քրիստոնյան ասում է. այ՛ո, ես մեղավո՛ր էի, մինչև Քրիստոսի վարդապետությանը ծանոթանալը, իսկ հիմա թողել եմ այ՛ս և այ՛լ մեղքերը, և ջանում եմ նորերը ձեռք չբերել: Ինչպե՞ս ուրանամ այն փաստը, որ Քրիստոսի զորությամբ եմ հոգևոր աճ ունեցել: Սա հպարտություն չէ, այլ վերին խոնարհություն է, երբ հանձն ես առնում, թե ո՞ւմ միջոցով բժշկվեցիր:
«Ես մեղավոր եմ» ասելով մեղքը չի վերանում: Մեղքից վեր պետք է կանգնել և ուրախանալ, որ ազատվեցինք: Այս բոլորին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կապը Տիրոջ հետ չի ընդհատվում նույնիսկ մեղքի մեջ:
Իրական քրիստոնյան ամուր պատ է եկեղեցու համար` ներսից և դրսից: Մերօրյա քրիստոնյայի կերպարը չի բխում քրիստոնեական բարձր արժեքներից: Քրիստոնյան պետք է նետ լինի Քրիստոսի աղեղի համար և միշտ պատրաստ՝ արձակվելու, ուր որ Նա՛ կամենա: Քրիստոնյան մեկն է այն տասից, որ վերադարձավ գոհություն հայտնելու: Մեր տարեվերջյան դասը թող լինի այսօրվա առակի հացը յուրաքանչյուրիս ուղղված: Դու մշակ ես Տիրոջ այգում, ունե՞ս պատասխան Նրա համար, երբ որ գա;
Մնացեք սիրով, խաղաղությամբ, խնդությամբ, ձեր մտքի ու հոգու հետ ներդաշնակությամբ; Միշտ հիշեք, որ մենք ենք տարին դարձնում բարի կամ չար՝ մեր վարած կյանքով; Թվականը որևէ դեր չի կարող խաղալ, ինչպես որ գուշակում են շատերը:
Սա մեր վերջին եթերաժամն էր այս տարվա համար, շնորհակալ եմ բոլորիդ ակտիվ մասնակցության համար, փառք Աստծուն, որ տվեց ինձ այս հնարավորությունը ողջ տարին ձեզ հետ միասին լինելու: Եթե Աստված կյանք պարգևի կհանդիպենք նաև 2021թ. Մաղթում եմ ձեզ վերելք՝հոգևոր կյանքի մեջ, իսկ դրանից հետո ամեն դժվարություն կարող եք հաղթահարել և ամեն ուրախության կարող եք դիմանալ: Երթայք խաղաղությամբ՝ Գալ տարի հանդիպելու ակնկալիքով; Ես հասցրեցի այս տարվա ընթացքում ձեզ ճանաչել անուններով և սիրել բոլորիդ:
Այսօրվա հարցը. Պատրա՞ստ է քո սիրտը՝ ընդունելու այնտեղ Մանուկ Հիսուսին:
Աղօթենք միասին
Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու ընդ ամենայն տեղիս քրիստոնէութեան, ուր եւ կարդան զանուն Տեառն սրբութեամբ, Տէր աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբն մեզ ողորմեսցի: Ուխտիւք զԱստուած աղաչեսցուք, զի Նա փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ ի ցանկութենէ աշխարհի: Ընկալցի զուխտս եւ զխնդրուածս սրտից մերոց. եւ արժանի արասցէ զմեզ հաւատոց եւ պատուիրանաց Իւրոց ընդ ամենայն սուրբս Իւր: Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛: