ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 19.12-28
Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց ու ասաց. “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”: 14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ նա մեզ վրայ թագաւորի”: 15 Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնը ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ է շահել: 16 Եկաւ առաջինը եւ ասաց. “Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց”: 17 Եւ տէրը նրան ասաց. “Ազնիւ եւ բարի՛ ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ”: 18 Եկաւ երկրորդը եւ ասաց. “Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց”: 19 Տէրը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ”: 20 Միւսն էլ եկաւ ու ասաց. “Տէ՛ր, ահա՛ քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել”: 22 Եւ տէրը նրան ասաց. “Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ, ուր չեմ սերմանել: 23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուեցիր, որպէսզի ես գալով՝ տոկոսներով հանդերձ պահանջէի այն”: 24 Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: 25 Եւ ծառաներն ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի”: 26 “Ասում եմ ձեզ, թէ ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: 27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»: 28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղէմ ելնելու համար:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալ համայնք. Մենք դարձյալ միասին ենք, մեր թեման դարձյալ Ավետարանն է, և այսօրվա Ավետարանը, ինչպես որ նախորդները սերտ կապ ունի մեր անձերի հետ:
Հիշեցնեմ ձեզ, որ Ղուկասի Ավետարանի նախորդ գլխում մենք խոսեցինք Զակքեոսի տան հյուրասիրության մասին, և իմացանք, որ Տէր Հիսուս պետք է գիշերեր Զակքեոսի տանը: Պատկերացրեք, թե ինչ շահավետ հանդիպում է կազմակերպել մեր Տէրը՝ հավաքելով մաքսավորներին ու մեղավորներին և իր տրամադրության տակ այդքան ժամանակ կա նրանց քարոզելու համար: Տէր Հիսուս Զակքեոսի տան հրավիրվածների համար հոգու փրկություն է ապահովում, իսկ փարիսեցիները մի այլ տեղում հավաքված ամբաստանում էին Նրան՝ մեղավորների հետ սեղան նստելու համար: Բայց միշտ էլ հաղթանակը արդարությանն ու ճշմարտությանն է…
Այս հավաքույթի մեջ Քրիստոս պատմում է այսօրվա մեր ընթերցվածքի առակը՝ երեք ծառաների մասին, որը ընթերցեցի ձեզ համար: Այս առակը ևս շատ քննարկված, ու շատ սիրելի առակ է: Այս առակին անդրադարձել է նաև Մատթևոս առաքյալը՝ հստակ թվեր նշելով մնասների մասին, թե ինչպես է ազնվականը հեռու երկիր գնալիս իր ունեցվածքը տվել իր ծառաներին՝ մեկին տվեց հինգ քանքար, մյուսին՝ երկուս, երրորդին՝ մեկ քանքար: Ազնվականը իր ունեցվածքը կիսեց իր երեք ծառաների միջև, ըստ նրանց կարողության, որպեսզի շահարկեն և տոկոսներով վերադարձնեն իրենց տիրոջը:
Ղուկաս ավետարանիչը ևս անդրադարձել է մնասներին, և մի ուրիշ ուշագրավ տեղեկություն ևս գրի է առել, որին չի անդրադարձել Մատթևոսը; Ղուկասը լսել է առակը պատմած ժամանակ, որ Տէր Հիսուս խոսել է նաև համաքաղաքացիների մասին, որոնք ատում էին ազնվականին, և նրան ասել են, որ չեն ուզում, որ ինքը լինի նրանց թագավորը:
Այս երևույթը փաստում է այն մասին, որ նույն իրադարձությանը յուրաքանչյուրը նայում է իր տեսանկյունից, և արձանագրում է իր համար կարևոր մի միտք, որը բաց է մնացել մյուս առաքյալի ուշադրությունից: Այստեղ մի խորհուրդ եմ ուզում տալ ձեզ. Երբ կարդում եք Ավետարանում մի առակ, կարդացեք նաև մյուս ավետարանիչների տեսակետը՝ նույն առակի վերաբերյալ, այդպիսով ավելի հետաքրքիր կլինի ընթերցանությունը և կզգաք ավետարանիչների անկեղծությունը գրառումների և հիշատակությունների մեջ:
Մենք համացանցում շատ ենք հանդիպում նմանատիպ երևույթի, երբ միևնույն գրառման կամ նկարի տակ գրվում են տարատեսակ մեկնաբանություններ, նայած թե տվյալ անձը ինչն է կարևորում այդ նյութի կամ նկարի մեջ: Մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, քանի որ Աստված մարդկանց էլ է տարբեր ստեղծել: Բոլորը տարբեր են, բայց Աստված մեկ է այդ բոլորի համար:
Վերադառնանք Զակքեոսի տուն և տեսնենք, թե մենք ի՞նչ օգուտ կքաղենք այս առակից, որը ուղղված է նաև մեզ և առավե՛լ ևս մեզ; Ինչո՛ւ առավել ևս մեզ, որովհետև մեկ քանքար արդեն բոլորս ստացել ենք մեր մկրտությամբ: Բացի մեր մկրտությունը մեզնից յուրաքանչյուրը ունի մեկ և ավելի շնորհներ: Աստված բոլորին տալիս է շնորհներ, ովքեր հավատում են; Այստեղ հարցը նրանում է, թե մենք այդ շնորհները ո՞ւմ համար ենք ծառայեցնում, ինչ նպատակի համար ենք ծառայեցնում, և ո՞ւմ համար է շահավետ այդ ծառայությունը: Առակից հստակ է, որ յուրաքանչյուրին տրվել է իր կարողության համեմատ և յուրաքանչյուրից պահանջվելու ըստ տվածի: Մեկ քանքար ունեցողից երբեք չի պահանջվի հինգ քանքարի արդյունք;
Մկրտությամբ մենք ունեցանք մեկ քանքար, ծանոթացանք Աստվածաշնչին, սա ևս մեկ քանքար է: Մենք արդեն քրիստոնյա ենք, ունենք մասնագիտությունը, և կարդում ենք Աստվածաշունչ: Մեզ նույնպես տրված է այն անորոշ ժամանակը, մինչև Ազնվականը կվերադառնա Իր Թագավորությամբ: Ի՞նչ ենք անում մենք մեր քանքարները:
Քրիստոնյաների մի մասը հինգ քանքար ստացողի պես շահարկում է իր շնորհները, իր մասնագիտության մեջ հավատարիմ աշխատելով և նվիրված լինելով իր գործատիրոջը, որովհետև միշտ հիշում է, որ մի օր գալու է իր Ազնվական Տէրը և ստուգելու է իր աշխատանքը: Այս տեսակ քրիստոնյաները որպես պարգև միշտ արժանանում են իրենց ղեկավարի հարգանքին և լսում են բարի խոսքեր իրենց հասցեին, թե՝ ապրես բարի և հավատարիմ ծառա, դու արժանի ես իմ ուշադրությանը:
Քրիստոնյաների մեկ ուրիշ մաս էլ վարվում են երկու քանքար ստացողի նման, քանի որ նրանց տրվել է ըստ իրենց կարողության, հետևաբար կպահանջվի նաև ըստ տվածի: Բոլորս էլ մեր ծառայության վայրերում հանդիպել ենք այնպիսի մարդկանց, որոնք կրթություն չունեն, մասնագիտություն չունեն, բայց չափազանց աշխատասեր են ու հավատարիմ: Իրենց հանձնարարված աշխատանքը փորձում են կատարել ամենայն պատասխանատվությամբ; Այս տեսակն էլ կարժանանա Ազնվականի ուշադրությանը և կվարձատրվի իր աշխատասիրության համար և կլսի նույն պատասխանը իր Տիրոջից:
Երրորդ խումբը, որը քրիստոնյաների մեծամասնությունն է կազմում, իրենց մեկ քանքարը, որը իրենց մկրտությունն է, ստանում են և ուրախանում են միայն ստացած օրը: Որից հետո այլևս չեն գործածում և ո՛չ մի շահ չեն բերում, ո՛չ իրենց, ո՛չ էլ գործատիրոջը: Մկրտությունից հետ ո՛չ Աստվածաշունչ են կարդում, ո՛չ ողորմություն են անում, ո՛չ էլ որևէ մեկին օգտակար են լինում; Գուցե նաև վատ բան չեն անում, բայց երբ բարիք էլ չեն գործում նմանվում են քանքարը հողում թաքցրածին, որից վերցվեց նաև այդ մեկը, որ ուներ: Որևէ մեկը չի կարող բողոքարկել այս պարագայում, որովհետև քանքարը տալու ժամանակ զգուշացվում է, որ պետք է շահարկել, քանի որ Տէրը պահանջելու է տոկոսները: Իսկ երբ Տիրոջ առջև կանգնեն արդարանալու, կստանան նույն պատասխանը, թե անհավատարիմ ծառա, հենց քո բերանով քեզ պիտի դատեմ:
Քանի որ գիտեի՛ր, որ գալու եմ, գիտեի՛ր, որ խիստ մարդ եմ, ինչո՞ւ ես թաքցրել հողում և չես շահարկել:
Տէ՛ր Հիսուս Քրիստոս, բարիքների շռայլ պարգևատու, Դո՛ւ որ մեզ արժանացրել ես Քեզ հայր կոչելու և մեզ առատորեն պարգևել ես բարիքներ զավակի պես, տուր մեզ շնորհ Քո քանքարները շահարկելու միայն Քո փառքի համար, և այլոց օգտակար լինելու համար, և երբ գաս տոկոսներով պահանջելու, մենք էլ արժանանաք հավատարիմ ծառա կոչվելու Քո առջև, և երբեք չհայտնվենք այն համաքաղաքացիների մեջ, որոնք ատեցին քեզ և չուզեցին Քո թագավորությունը: Դո՛ւ ես մեր Թագավորը, Դո՛ւ ես մեր Փրկիչը և Դո՛ւ ես մեր հույսն ու ապավենը:
Սիրելիներ մենք իմացանք, որ մնասները Աստծու տրված շնորհներ են, որոնք պարտավոր ենք գործածել օգտակար կերպով, որպեսզի մեր ծառայությունը տեսնողը փառավորի Աստծո անունը:
Մենք իրավունք չունենք Աստծու որևէ պարգև անաշխատ թողնել, որի համար պատասխան պետք է տանք մեր ծուլության պատճառով: Ամեն ինչ ունենք՝ ձեռքեր, ոտքեր, տեսողություն, լսողություն, բանականություն և այլն: Չգործածելու պարագային կարող են վերցվել մեզնից սրանք;
Եթե պայմանականորեն մեր մկրտությունը համարենք մեր մեկ քանքարը, ուրեմն մենք մկրտության ժամանակ ստանում ենք բազմաթիվ զգուշացումներ մեր քանքարի օգտագործման վերաբերյալ: Սրբալույս Մյուռոնով դրոշմելիս քահանան ասում է, որ Մեր ականջները պետք է լսեն Աստծու խոսքը: Մեր շրթները պետք է աղոթեն, մեր ձեռքերը պետք է բարիք գործեն, մեր ոտքերը պետք է գնան արդարության ճանապարհով և այլն: Իսկ երբ վերադառնա մեր Ազնվական Տէրը և մեզ պատրաստ գտնի մեր ծառայության մեջ, մեզ կասի,- Ապրես բարի ու հավատարիմ ծառա, որովհետև այս քչի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր այլ մեծամեծ բաների վրա և մտիր քո Տիրոջ ուրախության մեջ:
Մենք քննարկեցինք երեք տեսակ մարդկանց, որոնք մնասներ էին ստացել, և շահարկել էին ինչպես որ կարողացել էին, և վարձատրվեցին իրենց ազնվական տիրոջից՝ ինչպես որ հարկն էր: Հիմա տեսնենք, թե ովքե՞ր էին այն համաքաղաքացիները, որոնք ատում էին ազնվականին և չէին կամենում, որ նա իրենց թագավորը լինի: Սրանք կարող էին լինել այն փարիսեցիները, որոնք անվերջ ծուղակ էին պատրաստում Քրիստոսի համար, և հարմար առիթ էին փնտրում նրան ամբաստանելու համար; Ուղարկեցին իրենց պատգամավորներին Քրիստոսի մոտ՝ Հուդայի միջոցով և ասացին, որ չենք ուզում քեզ տեսնել այլևս, և խաչը հանեցին Նրան:
Համաքաղաքացիներ կարող են լինել նրանք, որոնք գիտեն Քրիստոսին որպես աշխարհի Փրկիչ և չեն ուզում մտնել Նրա թագավորության մեջ անմտաբար, հրաժարվում են Նրա անունը կրել և նրան ծառայել:
Իսկ այսպիսիների համար թագավորությամբ եկած ազնվականը ասաց,- Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»:
Սիրելիներ շատ կարդացեք Ավետարան, զարգացեք նրանով, և թող ձեր քանքարները ավելիով շահարկվեն Տիրոջ առջև:
Մնացեք սիրով, յուրաքանչյուրդ ձեր կարողության չափով պտուղ տվեք և պատրաստ եղեք, քանի որ Ազնվական անպայման գալու է պահանջելու համար:
Այսօրվա հարցը. Քո Մկրտությամբ ստացած քանքարը դրե՞լ ես լումայափոխների մոտ շահարկելու:
Աղօթենք միասին
Արեգա՛կդ արդարության՝ Փրկի՛չ իմ և ազատի՛չ Հիսուս Քրիստոս,
Քո լույսին եմ ապավինում, լուսավորի՛ր և ջերմացրո՛ւ իմ սիրտը:
Հրկիզի՛ր իմ չար խորհուրդները և հալեցրո՛ւ իմ մեղքերի սառնամանիքը:
Գարո՛ւն շնորհիր, Տե՛ր, իմ հոգուն՝ ծաղկեցնելու և պտղաբերելու արդարության պտուղը:
Ողորմի՛ր, Տե՛ր, մեղավորիս, անթիվ բազմությամբ հանցավորիս, և
ապաշխարությամբ դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ ինձ արքունական փառքի մեջ:
Առաջնորդի՛ր ինձ՝ Քեզ մոտ գալ վերին ճանապարհով, քանզի եթե Դու չառաջնորդես ինձ, ես չեմ կարողանա գալ:
Որովհետև Դո՛ւ իսկ հրամայեցիր, թե՝ «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չկանչի նրան»: