ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: 25 Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: 26 Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ: Ամեն օր մենք համոզվում ենք, որ Աստվածաշունչը հայտնություն է, որը բացում է հավիտենական կյանքի վարագույրները, և ցույց է տալիս մեզ, որ մենք պատրաստ չենք այնտեղ մտնելու: Սակայն մենք կոչված ենք հավիտենական կյանք ժառանգելու համար; Որպեսզի մենք հավիտենական կյանքը ժառանգենք, Գողգոթայի բարձունքի վրա երկու մեղապարտ ոճրագործների հետ հավասար պատժի արժանացավ միանգամայն Արդարը, Անմեղը:
Որպեսզի մենք հավիտենական կյանքը ժառանգենք մեղավոր ավազակների հետ նույն օրը, նույն ժամին, նույն բարձունքի վրա, նույն ձևով՝ նույն պատիժը կրեց Նազովրեցի Հիսուսը: Այն երկուսը արժանի էին պատժի, քանի որ նրանց համար ասվում էր, որ ավազակ էին, իսկ ավազակը ամեն տեսակ չար գործ կարող էր կատարել: Եթե ավազակը մեկին մարմնական վնասվածք էր հասցրել, ապա Հիսուս նազովրեցին բուժել է կաղին ու կույրին, խուլին ու համրին, անդամալույծին ու բորոտին;
Եթե երկու ավազակները չարիք էին հասարակության համար, ապա Հիսուսի կյանքը օրհնության միջոց էր հանրության համար: Հիսուսի կյանքը օրհնություն է նաև մեզ համար մեր ապրած տարիների ընթացքում:
Մարդկությունը աշխարհ է գալիս, ապրում է իր հասանելիք կյանքը, հեռանում է այս աշխարհից: Ոմանք հավիտենական կյանքի հույսով, ոմանք անտեղյակ ու անտարբեր: Ցավալին այն է, որ այս աշխարհից գնացողների օրինակը երբեք դաս չի լինում մնացողների համար: Եթե ննջեցյալի օրինակը մեզ համար դաս լիներ, ապա մեր օրերում անհավատ մարդ չէր գտնվի: Մարդը կշտկեր իր կյանքը, և կնախապատրաստվեր մահվան: Երբեք չէր փոխի ժամանակավորը հավիտենականի հետ:
Տէր Հիսուս աշխարհ եկավ, կատարեց իր առաքելությունը, տվեց ինչ որ ուներ, և ասաց, - Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին: Փառավորվել համարեց այն մահը, որով Նա պետք է մահանար;
Այսօր էլ մեր ննջեցյալների հուղարկավորության ժամանակ մենք չենք մտածում հարության մասին, որ մեզ խոստացել է մեր Տէր Հիսուս Քրիստոս, նախ Ղազարին հարություն տալով, ապա մեկ շաբաթ անց՝ Իր հարությամբ:
Ինչո՞ւ մենք չենք մտածում մեր ննջեցյալի հարության մասին: Որովհետև Սուրբ Գիրքը չգիտենք: Մենք նույնիսկ չգիտենք, որ մեր հավաքի հիմքը Հիսուս Քրիստոսի Հարությունն է:
Մահվան պատկերը այնքան գեղեցիկ ու տպավորիչ օրինակով է ներկայացնում առաքյալներին, որպեսզի չվախենան, բայց հասկանան: Ամեն մարդ իր կյանքում մի սերմ ցանած կլինի անպայման, և ամեն մարդ իր ցանած սերմի բուսնելուն սպասած կլինի անպայման; Յուրաքանչյուր սերմ նույն կերպ չի ծլում, այլ ավելի գեղեցիկ տեսք է ունենում; Նայեք ծաղիկի սերմը և ծաղկած ծաղիկը: Առհասարակ բոլոր սերմերն էլ ունեն նույն հատկությունը:
Տէր Հիսուս ցորենի հատիկի հետ է համեմատում մարդու մահն ու հարությունը: Ինչպես որ ցորենի հատիկը հողում ընկնելով մեռնում է և նրանից բազում հատիկներ են դուրս գալիս, այնպես էլ մարդու կյանքն է, երբ մարմինը դրվում է հողի մեջ, և համընդհանուր հարության օրը հարություն կառնի բոլորի հետ միասին: Այնպես, ինչպես հարություն առավ Ինքը՝ Տէր Հիսուս Քրիստոս:
Այսօրվա Ավետարանի մեջ նկարագրված Հիսուս Քրիստոսի փառավորյալ մահվան մասին գրել է միայն Հովհաննես առաքյալը: Առհասարակ եթե ուշադրություն դարձրել եք, Հովհաննես ավետարանիչը ավելի շատ անդրադարձել է Հիսուսի աստվածությանը և սիրուն, իսկ առակ՝ ընդհանրապես չկա Հովհաննես առաքյալի գրած Ավետարանում:
Զատկի տոնից առաջ Տէր Հիսուս իմացավ, որ հասել է Իր ժամը, որպեսզի այս աշխարհից Հոր մոտ փոխադրվի: Իր ապրած տարիների ընթացքում շատ սիրելիներ ու մտերիմներ ունեցավ, Իր խոսքերը մարդկանց փոխանցելու համար առաքյալներ ընտրեց: Աշակերտների համար ընթրիք պատվիրեց, որպեսզի ամբողջացնի իր առաքելությունը և վերջին հորդորներն ու պատգամները տա աշակերտներին;
Քանի դեռ աշակերտները Սուրբ Հոգին չէին ստացել, նրանց համար բավական դժվար էր հասկանալ իրենց Վարդապետին, որը վերջին օրերի կարծես շատ անհասկանալի էր խոսում իրենց հետ:
Խռոված էր Հիսուս Քրիստոսի հոգին, գիտեր իր խաչի ճանապարհի մասին, բայց այնուհանդերձ ասաց, Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Իմանալով հանդերձ, որ ինքը հենց այդ նպատակի համար էր եկել, բարձրաձայն խոսում է Հոր հետ՝ ասելով՝ Հա՛յր փառավորիր Քո անունը; Նույն պահին երկնքից լսվում է մի ձայն, որն ասում է,- Ե՛վ փառավորեցի, և՛ դարձյալ պիտի փառավորեմ:
Նրան շրջապատող ժողովուրդը լսում էր ձայնը և միմյանց ասուն էին, թե՝ Նրա հետ հրեշտակ է խոսում: Իսկ Տէր Հիսուս մարդկանց ասում էր, որ այդ ձայնը ինձ համար չէ, որ եկավ, այլ՝ ձե՛զ համար:
Ավետարանները այսքան տարիներ կարդալուց և բացատրությունները լսելուց հետո, մեզ համար կարծես թե հասկանալի է, թե ինչու է այդպես պատասխանում մարդկանց, որովհետև նրանք չէին հավատում իրեն: Թեպետ Նա այդքան նշաններ էր արել նրան առաջ, նրանք չէին հավատում իրեն:
Մենք մեր օրերում կարծես թե հասկանում ենք գրվածքները, կարծես թե հավատում ենք առանց տեսնելու, ինչպես որ Թովմասին ասաց, երանի՛ նրան, որ չի՛ տեսնի, բայց կհավատա: Սակայն մեր գործերը ոչնչով տարբեր չէ իր ժամանակակիցների գործերից; Այն խոսքերը, որ նա աշակերտներին ասում է Իր մահից առաջ, այն պատգամները որ տալիս է խորհրդավոր ընթրիքի ժամանակ, մենք հասկանալով կրկնում ենք շատ հաճախ, սակայն երբ հասնում է կատարելու պահը՝ ծառայություն մատուցելու, մենք էլ մոռանում ենք հրեաների նման: Աշակերտների ոտքեր լվանալու մեծ խորհուրդը կատարվում է միայն խորհրդավոր ընթրիքի պատկերը մարդկանց ներկայացնելու համար: Մինչդեռ այս արարքի բուն նպատակը միմյանց խոնարհաբար ծառայելն է:
Մենք այն սերունդն ենք, որ չտեսանք Հիսուս Քրիստոսին, լսելով հավատացինք, և ընդունեցինք Նրա վարդապետությունը և պետական կրոն հռչակեցինք քրիստոնեությունը; Որը դարերի ընթացքում այնքան փոխեց իր դեմքը փառասեր մարդկանց պատճառով, որ մեր օրերում քրիստոնեությունը միայն դրոշակ է մեր ձեռքում այլոց աչքը մտցնելու համար, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք: Եթե աշակերտները այսօր մեզ հետ ապրեին ու տեսնեին, թե մենք ինչպես ենք ապրում առաջին քրիստոնյա լինելով, հեթանոսների նման մեզ էլ կհանդիմանեին մեր վարքի համար:
Իր կյանքի վերջին օրերն էր ապրում Քրիստոս և ուզում էր ամեն ինչ փոխանցել աշակերտներին, բայց միևնույն ժամանակ չէր կարողանում պարզ ասել, քանի որ նրանց համար հասկանալի չէր;
Ինչու եմ ասում հասկանալի չէր, քանի որ դեպքերի զարգացումից մենք տեսնում ենք, որ աշակերտները և՛ վախենում են, և՛ գայթակղվում են. և՛ հեռանում են: Այդքան մանրամասն լսելուց հետո, Քրիստոսի խաչելությունից ու մահից հետո տիրած վախը նրանց տարակուսանքի մեջ էր դրել: Մինչև, որ կանայք եկան և հայտնեցին որ Հարություն է առել, ապա աշակերտները վազեցին գերեզման՝ տեսնելու համար ասածի ճշմարտությունը: Սակայն քանի անգամ Հիսուս ասել էր, որ մարդու Որդին պետք է չարչարվի, խաչվի, թաղվի և երրորդ օրը հարություն առնի: Նույնիսկ Ղազարու հարությունն էր ցույց տվել աշակերտների և բոլորին;
Նույն վիճակում մենք ենք այսօր, մեր հազարավոր նահատակների ծնողներից շատերը չկարողացան դիմանալ իրենց զավակի մահվան փաստին և հայտնվեցին հոգեբուժարաններում: Մարդկային տկարությունը առավել զորավոր է քան հավատը մարդու մեջ:
Գուցե հարության գաղափարը նստած է մարդկանց ենթագիտակցության մեջ, սակայն հարազատի մահը տեսնելով ոչ ոք այդ պահին չի կարողանում հոգևոր աչքերով նայել երևույթին: Նույնիսկ Մարթան և Մարիամը, որ Ղազարոսի քույրերն էին, երբ Տէր Հիսուս Մարթային ասաց, թե՝ քո եղբայրը հարություն կառնի, նա ասաց,- գիտեմ որ հարության ժամանակ՝ վերջին օրը հարություն կառնի:
Այս ընտանիքը մտերիմ էր Հիսուսին և հավանաբար նրանք ավելի շատ էին լսել Նրան, քան մյուսները: Սակայն երբ իրենց հարազատի մահը վրա հասավ, նրանք էլ տարակուսանքի մեջ հայտնվեցին, չնայած որ տեղյակ էին համընդհանուր հարության մասին;
Հազվագյուտ մարդիկ կան մեր օրերում, որոնք հարազատի մահը իրական քրիստոնյայի գիտակցությամբ են սգում, անվերապահ հավատալով որ մի օր Աստծու ողորմությամբ պիտի հանդիպեն իրենց սիրելիներին:
Սիրելիներ մենք պետք է արժևորենք մահը՝ մեր կյանքով, քանի որ մահից հետո այլևս հնարավոր չէ զղջալ, մեղքերի խոստովանություն անել, ողորմություն անել, բարիք գործել, մարդկանց ներել և այլն;
Այս բոլոր բաները մենք կարող ենք անել մեր ապրած տարիներին՝ մեր ձեռքում ունենալով Աստվածաշունչ մատյանը: Կամ Աստվածաշնչի պատգամները մեր սրտում, մտքում և գործերում;
Այսօրվա մեր դասը թող լինի Տէր Հիսուսի վերջի օրերի այն պատգամը, որ տվեց, ասելով՝ Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը: Սրանից ավելի լավ գնահատական և վարձ մենք ոչ մեկից չենք ստանա, քանի տարի էլ որ ապրենք, ինչ պայմաններում էլ որ ապրենք, ում հետ էլ որ ապրենք; Մեր սկիզբն ու վախճանը մեր Տիրոջ մոտ է: Այնպես ապրենք, որ Տերը չզղջա մեզ ստեղծելու համար, իսկ մենք չամաչենք Իրեն հանդիպելու ժամանակ:
Մնացեք սիրով, Աստծու խոսքին ականջալուր եղեք, խոսքը քննության ենթարկելով և ասելիքը հասկանալով մտապահեք ու կատարեք:
Այսօրվա հարցը. Համընդհանուր Հարության գաղափարը քեզ համար գիտելի՞ք է թե՞ հավատքի հիմք:
Աղօթենք միասին
Այսօր աղոթքի փոխարեն պատասխանենք այս հարցերին.
Ինչո՞ւ ես տխուր, չէ որ Քրիստոս այլևս Խաչի վրա չէ.
Ինչո՞ւ ուրախ չես, չէ որ Քրիստոս այլևս Գերեզմանում չէ.
Ինչո՞ւ ես երկմտում, չէ՞ որ Հարություն առավ և քե՛զ էլ խոստացավ:
Ինչո՞ւ ես հուսահատ, Մեծության Աթոռի աջ կողմում նստած Բարեխոս ունես քեզ համար:
Ինչո՞ւ ես մոլորված, մի՞թե չլսեցիր, որ ասաց. «Ե՛ս եմ ճանապարհը»:
Ինչո՞ւ ես ուսերիդ վերցրել աշխարհի բեռը, չէ որ զգուշացրեց, որ «առանց Ինձ ոչին անել չե՛ք կարող»:
Ինչո՞ւ է խռոված հոգիդ, չլսեցիր, որ ասաց. «Ձեզ որբ չե՛մ թողնի, կրկին կգամ ձեզ մոտ».
Ինչո՞ւ ես այդքան աղմուկ անում, Նա չասա՞ց, Ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկն Իմ ձայնը լսի, և բաց անի դուռը, նրա մոտ կմտնեմ, ու կընթրեմ նրա հետ և նա էլ Ինձ հետ: Աղմուկի պատճառով չես լսում Նրա ձայնը:
Ինչո՞ւ ես գոռում, չէ որ նա շշուկն է լսում, դեռ ավելին` միտքդ է կարդում և սիրտդ է տեսնում:
Ինչպ՞ես կհամարձակվես ստել, երբ «Ինքն է Ճշմարտությունը»:
Ի՞նչ իրավունքով կդժգոհես կյանքից, երբ ասաց «Ես եմ կյանքը»:
Ինչո՞ւ ես բախում պատահական դռներ, չգիտե՞ս, որ «Ինքն է Դուռը…»
Տիեզերքի Փրկիչը քեզ է ընտրել այս աշխարհից, դու հիմա ո՞ւմ ես փնտրում, որ մխիթարություն գտնես, երջանիկ լինես, խաղաղ ապրես, երբ այս բոլորի Տերը մեր Փրկիչն է` Հիսուս Քրիստոս` Աստծո Որդին, որին է վայել փառքն ու պատիվը Հոր և սուրբ Հոգու հետ միասին: Ո՞վ է քեզ տվել այսպիսի բարիքներ Աստծուց բացի: Աստված Դավթի բերանով քեզ ասում է. «Այսօր, եթէ նրա ձայնը լսէք, մի՛ կարծրացրէք ձեր սրտերը»: