ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 19.1-10
Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: 2 Եւ ահա մի մարդ՝ Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թէ ով է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: 4 Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: 5 Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: 6 Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: 7 Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին ու ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: 8 Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կտամ աղքատներին եւ, եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»: 9 Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10 որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտրելու եւ փրկելու կորածին»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ, փառք Աստծու ամեն մեկ հավատացյալի համար, որը սպասում է Աստծո խոսքը լսելուն: Քանի որ գրված է, որ կգա ժամանակ, երբ մարդիկ չեն կամենա լսել ողջամիտ վարդապետություն;
Իսկ մենք այսօր՝ թեպետ փոքր թվով, բայց ունենք Աստծու խոսքը լսողներ: Քրիստոսի ողջամիտ վարդապետությունը լսողները գիտեն, որ աշխարհը ուղղված է հենց դրան, որ մարդիկ չհետևեն Քրիստոսին, այլ տրվեն իրենց աչքին ու ականջին հետաքրքրող երևույթներին; Իսկ այս օրերին աշխարհում խոշոր իրադարձությունները գրավում են մարդկանց ուշադրությունը, և մարդիկ Աստծուն հետևելու ժամանակ չեն ունենում; Օրը ավարտվում է, և մարդը զգում է, որ ոչինչ չհասցրեց անել, բացի բարկանալուց, հայհոյելուց, դատարկ լուրեր լսելուց: Թշնամին երազում է մարդուն տեսնել այս վիճակում: Մեր Տէրը տխրում է այս վիճակը տեսնելով, բայց, մարդը ազատ է իր որոշման մեջ:
Այսօրվա մեր Ավետարանի մեջ Զակքեոսն էլ ազատ էր իր ընտրության մեջ: Նա մաքսապետ էր Երիքովում: Աշխատանքով ու նյութապես ապահովված մի մարդ էր: Մեր օրերում, երբ մեկը պաշտոն և ունեցվածք է ունենում, հոգևոր թեման նրա համար անկարևոր մի բան է, գուցե լուր ունի Աստծու մասին, բայց Աստված այլ տիրույթում է իր համար: Աստծուն հիշում են երբեմն մեծ հավաքների բաժակաճառերի ժամանակ՝ որոշակի ցուցումներ տալով Աստծուն,
այս կամ այն հարցի վերաբերյալ: Հիմնականում Աստծուն խնդրում են, որ իրենցից անպակաս անի առատ սեղանները:
Բայց Զակքեոսին հետաքրքրեց, թե ո՞վ էր Հիսուս, որի հետևից այդքան բազմություն էր գնում:
Ղուկաս Ավետարանիչը նկարագրում է, որ նա կարճահասակ էր, և դա խանգարեց իրեն՝ Հիսուսին տեսնելու բազմության մեջ:
Մաքսապետ Զակքեոսը մտահոգվեց դրանից, բայց ելքը գտավ: Քանի որ կարճահասակ էր, գնաց և բարձրացավ մի ծառի վրա, որտեղով պետք է անցներ Հիսուս: Զաքեոսը իր ցանկությունը բավարարելու համար գտավ ելքը, որպեսզի տեսնի: Հավատքի կյանքում միշտ մի քայլը հետևում է մյուսին, ինչպես որ այս պարագայում արեց Զակքեոսը:
Օրինակ երբ մի հավատացյալ առաջին անգամ լսում է Պատարագի մասին, հետաքրքրվում է, և որոշում է կայացնում գնալ և տեսնել, թե ի՞նչ բան է Պատարագը: Պատարագից մի բան գրավում է նրա սիրտը և նա նորից է գնում:
Այս փնտրտուքի ճանապարհին Աստված է այցելում նրան և լցնում է նրա սիրտը ջերմեռանդությամբ: Այնուհետև ամեն կիրակի է գնում և այդպես գնալով է, որ հասկանում է պատարագը և դառնում եկեղեցու աղոթող բերաններից մեկը, և սկսում է ապրել իր լսածի համաձայն:
Զակքեոսի ձգտումը տեսնելով Տէր Հիսուս նրան չանտեսեց այնպես, ինչպես չի անտեսում ամեն իրեն փնտրող անհատի, որի սրտում մի փոքրիկ լույս է տեսնում: Զաքեոսը լսել էր Հիսուսի մասին, լսել էր նաև Նրա կատարած մեծամեծ գործերի մասին, քանի որ ավետարանիչն ասում է, ուզում էր իմանալ, թե ո՞վ է Հիսուս: Ավետարաններում մեղավորներն ու մաքսավորները նույն հարթության վրա են ներկայացվում հանրության մեջ: Օրենսգետները Հիսուսին մեղադրում էին մեղավորների և մաքսավորների հետ սեղան նստելու համար: Այդ պատճառով Զակքեոսը իմանալով Հիսուսի գործերի մասին և հատկապես իմանալով իր մեղավոր անձի մասին, երբեք չէր կարող երազել, որ Հիսուս այդպիսի պատվի կարժանացնի իրեն, և իր տանը կգիշերի:
Տէր Հիսուս երբ որոշում կայացրեց Զակքեոսի տանը գիշերելու մասին, բարձրաձայն հայտարարեց այդ մասին բազմության մեջ և բոլորը լսեցին; Շատերը, այդ թվում նաև փարիսեցիները տրտնջացին, որ Հիսուս մեղավոր մարդու տանը պետք է գիշերեր: Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա, որ Տէր Հիսուս գիտեր, որ ներկաների մեջ կային փարիսեցիներ, և վստահ գիտեր, որ ամբաստանելու էին Իրեն այն բանի համար, որ Ինքը մաքսապետի տուն պետք է գնար ընթրիքի և նաև գիշերելու: Սակայն այդ հանգամանքը երբեք չխանգարեց իր որոշմանը, որովհետև Ինքը եկել էր այդպիսի մեղավորների համար:
Ավետարանն ասում է Զակքեոսը Նրան ընդունեց ուրախությամբ: Մաքսապետի և Տէր Հիսուսի հանդիպման մասին արձանագրել է միայն Ղուկաս ավետարանիչը և մեզ հայտնի չէ, թե ի՞նչ պատահեց ընթրիքի ժամանակ, ի՞նչ խոսեց Տէր Հիսուս Քրիստոս ընթրիքի սեղանի շուրջ, որ Զակքեոսի արծաթասեր հոգում այսպիսի հեղաշրջում տեղի ունեցավ, նա եկավ կանգնեց մեջտեղում և ասաց,- Տէ՛ր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկի զրկել եմ, քառապատիկը կհատուցեմ:
Մաքսապետ Զակքեոսի հետ հանդիպման այս դրվագը մեզ ամբողջությամբ նկարագրում է Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը՝ մեղավոր և կորսված մարդու հոգին փրկելու իր մեղքերից: Աստծո խոսքը Զակքեոսին արթնացրեց և հիշեցրեց, որ մարդկանցից զրկելով է իր ունեցվածքը կուտակել, և հիմա պատրաստ է ժողովրդից զրկածը վերադարձնել՝ նույնիսկ ուրախությամբ, նույնիսկ՝ քառապատիկ:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ Աստծո խոսքը պետք է հատկապես մեղավոր մարդկանց քարոզել: Գտնել ելքեր նրանց հետ հանդիպումներ կազմակերպելու, նրանց բացատրելու: Մեր օրերում էլ Զակքեոսներ շատ կան և հատկապես Զակքեոսներին պետք է հասցնել Աստծու խոսքը: Մեր հայրենիքում պատերազմական այս օրերին երբ տարատեսակ ելույթներ ենք լսում տարբեր վերլուծողներից, բոլորը միաբերան մեղադրում են ինչպես նախո՛րդ, այնպե՛ս էլ ներկա իշխանություններին՝ վերևից ներքև, որոնք զրկել են մարդկանց, թալանել են հայրենիքը, անտեսել են աղքատին ու տնանկին: Հարց է առաջանում: Այս մարդկանց, որ մեր օրերի մաքսապետներն ու Զակքեոսներն են, հասե՞լ է արդյոք Աստծու խոսքը: Մենք հրաշալի օրինակներ ունենք Աստվածաշնչում, երբ մարգարեն թագավորին հանդիմանում է և թագավորը զղջում է իր սխալը: Մեզ՝ կարդացողներիս համար բացասական կերպարներ չեն, ո՛չ Զակքեոսը, ո՛չ Դավիթ մարգարեն, որ զղջաց իր կատարած մեղքերի համար: Փաստորեն տասնյակ դեպքեր կա Ավետարանում, երբ զգուշացումից դարձի են եկել իշխանավորներ և նույնիսկ թագավորներ;
Ինչու մեր օրերում հակացուցվա՞ծ է նույնը անել: Կարո՞ղ է մի բարձրաստիճան հոգևորական Նաթան մարգարեի պես համարձակություն ունենալ և երկրի ղեկավարին ասել, որ դու սխալ ես գործում, և քո սխալից կարող է վնասվել մի ողջ ժողովուրդ:
Մեզ մոտ հակառակն է տեղի ունենում, լռում են այնքան ժամանակ, մինչև սխալները կուտակվում են և դառնում են հանցագործություններ; Որից հետո միաբերան բղավում են հեռացի՛ր:
Մեր օրինակը Ավետարանն է, իսկ Ավետարանում օրինակեր կան, որտեղ մեղավորները ուղղել են իրենց սխալ ընթացքը: Միայն մեկ Հովնան մարգարեն կարողացավ Նինվե մեծ քաղաքը դարձի բերել: Չէ որ Աստծու նպատակն էլ մեղավորի դարձն է, ոչ թե կործանումը:
Տէր Հիսուս առաքյալներին դա էր սովորեցնում, առաքյալներն էլ իրենց սովորածը փոխանցեցին հետագա ձեռնադրվողներին, ու այդպես շարունակ: Քանի դեռ Աստված մարդկությանը պահում է այս երկրի վրա, նշանակում է սպասելիք ունի մարդուց՝ իր գիտակցության մեջ փոփոխություն տեսնելու առումով: Մեր երկնավոր Հայրը ուզում է, որ մենք մեծանանք, և մեր գիտակցության մեջ մտցնենք զղջումը: Իսկ զղջալ նշանակում է մեծանալ գիտակցությամբ:
Քահանայի միակ նպատակը պետք է լինի ուղղորդել մեղավորին, որպեսզի նա գտնի Աստծուն: Քահանան կանչված է, որպեսզի կամուրջ լինի երկրի և երկնքի միջև: Այդ կամուրջով պետք է բարձրանան մարդիկ երկրից՝ երկինք; Քահանայի կոչման գլխավոր պայմանը հայրությունն է մեղավոր մարդկանց համար: Ծնողը առավել սիրում է իր հիվանդ երեխային, քան առողջին: Առավել հոգատար է հիվանդի նկատմամբ, քան առողջի, որովհետև առողջը ինքնուրույն կարող է գտնել ուզածը: Մեր Հայրերը ասում են,- մեղավոր մարդը Աստծու կորած գանձն է, որը պետք է գտնի և վերադարձնի Աստծուն՝ միայն քահանան:
Մովսեսի աթոռի վրա նստած օրենքի ուսուցիչներին և փարիսեցիներից դա էր պահանջում Տէր Հիսուս, որպեսզի նրանք ժողովրդին օրենքներով ծանրաբեռնելուց առաջ սովորեցնեն ինչպես կրել բեռը: Տէր Հիսուս այդպես էր կանչում բոլոր հոգնածներին ու բեռնավորվածներին՝ նրանց հանգիստ տալու համար, քանի որ Նա մեղավոր մարդու մեջ կամենում էր վերականգնել իր կորցրած պատկերը: Քրիստոս առաքյալներին ասաց,- Դուք եք աշխարհի լույսը: Քահանաներն ինչպես արեգակը պիտի լույս տան խավարած մտքերին, ջերմացնեն Աստծու սիրուց սառածներին: Իսկ եթե որևէ թերություն է նկատվում քահանայի խոսքերում ու գործերում, նույնն է թե արեգակը սառչի ու մթագնի:
Սիրելիներ, Պողոս Պատրիարքի գեղեցիկ խոսքերով ամփոփեմ միտքս այսօրվա թեմայի վերաբերյալ, որը ևս մեկ դաս էր մեզ համար: Մեր դասն է՝ Ամեն գնով փնտրել Հիսուս Քրիստոսին, իսկ Նա կայցելի Իրեն փնտրողին;
Ասում է.- Ոչ ոք չի կասկածում, որ քահանան պիտի ոչ միայն տեղյակ լինի Հին և Նոր Կտակարաններին, այլև հմուտ՝ իմաստասիրական գիտություններում. քանզի նրա խնդիրն է խրատել, ուսուցանել, բարու մեջ համոզել ու չարից հեռու պահել աշխարհիկ մարդկանց, որոնցից շատերն առատամիտ են և ուշիմ, ձեռնարկումների մեջ հանճարեղ և խոսքի կառուցման մեջ զորավոր: Եթե քահանան տկարանա այդպիսիներին զորավոր փաստերով հաղթել, նրա խրատական խոսքերն այլևս չեն ազդի նրանց համառ մտքերի վրա, և գուցե հպարտանալով իսպառ արհամարհեն հոգևոր խրատները, և քահանաների տգիտությունը կարող է նրանց կործանման առիթ լինել: Ուստի քահանան պիտի ամեն ինչով գերազանցի ամենքին, ինչպես վարքի սրբությամբ, այնպես էլ գիտելիքներով: Այն քահանան, որ անարի է իր հոգևոր ծառայության մեջ և անփույթ կարևոր գիտելիքները ձեռք բերելու գործում, ոչ միայն երկրի վրա է անպատիվ, այլև հանդերձյալում արժանի է պատժի: Ծուլությունն Աստծու պաշտոնյաների մեջ և տգիտությունն աշխարհականների մեջ չար են ու նախատինքի արժանի: Պողոս Պատրիարք.
Իսկ դո՛ւք, սիրելի ներկաներ, մնացեք սիրով և խաղաղությամբ, լսեք Աստծու խոսքը, և ապաշխարությունը սիրեք, մտեք Աստծու կուսակցության շարքերը և հետևեք Աստծու դիվանագիտությանն ու քաղաքականությանը, մնացածը երկրորդական են:
Այսօրվա հարցը. Քանի՞ տաղավար տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին, և որո՞նք են դրանք.
Աղօթենք միասին
«Տե՛ր Աստված մեր, Դո՛ւ պահիր մեզ խաղաղությամբ այս այսօր և ամեն ժամանակ։ Մեր մտածումներն ու խորհուրդները Քո սուրբ երկյուղիդ վրա բևեռված պահիր, որպեսզի՝ միշտ Քեզնով պահպանված լինենք թշնամու որոգայթներից, և Քեզ օրհնություն ու փառք մատուցենք, Ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։