ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 20.1-8
Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ. ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»: 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից»: 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին ու ասացին. 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կասի. “Իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան”. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»: 7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է: 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. Մոտեցանք այս տարվա նախավերջին օրվան. Այսօր 2020թ վերջին չորեքշաբթին է, որ ապրում ենք: Ես ձեզ երեկ էլ էի հիշեցրել, որ վերջին երեքշաբթին է, և վաղն էլ պետք է հիշեցնեմ, որ տարին ավարտվեց: Հիշեցումս մի նպատակ ունի: Ամեն ինչի ավարտ ունի հաշվետվություն՝ իր դրական և բացասական արդյունքներով: Մեր կյանքի ավարտն էլ ունի հաշվետվություն՝ երկու հավիտենականությունների միջև:
Ամեն տարի եկեղեցական օրացույցը մեզ այսօր հիշեցնում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքի մասին: Բոլորդ հիշում եք, թե 2020 թ հագեցած էր անակնկալ իրադարձություններով, որը նման չէր նախորդ տարիներին: Այս տարի մենք համոզվեցինք, որ գնալով ավելի է վատանում երկրի իրավիճակը: Յուրաքանչյուր հաջորդ փորձություն ավելի ծանր է, քան նախորդը: Այս բոլորը զգուշացումներ են՝ նախապատրաստվելու համար: Այնպես, ինչպես մարդու տարիքը առաջանալով մարմնի անդամներով զգացվում է ծերությունը և այդ երջանիկ ծերությունը հիշեցնում է կյանքի ավարտի մասին; Ի՞նչ է մեր անելիքը:
Ինչպես որ տարեվերջին յուրաքանչյուր տանտիկին մաքրում է տան բոլոր անկյունները և ամբողջ տունը՝ տարեմուտը դիմավորելու համար, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա, նախ՝ պետք է մաքրի ու սրբի իր մարմնի տաճարը, որը ժամանակավորապես տրված է մեր անմահ հոգու համար որպես բնակարան; Ողջ տարվա ընթացքում մենք ապրում ենք առանց հաշվետվության, առանց պատասխանատվության և առանց զղջումի: Տարեմուտին մենք պարտավոր ենք քնության առնել մեր մեկ տարվա կյանքը, և հաշվետու լինել Աստծու առջև: Առանց զղջումի և խոստովանության մեր անմաքուր սրտերում չի կարող ծնվել Մանուկ Հիսուս: Ամեն տարի մեծ շուտով նշվում է Սուրբ Ծնունդը ողջ աշխարհում, բոլոր եկեղեցիներում, բոլոր տներում: Սակայն անհայտ է մի կարևոր բան: Արդյո՞ք ծնվում է Մանուկ Հիսուս յուրաքանչյուրիս սրտում:
Մեծ տոնախմբությունները, փայլերը, զանգերը, լույսերը, և բոլոր շռայլությունները ոչին են, եթե Մանուկ Հիսուս չծնվի մարդու սրտում, որտեղ որ պետք է ապրի մինչև մարդու կյանքի ավարտը: Մանուկը ծնվեց քարայրում՝ մսուրի մեջ, քանի որ ծնվելու պահից Նրա համար արդեն տեղ չկար աշխարհում: Մեր նախապատրաստությունները բոլորը պետք է նվիրված լինեն Սուրբ Ծննդյան չքնաղ տոնին;
Կան բարեպաշտ քրիստոնյաներ, որոնք գիտեն աստվածաշնչյան ողջ պատմությունը, իրենց սիրտը՝ որպես բնակարան նվիրում են Մանուկ Հիսուսին Իր ծննդյան օրից սկսած: Կան քրիստոնյաներ, որոնք խանդավառվում են միայն Սուրբ ծննդյան օրը և հաջորդ օրից անցնում են իրենց կյանքի բնականոն ընթացքին: Քրիստոնյաներ կան, որոնք այդ մեծագույն տոնը Ճրագալուցի մոմի լույսով են պատկերացնում միայն, և մոմի լույսը տուն տանելով բավարարվում են: Մի խոսքով շատ տարբեր են մոտեցումները այս Գլխավոր Տոնի նկատմամբ; Այս Տոնը՝ սկիզբն է բոլոր տոների: Տարվա սկիզբը սկսվում է այս տոնով: Մեր կյանքի նոր տարվա հիմքը դնում է Սուրբ Ծնունդը: Այսինքն մենք հնարավորություն ունենք տարվա 365 օրերը ապրել Աստծու Միածնի՝ Հիսուս Քրիստոսի հետ: Մեր ընտրությունը ազատ է այդ հարցում: Ահա թե ինչո՞ւ էի ձեզ զգուշացնում, որ այսօր վերջին չորեքշաբթին է: Որպեսզի ամեն օր անդրադառնանք մեր ավարտվող օրերին և կատարենք սխալների ուղղում; Այս տարի լավ կլիներ, որ 31 ի գիշերը նռան օրհնության հետ միասին կազմակերպվեր համազգային զղջման օր, քանի որ վերջի մեկ երկու ամիսների ընթացքում մեր հայրենիքի օդը լցված էր ատելության, անեծքի, դավաճանության, հայհոյության և ամեն տեսակ զազրախոսության մեղքերով: Ամբողջ ազգը լինելով խորը վշտի ու կորստի մեջ՝ պատերազմի առաջացրած արհավիրքների պատճառով, մեր երկրում ոչ մի օր չդադարեց ամբարտավանությունը, վեճերն ու կռիվները:
Մեծ հրապարակները լցվեցին ընդդիմության հանրահավաքներով և ազգը պառակտող ելույթներով; Զերծ չէր նաև համացանցը, որը նմանվել էր խայտաբղետ տոնավաճառի՝ իր մարգարեություններով:
Կորանայի հասցրած հիվանդությունների պատճառով հիվանդանոցները լեցուն էր մարդկանց բազմությամբ: Իսկ երբ պատերազմը սկսվեց, կորոնան իր տեղը զիջեց պատերազմի ավերներին ու վիրավոր զինվորների առատության պատճառով հիվանդանոցները չէր բավարարում; Մեկ տարի մենք ապրեցինք մղձավանջային իրականության մեջ՝ կորցնելով մեր խաղաղությունը, համերաշխությունը, բարեկամությունը, կենդանի շփումները, միմյանց ողջագուրվելու հնարավորությունը, և հազար ու մի բան; Սակայն ոչ մի օր, չլսեցինք մի մխիթարության ուղերձ, մի հուսադրող հորդոր, համբերության կոչ, համախմբման ելույթ և այլն; Այո, չլսեցինք: Դրա փոխարեն առատորեն լսեցինք միմյանց հասցեին արված բանսարկությունների փոխհրաձգություններ և թշնամական ելույթներ, որոնք բացահայտում էին երկիրը ղեկավարող անձանց կյանքն ու գործունեությունը: Այս ամենի պատճառով առանց այդ էլ մասնատված ժողովուրդը ամբողջությամբ բզկտվեց:
Մենք հասկացանք, որ մեր երկիրը մատնված է եղել ինքնահոսի: Աստված կամեցավ, որ բացվի դռները և մենք դուրս գանք այդ սարսափելի երազից, բայց մենք ո՛չ մի քայլ չարեցինք՝ տարբե՛ր պատճառներով: Պատճառները բոլորս էլ գիտենք: Բայց օրվա Ավետարանը չդադարեց ողջ տարվա ընթացքում մեզ արթուն պահել իր ուղերձներով, խրատներով, առակներով և պատվիրաններով;
Սիրելիներ այսօրվա Ավետարանը ձեզ ծանոթ է, քանի որ մենք արդեն սերտել ենք Ղուկասի Ավետարանի այս գլուխը, սակայն մի ուշագրավ համար կա այս գլխում, որ կուզեմ միասին անդրադառնանք այդ համարին, քանի որ մեր կյանքում էլ շատ է պատահում, որ մեզ հարց են տալիս և ակնկալում են հստա՛կ պատասխան; Թեթև հիշեցնեմ ձեզ հարցը: Երբ Հիսուսին հարցրին, թե՝ ի՞նչ իշխանությամբ ես անում դա: Հիշո՞ւմ եք, որ Նա տաճարից դուրս էր հանում վաճառականներին և ասում էր, որ Աստծու տունը չի կարելի ավազակների որջ սարքել: Տէր Հիսուս Իր սովորության համաձայն հարցին հարցով պատասխանեց: Խոսքը Հովհաննեսի մկրտության մասին էր:
Այստեղ Ավետարանիչն ասում է,- Նրանք իրենց մտքում խորհեցին և ասացին,- «Եթէ ասենք՝ երկնքից էր, կասի. “Իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան”. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կա, թէ նա մարգարե է»:
Ուշադրություն դարձրեք քահանայապետների կեղծիքի վրա: Նրանք գիտեն ճշմարտությունը, բայց իրար մեջ խորհում են թե արդյոք ո՞ր պատասխանը իրենց չի վնասի: Անտեսում են ճշմարտությունը և հարմար պատասխան են փնտրում չվնասվելու համար ո՛չ ժողովրդից, ո՛չ էլ հատկապես Հիսուսից ամբաստանվելու համար: Խորհելուց հետո ընտրեցին լռելը՝ իրենց դնելով չիմացողի տեղ: Սա այն գաղջությունն է, երբ գիտես ճշմարտությունը, բայց լռում ես՝ չվնասվելու համար: Այս կեղծ վիճակն էր, որ Հիսուս չէր հանդուրժում նրանց մոտ:
Տեսեք, թե այս երևույթը որքան տարածված է հիմա: Ո՛չ ոք չի ուզում, որ ճշմարտությունը իրենից դուրս գա, հանուն՝ իշխանությունը պահելու, պաշտոնից չզրկվելու, հաճոյանալու, և ամենատարբեր անարժեք բաների: Ո՛չ ոք չի ուզում իրենից դուրս գա Աստծո ճշմարիտ խոսքը, ո՛չ ոք չի ուզում Քրիստոս խոսի իր միջոցով:
Հիսուսի տված հարցը հստակ պատասխան ուներ՝ ա՛յո, կամ ո՛չ: Քահանայապետները ճանաչում էին Հովհաննես Մկրտչին, գիտեին նրա ազնվությունն ու ճշմարտությունը, գիտեին նրա համարձակության մասին, որ ճշմարտությունը ասելու համար գլխատվեց: Հովհաննես էլ կարող էր լռել և անտեսել Հերովդեսի այդ մեղքը՝ եղբոր կնոջը իրեն որպես կին ունենալու համար: Բայց Հովհաննեսը չլռե՛ց, քանի որ ինքը եկել էր Ճշմարտության ճանապարհը հարթելու համար; Գուցե նաև ակնկալում էր որ նկատողության համար թանկ է վճարելու, բայց ճշմարտությունը վեր դասեց իր կյանքից Հովհաննեսը: Իսկ քահանայապետները ու օրենքի ուսուցիչները իրենց պաշտոններն ու Մովսեսի աթոռը ամուր պահելու համար իրենց անգետի տեղ դրեցին և զրկվեցին՝ Հիսուսին իրենց ուղղած հարցի պատասխանից: Սիրելիներ Մովսեսի աթոռին նստելով Մովսես չեն դառնում: Մովսեսի խոնարհության շնորհիվ Աստված քայլում էր Մովսեսի առջևից: Իսկ Մովսեսի աթոռին նստած ուսուցիչները կեղծիքով են ուզում պահել իրենց աթոռը: Իրենք ժողովրդին խաժամուժ ամբոխ էին անվանում, սակայն այդ խաժամուժ ամբոխը Հովհաննեսի մասին իրենց մտքում հաստատ համոզում ունեին, որ նա մարգարե է: Հետևաբար ճշմարտությունը վեր է ամեն աթոռից ու պաշտոնից, ամեն հեղինակությունից ու մեծությունից, որը հաստատ է մնում միայն ճշմարտության շնորհիվ:
Այսօրվա Ավետարանը մեզ սովորեցրեց, որ հարց տվողը ակնկալում է հստակ պատասխան:
Ոչ- ը նույնպես դրական պատասխան է, և ավելի հստակ է քան ասել,- չգիտեմ, այն դեպքում երբ գիտենք:
Հարցազրույցներից մեկի ժամանակ ԱԺ պատգամավորին հարց տվեցին. -Աստծուն հավատում ե՞ք: Պատասխանը նման էր փարիսեցիների պատասխանին, թե՝ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
Ինչո՞ւ չպատասխանեց: Եթե ասեր ա՛յո, ապա իր շրջապատում կմեղադրեին իրեն՝ ստելու համար: Իսկ եթե ասեր՝ ո՛չ, գուցե հիասթափեցներ իր բոլոր ընտրողներին, քանի որ նոր էր ընտրվել:
Իսկ ինքը գերադասեց լռել:
Իսկ դուք, որ սիրում եք Հիսուս Քրիստոսին, սիրում եք Իր խոսքը, թող ձեր պատասխանները հստակ լինեն ճշմարտության առջև:
Մնացեք սիրով, ճշմարտության քարոզողներ եղեք ձեր կյանքով, առանց մտածելու, թե ի՞նչ կասեն ձեր մասին: Ձեզ համար թող միշտ Քրիստոսի կարծիքը լինի կարևոր:
Այսօրվա հարցը. Որտե՞ղ ծնվեց Մանուկ Հիսուս.
Աղօթենք միասին
Սուրբ Հայրերի ամենօրյա աղոթք.
«Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնիր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատիր և աջակցիր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրու ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարիր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում: Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից: Սովորեցրու ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին: Տեր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները: Ղեկավարիր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել. ամեն»: