ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 21.20-25
Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: 21 Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: 22 Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: 23 Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. եւ կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի մեռնի: Բայց Յիսուս նրան չասաց, թէ՝ չպիտի մեռնի, այլ թէ՝ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ: 24 Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որը եւ գրեց իսկ դրանք. եւ գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է: 25 Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք եթէ մէկ առ մէկ գրուած լինէին, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Վաղ առավոտյան իմ մաղթանքը ձեզ հղում եմ Հակոբոս առաքյալի խոսքերով, որն ասում է. եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, եւ նրան կտրուի: Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին: Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: Այո երկմիտ մարդը իր բոլոր քայլերում անհաստատ է, և դրա վառ օրինակը մենք տեսնում ենք Ավետարանում, երբ Պետրոսը վստահ քայլեց ջրի վրայով, սակայն երբ մտքում երկմտեց,
սկսեց սուզվել, և
Տէրը նրան երկմիտ անվանեց վախենալու պատճառով:
Այսօրվա Ավետարանը մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջի օրերի իրադարձությունների մասին, երբ Հարություն էր առել մեռելներից և հանդիպում էր աշակերտներին և նրանց պարտականություններ և հանձնարարություններ էր տալիս: Երեկվա ընթերցվածքի մեջ տեսանք, որ Պետրոսին և՛ հանձնարարություն տվեց Իր հոտը արածեցնելու վերաբերյալ, և՛ կանխասացություն արեց նրա մահվան մասին: Հայտնեց, թե ինչպիսի մահով պետք է մեռներ Պետրոսը և իր մահով փառավորեր Աստծուն:
Պետրոսը իմանալով իր մահվան մասին, որը պետք է լինի ո՛չ իր կամքով, այլ հարկադրաբար, ու դաժան, այլևս չերկմտեց, և մահվան մասին լուրը առիթ չեղավ, որ Պետրոսը վախենա քարոզելուց և մարդկանց մեջ Քրիստոսի մասին խոսելուց: Պետրոսի բազում թերությունների մեջ Տէր Հիսուս նրա մեջ տեսել էր այդ վճռականությունը և պատրաստակամությունը, դրա համար վստահ ասաց,- Արի՛ իմ հետևից:
Աշակերտներից մեկին ասաց, թե ինչպես կմեռնի, մյուսին ասաց, կամենում եմ որ դա ապրի: Իր ժամանակը լրացել էր, Իր առաքելությունը ավարտվել էր, սակայն կրքերը չէր հանդարտվել Երուսաղեմում և Հերովդես թագավորը հրեաների աչքին հաճելի թվալու համար սպանում էր առաքյալներին, ինչի զոհը դարձավ Հովհաննեսի եղբայր՝ Հակոբոսը, որին սրով սպանեցին:
Այս սպանությունը դուր եկավ հրեաներին, և Հերովդեսը դրանից ոգևորված Պետրոսին էլ բռնեց և բանտ նետեց:
Ավետարանների նկարագրություններից պարզ է դառնում, որ նրանք հալածում և սպանում էին Քրիստոսին հետևողներին, բայց մի ներքին վախ ու սարսափ կար նրանց մեջ: Քանի որ Հիսուսի Գերեզմանի առջև զինվորների մի մեծ խումբ էին պահակ կարգել քահանայապետի հրամանով, իբրև աշակերտները չգային գողանալու իրենց Տիրոջ մարմինը: Պարզ ու հասարակ Պետրոսին ձեռբակալելուց հետո, բանտում 16 մարդ էին կարգել նրա շուրջ, այն պարագայում, երբ շղթայված էր Պետրոսը բանտում: Պետրոսը շղթայակապ էր բանտում, բայց շղթայված չէր Աստծու խոսքը, որը Տիրոջ Հրեշտակին բանտ ուղարկեց և արձակել տվեց շղթաները և դուրս բերեց Պետրոսին: Պետրոսը բանտ էր նստած, իսկ իր հետևորդներն ու մյուս աշակերտները աղոթում էին նրա համար: Աղոթքը լսելի եղավ Աստծուն և Տիրոջ Հրեշտակը հայտնվեց Պետրոսի մոտ: Պետրոսը չերկմտեց նաև բանտում, քանի որ վստահ էր, որ երկար չի մնալու: Ավետարանն ասում է,- այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին: Պատկերացնո՞ւմ եք, շղթայված մարդը բանտում դեռ կարողացել է քնել: Հրեշտակի ձայնից արթնացավ և Երբ Պետրոսն ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողովրդի ամէն ակնկալութիւնից»:
Տիրոջ համբարձումից առաջ, երբ Տէր Հիսուս Պետրոսին ասել էր արի Իմ հետևից և նրանք քայլում էին; Պետրոսը քայլում էր Հիսուսի հետ, հանկարծ նկատեց Հովհաննես առաքյալին և հարց տվեց Տիրոջը՝ իր հետաքրքրասեր բնավորության համաձայն, թե իսկ ի՞նչ կլինի ա՛յս աշակերտը: Քանի որ գրված է, որ հարությունից հետո աշակերտները վախենում էին Նրան շատ բաներ հարցնել: Կամ վախենում էին, կամ գուցե ամաչում էին իրենց վախկոտ վարքի համար, որ դրսևորել էին Վարդապետին ձերբակալելուց հետո: Պետրոսը գիտեր որ իրեն մահ է սպասվում, կամեցավ իմանալ, թե Հովհաննեսին ի՞նչ պիտի սպասվի:
Բայց Տէր Հիսուս նրան տվեց ոչի՛նչ չասող մի պատասխան, թե՝ եթե Ես կամենում եմ, որ դա ապրի, քո ինչ հոգն է, դու արի՛ Իմ հետևից: Քանի որ Հիսուսի տված պատասխանը ամբողջովին հասկանալի չեղավ, աշակերտները կարծեցին, թե Հովհաննեսը երբեք չի մեռնելու:
Մենք հիմա հասկանում ենք այս խոսքերի իմաստը, բայց աշակերտները ինչպես կարող էին իմանալ, թե ի՞նչ ծրագիր ուներ Քրիստոս Հովհաննեսի հետ, ո՞վ կարող էր կռահել, որ Հովհաննեսը պիտի այնքան ապրի, մինչև Հիսուս Քրիստոսի Հայտնության Գիրքը գրի Պատմոս կղզում, ուր աքսորված էր հովհաննեսը:
Հովհաննեսն այն աշակերտն էր, որը լուռ էր անչափ, մենք հատուկենտ խոսքեր ենք հիշում Ավետարանից, որ ասել է Հովհաննեսը; Սակայն լուռ լինելով հանդերձ շատ ավելին է իմացել, քան բոլոր աշակերտները միասին վերցրած: Դա երևում է իր Ավետարանի վերջում գրված տողերից, թե՝ ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս ասաց ու արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին:
Այս տողերը կարդալիս ակամայից ասում ենք,- երանի գրված լիներ ամեն ինչ, ու մենք կարդայինք: Բայց մի ձայն ասում է,- իսկ այն ինչ որ գրվա՛ծ է, կարդո՞ւմ եք, կամ ինչ որ կարդում ես գործադրո՞ւմ եք արդյոք ձեր կյանքի մեջ:
Տէ՛ր Հիսուս Քրիստոս, շնորհակա՛լ ենք Քեզ այն ամեն խոսքի համար որ հասել է մեզ՝ Քո Սուրբ Գրքերի միջոցով, Քո առաքյալների նախանձախնդրության շնորհիվ: Հանուն Քո սուրբ առաքյալների ճգնության, ողորմիր մեզ՝ ծույլերիս, որ ոչ մի հալածանքի տակ չենք, ոչ մի արգելք չունենք մեզ հասած Գրքերը կարդալու համար, բայց մեր տկարությունը օգտագործելով՝ չարը փակել է մեր աչքերն ու ականջները Քո խոսքի հանդեպ, որպեսզի չլսենք ու չկատարեք և մեզ կորստյան մատնի դժնդակ թշնամին: Ազատիր մեզ չարի ձեռքից և Դու եղիր մեր Հայրը և մենք Քո զավակները, քանի որ մենք Քե՛զ ենք հավատում, Քե՛զ ենք ապավինում, բայց մարդկային գործոնը մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում: Ողորմի՛ր մեզ Տէ՛ր;
Սիրելիներ, մենք մեր աղոթքներում շատ հաճախ խոստովանում ենք մեր տկարությունը, խնդրում ենք Աստծուն, որպեսզի Իր մեծ ողորմությամբ ազատի մեզ չարից, սակայն մենք ոչինչ չենք անում այդ ուղղությամբ; Ըստ Ավետարանի տրամաբանության և ըստ Աստծո խոսքի բացատրության, ո՛չ թե վատ է այն փաստը, որ մենք մեղանչական ենք: Ո՛չ: Աստված գիտե մեր մեղանչական բնությունը, այլ այն՝, որ մենք շատ մեղմ ենք վերաբերվում մեր մեղանչական լինելու հանգամանքին, ոչինչ չենք անում այդ վիճակը փոխելու համար, և հակառակը ուրիշներին ներկայանալիս ասում ենք, որ ամեն ինչ կարգին է մեզ մոտ, սակայն ներքուստ գիտենք, որ մեր ներսի մարդը և նախանձ է, և ագահ է, և ստախոս է, և շնացող է, և բամբասող է: Աստված չի հանդուրժելու մեր արարքը միայն այն պատճառով, որ մենք իմացանք Իր խոսքը և դրանով չբուժեցինք մեր ներսի վերքերը, չմաքրեցինք մեր մեղքերը, այլ հակառակը մեր մեջ ունենալով Աստծու խոսքը, ծառա մնացինք մեղքին: Սա է աններելի մեր արաքների մեջ, որը համատարած է: Մենք առհասարակ պայքար չունենք մեր անձի դեմ;
Աստված Երեմիա մարգարեի բերանով ասում է,- Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը: Դու քեզ մի խաբիր սնոտի խոսքերով և մի հաստատվիր մեղքի մեջ, քանի որ Իմ աչքը մեղավորների բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ:
Սիրելիներ, Աստծու խոսքը թող ամուր պատնեշի պես պաշտպանի մեզ մեր ցանկություններից ու մոլություններից; Մեր ցանկությունները առավել չեն Աստծու խոսքից, որ մեղքի պատճառով անարգենք Աստծու խոսքը: Այսօրվա մեր դասից վերցնենք առաքյալների օրնիակը՝ որոնք ապրեցին այդ խոսքի համեմատ և՛ նահատակվեցին հանուն այդ խոսքի: Որովհետև հավատում էին, ինչը որ քարոզում էին, նախ՝ ապրում էին, հետո քարոզում էին: Դրա համար էլ նրանց խոսքը հեղինակություն ուներ լսողի ականջում:
Մնացեք սիրով և խաղաղությամբ, այսօր 2020 թվականի վերջին երեքշաբթի օրն է:Ավարտում ենք նաև այս տարին, սակայն անավարտ են մնում մեր ապաշխարության գործերը: Առաջիկա Սուրբծննդյան պահքի օրերին անդրադարձ ունենանք մեր ապրած կյանքի ու գործերին;
Այսօրվա հարցը. Հե՞շտ է պայքարել սեփական անձի դեմ, սեփական մեղքի և ցանկության դեմ:
Աղօթենք միասին
Շնորհատո՛ւ բարեաց, յամենայնի առատ անմա՛հ Տէր, աղաչեմք զՔեզ. փարատեա՛ յանձանց մերոց զաղջամղջին եւ զխաւարային խորհուրդս: Ի պատրանաց բանսարկուին պահեա՛ զմեզ եւ շնորհեա՛ մեզ հաւատով ապաւինիլ յԱմենասուրբ Երրորդութիւնդ՝ ի Հայր եւ յՈրդի եւ ի Սուրբ Հոգիդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: