ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 21.15-22
Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան նրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: 16 Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: 17 Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ «Սիրո՞ւմ ես ինձ»: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, որ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին: 18 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր, ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենայ»: 19 Այս ասաց՝ նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց. «Արի՛ իմ յետեւից»: 20 Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: 21 Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: 22 Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ՝ Հանապազօրյա Հացի թանկագին հյուրեր: Սուրբ Գիրքը մեզ լայն հնարավորություն է տալիս, ամեն օր նորովի սկսել օրը և ամեն օր մի բարի լուրերով հանդես գալ, և նոր խրատներով հարստացնել մեր օրը: Անսպառ գանձերի աղբյուր է Աստվածաշունչը՝ Աստծուց պարգևած, որպեսզի ճամփորդենք, ծանոթանանք, վերցնենք ու վայելենք կյանքի բարիքներից:
Պողոս առաքյալը իր Տիմոթեոս աշակերտին գրած նամակում մի հետաքրքիր միտք է փոխանցում: Ասում է դու Աստծու խոսքը քարոզիր մարդկանց շարունակ, ժամանակի՛ն լինի, թե՝ տարաժամ:
Աստծու խոսքով հանդիմանի՛ր մարդկանց, սաստի՛ր նրանց և հորդորի՛ր: Բայց այդ բոլորը արա կատարյալ համբերությամբ: Ինչո՞ւ էր Պողոս առաքյալն այդքան անհանգիստ և պատվիրում էր, որ ամեն գնով քարոզի Աստծո խոսքը իր աշակերտը: Որովհետև Պողոս առաքյալը գիտեր, որ գալու է այն ժամանակը, երբ պարզ մարդիկ այլևս չեն կամենալու լսել հոգևոր խոսք, որովհետև նրանք պետք է հետևեն սնոտի բաների, յուրաքանչյուրն իր ցանկությունների հետևից կգնա, մարդիկ կգնան իրեն ականջին հաճելի բաներ խոսացողների մոտ:Իրենց պահանջները բավարարողների մոտ, ոչ թե իրենց հոգևոր կարիքները փնտրելու:
Բոլոր ժամանակների համար քարոզչի պարտականությունը ամենակարևորն է, քանի որ մարդը հեռացավ հոգևորից, հայտնվում է մեղքի մեջ: Ողջ մարդկությունը քարոզիչների միջոցով պետք է իմանա Ավետարանի ճշմարտությունը, այլապես մարդկությունը կմոլորվի իր ճանապարհի և կդառնա գայլի բաժին: Գուցե կլինեն անհատներ, որոնք անհատապես կզբաղվեն իրենց հոգևոր կրթությամբ, սակայն հանրությանը քարոզ է պետք, այն էլ լայնածավալ, ամենօրյա և ամենուր: Ավետարանից անտեղյակ մարդը ինչպե՞ս կիմանա, որ Հիսուս Քրիստոս դատելու է կենդանիներին և մեռածներին՝ Իր Հարության օրը, երբ գա Իր Արքայությամբ; Իսկ բոլոր նրանք, որոնք Իր վարդապետության քարոզիչներ են եղել, և քարոզել են համբերությամբ ու սիրով, կստանան արդարության պսակը՝ նշանակված օրը:
Պետրոս առաքյալը նույնպես մտահոգ էր այդ առումով և ամեն ջանք գործադրում էր, որպեսզի Աստծու պատգամները հասցնի իր համայնքի հավատացյալ հանրությանը: Պետրոս առաքյալը իր թղթերում ևս կարևոր միտք է փոխանցում իրեն կարդացողներին: Ասում է, ես ինձ իրավունք եմ վերապահում քանի դեռ այս մարմնի մեջ եմ՝ ձեզ արթո՛ւն պահել Աստծու խոսքով, որպեսզի իմ մեկնումից հետո դուք հիշեք այս ուսուցումները: Հնարովի առասպելների հետևից չգնաք, այլ՝ լսեք մեր խոսքը, որ ամեր աչքերով տեսանք ու մեր ականջներով լսեցինք և ականատեսը եղանք բոլոր այն հրաշքներին, որ կատարեց Հիսուս Քրիստոս: Սուրբ լեռան վրա մեր ականջները լսեցին երկնքից եկած ձայնը, թե՝ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»: Պետրոս առաքյալ թախանձագին խնդրում է, որ մարդիկ անսան այս խոսքերին և ունենան իրենց սրտում որպես ճրագ, և լուսավորվեն դրանով, մինչև երևա Իրական Լույսը Իր ամբողջ փառքով;
Պետրոս առաքյալը երբ գրում էր այս խոսքերը, անշուշտ նրա մտքում և ականջներում հնչում էր Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասաց, «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան նրանք»:
Եթե սիրում ես ինձ, ուրեմն «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Սրանք շատ ծանր խոսքեր են, հատկապես այն մարդու համար, որը ուրացել էր այս խոսքերն Ասողին՝ երեք անգամ: Հարցը ևս լսում էր երեք անգամ;
Ծանր է լսել բարեկամական խոսքեր, երբ արժանի ես դատապարտության: Պետրոսը հավանաբար այդ պահին կուզեր իր արարքի համար լսել հանդիմանական խոսքեր, կամ հայրական մի ապտակ:
Սակայն լսում է նույն մեղմ ձայնը՝ որի մեջ կա մտահոգություն. ո՛չ թե վիրավորանք մատնվելու համար, այլ սրտացավությունը՝ կորած գառների համար: Ուրիշ ի՞նչը կարող էր Պետրոսին զղջման արցունքներ պարգևել, եթե ոչ այս հայրական վերաբերմունքը: Հավանաբար բոլորիս հետ էլ պատահել է, երբ հանդիմանության խոսքի փոխարեն լսել ենք բարի խրատ: Սա ավելի պարտավորեցնող է, քան հայհոյախառն խոսքերը, որ որդեգրել է մեր հայրենիքի հանրությունը իր ցասումի պահին:
Այս խոսքերը, որ ասաց Պետրոսին, Իր հարությունից հետո էր: Այսինքն Հիսուս Քրիստոս արդեն զգացել էր իր մտերիմի մատնությունը, մյուսի ուրացումը, հաջորդի հեռացումը, մյուսների վախը, և փախուստը:
Երեք տարի աշակերտներին ուսուցանելուց հետո, առաջին մեծ փորձությանը չդիմացան նրանք, մինչև Քրիստոս Հարություն առավ և խոսեց իրենց հետ, և գոտեպնդեց նրանց:
Մենք այս բոլոր բաների մասին իմանալուց հետո ինչպե՞ս չենք զարհուրում մեր ապրած կյանքից, որ ամեն օր ենք ուրանում, ամեն օր ենք մատնում, ամեն օր ենք անտեսում Աստծու խոսքը, և նույնիսկ չենք էլ անդրադառնում դրան, զղջալու համար:
Չարը փորձության ենթարկեց նաև մեր երկիրը և մեր ժողովրդին: Ամբողջ ժողովուրդը ենթարկվեց այդ փորձությանը, միմյանց խաչը հանելու պատրաստակամությամբ, անպատվելով, հայհոյելով, ծեծելով, ահաբեկելով և սպառնալով:Մենք ոչ մի օր չհիշեցինք Քրիստոսի փորձությունը անապատում, աշակերտների փորձությունը Քրիստոսի դատապարտության ժամանակ: Ո՛չ, չհիշեցինք: Ինչո՞ւ չհիշեցինք, որովհետև մեր կյանքը սուրբգրային չէ, մենք աստվածաշնչյան մարդ չենք, Աստծու խոսքը մեր սրտում չէ, այլ միայն մեր լեզվի վրա է: Այն էլ նրա համար, որ մեզ արդարացնենք ու պաշտպանենք եղածի համար:
Աշակերտների մտքից էլ դուրս էր եկել բոլոր այն խոսքերը, որ ասել էր իրենց Վարդապետը: Հարությունից հետո երեք անգամ երևաց Իր աշակերտներին: Երևաց փակ դռների հետևում հրեաների վախի պատճառով հավաքված աշակերտներին և ցույց տվեց իր վերքերը: Հայտնվեց աշակերտներին Տիբերիայի ծովեզերքում: Ուշագրավ էր նաև Հարությունից հետո Նրա հանդիպումը Էմմավուսի ճանապարհին քայլող և վիճող երկու աշակերտներին: Տէր Հիսուս դարձյալ նրանց հարցրեց,- Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք: Ավետարանիչն ասում է, բայց աշակերտների աչքերը բռնված էին, որպեսզի Նրան չճանաչեին; Նրանք պատմեցին այն ամենը, ինչ որ պատահել էր Երուսաղեմում, և ամեն ինչ պատմեցին այնպես, ինչպես որ տեղի էր ունեցել դեպքերը: Քրիստոս չհանդիմանեց նրանց, որ Իրեն չէին ճանաչել, այլ հանդիմանեց, որ չէին հիշում մարգարեների գրվածքները և առավել չէին հիշում, որ իրենց նախապես ասվել էր ամեն ինչ:
Էմմավուսի ճանապարհի խոսակցությունը շատ նման է մեր օրերի իրադարձությունների լուսաբանմանը, տարածմանը և մեկնաբանություններին; Ամեն լրատվամիջոց քաղաքական լուրը լուսաբանում է այնպես, ինչպես իր տերն է պահանջում, ամեն վերլուծաբան վերլուծում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, ամեն հանրային մարդ՝ կլինի հոգևորական, թե աշխարհական մեկնաբանում է իր շահերից ելնելով:
Պատկերացրե՛ք մի պահ, որ Հիսուս Քրիստոս երևար այս մարդկանցից մեկն ու մեկին և հարցներ իրադարձությունների իրական պատմության մասին, ինչպես հարցրեց Էմմավուսի ճամփորդներին:
Ինչպես պետք է պատմեին եղածի մասին՝ քաղաքական բզկտված էլիտան, գործող իշխանությունը, պարզ ժողովուրդը, հոգևոր դասը: Ի՞նչ պատկերացում կկազմեր մեր ժողովրդի մասին Տէր Հիսուս Քրիստոս:
Ես չեմ ասում լուրերի մասին, քանի որ եղած աղետի պատճառն ու իրականությունը միայն Տիրոջն է հայտնի: Ողջ հայաստանին կհանդիմաներ տարբեր բաների համար: Նախ՝ որ Իր խոսքը բացառված է հանրության կյանքում, երկրորդը՝ որ ո՛չ ոք զբաղված չէ իր գործոց, այլ՝ ուրիշի, երրորդ՝ որ հայաստանում ճշմարտություն չկա, այլ բոլոր լուրերը բամբասանք են, և ամենաշատը կմեղադրեր, որ չենք հիշել Իր այն խոսքը, թե՝ իր մեջ բաժանված ամեն պետություն կանգուն չի մնա: Երբեք չի բացառվում, որ Տիրոջ պատգամաբեր հրեշտակները հայտնվել և հարցրել են եղածի մասին մեր ժողովրդի բազմության մեջ:
Բայց վայ նրան, որը սուտ վկայություն է տվել, վայ նրան, որը հայհոյել է, որը ստել է, որը քծնել է, սպառնացել է, հանիրավի արդարացրել է, հանիրավի մեղադրել է, և այլն և այլն:
Դրա համար Հիսուս Քրիստոս Պետրոսին ամենակարևորը հանձնարարեց,- արածեցրու իմ գառներին՝ ասելով;
Երբ գառները չլսեն իրենց հովվի ձայնը, շուտով կցրվեն և կլինեն այնպես, ինչպես որ այս պահին մեր հայրենիքի ժողովուրդն է: Սիրո՞ւմ ես ինձ, արածեցրու իմ գառներին; իսկ եթե գառները քաղցած են, ուրեմն Ինձ չես սիրել և չես սիրում; Հարցը պարզ է, պատասխանը՝ առավել ևս պարզ է:
Սիրելիներ այս հարցը միայն Պետրոսի չէ ուղղված, այլ ամենքիս՝ մեր ծառայության վայրում: Ես հոգևորական եմ, եթե սիրում եմ Հիսուս Քրիստոսին, պարտավոր եմ արածեցնել Իր գառներին, Դու հավատացյալ ես, եթե սիրում ես Հիսուս Քրիստոսին, պարտավոր ես լսել և պահել Աստծու խոսքը, և այսպես ամենքը իր կարգին ու պաշտոնին:
Մնացեք սիրով՝ հավատարիմ այս հարցին, որ ուղղված է ձեզ; Այսօր վերջին երկուշաբթին է 2020 թվականի, ավարտենք տարին մեր նկատմամբ՝ խստագույն հաշվետվությամբ:
Այսօրվա հարցը. Պատրաստե՞լ ես տարեվերջյան հաշվետվություն քո կատարած և բաց թողած գործերի վերաբերյալ.
Աղօթենք միասին
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի, որոց այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ: