ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 22.41-46
Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան”: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Լուսաբա՞ց է, թե՞ գիշեր, ո՛չ մի նշանակություն չունի, քանի որ մեզ հետ է Աստծո խոսքի լույսը: Ձմե՞ռ է, թե՞ ամառ, ո՛չ մի նշանակություն չունի, քանի որ Աստծո խոսքը ջերմացնում է մեր հոգին և զովացնում է մեր երբեմնի ըմբոստացած սիրտը: Որպեսզի համոզվեք իմ խոսքերից, կարող եք փորձել ձեր կյանքում; Մի օր առավոտյան արթնանալիս օրը սկսեք աղոթքով և մի համար կարդալով Ավետարանից, մտածեք դրա շուրջ՝ ողջ օրը; Հաջորդ օրը արթնանալիս միանգամից միացրեք լուրերը, հետևեք ֆեյսբուքյան լրահոսին և մի թեթև հետևեք քաղաքականությանը, երեկոյան դուք կլինեք նյարդային, անտրամադիր, հուսահատված, վախեցած և այլն:
Սիրելիներ, վաղ առավոտից դուք մտածեք միայն, թե որտեղի՞ց վերցնեք դրական էներգիա, հոգևոր ուժ, որպեսզի կարողանաք ձեր օրը անցկացնել հնարավորինս խաղաղ, հնարավորինս սթափ և կարողանաք ձեր մեջ պահպանել սերը ձեր նմանի հանդեպ: Հիշեցնեմ, որ սիրել նշանակում է չատել, չանիծել, չհայհոյել, չբամբասել և չչարախոսել: Որպեսզի կարողանանք սիրել, մեզ Աստծո խոսքի զսպաշապիկ է պետք:
Աստված Իր շնորհը հայտնել է բոլոր մարդկանց՝ որպես փրկության միջոց: Այդ շնորհն է, որ մեզ խրատելով հեռու է պահում ամբարշտությունից, օգնում է մերժել ամեն տեսակ կեղծիք և աշխարհիկ ցանկություններ: Այդ շնորհը մեզ տրվել է ա՛յս աշխարհի համար, մեր օրերի համար, որպեսզի ապրենք աստվածապաշտությամբ: Այդ շնորհը, որը տրվել է բոլոր մարդկանց իրենց փրկությունը ապահովելու համար, իր մեջ պարունակում է բարություն, ողորմություն, համբերություն, ներդաշնակություն, լսելու կարողություն և այլն; Օրը սկսելիս մենք ենք ընտրում՝ ընդունե՞լ այդ շնորհը, թե ո՛չ:
Եթե ընդունում ենք շնորհը, ուրեմն օրը սկսում ենք շնորհին վերաբերող գործերով, ինչի մասին ասեցի վերևում՝ աղոթք, Ավետարան, հետո օրվա ընթացք: Բայց այստեղ էլ մի նրբություն կա: Մենք կարող ենք ամեն օր առավոտյան ընդունել այդ շնորհը և դուրս գալ տնից: Միայն ընդունելը բավարար չէ, այն պետք է գործածել ու բաժնեկից դարձնել այլոց;
Սիրելիներ, այսօր, որ նայում ենք մեր հասարակությանը, մի՞թե պարզ չէ, թե մեծամասնությունը հասարակության մեջ ի՞նչ են ընդունել առավոտյան: Անշուշտ չե՛ն ընտրել այդ շնորհը, այլ ամիսներ շարունակ նրանց միտքը լցվել է սնոտի խոսքերով և հայհոյախառն արտահայտություններով; Սա պայքարի ձև չէ՛: Կարելի է պայքարել քաղաքակիրթ ձևով, պահանջատիրոջ իրավունքով, հստակ փաստերով, սեփական իրավունք իմանալով և այլն; Այս հայհոյողները շատ հաճախ մեղադրում են այն մարդկանց, որոնք չեն միանում իրենց; Ուրեմն մենք իմացանք, որ Աստված այդ շնորհը տվել է բոլոր մարդկանց, ուղղակի շատերը մերժել են, ընտրելով աշխարհիկ ցանկությունները: Իսկ նրանք, որ ընդունել են շնորհը, ապրում են Աստծու հետ ներդաշնակությամբ և միշտ հիշում են ամեն օրվա պատգամը՝ և ամեն օրվա հարցը՝ ուղղված իրենց;
Աստված կամենում է փրկել մեզ ամեն տեսակ անօրենություններից և մաքրել, որպես Իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր՝ բարի գործերի; Բայց ժողովուրդը ընտրում է այն, ինչի մեջ իրեն հարմարավետ է զգում տվյալ պահին, այնուհետև տառապում է ողջ կյանքում՝ սխալ ընտրության համար:
Մենք աստիճանաբար մոտենում ենք տարվա ավարտին, որը լեցուն էր ծանր անակնկալներով, որի պատճառած վնասներից դեռ չենք կարողանում դուրս գալ. Տարին սկսվեց կորոնա վիրուսի տագնապալի ներկայությամբ, ավարտվեց ահեղ պատերազմի արհավիրքներով: Համայն հայությունը չկարողացավ հաղթահարել այս փորձությունները, քանի որ ներդաշնակ չէին Աստծու հետ, և Աստծու խոսքը չէր ջերմացրել նրանց հոգիները, հետևաբար չզովացրեց նաև նրանց ընդվզած սրտերը ամբողջ տարվա ընթացքում;
Բայց մենք ապրեցինք այնուամենայնիվ, և մենք այն երջանիկներից ենք, որ ևս մեկ անգամ պետք է դիմավորենք Սուրբ Ծնունդը: Մեր սրտերը մաքրենք ամեն տեսակ փոշուց ու կեղտից, որպեսզի այնտեղ ծնվի Մանուկ Հիսուս՝ հենց տարվա սկզբից: Քանի որ ըստ ընդունված խոսքի՝ ինչպես որ դիմավորենք Նոր տարին, այնպես էլ կընթանա ողջ տարին:
Այսօրվա Ավետարանը հարց է պատրաստել մեզ համար, Տիրոջից տրված: «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»:
Եթե մենք ամեն առավոտ ընտրում ենք ընդունել Աստծո պարգևած շնորհը, ուրեմն հարցի պատասխանը միանգամից դուրս կգա մեր սրտից, և մեր շրթները կբարբառեն, թե՝ Քրիստոս Բարձրյալ Աստծո Միածին Որդին է, ծնված Սուրբ Կույսից, որ կար աշխարհի արարչագործության սկզբից, ինչի մասին փաստում է Դավիթ Մարգարեն, Քրիստոսին իրեն Տէր անվանելով;
Մեր մտքում անմիջապես կգա Հավատամքի այն տողերը, որով Քրիստոսին դավանում ենք ամեն կիրակի Սուրբ Պատարագին; Մենք արդեն ամեն ինչ գիտենք մեր Տիրոջ մասին և մեր կարծիքն ունենք Քրիստոսի մասին մեր կյանքո՛վ, մեր գործերո՛վ, մեր ունեցած հարության հույսով ու հավատով, մեր սպասելիքով՝ հավիտենական կյանքի խոստմամբ:
Իսկ եթե մեր ունեցածը միայն գիտելիք լինի Քրիստոսի կենսագրության մասին, մենք դարձյալ կարող ենք ճիշտ պատասխանել, թե ո՞վ է Հիսուս Քրիստոս և ո՞ւմ Որդին է, սակայն մեր ճիշտ պատասխանը ամենևին չի գոհացնի և չի ուրախացնի Քրիստոսին, քանի որ Նա չեկավ աշխարհ՝ մարդկանց գիտելիք տալու համար, այլ աշխարհ եկավ մարդուն ազատելու իր մեծամտությունից, որ ունի իր գիտելիքի նկատմամբ, ինչպես որ ամաչեցրեց փարիսեցիներին, որոնք չկարողացան պատասխանել նույն հարցին, թե՝ ինչ կարծիք ունեն Քրիստոսի մասին: Կամ ինչպե՞ս է Դավիթը Իրեն Սուրբ հոգով Տէր անվանում, եթե Նրա Որդին է, ինչպես որ գիտեին փարիսեցիները իրենց գրվածքներից: Հերթական անգամ ամաչեցին և չկարողացան պատասխան տալ Քրիստոսին: Ավետարանն ասում է, այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում Նրա մի որևէ բան հարցներ: Իսկ ինչո՞ւ չէին համարձակվում հարցնել: Չէ՞ որ Քրիստոս ո՛չ ոքի չէր արգելում Իրեն հարց տալ, եթե շիտակ սրտով էին հարցնում իրենց չհասկացածը: Փարիսեցինեըը հարց չէին տալիս, որպեսզի հանրության առջև չբացահայտվի իրենք կեղծավորությունը, որպես գրքեր կարդացած, ուսյալ և սրտում ոչինչ չունեցող ուսուցիչներ:
Ինչպե՞ս նրանք կարող էին գիտելիք փոխանցել անգետ մարդկանց, երբ իրենք չէին հավատում իրենց գիտելիքին:
Իսկ Դավիթը հավատում էր իր կարդացածը, և ուրախությամբ գրում դրա մասին, որ Քրիստոսն է իր Տէրը, Քրիստոսն է իր Հովիվը և իրեն ոչինչ չի պակասելու: Նույնիս մահվան ստվերներով անցնելիս, չի վախենալու, քանի որ Տիրոջ մնայուն ներկայությունը նրա հետ էր: Այսպիսի՛ հավատք էր ակնկալում Տէր Հիսուս նաև փարիսեցիներից և օրենքի ուսուցիչներից:
Այս բոլոր բանավեճերը կրոնական առաջնորդների հետ տեղի էր ունենում ժողովրդի և աշակերտների ներկայությամբ; Այդ պատճառով էր, որ Քրիստոս աշակերտներին պատվիրում էր հեռու մնալ նրանց կեղծավորությունից, բայց լսել այն խոսքը որ նրանք ասում են, քանի որ նրանք էին նստած Մովսեսի աթոռի վրա: Ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արեք, և պահեցեք, բայց մի արեք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:
Այս խոսքերը այսօր էլ իրականություն են: Այսօր էլ այս հարցը ուղղված է կրոնական առաջնորդներին և Քրիստոս քարոզող բոլոր հոգևորականներին, և այդ խոսքը լսող բոլոր հավատացյալներին:
Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին: Եթե նույնն է ձեր կարծիքը, ինչպես որ փարիսեցիներինը, ու օրենքի ուսուցիչներինն է, ուրեմն նաև վա՛յ ձեզ, որովհետև դուք էլ չեք հասկացել, որ հայրություն պետք է անեք հոտին՝ հայր անունը վաստակելու համար: Իմ վարդապետությունը պետք է նախ՝ պահեք և ապրեք, որպեսզի կարողանաք փոխանցել հոտին, և արժանանալ վարդապետ կոչմանը: Նախ պետք է սովորեցնեք Ավետարանի այբուբենը, որպեսզի ուսուցիչ կոչվեք;
Իսկ եթե դուք էլ վարվեք նախկինների նման, ապա ո՞րն է ձեր տարբերությունը, եթե դուք էլ եկեղեցիներում նախապատիվ աթոռներ եք փնտրում, աջհամբույրներ եք ակնկալում, մարդկանցից՝ տիտղոսներ ու կոչումներ սպասում, և այդ բոլորը ի ցույց մարդկանց:
Սիրելիներ, աշխարհում դարերից ու թվականներից բացի ուրիշ ոչինչ չի փոխվում, մեղքը եղել է, կա՛ ու դեռ շարունակում է մեծ թափով առաջ գնալ: Մարդիկ հակված են եղել դեպի մեղքը, հիմա՛ էլ հակված են և ինչպես տեսնում ենք հակումը մեղքի հանդեպ՝ գնալով աճում է: Իսկ Տէր Հիսուս Քրիստոսի խոսքը անփոփոխ է, անվախճան է, մթանն օտար սէր է, և չի բնակվում խավար սրտերում: Քրիստոսի խոսքը ձրի բժշկություն է, որ չի լռում, մինչև չի բուժում: Քրիստոսի խոսքը անխափան ընթացք ունի, և Նրա ճանապարհի ո՛չ մի խոչնդոտ չի՛ կարող խանգարել: Քրիստոսի խոսքը աննահանջ հրաման է, որը արձակվելուց հետո չի վերադառնում, մինչև Իր կնիքը չի դնում լսողի սրտում:
Դուք, որ ամեն առավոտ ընտրում եք հոգևոր ուժը, հոգևոր ուրախությունը, թող Աստծո խոսքի կնիքը հաստատվի ձեր սրտերում, որպեսզի կարողանաք զերծ մնալ ամեն տեսակ բանսարկություններից և լինեք աղոթող ձեր սգակիր հայրենակիցների համար, ձեր վիրավոր ու գերի զավակների համար, ձեր հոտի հովիվների և մշակների համար և նաև միմյանց համար:
Աստված ամենքիս ուժ կարողություն տա, Իր հոգևոր դաշտում պատվով ծառայելու համար: Մնացեք սիրով՝ միշտ պատրաստ եղեք Տիրոջ հարցերին սրտով պատասխանելու, ո՛չ թե գիտելիքով:
Այսօրվա հարցը՝ Պատրա՞ստ ես պահելու Սուրբ Ծննդյան պահքը՝ դեկտեմբերի 30 ից մինչև Հունվարի 5ը:
Աղօթենք միասին
Ո՜վ գթած Հայ՛ր, բարեխնա՛մ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս պաղատանքը առավոտյան այս ժամին, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- գերիներին, անհայտ կորածներին, վիրավորներին, հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից էլ ավելի: Որդուդ եւ Ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիւը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն: